ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Wednesday, March 31, 2010 13:08 - 2 քննարկում
Լորդերի պալատում Հայոց ցեղասպանության հարցը վերջնականապես փակված է
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատը մերժել է ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և ապրիլի 24-ը երկրում որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու վերաբերյալ Անգլիայի հայ համայնքի ներկայացրած առաջարկը: Այս մասին թուրքական Cihan գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է լորդ Քիլքլունին:
Թուրքական լրատվամիջոցի փոխանցմամբ` Լորդերի պալատում մարտի 29-ին կայացած Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի դռնփակ քննարկումների ժամանակ հնչել են տարբեր կարծիքներ: Սակայն այդ հարցին վերջակետ է դրել Մեծ Բրիտանիայի պետնախարար՝ բարոնուհի Քիննոքը:
Հայտարարելով, որ 1915թ. իրադարձությունները մարդկային ողբերգություն են և իրենք վշտակցում են այդ տարիներին զրկանքներ կրած հայերին` պետնախարարը, միևնույն ժամանակ, հիշեցրել է Հայոց ցեղասպանության հարցում բրիտանական իշխանությունների պաշտոնական դիրքորոշման մասին:
«Բրիտանական կառավարությունը հանդես չի գա այնպիսի հայտարարությամբ, որը կարգելակի Հայաստանի և Թուրքիայի միջև մեկնարկած հարաբերությունների կարգավորման գործընթացը: Կառավարությունն աջակցում է նաև Հայաստանի և Թուրքիայի նախագահների` այդ իրադարձություններն ուսումնասիրելու առնչությամբ պատմական հանձնաժողով ստեղծելու ծրագրերին»,- հայտարարել է բարոնուհի Քիննոքը` ավելացնելով, որ «1915թ. իրադարձությունները որպես Ցեղասպանություն որակելու համար որևէ իրավական հիմք չկա»: «Այդ պատճառով Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից այդ իրադարձությունները որպես Ցեղասպանություն ճանաչելը ճիշտ չի լինի»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ մարտի 29-ին ուշ երեկոյան Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատում բարոնուհի Քերոլայն Քոկսի նախաձեռնությամբ կայացել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումներ:
Մոտ մեկ ժամ տևած քննարկման սկզբին բարոնուհին ներկայացրել էր Հայոց ցեղասպանության հիմնական փաստերը, ժամանակի միջազգային գործիչների արձագանքը դեպքերին, և հենց Մեծ Բրիտանիայի ունեցած փաստաթղթերը դարասկզբի հայկական ջարդերի մասին: Նա կառավարությանը կոչ էր արել միանալ քաղաքակիրթ ազգերին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Սատարող ելույթներ էին ունեցել Լորդերի պալատի ևս մի քանի անդամներ:
«Բրիտանական կառավարությունը հիշում է դարասկզբի ցավալի դեպքերը, սակայն չի կարող կատարել որևէ քայլ, որը կխոչընդոտեր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը», – ի պատասխան բարոնուհի Քերոլայն Քոկսի հարցադրմանը` հայտարարել էր բարոնուհի Գլենիս Քիննոքը, որը ներկայացնում է Արտաքին գործերի նախարարությունը Լորդերի պալատում:
Բարոնուհի Քոկսը, որը Լորդերի պալատի Հայկական խորհրդարանական խմբի նախագահն է, խոստանում է, որ շարունակելու է առաջիկայում հայկական հարցը բարձրացնել ու աշխուժացնել քննարկումները խնդրի շուրջ:
2 քննարկումներ
Վահան