ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Saturday, April 10, 2010 9:16 - 3 քննարկում
Թուրքերն ընդդեմ Արշիլ Գորկու
Մեծ Բրիտանիայում գործող թուրքական կազմակերպությունները Լոնդոնի Tate Modern ժամանակակից արվեստի թանգարանի տնօրինությունից պահանջում են մեծանուն հայ նկարիչ, Ցեղասպանությունը վերապրած Արշիլ Գորկու ցուցահանդեսի մասին պատմող բրոշյուրներից և խտասկավառակներից հանել Հայոց ցեղասպանություն եզրույթը։ Նշենք, որ ցուցահանդեսը բացվել է փետրվարին և կգործի մինչև մայիսի 3-ը։
Թուրքական Cumhuriyet օրաթերթի փոխանցմամբ` Անգլիայի թուրքական միությունների ֆեդերացիայի (ITDF) և Մեծ Բրիտանիայի թուրքական ֆորումի ներկայացուցիչները հարցի առնչությամբ հանդիպել են թանգարանի տնօրինության հետ:
«Մենք պահանջել ենք փոխել 1915թ. իրադարձությունների մասին տեղ գտած գրությունները: Մեզ ասել են, որ բրոշյուրներին կկցվեն հավելվածներ, որոնցում գրված կլինեն, որ այդ պնդումները վիճարկելի են: Սակայն դա մեզ չի գոհացնում… Ցուցահանդեսն ամբողջությամբ քարոզչական նպատակ է հետապնդում»,- հայտարարել է ITDF-ի համակարգող Սերվեթ Հասանը` ավելացնելով, որ իրենց բողոքների առնչությամբ Tate Modern ժամանակակից արվեստի թանգարանի տնօրինությունը դիմել է երկրի արտգործնախարարությանը:
«Ցուցահանդեսի տնօրեն Վիսենտի Թոդորին (Vicenti Todori) մեզ ասաց, որ հարցի առնչությամբ իրենք նամակով դիմել են երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը: Նա նշեց նաև, որ պատասխան նամակում ասվում է, թե Մեծ Բրիտանիայի իշխանություններն այդ պնդումները չեն ընդունում և 1915-ի իրադարձությունները որակում են որպես պատերազմական իրավիճակում տեղի ունեցած դեպքեր»: