ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Wednesday, March 31, 2010 4:31 - 13 քննարկում
Բազմիցս եմ նշել, որ ուշանում ենք… շատ ենք ուշանում…
Հարություն Առաքելյան
ՀՌԱԿ ատենապետ
Այն ինչ ստորեւ փորձելու եմ վերլուծել` հնարավոր է շատերին բերի եզրահանգման, թե փորձում եմ պաշտպանել կամ հաճոյանալ ՀՀ վարչակազմին: Միանշանակ հեռու լինելով նման մտադրությունից` մանավանդ որ մեր կարիքը առանձնապես չի էլ զգացվում, քանի որ բազմազան են վարչակազմին գովերգող տարատեսակ «արբանյակ» քաղաքական կազմակերպությունները, ուղղակի ցանկանում եմ վերլուծել, թե ինչ է տեղի ունենում հայ-թուրքական հարաբերություններ կոչված զարգացումների շուրջ եւ որն է մեր հետագա անելիքը: Նշեմ նաեւ վերլուծություններիս ազդակ հաղորդած երեւույթները, որոնք տեղի ունեցան վերջին օրերին:
Դրանք են.
– ՀՀ Նախագահի ելույթները Սիրիայում, հատկապես հայկական Նյուրնբերգի կապակցությամբ.
– Թուրքիայի խորհրդարանի Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Շուքյուր Էլեքդաղի ներկայացրած փաստաթուղթը, որով առաջարկվում է Օսմանյան պետությունում հայերի հանդեպ իրականացված դեպքերի հարցի վերջնական պարզաբանման համար դիմել ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Հաագայի Միջազգային Դատարան:
Լսելով ՀՀ Նախագահի ելույթը` տպավորությունս այն է, որ իր կողմից ամիսներ շարունակ վարվող հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն ուղղված նախաձեռնողական արտաքին քաղաքական քայլերն ապացուցեցին այն, ինչի մասին ՀՌԱԿ-ը տարիներ շարունակ բարձրաձայնում է, որ չի կարելի մի կողմ թողնել Միջազգային իրավունքով ամրագրված Հայ Ժողովրդի պահանջատիրությունը եւ գնալ ներկայիս հանցագործ թուրքական վարչակազմի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման:
Բոլորիս աչքի առաջ էր թուրքական պետության վարչապետի աթոռը զբաղեցնողը խոսում նախապայմաններից` հենց տխրահռչակ «հայ-թուրքական արձանագրությունները» ստորագրելու պահին: Կամ այն փաստը, երբ հոկտեմբերի 10-ին ստորագրությունների թանաքը դեռ չէր չորացել, Թուրքիայի վարչապետը Օբամայի հետ հանդիպման ժամանակ բացահայտ հոխորտում էր, թե իրենք դեռ պետք է հետաքննեն, թե ով է ցեղասպանության ենթարկվել` հայերը, թե թուրքերը: Այս ամենին չեմ ուզում ավելացնել Հիլարիի վերջին բացահայտումները` պատմաբանների հանձնաժողով ստեծելու մասին, քանի որ ինձ համար, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի որեւէ արժեք չունի` Օբաման կասի± ապրիլի 24-ին ցեղասպանություն բառը անգլերեն կամ հայերեն, թե ընդհանրապես չի արտասանի, որովհետեւ նրա ասել կամ չասելով չի որոշվում` ցեղասպանություն եղել է կամ ոչ:
Բազմիցս եմ նշել, որ ցեղասպանություն բառն արտասանելը ԱՄՆ նախագահի կողմից, թե Կապիտոլիայի երկու պալատների կողմից ճանաչման ու դատապարտման գործողություններն, առաջին հերթին, պետք է հենց ամերիկացի ժողովրդին, մասնավորապես ընտրելու իրավունք ունեցող ամերիկաբնակ մեր հայրենակիցներին ու ամերիկյան կառավարությանը: Հայությունը, մեծ հաշվով, ստանում է միմիայն բարոյական «մեծ» հաղթանակ, ուրիշ ոչինչ:
Անկեղծ ասած արդեն մեզ «հոգնեցրել» են բարոյական հաղթանակները եւ վաղուց ժամանակն է մեկ փոքրիկ, բայց միջազգային իրավունքի վրա հիմնված ՀԱՂԹԱՆԱԿ ունենալ: Ժամանակն է գիտակցել, որ պատմությունը մեզ վերջնաժամկետ է ներկայացրել եւ հեռու չէ այն ժամը, երբ ուղիղ 4 տարի հետո` 2014 թվականի ապրիլի 24-ից սկսած, այսինքն` Հայոց Մեծ եղեռնից 99 տարի հետո մեզ հարցնեն, թե ժառանգականության ո±ր օրենքի հիման վրա եք պահանջատիրության հարց բարձրացնում… Ճիշտ է, այստեղ մենք կբերենք տասնյակ երկրների խորհրդարանների կողմից Հայոց Մեծ եղեռնի դատապարտման փաստաթղթերը ու մեզ կթվա, թե նեղը դրեցինք թուրքական վարչակազմին, սակայն նրանք նույնիսկ ուշադրության չեն արժանացնի օրենքի ուժ չունեցող փաստաթղթերը, այլ կպահանջեն ԴԱՏԱԿԱՆ ՎՃԻՌ` ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ…
Բազմիցս եմ նշել, որ ուշանում ենք… շատ ենք ուշանում…
ՀՀ Նախագահի ելույթի մեջ լսելով հայկական Նյուրնբերգի մասին` ակամա հիշեցի 2009 թ.-ի սեպտեմբերին նրա կազմակերպած հայաստանյան կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումը, որի թեման էր հայ-թուրքական առաջիկա զարգացումները եւ մեր բանավեճը ՀՌԱԿ առաջարկի վերաբերյալ` թուրքական ներկայիս կառավարությանը Միջազգային Դատարան տանելու մասին: Այդ ժամանակ աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական կուսակցությանը առաջարկվեց, որպեսզի կուսակցությունը ինքը դիմի նույն դատարանին եւ փառքի դափնիները ինքը ստանա, իսկ ՀՀ վարչակազմը գնում է դեպի բարիդրացիական հարաբերությունների, այն էլ առանց նախապայմանների: Իհարկե Սերժ Սարգսյանն այն ժամանակ համաձայնվեց իմ հիմնավորումներին, որ առաջինը` որեւէ կուսակցություն իրավունք չունի դիմելու Միջազգային դատարան, հետեւաբար վաղուց դիմած կլինեինք եւ երկրորդ` Հայոց Մեծ եղեռնի դատապարտման եւ փոխհատուցման հարցերը մեկ կուսակցության գործ չէ, այն պետք է կրի համազգային բնույթ` որպես առաջնորդ ունենալով Հայկական Կառավարությանը ու դափնիներն էլ վզովը գցած:
Ինչեւիցե:
Ուրախացնում է մեկ փաստ, որ ամիսներ անց, ոչ միայն ՀՀ Նախագահը, այլեւ առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերություններ հաստատելուն կողմնակից քաղաքական եւ գիտական շրջանակները եւս սկսում են բարձրաձայնել պատմականորեն մեզ տրված միջազգային իրավունքների եւ հարցը քաղաքական հարթությունից իրավական տեղափոխելու մասին:
Այժմ խոսենք կոնկրետ փաստերով: Հոդվածի սկզբում իզուր չհիշատակեցի Թուրքիայի խորհրդարանի Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Շուքյուր Էլեքդաղին, քանի որ սույն «պարոնը» իր խորհրդարանին է ներկայացրել մի փաստաթուղթ, որով առաջարկվում է Օսմանյան պետությունում հայերի հանդեպ իրականացված դեպքերին առնչվող հարցերի վերջնական պարզաբանման համար դիմել ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Հաագայի Միջազգային Դատարան: Հարցի արծարծումը նա տեսնում է երկու ճանապարհով.
-Անկարան դիմում է Հաագայի Միջազգային դատարան` պահանջելով բացատրություններ այն երկրների կառավարություններից, որոնց խորհրդարանները ճանաչել եւ դատապարտել են Օսմանյան Թուրքիայի կառավարությանը 1915-1923թթ. ընթացքում հայերի հանդեպ իրականացրած ցեղասպանության փաստը.
-առաջարկել Երեւանին` միասին դիմել Հաագայի Միջազգային դատարան` պարզաբանելու համար, թե արդյոք 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած դեպքերը կապ ունե±ն հայերի մասսայական սպանդի հետ:
Համաձայն թուրքական լրատվամիջոցների, ցանկալի առաջնահերթություն է տրվելու երկրորդ տարբերակին եւ Անկարան մինչեւ 2010 թվականի ապրիլի 24-ը առաջարկով դիմելու է Երեւանին` երկու երկրների միջեւ գոյություն ունեցող վեճը Միջազգային Դատարանում միասին լուծելու համար, իսկ որպես այդ ցանկության ապացույց բերվում է Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակի հայտարարությունն այն մասին, որ Անկարան ցանկանում է հայերի ցեղասպանության հարցը տեղափոխել միջազգային իրավունքի հարթություն, քանի որ պատմական փաստերին գնահատական տալը աշխարհի տարբեր խորհրդարանների կողմից չի համարվում իրավական գործունեություն: Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակը նշել է նաեւ հստակ «հասցե»` Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Առաջին հայացքից զարմալի են թվում թուրքական կողմի նախաձեռնողականությունը` հարցը քաղաքականից միջազգային իրավունքի դաշտ տեղափոխելու մտադրությունը, սակայն հենց այստեղ է “թաքնված” նրանց խորամանկ որակված դիվանագիտությունը, քանի որ այս ամենը թողնում է սպառնալիքի տպավորություն, մանավանդ որ հայկական կողմում էլ կան ՀԱՅ ԴԱՏԻ ԱՐԴԱՐԱՑԻ ԼՈՒԾՄԱՆ նկատմամբ “մտավախություն” ունեցողներ:
Փորձեմ փարատել հայկական կողմի մտավախությունը…
Գոնե ինձ համար պարզ չէ, թե ինչ արդարացումներ պետք է բերի թուրքական կողմը Միջազգային Դատարանում` որպես հակակշիռ ստորեւ ներկայացված փաստերին.
-1915-ի մայիսի 24-ին Թուրքիային ուղղված Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի Համատեղ Նոտան, որտեղ թուրքական իշխանությունների գործողություններն իր քաղաքացիներ հանդիսացող հայերի հանդեպ արդեն իսկ որակվել են որպես մարդկության դեմ հանցագործություն.
-1919 թ.-ի մարտի 8-ին թուրքական ժամանակավոր կառավարությունը երիտթուրքերի կուսակցության եւ նրանց կառավարության նախարարների գործերն ուղարկեց Ստամբուլի արտակարգ ռազմական տրիբունալ եւ դատավարության արդյունքում, բազմաթիվ փաստաթղթերի ուսումնասիրությունից ու վկաների հարցաքննությունից հետո Հայոց ցեղասպանության կազմակերպիչները հեռակա կարգով դատապարտվեցին մահապատժի, քանզի գտնվում էին փախուստի մեջ:
Հեռու պահելով այս հոդվածս թուրքակական ներկայիս կառավարության դեմ հայց ձեւակերպելու գայթակղությունից, ուղղակի կնշեմ մի քանի փաստավավերագրական աղբյուրներ կյանքի կոչող գիտնականների, որոնց “դեմն” առնելը ուղղակի կլինի անհնար, քանի որ թուրքական կողմը պետք է կռիվ տա ոչ նրանց դեմ, այլ տարբեր երկրների կառավարությունների դեմ.
Վահագն Տատրյան, Յուրի Բարսեղով, Հայկ Ղազարյան, Ագապի Նասիբյան եւ թող ներվի, որ այս պահին չեմ նշում այն բազմաթիվ գիտնականների ու հետազոտողների անունները, ովքեր “պեղել” ու գտել են տարբեր երկրներում տասնյակ հազարավոր արխիվային վավերագրեր, ֆիլմեր:
Ինչպես ասում են` Անգլիայի Զինվորական Բյուրոյի հրատարակած անգլիացի պատմաբաններ լորդ Բրայսի եւ Առնոլդ Թոյնբիի “Կապույտ գիրքն” էլ (հրատարակության պաշտոնական անվանումը` “Վերաբերմունքը հայերի նկատմամբ Օսմանյան Կայսրությունում 1915-1916 թվականներին”)` որպես վրադիր…
Գալով քեմալական ու նրան հաջորդած հանցագործ կառավարություններին, պետք է պարտադիր հիշել, որ ժամանակակից Թուրքիայում էլ ջարդերը, մեղմ ասած, անսովոր երեւույթ չեն։
1955-ի սեպտեմբերին Ստամբուլում տեղի ունեցան հույների, ասորիների, հրեաների եւ հայերի ջարդեր, որի ժամանակ տուժեցին մոտ 10 հազար մարդ:
1974-ին, թուրքական զորքերի Կիպրոս ներխուժելու ժամանակ նոր հակահունական «հուզումներ» տեղի ունեցան։
Թուրքիայի ժամանակակից քաղաքականությունն ազգային փոքրամասնությունների, մասնավորապես քրդերի նկատմամբ ի ցույց է դնում առհասարակ ոչ թուրք բնակչության նկատմամբ իշխանությունների հակակրանքի եւ ազգային խտրականության քաղաքականությունն ու տրամադրությունները։
Որպես թարմ եւ խոսուն ապացույց` ներկայիս Թուրքիայից հայերին “քշելու“ տրամադրությունները թուրք ոչ միայն բարձրագույն այլեւ միջին տրամաչափի գործիչների կողմից առկա են եւ արդեն չեն էլ կարողանում զսպել ներքին ատելությունը հայերի հանդեպ:
Հետեւաբար փարատելով հայկական կողմի Միջազգային Դատարան դիմելու մտավախությունը, ուզում եմ նշել սպասվող մեկ երեւույթի մասին եւս.
-Հայոց ցեղասպանության հարցի տեղափոխումն իրավական հարթություն կարեւոր է նաեւ վերը նշված ժողովուրդների համար` նրանց նկատմամբ ազգային խտրականության քաղաքականության թարմ փաստերի առկայության պայմաններում, հետեւաբար համոզված եմ, որ նրանք էլ առիթը բաց չեն թողնի եւ հանցագործին պատժելու գործում կբերեն իրենց անմիջական մասնակցությունը:
Մեկ անգամ եւս խնդրում եմ, սիրելի հայրենակիցներ, հանգիստ թողեք այլ երկրների խորհրդարաններն ու օբամաներին… Դրանց որոշումներն ու ճառերը Մեծ եղեռնի վերաբերյալ հնարավորություն չեն տալիս լուծելու մեր ամենակարեւոր հարցը` փոխհատուցումը: Ավելին, հանցագործի հանցագործ լինելը որոշվում է միայն դատարանում, իսկ կառավարություններին հանցագործ ճանաչելը որոշվում է
Միջազգային Դատարանի վճռով, որպեսզի առաջանա փոխհատուցման խնդիր: Նմանատիպ իրավական հարցերի նախապատրաստումը խլում է բավականին ժամանակ:
Մինչեւ 2014 թվականը, այսինքն` մարդկության դեմ հանցագործության 99-րդ տարին լրանալը քիչ ժամանակ է մնացել, իսկ մենք ազգովի զբաղված ենք այլ խորհրդարաններով, փոխանակ զբաղվենք հենց մեր խորհրդարանով, քանի որ Հաագայի Միջազգային Դատարան դիմելու “բանալին“ գտնվում է Հայաստանի Հանրապետության Ազգային կոչվող Ժողովում: Եվ այն կազմակերպությունը, որը ես եմ ներկայացնում, բազմիցս հանդես է եկել հայտարարություններով, որտեղ նշված են Հայաստանի խորհրդարանի բոլոր քայլերը, հետեւաբար չեմ ուզում կրկնվել…
Այնպես որ առա‘ջ, հայ խորհրդարանականներ, առանց մտավախության ու, առավել եւս, առանց կասկածամտության շտապ ընդունեք Հայոց Մեծ եղեռնի ժխտողականությունը քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենք, ինչպես ընդունեցին Շվեյցարիայի եւ Ֆրանսիայի պառլամենտները, եւ հաջորդ քայլը` շտապ ընդունեք օրենք ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Միջազգային Դատարանների որոշումների գերակայության մասին: Այսքանը: Եվ կարճ ժամանակում կտեսնեք, թե ինչ բարյացկամ կդառնա մեր հանդեպ միջազգային կոչված հանրությունը, Թուրքիան ու նրա ռազմատենչ “լակոտը”…
Գալով զգացմունքային հարթություն` ուզում եմ խոսքս ավարտել Նյուրնբերգում ԱՄՆ-ի կողմից որպես մեղադրող հանդես եկող Ռոբերտ Ջեքսոնին մեջբերելով, որն այն ժամանակ հայտարարել է.
«Հիտլերն իր հետ գերեզման չտարավ նացիզմի գործողությունների համար ամբողջ պատասխանատվությունը։ Մեղքն ամբողջությամբ գերեզման չիջավ Հիմլերի հետ։ Ովքեր ողջ են` մեռածների հանցակիցներն են, եւ կատարված հանցագործության համար պետք է վճարի նրանցից յուրաքանչյուրը։ Եթե որեւէ մեկն ասի, թե նրանք մեղավոր չեն, նույնն է, թե հայտարարի, որ չեն եղել պատերազմ, հանցագործություններ, չեն եղել սպանվածներ»։
Այո, մի քիչ դաժան է ասված, բայց միջազգային իրավունքի տեսանկյունից` հիմնավորված ու խիստ տեղին…
ՀՌԱԿ լրատվական ծառայություն
Երեւան , 31 մարտի, 2010 թ.
13 քննարկումներ
Ռոբերտ Գյումրեցի