ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, April 7, 2010 16:48 - չքննարկված

Գյուղնախարարության փայլուն նվաճումը՝ “2020 թվականին երկրի բնակչության և ոչխարների թվերը կհավասարվեն՝ 1,5 միլիոն բնակչին կհասնի նույնքան ոչխար, առանց եզդիների”:

ՀԱՅԱՍՏԱՆ. ԵԶԴԻՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԻՑ

  • Նրանք պնդում են, որ ոչխարների արտահանումն Իրան ներքին շուկայում ճգնաժամի առաջացման պատճառ է դարձել` դուրս մղելով նրանց բիզնեսից:

    Հայաստանում բնակվող եզդիները ոչխարաբուծության ճգնաժամի պատճառն Իրանի կողմից հայկական ոչխարների նկատմամբ պահանջարկի կտրուկ ավելացման մեջ են տեսնում. անցյալ տարի երկրից արտահանվել է ոչխարների ընդհանուր քանակի մեկ երրորդը:

    Հայաստանում ավանդաբար ոչխարի առեւտուրը տնօրինող եզդիները շարունակում են բողոքել նախորդ տարի կրած մեծ ֆինանսական կորուստների հետեւանքով առաջացած իրավիճակից`պնդելով, որ ճգնաժամը նրանց դուրս է մղում ոչխարի առեւտրի շուկայից:

    Քամիլ Շադոյանը բնակվում է Երեւանի մերձակայքում: Նա մոտ 50 գլուխ ոչխար ուներ: Ոչխարների մասին հիմնականում տղաներն են հոգ տանում, իսկ ինքը Երևան-Գառնի-Գեղարդ ճանապարհին վաճառում է գառներ կամ ոչխարի միս:

    Հիմնական գնորդները միշտ էլ եղել են քեֆչիները կամ Գեղարդի վանքում զոհաբերություն (մատաղ) կատարող հավատացյալները: Շաբաթական Քամիլը վաճառում կամ մորթում էր 7-8 գառ, եթե պետք է լինում` մեկնում էր հեռավոր գյուղերը գառներ բերելու: Բայց օգոստոսից հետո ամեն ինչ փոխվեց:

    2009 թ. օգոստոսից իրանցի առեւտրականները սկսեցին շրջել գյուղեգյուղ` ոչխարների մեծաքանակ գնումներ կատարելու նպատակով:

    Իրանցի առեւտրականը Քամիլին առաջարկեց միանգամից գնել բոլոր գառներն ու ոչխարները: Քամիլին սկզբից թվում էր, թե իր կյանքում ամենահաջող գործարքն է կատարել` քանի որ գնորդը գառների ու ոչխարների համար առաջարկում էր ամենաբարձր գինը` 25 հազար դրամ, որն այն ժամանակվա փոխարժեքով համարժեք էր 70 դոլարին: Այդպես նա 35 ոչխար միանգամից վաճառեց: Քամիլը  համոզված էր, որ մյուս եզդիական գյուղերից ավելի էժան գառներ ձեռք կբերի, հոտը կվերականգնի: Քամիլն այդ ժամանակ չգիտեր, որ հայ եւ իրանցի առեւտրականները շրջում են բոլոր եզդիական եւ հայկական գյուղերով, առանց սակարկելու գնում ոչխարի գրեթե ողջ գլխաքանակը:

    «Օր օրի ոչխարի գինը բարձրանում էր: Սկզբից կարծում էինք` մի քիչ ժամանակ հետո վիճակը կհանդարտվի, բայց ավելի վատացավ»,- ասում է Քամիլը:

    Պաշտոնական տվյալներով` 2009 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանից մոտ 140 հազ. գլուխ ոչխար է արտահանվել, որը ոչխարների ընդհանուր գլխաքանակի մոտ մեկ երրորդն է: Համեմատության համար նշենք, որ նախորդած 5 տարիների ընթացքում միասին վերցրած արտահանվել է ընդամենը 13 հազ. գլուխ:

    Փորձագետ Գեւորգ Սահակյանն ասում է, որ Իրանի կողմից հայկական ոչխարների նկատմամբ աննախադեպ պահանջարկը պայմանավորված է Մերձավոր Արեւելքը եւ հարակից մի քանի իսլամական երկրները ներառող տարածաշրջանում ոչխարի առաջարկի եւ պահանջարկի կառուցվածքի կտրուկ փոփոխմամբ:

    Սիրիան, որը առնվազն վերջին 5 տարիներին հանդիսանում էր ոչխարների խոշորագույն արտահանողն աշխարհում, 2008թ. արձանագրել է ոչխարի արտահանման 85% անկում: Դրան հակառակ, Սաուդյան Արաբիան, որ 2008թ. նախորդած 4 տարիների ընթացքում ապահովել է ոչխարների համաշխարհային ներմուծման 45%-ը, նույն տարում արձանագրել է ներմուծման 77% անկում: Ակնհայտ է, որ Սիրիայից արտահանվող ոչխարի մեծ մասը ուղղվել է Սաուդյան Արաբիայի պահանջարկին, հետեւաբար, առաջարկի նոր աղբյուրների որոնման խնդիր է առաջացել:

    Այստեղից փորձագետը տրամաբանորեն բխեցնում է, որ Իրան արտահանված հայկական ոչխարները գնացել են ոչ թե այդ երկրի ներքին պահանջարկի բավարարմանը, այլ կոմերցիոն նպատակներով վերաարտահանմանը, քանի որ Իրանն իր հերթին հանդիսանում է 5-րդ խոշորագույն ոչխար արտահանող երկիրը աշխարհում` բացարձակ ցուցանիշով:

    «Փաստորեն, Իրանը պարզապես հայկական ոչխարների միջոցով փորձեց լրացնել տարածաշրջանում ստեղծված ոչխարների առեւտրի հաշվեկշռի խախտումը»,- ասում է նա:

    Ոչխարների արտահանման ծավալների նման կտրուկ աճը եզդի ազգաբնակչության որոշ մասի մոտ դժգոհության առիթ տվեց: Այն եզդիները, որոնք ոչխարները իրանցիներին կամ միջնորդ հայերին վաճառել են գործընթացի սկզբում (միայն սեպտեմբերին արտահանվել է 32.5 հազ. գլուխ ոչխար), լուրջ ֆինանսական կորուստ ունեցան, քանի որ դրանից հետո ոչխարների գինը շեշտակի բարձրացավ: Նոյեմբերից հետո միջին չափսերի 1 ոչխարը կարելի էր գնել արդեն 70-80 հազար դրամով (220-240 դոլար): Հետեւաբար` իրենց ոչխարները սեպտեմբերի շուկայական գնով վաճառած եզդիներն այլեւս չկարողացան հոտը վերականգնել: Բացի այն, որ ոչխարները ավելի թանկ էին, դրանց գլխաքանակն այնքան էր կրճատվել, որ Հայաստանը ստիպված եղավ ոչխարներ ներմուծել հարեւան Վրաստանից:

    Եզդիների Ազգային միության խորհրդի անդամ, Հայկական ագրարագյուղացիական միավորման ազգային փոքրամասնությունների գծով խորհրդական Օմար Մամոյանն ասում է, որ ոչխարների մայրական կազմի կեսը դուրս է հանվել, որի պատճառով ոչխարների նորմալ վերարտադրություն այս եւ առաջիկա 1-2 տարում չի լինի:

    «Մենք դեմ ենք, որ ոչխար դուրս գար, որ գների բարձրացում լիներ: Գուցե եզդիներից 10 հոգու համար լավ է եղել, բայց ամբողջ ժողովրդի համար վատ է եղել` ե´ւ հայերի, ե´ւ եզդիների»,- ասում է Օ. Մամոյանը:

    Աշխարհի եզդիների առաջնորդ Ազիզ Թամոյանը եւս դժգոհ է ոչխարների զանգվածային արտահանման հետեւանքներից. «10 տարի է պետք, որ կարողանանք հին գլխաքանակը վերականգնել: Ոչխարաբուծությունը Հայաստանում քայքայվեց, իսկ ոչխարների մեծ մասը եզդիների մոտ է: Եզդիական գյուղեր կան, որտեղ ոչխարների գլխաքանակը 10 անգամ նվազել է»:

    Թամոյանը պնդում է, որ այն եզդիները, որ անասունները ծախելիս խաբվեցին, հանրապետությունից ստիպված եղան հեռանալ: Քամիլը եւս նման ծրագրեր ունի: Բացի այն, որ կորցրել է հիմնական հոտը, չի կարողանում վերականգնել նաև գառների առեւտուրը:

    «Հայերը հիմա չեն ուզում ոչխարի միս գնել, որովհետեւ դա տավարի մսից 2 անգամ թանկ է»,- ասում է Քամիլը:

    Նա, ինչպես եւ եզդիներից շատերը, մեղադրում են կառավարությանն այն բանում, որ չկարողացավ շուկան կարգավորել, իրենք էլ վնասներ կրեցին: Ասում է` եթե նախօրոք իմանային, մայր հոտը չէին վաճառի: Ա. Թամոյանն իր հերթին նշում է, որ մայր ոչխար ծախելը հանցագործություն է, որովհետեւ առանց դրա վերարտադրություն չի լինի:

    «Գյուղատնտեսության նախարարը ինձ խոստացավ, որ միայն արու ոչխարները պետք է արտահանվեն, բայց այդպես չեղավ, նախարարի ասածը չհամապատասխանեց իրականությանը»,- ասում է Թամոյանը:

    Հակառակ եզդիական համայնքի դժգոհություններին` Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունում իրավիճակը գնահատում են նորմալ:

    Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուծության եւ տոհմային գործի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը պնդում է, որ մայր ոչխարների գլխաքանակը վտանգված չէ, քանի որ արտահանվել են հիմնականում ծերացած էգ ոչխարները, որոնք վերարտադրության համար այլեւս պիտանի չէին: Իսկ եզդի ազգաբնակչության դժգոհությունները նա հետեւյալ կերպ է բացատրում.

    «Երբ սկսեցին այստեղից ոչխար արտահանել, պարսիկներն արդեն ոչ թե եզդի միջնորդների հետ էին գործ ունենում, այլ միանգամից ֆերմերի հետ: Հայ գյուղացուն գտնում էին, ասում էին` քո 100 ոչխարից 40-ը ես միանգամից վերցնում եմ: Եվ մեր եզդի գործընկերներն այդ շրջանակից դուրս մնացին: Այս ամբողջ դժգոհության պատճառը սա է: Բայց հիմա կան եզդիներ, որոնք ոչխարների գլխաքանակն ավելացրել են»,- ասում է Հովհաննիսյանը:

    Այնուամենայնիվ, եզդիների դժգոհություն առաջացնող պատճառները չեն վերացել: Վստահություն չկա, որ մայիսին, երբ ավարտվում է ոչխարների ծնի ակտիվ շրջանը, իրանցի առեւտրականները կրկին չեն հայտնի: Այդ մտավախությունների պատճառով ոչխարի մսի ու գառան շուկայական գինը հայկական իրականության համեմատ շատ բարձր է մնում: Սա էլ պատճառ է դարձել, որ ոչխարի մսի առեւտրով զբաղվող եզդիները անգործ մնան:

    Գյուղատնտեսության նախարարությունը մշակել է ոչխարաբուծության զարգացման ծրագիր, որով նախատեսվում է մի քանի տարուց ոչխարների գլխաքանակը Հայաստանում հասցնել 1 մլն-ի, իսկ 2020 թ.` 1.5 միլիոնի, այդ նպատակով կներմուծվեն ավելի բարձրորակ ցեղերի ոչխարներ, մասնավորապես` Հյուսիսային Կովկասից: Ծրագրեր կան Ավստրիայից եւ Գերմանիայից ներմուծել ազնվացեղ տեսակի մայրեր, որոնք կխաչասերվեն տեղական ցեղերի հետ: Սակայն Օ. Մամոյանն ասում է, որ նախկինում էլ նման ծրագրեր են իրականացվել, ներմուծվել են այծեր կամ ջայլամներ, որոնք տեղական պայմաններին չեն հարմարվել:

    Բոլոր դեպքերում, եզդիների բողոքները պատճառ դարձան, որ գյուղատնտեսության նախարարը հատուկ հրամանով արգելի էգ գառների արտահանումը: Սակայն Քամիլն ասում է, որ այդ հրամանից օգուտ չկա` այդ ո՞վ պետք է ստուգի, թե գառը էգ է, թե՞ արու: Նրա կարծիքով` առնվազն 2 տարի պետք է արգելել ոչխարների արտահանումը, որպեսզի գլխաքանակը վերականգնվի, այնուհետեւ խիստ սահմանափակումներ կիրառել, որպեսզի տեղական առեւտուրը չտուժի:

    Սամվել Ավագյան, Երեւան

    Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ