Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ Admin. Wednesday, April 7, 2010 19:03 - չքննարկված
Նա ամենուր «իր ծառն» է ջրում և մի մուրազ ունի՝ դառնալ «Ամենայն սփյուռքի նախագահ»:
Ծառատունկ …Արցախ՝ առաջին այցի առիթով
Ոմանց կարող է զարմանալի թվալ, որ այս իմ առաջին այցն էր Արցախ:
Անշուշտ, միշտ ցանկացել եմ գնալ Արցախ, սակայն ոչ որպես զբոսաշրջիկ, այլ նշանակալից մի առիթով: Եվ, ահա այդպիսի առիթ ներկայացավ մարտի 31-ին, երբ որպես «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ մասնակցեցի Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում նորակառույց կրթօջախի բացման արարողությանը: Ներդրումները հիմնականում կատարվել էին «Լինսի» հիմնադրամի կողմից, իր մասնաբաժինն էր ունեցել նաև Արցախի կառավարությունը, իսկ ծրագիրը հաջողությամբ իրականացրել էր «Փրկենք երեխաներին» կազմակերպությունը:
Կրթօջախի բացման հանդիսավոր արարողությանն իրենց մասնակցությունն էին բերել Արցախի կառավարության պաշտոնատար անձինք’ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ և այլ բարձրաստիճան հյուրեր: Նորակառույց կրթօջախը նախատեսված է 350 աշակերտի համար: Հիանալի տոնախմբություն էր Ստեփանակերտի բնակչության համար. ծնողներն ու աշակերտներն իրենց խնդությունն ու երախտագիտությունն էին արտահայտում այս ժամանակակից կառույցի համար:
Կատարված բարձրորակ աշխատանքներից առավել ինձ ուրախացրեց Արցախի ինքնաբավ լինելը, քանի որ բոլոր ապրանքներն ու նյութերը, ներառյալ դպրոցական նստարաններն ու պահարանները արտադրվել էին Արցախում’ աշխատատեղեր և եկամուտ ապահովելով տեղի բնակչության համար: Ոչինչ չէր ներմուծվել Թուրքիայից:
Արցախ կատարած իմ կարճատև այցելության ընթացքում հնարավորություն ունեցա տեսնել Արցախի հինավուրց եկեղեցիներից մի քանիսն ու վեհասքանչ լեռները, որոնք ճամփորդները հաճախ համեմատում են Շվեյցարիայի գեղեցկության հետ: Հանդիպեցի նորանկախ հանրապետության ղեկավարների հետ, որոնք բոլոր հնարավոր ջանքերը գործադրում են Արցախի 150 հազար քաղաքացիների բարեկեցության ապահովման, ինչպես նաև ադրբեջանցիների պարբերական հարձակումներից պաշտպանելու համար:
Արցախի ժողովուրդը լիահույս է, քանզի գիտակցում է, որ միայնակ չէ: Աշխարհի չորս կողմից միլիոնավոր հայեր աջակցում են նրանց գոյապայքարին այս մեկուսացած հինավուրց հողում:
Արցախցիների հետ շփվելիս ես ոչ մի խորթություն չէի զգում, քանի որ իմ նախնիները ծագումով Զեյթունից են (Կիլիկիա), լեռնային մի տարածքից, որը շատ նման էր Արցախին. նրա քաջարի զավակները հինգ դար շարունակ հաջողությամբ մարտնչել են օսմանյան հզոր բանակի դեմ և դիմակայել նրանց մշտական հարձակումները: Զեյթունը հայտնի էր «Արծիվների բույն» անվամբ, որը շատ վայել է նաև Արցախի համար:
Արցախի ղեկավարների և ժողովրդի հետ ունեցած զրույցներից բացահայտ էր, որ նրանք երբեք չեն համաձայնի ապրել Ադրբեջանի լծի տակ: Նոր սերունդը, որը ծնվել ու մեծացել է Ազատ Արցախում, ընդհանրապես բացառում է ադրբեջանցիների լծի տակ ապրելը: Իսկ ավագ սերունդը, որն իր արյան գնով է ձեռք բերել Արցախի չափազանց թանկ ազատությունը, երբեք նորից չի ընդունի օտար տիրապետության որևէ ձև:
Չնայած Արցախի անկախության համար նրա հերոսական ժողովուրդն ամենաբարձր գինն է վճարել’զոհաբերելով իր կյանքը, սակայն մեզանից խնդրում է իր արդար դատին աջակցել լոկ դրամական միջոցներով, ժամանակով ու եռանդով:
Ինձ համար մեծ պատիվ էր, երբ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան և Արցախի նվիրյալ կամավոր պրոֆ. Գուրգեն Մելիքյանը խնդրեց ընկուզենու ծառ տնկել Բերդձոր գյուղի մոտ, որը գտնվում է Հայաստանն Արցախին կապող Լաչինի միջանցքում:
Պրոֆ. Մելիքյանն ամեն ինչ նախապատրաստել էր ծառատունկի արարողության համար: Նրա ձեռքին էին ընկուզենու տնկին, բահը, ցնցուղը և արարողությանը համապատասխան արտասանություն: Նկատեցի, որ մոտակայքում ուրիշ շատ մատղաշ ծառեր կային, որոնք վկայում էին պրոֆ. Մելիքյանի որոշման մասին’ ոչ մի հյուրի թույլ չտալ Լաչինի միջանցքն անցնել առանց ծառ տնկելու:
Պրոֆ. Մելիքյանը, կարմիր գինով լի գավաթը ձեռքին, մի սրտառուչ բանաստեղծություն արտասանեց ծառ տնկելու մասին, որը Լևոն Զավեն Սուրմելյանը գրել էր 1924 թվականին. սա ծառատունկի արարողության ամենահուզիչ պահն էր: Ահա այդ գեղեցիկ բանաստեղծությունը.
Տէր, օրհնէ՛ ծառն այս մատղաշ։ Ես կը տնկեմ զայն ահա
Փխրուն եւ սեւ հողին մէջ ուր պապերըս կը պառկին.
Ես՝ անոնց թոռը հսկայ, այս հողին տէրն եմ կրկին,
Ու արեւուն տակ կ՚աճիմ՝ անունն իրենց շուրթիս վրայ։
Պիտի բանայ ծառն այս մեծ իր բազուկներն ու հոգին,
Գրկած իր մէջ պապերուս արեւոտ շունչը անմահ.
Տէ՛ր, միսմինակ, նազելի, այս ծառն աղօթք մը ըլլա՜յ
Ու փաթթըւիլ իր մարմնոյն գան սիրողները գիւղին։
Երկաթագիր պատմութիւնն այս մըտերիմ հողերուն
Աչքիս արցունք կը բերէ… Փառք ու մեռել շատ ունի
Երկիրն իմ հին, ալեւոր՝ որուն ես թոռն եմ վայրի,
Խոկումներով բեղմնաւոր, երազներով օրորուն։
Մեռելներուս իբրեւ խաչ՝ ես այս ծառը տնկեցի։
Մինչ լսում էի այս ոգեշնչող բանաստեղծությունը, մտքումս երդվեցի հաճախ այցելել այս ավետյաց երկիրը, ջրել իմ ծառն ու պաշտպանել այն հողը, որի վրա այն կանգուն է: Թող այս ընկուզենին աճի ու զորանա՝ խոր արմատներ թողնելով ու իր պտուղները տալով ապագա սերունդներին:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմ.՝ Ռ.Ավագյանի