ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Wednesday, March 31, 2010 13:03 - չքննարկված
Հրանտ Դինքի ընտանիքը միացել է Շիրինօղլուի դեմ պոլսահայերի պայքարին
17:30 • 31.03.10
Ի հակազդեցություն Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի վերջին հայտարարությունների և ի աջակցություն Թուրքիայում բնակվող հայ ներգաղթյալների` պոլսահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ ստորագրահավաք են սկսել և «Մենք ապրում ենք բոլորովին այլ Թուրքիայում» վերտառությամբ հայտարարություն տարածել:
«Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո արած հայտարարությունները մեծ զարմանք առաջացրին: Հանրությանն ապատեղեկացնող այս հայտարարությունները պարզաբանումների կարիք է զգում:
Նախ, Պետրոս Շիրինօղլուն հայ համայնքի առաջնորդը չէ, ինչպես նրան ներկայացրել էր կառավարության մամուլի ծառայությունը: Նա Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Նրա լիազորությունների մեջ չի մտնում ներկայացնել հանրությանը և քաղաքական թեմաներով մեր անունից հայտարարություններ անել: Այդ պատճառով Շիրինօղլուի հայտարարությունները ոչ թե հայ հանրության, այլ նրա սեփական տեսակետներն են: Մենք ակնկալում ենք, որ այս սխալը կուղղվի:
Իրականությանը չի համապատասխանում նաև Շիրինօղլուի այն հայտարարությունը, թե Թուրքիայում հայերը ոչ մի բողոք չունեն: Սակայն մենք կարծում ենք, որ ապրում ենք բոլորովին այլ Թուրքիայում: Հնարավոր է` նա իրեն անվտանգ է զգում, սակայն ասել, թե Թուրքիայում հայերն իրենց անվտանգ են զգում, սուտ է: Հայերն այս երկրում ենթարկվում են ցեղապաշտական հարձակումների և ազգային խտրականության, որպես լծակ են օգտագործվում միջազգային հարաբերություններում, և թուրք հանրության գերակշռող հատվածում առայժմ առկա են հակահայկական տրամադրություններ: Մենք սպասում էինք, որ Շիրինօղլուն վարչապետին կհիշեցնի 3 տարի առաջ տեղի ունեցած Հրանտ Դինքի սպանության և այն մասին, որ այդ զազրելի հանցագործության հետևում կանգած ուժերին բացահայտելու համար իրական քայլեր չեն իրականացվել։
Մենք դատապարտում ենք Շիրինօղլուի` 1915թ. իրադարձությունները որպես «երկու ընկերոջ միջև վեճ» ներկայացնելու և մարդկության դեմ իրականացված այդ ահավոր հանցագործությունը կոծկելու փորձերը:
Վարչապետի հետ Շիրինօղլուի հանդիպումը, որը տեղի ունեցավ անմիջապես Թայիփ Էրդողանի` 100 հազար հայերին երկրից արտաքսելու մասին հայտարարությունից հետո, և հանդիպման ժամանակ Շիրինօղլուի` «վարչապետին ապատեղեկացնելու համար ներողություն ենք խնդրում» խոսքերը պետք է դիտարկել որպես միջազգային հանրության վրա ազդելու փորձեր: Անկախ ազգությունից՝ այս երկրում գոյապայքար մղող ներգաղթյալներին երկրից վտարելու սպառնալիքները բարոյականության շրջանակում չեն տեղավորվում… Մենք այս երկրում պատանդ չենք, և որպես քաղաքացու հավասար իրավունքներով ապրել ցանկացող հայեր` քննադատում ենք վարչապետին իր այս խոսքերի համար և չենք միանում Պետրոս Շիրինօղլուի հայտարարություններին»,- նշվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ ստորագրահավաքը կազմակերպվել է www. bizbaskabirturkiyedeyasiyoruz.blogspot.com կայքէջում: Վերջին տվյալների համաձայն` ստորագրահավաքին իրենց զորակցությունն են հայտնել պոլսահայ համայնքի 286 ներկայացուցիչներ, այդ թվում` «Ակօս» շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի ընտանիքի բոլոր անդամները:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդունել էր պոլսահայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչ՝ մեծահարուստ Պետրոս Շիրինօղլուին: Հանդիպումից հետո վերջինը հայտարարել էր, թե Օսմանյան Թուրքիայում 1915թ. տեղի ունեցած հայկական կոտորածները պետք է որակել ոչ թե որպես Ցեղասպանություն, այլ` «վեճ երկու անկեղծ ընկերների միջև»:
Շիրինօղլուն, նախքան Թուրքիայի վարչապետի հետ հանդիպելը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում անդրադառնալով Թայիփ Էրդողանի` ապօրինի բնակվող հայերին արտաքսելու սպառնալիքներին, ընդգծել էր, որ այդ առնչությամբ մտահոգվելու կարիք չկա:
«Չեմ հավատում, որ այդ խոսքերը մեր վարչապետի սրտի խոսքերն են: Ես` որպես Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, մտահոգված չեմ, որովհետև վստահում եմ մեր վարչապետին, վստահում եմ նրա սրտին»,- ասել էր պոլսահայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչը:
Իսկ արդեն հանդիպման ժամանակ Շիրինօղլուն ներողություն էր խնդրել Էրդողանից` նրան ապատեղեկություն տրամադրելու համար: Շիրինօղլուի խոսքով` Թուրքիայում ապրում են ոչ թե 100, այլ մոտ 30 հազար ապօրինի հայ ներգաղթյալներ: Իսկ 100 հազար թիվն Էրդողանին սխալմամբ իրենք են ներկայացրել: