ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, April 5, 2010 14:37 - 3 քննարկում

Հեռանում է դեռ չեկած,կամ,Օպերայի վերջին Արիան,……

Արդեն երկու օր է, ինչ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակում բուռն ու երկարատեւ քննարկումներ են ծավալվել։

Այս մասին մեզ տեղեկություն հաղորդած իրազեկ աղբյուրը միաժամանակ հայտնեց նաեւ, որ ժամանակ առ ժամանակ կրքոտ վիճաբանության փոխակերպվող նման քննարկումների շարժառիթը «Ժառանգության» նախօրեի հայտարարությունն է, որով իշխանական կոալիցիային եւ ընդդիմադիր հիմնական ուժերին կոչ է արվում կլոր սեղանի շուրջ երկխոսություն սկսել մի շարք հրատապ խնդիրների շուրջ։

ՀԱԿ-ին մոտ կանգնած մեր հավաստի աղբյուրը, պայմանով, որ իր անունը չի հրապարակվի, թեպետ հաստատեց վերոհիշյալ տեղեկատվությունը, բայցեւ հավելեց, որ կոնգրեսի վերնախավում ծագած քննարկում-վիճաբանության բուն դրդապատճառն այլ է, իսկ «Ժառանգության» կոչն ուղղակի հարմար առիթ է դարձել։

Նրա խոսքով, ողջ խնդիրն այն է, թե Տեր-Պետրոսյանը իր մերձավոր շրջապատին հայտնել է, որ լրջորեն մտադիր է թողնել քաղաքական ակտիվ գործունեությունն ու վերստին շարունակել կիսատ թողած գիտական ուսումնասիրությունները։ Ավելին՝ Լեւոն Զուրաբյանի, Արարատ Զուրաբյանի եւ Ալիկ Արզումանյանի հետ մասնավոր խոսակցության ժամանակ Լ.Տեր-Պետրոսյանը պարզորոշ ակնարկել է, թե քաղաքական ակտիվ գործունեությունը թողնելու որոշման մասին մտադիր է հայտարարել ՀԱԿ-ի առաջիկա հանրահավաքում։

Եվ չնայած կոնգրեսի վերնախավի ներկայացուցիչները այս օրերին փորձում են համոզել Տեր-Պետրոսյանին՝ վերանայել հերթական հրաժարականի այդ որոշումը, մեր աղբյուրները վկայում են, որ նա միանգամայն վճռականորեն է տրամադրված ու զինակիցներին հասկացրել է, թե անիմաստ է իրեն համոզելու փորձեր անել, թեպետ մասամբ ընդունել է, որ հեռանալու մասին հայտարարի ոչ թե հանրահավաքում, այլ առանձին ասուլիսով։

Մյուս կողմից, ՀԱԿ-ում զուգահեռ ու շատ ավելի բուռն քննարկումներ են ծավալվել այդ կազմակերպության առաջնորդի դերում Տեր-Պետրոսյանի հնարավոր ժառանգորդին որոշելու համատեքստում։ Մեր տեղեկություններով, հիմնական հավակնորդները երկուսն են եղել. Լ.Զուրաբյանը եւ Ա.Արզումանյանը, չնայած ավելի վաղ դիտարկվել են նաեւ Արամ Զ.Սարգսյանի ու Դավիթ Շահնազարյանի թեկնածությունները։

Միառժամանակ լռելյայն հետեւելով քննարկման անախորժ ընթացքին ու համոզվելով, որ առաջնորդի «աթոռի» համար պայքարում յուրայինները պատրաստ են «հայավարի» ուտել իրար, սակայն չեն կարողանում որոշման հանգել, Տեր-Պետրոսյանն առաջարկել է առայժմ կոլեգիալ ղեկավարում իրականացնել։ Բանավիճողները համաձայնել են ստեղծել ՀԱԿ քաղաքական խորհուրդ (ՔԽ)։ Եվ առաջիկա հանրահավաքում, ամենայն հավանականությամբ, կհայտարարվի, որ արմատական շարժումն այսուհետ հանդես է գալու ՀԱԿ ՔԽ-ի առաջնորդությամբ։



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արտակ Չ
Apr 5, 2010 14:50