ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, April 8, 2010 19:52 - 3 քննարկում

Տղամարդ մարմնավաճա՞ռ… մի աչքն էլ սախա՞տ… Գին չունի՛:

ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ԿՈՄԵԴԻ ԿԼԱԲՆ ՈՒ «32 ԱՏԱՄԸ» ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՀՐԱՎԻՐԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ

  • article's photo

    Նախօրեին տերպետրոսյանականների կազմակերպած բացօթյա թատերականացված միջոցառումն իրոք աննախադեպ էր։Օպերայից Մատենադարան վազվզոցները, խնամքով պատրաստված լատինատառ պաստառները, տարբեր գույնի ու սեռի` չալմայով ու գլխաբաց հյուրերի առատությունը, ակտիվիստ-դերակատարների խայտաբղետ զգեստները, ճոճվող գունավոր նկարներն ու ալեկոծվող դրոշները, լայն բացված երկու մատների ընդգծված ցուցադրությունները, ցույցի ու երթի մասնակիցների անբռնազբոս պահվածքը, ինչը հրապարակային միջոցառմանը միաժամանակ թե տոնական, թե լուրջ ու ազդեցիկ երանգ էր հաղորդում, ամեն-ամեն ինչ հիշեցնում էր վերջերս Փարիզում կազմակերպված բացառիկ ակցիան, որին ակնապիշ հետեւում էր ողջ աշխարհը:

    Իսկ փարիզյան մարմնավաճառների ու միասեռականների համատեղ ցույցն ու երթն իրոք տպավորիչ էր։ Եւ ոչ պակաս ցնցող էր նրանց կարգախոսը. «Ես հպարտ եմ, որ մարմնավաճառ եմ, պետք է դա ընդունել իբրեւ աշխատանք եւ վերաբացել հասարակաց տները»:

    Հայ ազգային կոնգրեսի միջոցառումը իսկապես շատ նման էր փարիզյան ցույցին. երկուսի «ոգեղենությունն» էլ աննախադեպ էր, թատերայնությունը սպասվածից ավելի, ամբոխահաճո հանդիսանքին վայել կրակոտ-էստրադային ելույթների պակաս չէր զգացվում եւ վերջապես երկու դեպքում էլ պայքարը շարունակելու վճռականությունը անսասան էր:

    Տեր-Պետրոսյանի միջոցառումը աննախադեպ էր նաեւ նրանով, որ համընկավ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի անդամների երեւանյան երկօրյա հյուրախաղերի հետ, ինչը կոնգրեսին ստիպեց հանրությանը վաղուց ձանձրացրած միտինգային օրակարգը փոփոխության ենթարկել, որպեսզի միկրոֆոնից կարողանան օգտվել նաեւ ՄԻՄՖ-ի գաստրոլյոր-իրավապաշտպանները:

    Իսկ օրակարգը չփոխել անհնար էր, քանի որ միայն ֆեդերացիայի նախագահը` Սուեր Բելասենը հասցրեց երեք անգամ կազմակերպիչներից խլել միկրոֆոնը եւ երեք անգամ էլ բոցաշունչ ճառով ալեկոծեց միտինգավորների հոգիները: Հյուրախաղերի գալիս տիկին Բելասենը իհարկե չէր մտածում, որ նման փառահեղ ընդունելության կարժանանա։ Առաջին բրավոներն ու բիսերը խելքամաղ արին գլխավոր իրավապաշտպանին, եւ նա ելույթը կրկնեց երկրորդ, երրորդ անգամ: Այդքան խանդավառ հանդիսատես երբեւէ չէր տեսել եւ, բնականաբար, երեք «պոկլոնն» ինչ էր, որ չշռայլեր:

    Ինչ հիանալի է ստացվում, չէ՞. վերջին տարիներին ոչ մի երկրում ՄԻՄՖ-ին հնարավորություն չի տրվել համաժողով անցկացնել, իսկ ահա մեր իշխանությունները տիկին Սուերի առաջարկը չմերժեցին, բայց նա համաժողովը կիսատ թողած իր խմբի հետ վազեց Մատենադարանի հարթակ` զորակցություն հայտնելու Տեր-Պետրոսյանի «ազատատենչ ժողովրդին»: Իսկապես բրավո գաստրոլյորներին:

    Բայց ամենաուշագրավն, իհարկե, ՀԱԿ-ի ներկայացուցիչների խանդավառությունն էր. արմատականների ոգեւորությանը չափ ու սահման չկար, երբ միտինգի հարթակ հասան օտարերկրացի իրավապաշտպանները, որոնց առաջ կազմակերպիչները սկսեցին գլուխկոնծի տալ, գրկախառնվել ու ողջունել, հետն էլ շնչակտուր տեղեկացնել, թե ովքեր են ժամանել: Բելասենի պատվիրակության ժամանումը սրանց համար նույնն էր, ինչ 11-րդ բանակի մուտքը Հայաստան:

    Իսկ ինչպիսին էր ՀԱԿ առաջնորդի ելույթը: Այս անգամ շոու ծրագրերի համար փայլուն ելույթ էր պատրաստել Տեր-Պետրոսյանը: Իսկական էստրադնիկ, որին կարող են նախանձել Ժվանեցկին, Զադորնովը, Կլարա Նովիկովան, Վինոկուրը, Գարիկ Մարտիրոսյանը միաժամանակ:

    Լ.Տ.Պ.-ի ելույթի 30 տոկոսը կրկնաբանություն էր, 30 տոկոսը` ժարգոն, մնացած 40 տոկոսն էլ բամբասանք: Հումորիստի ելույթի անհրաժեշտ բաղադրիչներ, որոնք ճշգրիտ համամասնությամբ տեղ էին գտել նրա ելույթում: Իսկ լեզվա-ոճական նկատելի փոփոխություններն ու պահվածքի որոշակի անհավասարակշռությունը բացահայտեցին, որ Տեր-Պետրոսյանի համար քաղաքական գործչի իդեալը Ժիրինովսկին է:

    Ահա եւ պատառիկներ շնորհալի հումորիստի եւ խոստումնալից շոումենի ելույթից: «Եթե մինչեւ վերջերս տարբեր երկրների կամ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները Հայաստանի կապակցությամբ խուսափում էին «քաղբանտարկյալ» տերմինից …այժմ ուղղակի ու միանշանակորեն արտասանում են այդ տերմինը: Անշուշտ, սա մի կողմից`Հայ ազգային կոնգրեսի եւ հանձինս ձեզ` մեր ողջ ժողովրդի համառ ու հետեւողական պայքարի արդյունքն է»:

    Մի՞թե սրանից ավելի ծիծաղելի բան կարելի է լսել. մարդը երկու տարի քլունգն առած տքնում էր կազմաքանդել պետությունը, եւ մենք դրան հավատում էինք, սակայն պարզվեց հեղափոխականների համառ ու հետեւողական պայքարի կարեւորագույն արդյունքը լրիվ ուրիշ բան է` միջազգային կառույցները արդեն արտաբերում են իրենց ուզած տերմինը: Իհարկե, դա էլ տերպետրոսյանական ստերի շարքից է, քանզի Բելասենից բացի (որի խոսքն էլ, ի դեպ, մենք մեր ականջով չենք լսել), ուրիշ ոչ մի միջազգային կառույց կամ երկիր ցանկալի տերմինը չի արտասանել:

    Պակաս զավեշտական չէ նաեւ Ռոբերտ Քոչարյանի «երազանքին» վերաբերող հատվածը. «Քոչարյանի երազանքը որքան էլ մարդկայնորեն հասկանալի, դատապարտված է անկատար մնալու, որովհետեւ, նախ, Սերժ Սարգսյանը ում-ում, բայց նրան երբեք կամովին վարչապետ չի նշանակի, եւ երկրորդ` եթե հանգամանքների պարտադրանքով ստիպված էլ լինի նշանակել, միջազգային հանրությունը դա չի հանդուրժի, եւ մինչեւ ամենաերիտասարդ թոշակառուն վարչապետից նախագահ դառնա, կկանգնի Հաագայի դատարանի առջեւ»:

    Զարմանալի է, թե ինչու է Տեր-Պետրոսյանն իր զինակցի` Դավիթ Շահնազարյանի հետ նստած սպասում, թե երբ է գալու Քոչարյանին միջազգային դատարան հանձնելու ժամանակը, այն դեպքում, երբ Շահնազարյանը անցած մեկ տարում հարյուրավոր ստորագրություններ է հավաքել: Այս օրերին Երեւանում է Հաագայի դատարանի գլխավոր դատախազը, գուցե դեռ չի մեկնել եւ կարելի է հասցնել նրան փոխանցել ստորագրությունների փաթեթը:

    Ղարաբաղյան խնդրի «ցավագին հարցին» բանախոսն այնքան է անդրադարձել ու անցած շրջանում այնքան համոզված է պնդել տարածքները հանձնելու նախագահի մտադրության մասին (ինչի դիմաց, հասկանալի է, հայկական կողմը ոչինչ չի ստանալու), որ Տեր-Պետրոսյանն այս անգամ որոշեց ցիտել ինքն իրեն, սակայն մեկ հավելումով` Սերժ Սարգսյանը. «Շուտով, կամա թե ակամա, սկուտեղի վրա Ադրբեջանին է հանձնելու Մինսկի խմբի համանախագահության կողմից գրեթե վերջնագրի ձեւով պահանջված հինգ շրջանները»:

    Քանի՜ այսպիսի «շուտով» ենք լսել, նաեւ կոնկրետ ժամկետներ է նշել Լ.Տ.Պ.-ն: Դե մեզ էլ, մնում է, կամա թե ակամա, սպասել` անշուշտ ծիծաղելով:

  • ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

P:DAVTYAN
Apr 8, 2010 22:39