ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, April 10, 2010 11:07 - 3 քննարկում

Մի գրագողության պատմություն ( Բայց դա արդեն այլ պատմություն է…)

Հարգելի Արտակ Գևորգյան: Ցավում ենք, բայց ստիպված ենք պարզաբանել Ձեր ընթերցողներին և հատկապես “Բանաձև” բլոգի Ձեր գործընկերներին:
ԼՈՒՅՍԱՇԽԱՐԸ տարածում է հայանպաստ աշխատություններ, գրություններ, լուրեր: Տալիս է “Ազատ խոսք”-ի հնարավորություն ցանկացած անհատի: Ձեր չհեղինակած
«Ավետիս Զիլջյան – հայկական ափսեների գաղտնիքը” դրվեց կայքէջում առանց Ձեր անունը հիշելու
, քանի որ Դուք այն վերցրել էիք ամբողջությամբ  Անուշ Մկրտչյանի «Ազգանունը հզոր բրենդ է ողջ աշխարհում» հոդվածից, հրատարակված «168 ժամում», 2008թ հոկտեմբերի 3-ին, որը իր հերթին թարգմանություն էր:
Ընթերցողին թյուրիմացության մեջ չգցելու համար նպատակահարմար գտանք հեղինակային իրավունքի թնջուկից ազատել
Զուլջյան ընտանիքի մասին գրվածքը և այն ներկայացնել հանրությանը: Ձեր արտահայտությունները «գրագողության» մասին անիմաստ են, քանի որ մեզ մոտ չի դրված որևէ հեղինակի անուն և նախապատվություն չի տված ոչ Անուշին և ոչ էլ Ձեզ, այդ հարցը դուք երկուսով պիտի լուծեք, թե ով ումից է արտագրել հոդվածը… Բոլոր նախադրյալները կան, որ Դուք եք արտագրել այն, չնչին կրճատումներով և փոփոխություններով, փորձել սեփականացնել հեղինակային իրավունքը:  Դա դեռ քիչ է, մարդկանց թյուրիմացության մեջ պահելով, տարաբնույթ հղումներ եք անում կայքէջերում տարօրինակ մեղադրանքներով:
Ներքևում ներկայացված են Անուշ Մկրտչյանի և Ձեր գրվածքները
Զուլջյանների մասին: Կարդացեք, բաղդատեք և գտեք ճշմարտության կորցրած ոլորանը: Հարգանքներով՝ ԱԴՄԻՆ

Ազգանունը հզոր բրենդ է ողջ աշխարհում

Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ | Հոկտեմբեր 3, 2008

Zildjian ստորագրությունը հայտնի լոգո է երաժշտական աշխարհում, եւ չկա մի երաժիշտ, որ չճանաչի այն: Թմբկահարների աշխարհում, որտեղ անվերջանալի երեւակայության, երկարատեւ աշխատանքի եւ անսահմանափակ տաղանդի շնորհիվ ցնցող ռիթմեր են ծնվում, Zildjian ստորագրությունը մի ամբողջ երաժշտական պատմություն ստեղծեց:

Avedis Zildjian Co.՝ այսպես է կոչվում աշխարհի ամենահայտնի, ամենահարուստ եւ ամենաերկարակյաց ընկերությունը, որը զբաղվում է ծնծղաների, թմբուկների փայտիկների եւ թմբկահարների համար այլ անհրաժեշտ պարագաների արտադրությամբ: Ծնծղաները, որոնք այսօր ջազ եւ ռոք երաժշտության մեջ շատ հաճախ են գործածվում, առաջին անգամ հայտնվել են Արեւելքում, մասնավորապես՝ Օսմանյան Թուրքիայում: Թուրքերը ծնծղաներն ու թմբուկներն օգտագործել են պատերազմներում եւ տոնական արարողությունների ժամանակ: Դեռ դարեր առաջ դժվար թե մարդիկ պատկերացնեին, որ այսօր ծնծղաները դառնալու են ռոք եւ ջազ երաժշտության հիմնական գործիքները: Ավելին` դժվար թե մեկի մտքով անցներ, որ ծնծղաների պատրաստման խոշոր բիզնեսի հեղինակը լինելու է ազգությամբ հայ մի մարդ:

Չորս դարի պատմություն ունեցող ծնծղաների արտադրության հիմնադրի անունը Ավետիս է. Ավետիս Զիլջյանն ապրել է 17-րդ դարում, Թուրքիայում՝ Կոնստանտինոպոլսում, եւ, ինչպես արդեն հասկացաք` ազգությամբ հայ է եղել: Նրա հայրը` Քերոբ Զիլջյանը, Թուրքիայի սուլթանի համար տարբեր մետաղներից ձուլվածքներ էր պատրաստում: Ավետիսն այդ ժամանակ որոշեց դառնալ ալքիմիկոս եւ այդ նույն մետաղներից ստեղծել ոսկի: «Ոսկին» ստացվեց անագի եւ պղնձի ձուլումից։ Այն ուժգին ձայն հանող մի գործիք էր, որը դարեր հետո դարձավ Զիլջյանների գերդաստանի բիզնեսը: Սուլթանին դուր եկավ Ավետիսի ստեղծագործությունը, եւ նրան 80 ոսկի ընծայեց: Սուլթանի առաջարկով Ավետիսն իր ազգանունը դարձրեց Զիլջյան. թուրքերեն «զիլ» բառը նշանակում է՝ ծնծղա, իսկ «զիլջի»` ծնծղա պատրաստող: Այս արմատին ավելացնելով իր հայկական տոհմի ազգանվան «յան» վերջածանցը՝ Ավետիսն իրեն անվանեց Զիլջյան:

1623թ. Ավետիսը Կոնստանտինոպոլսում հիմնեց ծնծղաների արտադրությունը: Դարեր շարունակ ծնծղաների արտադրման գործընթացը գաղտնիք էր եւ ընտանեկան ավանդույթի համաձայն՝ այդ գաղտնիքը բացվում էր միայն արտադրության ղեկավարի ավագ որդուն: Օսմանյան Կայսրության զինվորական նվագախումբը օգտվում էր միայն Զիլջյանների արտադրանքից: 18-րդ դարում հայկական արտադրության ծնծղաները մուտք գործեցին Եվրոպայի թագավորական պալատներ, ավելի ուշ հանրահայտ կոմպոզիտորները (Մոցարտ, Վագներ, Գլինկա եւ այլք) իրենց ստեղծագործություններում ընդգրկեցին այս հրաշալի գործիքը: 1851թ. Ավետիս Զիլջյան Երկրորդն անձամբ էր գովազդում իր տոհմական արտադրանքը Եվրոպայում` մասնակցելով միջազգային տարբեր ցուցադրությունների: Արտադրության հաջորդ ղեկավարը Քերոբ Զիլջյանն էր, ով Թուրքիայում հիմնեց K. Zildjian Constantinople ընկերությունը:

Ավետիս Զիլջյանի հետեւորդները մինչեւ 20-րդ դար հանգիստ ապրել եւ իրենց բիզնեսով են զբաղվել, սակայն 1900-ականների սկզբներին երկրում տիրող քաղաքական եւ ազգայնական լարվածությունները Ավետիս Զիլջյան Երրորդին` Քերոբի զարմիկին, ստիպեցին լքել Կոնստանտինոպոլսն ու գաղթել ԱՄՆ: Քերոբը, սակայն, մնաց Թուրքիայում՝ զարգացնելով K. Zildjian Constantinople ընկերությունը: Երբ 1923թ.-ին հիմնվեց Թուրքիայի Հանրապետությունը եւ Կոնստանտինոպոլսը պաշտոնապես վերանվանվեց Ստամբուլ, ընկերության անվանումը փոխվեց՝ K. Zildjian Istambul: 1929-ին Ավետիս Երրորդը ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում հիմնեց Avedis Zildjian Co.-ն, որը մինչ օրս գործում է եւ համարվում է աշխարհի թիվ 1 ծնծղա արտադրող ընկերությունը: Զիլջյանների ծնծղաների ցանցը, փաստորեն, ընդլայնվում էր: Որոշ ժամանակ անց, սակայն, Քերոբ եւ Ավետիս եղբայրները դարձան միմյանց համար լուրջ մրցակիցներ:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Avedis Zildjian Co.-ն երկրի զինվորական նվագախմբի համար ծնծղաներ պատրաստելու պետական պատվեր ստացավ: Պատվերների քանակն անսահմանափակ էր եւ շատ շուտով Zildjian բրենդը ձեւավորվեց: Ավետիսը հայտնի դարձավ երաժշտական այս աշխարհում՝ որպես նորարար. նրա նորամուծություններից ամենահետաքրքիրը թերեւս այն էր, որ նա ծնծղաներին անուններ տվեց`բնութագրելով դրանցից դուրս եկող ձայնի որակը (Ride, Crash, Splash, Hi-Hat, Sizzle ): Ծնծղաները պատրաստվում էին եւ՛ ավտոմատ ճանապարհով, եւ՛ ձեռքով, սակայն Zildjian-ի ձեռքի վերջին աշխատանքը եղել է 1964թ.-ին, որն էլ պատրաստվել է հանրահայտ «Բիթըլզ» խմբի թմբկահար Ռինգո Սթարի համար:

Արտադրական պրոցեսն ընկերությունը կիսել էր երկու գործարանների միջեւ. մեկում մետաղները ձուլվում էին, իսկ մյուսում՝ ձուլվածքին տրվում էր վերջնական տեսք: Ավելի ուշ այս արտադրությունն իր արմատները ձգեց նաեւ Կանադայում՝ տոհմի մեկ այլ անդամի՝ Ավետիս Երրորդի կրտսեր որդու՝ Ռոբերտ Զիլջյանի ջանքերի շնորհիվ: Զիլջյանների տոհմն այստեղ հիմնեց Azco գործարանը, որը 1968-70թթ. արտադրում էր Zilco կոչվող ծնծղաները:

1975թ. Թուրքիայում արտադրվող K. Zildjian պիտակով ծնծղաների արտադրության մեջ խնդիրներ ծագեցին, սակայն Ռոբերտին հաջողվեց այնպիսի քայլեր ձեռնարկել, որը մեծ ձեռքբերումներ բերեց. K. Zildjian-ը միացավ Avedis Zildjian Co.-ին: Արդեն իսկ ամբողջ աշխարհում ծնծղաների ստեղծման մենաշնորհը Զիլջյաններինն էր:

Ավետիս Երրորդը Զիլջյանների տոհմական ավանդույթը խախտեց եւ ծնծղաների արտադրման գաղտնիքը բացեց իր երկու որդիներին՝ Ռոբերտ եւ Արմանդ Զիլջյաններին: Թերեւս սա ամենամեծ սխալն էր, քանզի հենց այս պատճառով Zildjian ընկերությունը հետագայում բազմաթիվ ներքին խնդիրներ ունեցավ, ինչի արդյունքում պառակտվեց:

1982թ.-ին, հոր` Ավետիս Երրորդի մահից հետո, եղբայրները համաձայնության եկան, որ տոհմական ընկերությունը` Avedis Zildjian Co.-ն, պետք է ղեկավարի ավագ որդին` Արմանդը: Ռոբերտը որոշեց թողնել ընտանեկան բիզնեսը եւ ստեղծել սեփականը, որը նույնպես պետք է զբաղվեր ծնծղաների արտադրությամբ: Նա թողեց ԱՄՆ-ը եւ Կանադայում արդեն իսկ Զիլջյանների գերդաստանի կողմից ստեղծված արտադրության մեջ հիմնեց Sabian ընկերությունը, որ հետագայում դարձավ Zildjian հանրահայտ բրենդի լուրջ մրցակիցը: Երկու եղբայրներն էլ փորձում էին ամեն գնով դառնալ ծնծղա արտադրող թիվ 1 ընկերությունը, գրավել հանրահայտ երաժիշտների ուշադրությունը, եւ յուրաքանչյուրի նպատակն էր՝ ապացուցել` «լավագույնը հենց ես եմ»: Անիմաստ է թվարկել այն երաժիշտների անունները, ովքեր այսօր օգտվում են այս երկու ընկերությունների արտադրանքից: Կառանձնացնենք միայն մեր հայրենակից Ջեյքոբ Արմենին, ում մասին գրել էինք մեր ամսագրի նախորդ համարներից մեկում: Ջեյքոբի բոլոր ծնծղաները Zildjian ընկերության արտադրանքն են:

«Sabian-ն իմ երեխան է,- ասում է Ռոբերտ Զիլջյանը,- Ես այն կազմել եմ իմ երեխաների անունների առաջին վանկերից (Sally, Bill, Andy)»: Sabian-ը տարեկան ավելի քան 900.000 կտոր արտադրանք ունի, սակայն մասնագետների հավաստմամբ` Zildjian-ի տարեկան եկամուտն անհամեմատ գերազանցում է մրցակցինին: Avedis Zildjian Co.-ն ավելի է ընդլայնել իր բիզնեսը եւ արդեն չի բավարարվում միայն ծնծղաների արտադրությամբ. այստեղ ձուլվում են նաեւ թմբկահարների փայտիկներ եւ այլ պարագաներ: Ի դեպ, նորամուծություններից մեկն էլ այն է, որ, Արմանդի խորհրդով, արտադրությունը դասակարգեց ծնծղաները եւ հայտնի երաժիշտների համար առանձին մի շարք ստեղծեց` «Artist Series»: Արմանդը տոհմական այս ընկերությունը ղեկավարեց մինչեւ 2002թ.: Նրա մահից հետո արտադրությունը ժառանգվեց նրա դուստրերին՝ Քրեյգիին եւ Դեբիին: Քրեյգի Զիլջյանն այսօր այս հզոր ընկերության ղեկավարն է եւ առաջին կինը, որին վստահվեց ընտանեկան բիզնեսը:

«Փաստորեն, Զիլջյանների բիզնեսի ղեկավարումը հաջորդող տարիներին վստահվելու է միմիայն մեր տոհմի կանանց, քանզի ես ինքս ունեմ մեկ դուստր` Սամանթան, իսկ քույրս` երկու դուստր: Ի դեպ, երեքն էլ հետաքրքրված են ընտանեկան բիզնեսով, իսկ իմ դուստրը մեր ազգի միակ մարդը եղավ, որ ցանկություն հայտնեց ծնծղաների վրա նվագել»,- հարցազրույցներից մեկում ասել է չորսդարյա պատմություն ունեցող ընկերության ներկայիս ղեկավար, աշխարհի 100 բիզնես-լեդիների ցանկում 15-րդ տեղը զբաղեցնող գործարար կին Քրեյգին:

Այսօր այս հզոր տոհմի հետնորդները` Ռոբերտի եւ Արմանդի երեխաները, ոչ մի կապ չունեն միմյանց հետ: «Ես ցավում եմ, որ այդպես ստացվեց,- այսօր ասում է 81-ամյա Ռոբերտ Զիլջյանը` Sabian ընկերության նախագահը: – Շնորհակալ եմ ճակատագրից գոնե այնքանով, որ եղբորս մահվանից երկու տարի առաջ կարողացա խոսել հետը»:

Avedis Zildjian Co.-ն այսօր հովանավորում է երաժշտական բազմաթիվ դպրոցներ: Ունի կրթական ծրագրեր ԱՄՆ-ում, Կանադայում եւ Եվրոպայում, հատուկ կրթաթոշակներ է սահմանել: 1998թ.-ից մինչեւ այսօր Քրեյգիի նախաձեռնությամբ ստեղծվել եւ գործում է Ամերիկյան թմբկահարների ձեռքբերումների մրցանակաբաշխությունը (American Drummers Achievement Awards)՝ նվիրված Avedis Zildjian Co.-ի 375-րդ տարեդարձի պատվին:

հայկական ափսեների գաղտնիքը

Այդ երաժշտական գործիքը ի սկզբանե հայտնվել է Ար¢ելքում՝ Չինաստանում, Հնդկաստանում, Օսմանյան Կայսրությունում։ Թուրքերը օգտագործել են ափսեներն ու մեծ թմբուկները պատերազմների և ռազմական արարողությունների ժամանակ։ Այդ ափսեների կար¢որ հանգամանքն էր հանդիսանում մետաղի ձուլվածքը – այն պետք էր ուժգին ու էֆեկտիվ հնչեր` պահպանելով ամրությունը չնչին հաստության դեպքում։

Այսօր դժվար է պատկերացնել, որ դեռ XX դարի սկզբին ափսեները շատ սուղ են կիրառվել այդ շրջանի ժամանակակից երաժշտության մեջ։ Հատկապես Զիլջյանների հայկական տոհմն է ափսեները դարձրել հարվածային շարվածքի բաղադրիչ մասը։ Զիլջյանի Zildjian ափսեներով հենց նվագել և նվագում են մինչ այսօր ջազի և ռոքի հանրահայտ բազմաթիվ երաժիշտներ։ Zildjian-ը ԱՄՆ-ում պաշտոնապես ճանաչվել է հինավուրց ընտանեկան բիզնես։

photo2Ամեն ինչ սկսվել է 1623 թվականին Կոնստանդնոպոլսում, երբ ոմն հայ, Ավետիս անունով մի վարպետ բացահայտել է պղնձի, արճիճի և արծաթի մի յուրահատուկ համաձուլվածք։ Նա ստացավ մի վառ, հնչեղ օբերտոններով հարուստ բրոնզ, որը երեք հարյուրամյակ անց օվկիանոսի մյուս կողմում անվանվեց զիլջյանյան։

Ավետիսը սկսեց պատրաստել ափսեներ թուրքական սուլթանի օսմանյան բանակի համար։ Նոր, արտակարգ հնչող ձուլվածքը այնքան հավանեց սուլթանը, որ վարպետին վճարեց 80 ոսկի և հրամայեց այն կոչել նրան անունով` Զիլջյան։ Ավետիսի հետնորդները իրոք կրել են Զիլջյան ազգանունը – թուրքական արմատով, հայկական վերջավորությամբ։ Զիլ- թուրքերեն նշանակում է ափսե, զիլջի – ափսեների վարպետ։ Բազմաթիվ այլ վարպետներ փորձել են ստանալ հրաշք ձուլվածքի գաղտնիքը, բայց ապարդյուն։ Զիլջյանների տոհմում բաղադրատոմսերը երբեք չեն վստահել թղթին։ Նրանք փոխանցվել են բանավոր՝ հայրերից որդիներին։

photo3Օսմանյան ռազմական նվագախմբերը օգտվել են միայն զիլջյանյան ափսեներից։ Պատմական իրադարձություններից ելնելով, Ավետիս Զիլջյանի հետնորդները որոշում են ԱՄՆ տեղափոխել արտադրությունը ։ 1929 թվականին Ավետիս Զիլջյան ընկերությունը հիմնվեց Միացյալ Նահանգների Մասսաչուսեթս նահանգում։ Շատ բարդությունների և դժվարությունների միջով ստիպված եղավ անցնել ընկերությունը։ Ափսեների պատրաստումը կատարվում էր ամբողջությամբ ձեռքի աշխատանքով։ Այդ տարիներին Զիլջյան ապրանքանիշը սկսեց ուշադրություն գրավել և մեծ համբավ ձեռք բերել ամերիկյան հանրահայտ երաժիշտների շարքերում։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ ընկերությունը պետպատվեր ստացավ ափսեներով ապահովել երկրի ռազմական նվագախմբերը։ Պատվեր ստացվեց նաև բրիտանական Ծովակալությունից։ 1976-ին ԱՄՆ հայկական կոմիտեն Ավետիս Զիլջյանին (երրորդ Ավետիսն էր տոհմում) պարգ¢եց հուշամեդալով` երաժշտական բնագավառում նվաճումների համար։

Zildjian-ի մասին կարելի խոսել անսպառ, անվերջ։ Նրան հավատարիմ են եղել և մնում Beatles, Rolling Stones, Cream, Metallica, Def Leppard, Ozzy Osbourne, Linkin Park, Sting, Sepultura, Phil Collins, Green Day, BjՓrk, INXS և շատ ուրիշներ…

Կատարելությանը ծգտումը` ամենահրաշալի պարգևն է մարդուն։ Առավել հրաշալի է, երբ այդ պարգևը փոխանցվում է սերնդե սերունդ, արդեն 400 տարի։

Զիլջյանյան տոհմից է ճյուղավորվել և հիմնադրվել նա¢ կանադական հանրահայտ SABIAN հարվածային ափսեներ արտադրող ընկերությունը։ Բայց դա արդեն այլ պատմություն է…



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Ռոբերտ Գյումրեցի
Apr 10, 2010 20:54