ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Monday, March 22, 2010 9:49 - 7 քննարկում
Արման Մելիքյանի կարծիքը մտածելու տեղիք է տալիս: (Կքննարկվի Լույս Աշխարհում):
Ոսկե միլիարդը, Ռուսաստանն ու Հայաստանի ապագայի տարբերակները
(կրճ)
Հայ-թուրքական «մերձեցման» սկզբնավորումը նկատելի խառնաշփոթ առաջացրեց հայկական փորձագիտական շրջանակների կողմից իրականության ընկալման և մեկնաբանության ողջ դաշտում: Հայ հանրությունը հայտնվեց մի իրավիճակում, երբ տարածաշրջանում առավել ազդեցիկ պետությունները’ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը գովելի ջանասիրությամբ լծվեցին Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարևանային հարաբերություններ հաստատելուն, միաժամանակ հայտարարելով, որ ակնկալում են առաջընթաց նաև ԼՂ հիմնախնդրում: Բազում այլ կարևոր հարցերում այս գերտերությունների’ ակնհայտորեն տարբեր, անգամ, հակոտնյա մոտեցումները, Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման պարագայում զարմանալիորեն համընկել են, ինչը և պատճառ է դարձել մեզանում որոշակի խուճապի: Խուճապը հետևանք է այն բանի, որ ՀՀ-ում, ԼՂՀ-ում և Սփյուռքում, ըստ ամենայնի, գնահատված չեն նոր աշխարհակարգի ձևավորման իրական պայմանները, հիմնական գործող դերակատարների շահերը, ծրագրերը և ռեսուրսները, այդ աշխարհակարգի ձևավորման խորքային փիլիսոփայությունն ու դրա կապը զուտ քարոզչական բնույթ ունեցող քայլերի ու հայտարարությունների հետ: Արդյունքում, մեր հանրության բոլոր շերտերը բնազդաբար’ հստակ զգալով հայկական շահերին սպառնացող վտանգը, որն առաջին հերթին բխում է ԼՂՀ-ի մաս կազմող ազատագրված տարածքների’ ազերիներին հանձնելու հեռանկարից, պահանջում են, որպեսզի մեր քաղաքական ուժերն ու գործիչները ներկայացնեն Հայաստան-ԼՂՀ-Սփյուռք արդեն իսկ խարխլված եռամիության ապագայի տեսլականը, սակայն բացի անորոշ, մշուշոտ ու անբովանդակ ենթադրություններից ու բարի ցանկություններից առ այսօր ոչինչ չենք լսել (աշխարհակործան, հոռետես կանխատեսումները չենք դիտարկում այստեղ, քանզի դրանք անօգնականության և անկարողության դրսևորում են ու վնասակար են հենց միայն այն պատճառով, որ մեզ են պարտադրում’ մեզ համար վտանգավոր զարգացման անշրջելիության գաղափարը, ուստի և բնույթով կառուցողական չլինելով որևէ կիրառական օգտակարություն ունենալ չեն կարող) :
Մեկն ասում է. ,Ես չեմ հավատում, որ Սերժը տարածք կհանձնիե, մյուսը փորձում է մեզ համոզել, որ ԼՂ հարցում գերտերություններին ձեռնտու չէ ստատուս քվոյի փոփոխությունը, երրորդը ջանում է մեզ վստահեցնել, թե ԱՄՆ-ը Թուրքիայի’ դեպի արևելք ծավալվելու ցանկությունը խթանելու ռազմավարական ծրագիր չունի և այլն: Իրականում այս բոլոր պնդումները կարելի է որակել որպես բարի ցանկություններ, որոնց հիմքում ընկած են միանգամայն իրական վտանգները սեփական լավատեսությամբ հաղթահարելու խաբկանքները: Ստիպված ենք ասել, որ եթե ՀՀ ներկայիս պահվածքը չփոխվի և մեր պետությունը քաղաքականություն մշակելու և վարելու որակ ձեռք չբերի, ապա. ,Սերժը տարածք կհանձնիե, ստատուս քվոն կխախտվի և ԱՄՆ-ը կարող է խթանել նաև Թուրքիայի դեպի արևելք ծավալվելու ցանկությունը: Այս ամենը կարող է իրականություն դառնալ նոր աշխարհակարգի ձևավորման և մինչև մենք չպարզենք, թե այդ ինչ տրամաբանություն է, չենք կարողանա նաև հասկանալ սեփական անելիքները, անօգնական կգտնվենք մեզ սպառնացող ռազմական, ֆիզիկական, տնտեսական, բարոյական վտանգները չեզոքացնելու գործում: Այս հոդվածի ձևավաչափը հնարավորություն չի տալիս համապարփակ ներկայացնել քննարկվող խնդրի բոլոր առանձնահատկությունները. կփորձենք ընդհանուր առմամբ խոսել այսօրվա գլոբալ իրավիճակը ձևավաորած հիմնական գործոնների մասին և որոշ կանխատեսումներ անել հետագա զարգացման տարբերակների վերաբերյալ, այդ համատեքստում դիտարկելով նաև Հայաստանի դերակատարությունն ու նրա ապագան:
Չեմ կարծում, թե վիճարկելի է այն փաստը, որ մերօրյա աշխարհաքաղաքական փոփոխությունների համար հզոր խթան հանդիսացավ ԽՍՀՄ-ի փլուզումը: Հենց ԽՍՀՄ-ի փլուզումն ազդարարեց երկբևեռ աշխարհակարգի վախճանը, որի հետևանքը եղավ ԱՄՆ-ի և իր դաշնակիցների կողմից գլոբալացման, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ընդլայնման քաղաքականության նախաձեռնումը: Այս ծավալմանը հակառակորդ պետությունները մեղադրանքներ են հնչեցնում առ այն, որ ԱՄՆ-ը մերձավոր դաշնակիցների հետ ձգտում են հաստատել իրենց տիրապետությունը ողջ աշխարհում և որպես այլընտրանք առաջարկում են բազմաբևեռ աշխարհի գաղափարը: Նախ փորձենք բնորոշել, թե ինչ բան է որևէ երկրի կամ երկրների խմբի կողմից ,համաշխարհային տիրապետություն հաստատելե (այսուհետ’ ՀՏՀ) ասածը:
ՀՏՀ երևույթը կարելի է բնութագրել որպես որոշակի կազմակերպական ձևի մեջ համախմբված մարդկանց մի խմբի տիրապետության հաստատումը բոլոր այլ խմբերի նկատմամբ’ դրանից բխող նյութական բոլոր առավելություններով: Մարդկության մեզ հայտնի պատմության ընթացքում ՀՏՀ երևույթը ունեցել է իր բովանդակային և իմաստափիլիսոփայական զարգացման փուլերը.
Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ ՀՏՀ համար պայքարն ունի օբյեկտիվ բնույթ, կախված չէ անհատների անձնական նախասիրություններից ու ցանկություններից: Այդ պայքարի առանձնահատկությունն այն է, որ դրա վերջնարդյունքը նախատեսում է միաբևեռ աշխարհակարգի հաստատում, իսկ պարադոքսն էլ կայանում է նրանում, որ միաբևեռ աշխարհակարգի հաստատումն իր մեջ պարունակում է դրա տրոհման անխուսափելիության օբյեկտիվ նախադրյալները: Որևէ պետության կամ դաշինքի կողմից ՀՏՀ-ը դրան հնարավորություն է ընձեռում ապահովել սեփական կենսամակարդակի առավել բարձր աստիճանը, մնացյալ աշխարհի նյութական, ֆինանսական և մտավոր ռեսուրսների տնօրինումը և, որպես հետևանք նաև’ իր արժեհամակարգի պարտադրումն այլոց: Ստացվում է, որ մի կողմից անխուսափելի է պայքարը հանուն ՀՏՀ-ի և միաբևեռ աշխարհի, իսկ մյուս կողմից միաբևեռականությունը ժամանակավոր երևույթ է և դրա հաստատումից հետո հարկ է սպասել բևեռի տրոհման և երկ կամ բազմաբևեռականության հաստատման: Սա է օրինաչափությունը: Արևմուտքին այս օրինաչափությունը խախտելու եզակի հնարավորություն ընձեռեցին երկրորդ աշխարհամարտի արդյունքները’ ԱՄՆ-Մեծ Բրիտանիա-ԽՍՀՄ դաշինքի հաղթանակը Գերմանիայի ու դրա դաշնակիցների նկատմամբ և ԽՍՀՄ գլխավորությամբ սոցիալիստական երկրների ճամբարի ձևավորումը: Սա թույլ տվեց ձևավորել կեղծ երկբևեռականության աշխարհակարգը, որը գոյատևեց մինչև ԽՍՀՄ փլուզումը: Այս երկբևեռականությունը կեղծ էր, քանի որ բևեռները կազմող պետությունների դաշինքները ՀՏՀ համար պայքարի նպատակն էին տարբեր կերպ ձևակերպել, ինչն անգլո-ամերիկյան դաշինքին բացառիկ առիթ ընծայեց իր շուրջը համախմբել աշխարհի առավել զարգացած արևմտաեվրոպական պետություններին ու Ճապոնիան, այսինքն’ անգամ իրենց նախկին թշնամիներին: Այս համախմբման հռչակված առանցքը’ պայքարն էր ընդդեմ խորհրդային ծավալապաշտության: Օգտվելով այն հանգամանքից, որ ԽՍՀՄ-ը ՀՏՀ համար պայքարը տանում էր բացառապես գաղափարախոսական դաշտում և այստեղ հաջողության հասնելու համար վատնում էր հսկայական միջոցներ, անգլո-ամերիկյան դաշինքը բացարձակ առավելության հասավ տնտեսության ոլորտում, ապահովելով իր և իր դաշնակից պետությունների կենսամակարդակի կտրուկ, աննախադեպ աճը’ դրանից բխող բոլոր առավելություններով: Սառը պատերազմը նախաձեռնելով անգլո-ամերիկյան դաշինքը կանխեց ՀՏՀ-ի համար մրցակցությունը արևմտյան տերությունների միջև և ապահովեց սեփական առաջատար դիրքը դաշնակիցների շրջանում: Նույն նպատակին ծառայեց նաև միջուկային զենքի պատրաստման տեխնոլոգիայի ,գաղտնիե փոխանցումը ԽՍՀՄ-ին: Այդ միջոցով ձևավորվեց այսպես կոչված ,ոսկե միլիարդիե, այսինքն մոտ մեկ միլիարդ բնակիչ ունեցող աշխարհի առավել զարգացած պետությունների շրջանակը: ԽՍՀՄ-ի և իր դաշնակիցների ճամբարի գոյությունն ապահովեց անգլո-ամերիկյան դաշինքի հեգեմոնի դիրքերը ,ոսկե միլիարդիե շրջանակներում: ԽՍՀՄ-ի ապամոնտաժումն ու կործանումը լուրջ հարված հասցրեց այդ դիրքերին: Քանի կար ԽՍՀՄ-ը անգլո-ամերիկյան դաշինքը հիմքեր չուներ վախենալու, թե կկորցնի իր ազդեցությունը Եվրամիությունում և, հատկապես, դրա ֆրանկո-գերմանական միջուկի նկատմամբ: ԽՍՀՄ-ին հաջորդած նոր Ռուսաստանը’ հրաժարվելով ՀՏՀ համար գաղափարախոսական պայքարից և կոմունիզմի դոկտրինից, փաստորեն, հայտ ներկայացրեց ,ոսկե միլիարդինե անդամակցելու համար: Ռուսաստանյան իշխող վերնախավի կարծիքով ՌԴ-ը կատարեց ,ոսկե միլիարդինե միանալու համար անհրաժեշտ կարևորագույն քայլերը.
- փլուզեց ԽՍՀՄ-ը,
- հրաժարվեց կոմունիզմի դոկտրինից,
- դադարեց ռազմական սպառնալիք հանդիսանալ Արևմուտքի համար:
Անգլո-ամերիկյան դաշինքի ջանքերով այդ հայտը մերժվեց և ձևավորվեց Ռուսաստանն իր պոտենցիալ եվրոպական դաշնակիցներից անջրպետող պատվար’ հանձինս Բալթյան երկրների, Լեհաստանի, Ուկրաինայի և Վրաստանի: Ռուսաստանի մուտքը ,ոսկե միլիարդիե ակումբ վտանգում է անգլո-ամերիկյան դիրքերը, քանի որ կարող է գայթակղություն առաջացնել ստեղծելու ռուս-ֆրանկո-գերմանական դաշինք, այսինքն հանգեցնի բևեռների առաջացմանը բուն ,ոսկե միլիարդիե շրջանակներում և պայթեցնի այն ներսից: Սա շատ լուրջ սպառնալիք է ոչ միայն ,ոսկե միլիարդիե շրջանակներում անգլո-ամերիկյան գերակայության համար, այլև հղի է երրորդ համաշխարհային պատերազմի սկսման վտանգով: Պարզ է, որ միջուկային զենքի աշխարհում այս սցենարը կործանարար կլինի: Հետևաբար, խնդիրը պիտի իր լուծումը ստանա այնպես, որ Ռուսաստանը ,ոսկե միլիարդիե շրջանակներից դուրս մնալով հանդերձ, ստանա իրեն բավարարող դերակատարություն և կշիռ աշխարհում, տեղի ունեցող գլոբար փոփոխությունների տնտեսական գործընթացների համատեքստում: Այս առումով շատ էական էր այն, որ ՌԴ-ի իշխող կուսակցության’ ,Եդինայա Ռոսիայիե համագումարում ընդունվեց ՌԴ-ի գաղափարախոսական նոր’ ռուսաստանյան պահպանողականության դոկտրինը, որը կարելի է համարել ՌԴ-ի կողմից ՀՏՀ համար պայքարից հրաժարվելու մասին հայտարարություն:
Մեր տպավորությամբ, ՌԴ-ի իշխող վերնախավի համար անգլո-ամերիկյան դաշինքի մերժողականությունը տհաճ անակնկալ դարձավ 90-ականների ընթացքում: Բ.Ելցինին հաջորդած Վ.Պուտինի և Դ.Մեդվեդևի վարչակազմերն անգլո-ամերիկյան այս մերժողականությունն ընկալեցին, թերևս, որպես իրողություն, որը ոչ այնքան խորքային վերլուծության կարիք ունի, որքան’ հակազդեցության: Դրա հետևանքով վերջին տասնամյակի ՌԴ-ի վարած արտաքին և ներքին քաղաքականությունը դարձավ համապատասխանաբար ավելի ագրեսիվ ու ավտորիտար, իսկ դրա ամենավառ դրսևորումը եղավ ռուս-վրացական պատերազմը: Կարելի է ասել, որ անգլո-ամերիկյան դաշինքին հաջողվեց այնպես մոդելավորել աշխարհաքաղաքական զարգացումների ընթացքը, որ Ռուսաստանն ինքը, թերևս ակամայից, դարձավ նրանց դաշնակիցը’ իր գործողություններով խրտնեցնելով եվրոպացիներին: Կարծում ենք, որ հենց այս համատեքստում պետք է դիտարկել նաև մոտեցումների այն զարմանալի զուգադիպությունը, որն այսօր դրսևորում են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հայ-թուրքական մերձեցման և ԼՂ կարգավորման գործընթացներում: Ընդ որում, այսօր անգամ անզեն աչքով է տեսանելի այն, որ ԱՄՆ-ը հայկական հարցի արծարծման և հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման սպառնալիքի միջոցով ուղղակի հրահրում են Թուրքիայում հակաամերիկյան տրամադրություններ’ խթանելով այդ երկրի իշխող վերնախավի կողմից, հանձինս Ռուսաստանի’ նոր ռազմավարական գործընկեր ձեռք բերելու ձգտումը: Միաժամանակ, ԱՄՆ-ը, կարելի է ասել, հանգիստ դիտում է Թուրքիայում իր հենարանը հանդիսացող բարձրագույն զինվորականության հանդեպ ծավալված աննախադեպ հետապնդումները, որևէ կերպ չմիջամտելով գործերի ընթացքին: Կարելի է ասել, որ ԱՄՆ-ը ուղղակի հանձնեցին Թուրքիայում իրենց վստահելի ու անդավաճան հենարանը հանդիսացող զինվորականությանը քաղաքական հակառակորդների ձեռքը: Եթե գործընթացը նույն տրամաբանությամբ շարունակվի, ապա Թուրքիան էլ Ռուսաստանի պես վերջնականապես դուրս կմնա ,ոսկե միլիարդիե շրջանակներից, ինչը, բնականաբար կհանգեցնի ռուս-թուրքական ռազմավարական դաշինքի ստեղծմանը: Ի դեպ, անհրաժեշտ է ընդգծել, որ ռուսական նոր պահպանողականության դոկտրինը էապես ներազդված է ,եվրասիականությանե գաղափարաբանությունից, որը քարոզում է թյուրք-սլավոնական դաշինքի ստեղծման անհրաժեշտությունը: Այսինքն, այսօր արդեն առկա են ՌԴ-Թուրքիա դաշինքի ստեղծման փիլիսոփայական-գաղափարախոսական, տնտեսական (ռուս-թուրքական առևտրաշրջանառության աննախադեպ աճ) և աշխարհաքաղաքական (անգլոսաքսոնյան տարրի գերակայությունը Եվրամիության ներսում ապահովելու նպատակով արևելքից եկող վտանգների կազմավորման ու գործարկման անհրաժեշտություն) նախադրյալները: Մեծ հաշվով, այս դաշինքով կձևավորվի նորօրյա ,բարբարոսներիե աշխարհաքաղաքական գոտին, որը կոչված է լինելու մի կողմից’ սարսափեցնելով արևմտաեվրոպացիներին, ապահովել անգլոամերիկյան գերակայությունը ԵՄ-ում, մյուս կողմից’ արևելքում հակակշռել Չինաստանի աճող հավակնությունները, միաժամանակ նաև տարանջատելով Եվրասիա մայրցամաքը երեք խոշոր հակոտնյա հատվածների: Այսօր, թերևս, Ռուսաստանի համար նախանշված է Եվրամիությունն ու Հարավ-Արևելյան Ասիան միմյանցից տարանջատող ,բարբարոսներիե աշխարհաքաղաքական ճամբարի առաջատարի դերը: Այս ճամբարում երկրորդ համարի դերին կարող է արժանիորեն հավակնել իսլամիզմը նախընտրած Թուրքիան: Այս ճամբարը, որը ընդգրկելու է Ռուսաստանը, Թուրքիան, Կենտրոնական Ասիայի պետությունները, առայժմ մասամբ Հարավային Կովկասը, Իրանը, Պակիստանը, արաբական աշխարհի զգալի մասը, շնորհիվ իր բացառիկ մշակութային, կրոնադավանաբանական, ազգային ու տնտեսական բազմերանգության և հակասականության, կլինի նաև մշտական անկայունության ու կոնֆլիկտայնության գոտի: Այսպիսի գոտու առկայությունը կոչված է ապահովել անգլո-ամերիկյան բացառիկ գերակայությունը ,ոսկե միլիարդիե, այդ թվում նաև Եվրամիության շրջանակներում, ինչն, իր հերթին, կապահովի նաև ԱՄՆ-Մեծ Բրիտանիա տանդեմի առաջնորդող դիրքերի պահպանումն աշխարհում:
Աշխարհաքաղաքական զարգացումների այսօրինակ հեռանկարը Հայաստանի համար պարունակում է ինչպես’ լուրջ վտանգներ, այնպես էլ’ որոշակի նոր հնարավորություններ: Այս նոր, հասունացող իրավիճակում կրկին էապես ակտիվացել է օտարների կողմից Հայկական հարցի (իմա’ հայ-թուրքական հարաբերությունների) և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արծարծումն ու շահարկումը: Փորձ է արվում ուղղորդելու Հարավային Կովկասում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացները առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայի իշխանությունների կողմից իրականացրած Ցեղասպանության փաստի միջազգայնացմամբ և 1920-1922թթ. ռուս-ադրբեջանա-թուրքական դաշնության ջանքերով Հայաստանի մասնատման հետևանքները ,բարբարոսներիե գոտին ձևավորելու համար շատ հարմար գործիք դարձնելու միջոցով: Հայոց ցեղասպանության ճանաչումը հատկապես ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Իսրայելի կողմից շատ լուրջ և իրական սպառնալիք է Թուրքիայի համար թե՛ տարածքային ամբողջականության պահպանման, և թե՛ ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդին հսկայական փոխհատուցում վճարելու անցանկալի հեռանկարի տեսանկյունից: Ադրբեջանի կազմում հայտնված հայկական տարածքների խնդիրը, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի հարցերը ռուս-ադրբեջանա-թուրքական դաշնության գործողությունների բնականոն և տրամաբանական արգասիքն են: Այդ դաշնության շնորհիվ բոլշևիկյան Ռուսաստանն իր իշխանությունը հաստատեց Հարավային Կովկասում և Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի միջոցով լուծեց ապագա ԽՍՀՄ-Թուրքիա սահմանի հարցը, կովկասյան թաթարները Թուրքիայի շնորհիվ իրենց սեփական իրական էթնիկ, տնտեսական և ռազմական ներուժին չհամապատասխանող տարածքի վրա պետականություն հիմնելու հնարավորություն ստացան, իսկ Թուրքիան նախադրյալներ ստեղծելով, հետագայում’ առիթ ստանալու դեպքում, դեպի արևելք իր աշխարհաքաղաքական առաջխաղացումն ապահովելու և մնացյալ թյուրքական աշխարհի հետ անմիջական ցամաքային հաղորդակցությունն անարգել իրականացնելու համար նաև չեզոքացրեց Հայաստանից բխող վտանգը և իր ուժերը կենտրոնացնելով Արևմուտքում’ վերատիրացավ Կիլիկիային ու մի շարք այլ տարածքների: Ստիպված ենք ընդունել, որ Հայաստանի պետականությունը, հանձինս Խորհրդային Հայաստանի, պահպանվեց ռուսների ջանքերով և միայն մեկ նպատակով’ թույլ չտալ, որ Թուրքիան իր երազած անմիջական ցամաքային կապը ունենա խորհրդայնացված թյուրքական աշխարհի’ կովկասյան թաթարների և Կենտրոնական Ասիայի ու Ռուսաստանի կազմում գտնվող թյուրքական պետական ինքնավար կազմավորումների հետ, քանզի ակնհայտ էր, որ ժամանակի ընթացքում դա կարող էր լուրջ սպառնալիք դառնալ ԽՍՀՄ գոյության համար: ԽՍՀՄ փլուզումից հետո 1918-1922թթ. իրողությունները վերակենդանացել են, իսկ գերտերությունների շահերը և դրանցից բխող նրանց գործողությունները միտված են հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները սրելու միջոցով լուծելու աշխարհաքաղաքական գլոբալ խնդիրներ: Մենք պարտադրված ենք համակերպվել այն իրողության հետ, որ աշխարհի գերհզորների համար Հայաստանի հիմնական աշխարհաքաղաքական նշանակությունը կապված է Թուրքիան մնացյալ թյուրքական աշխարհից տարանջատելու և իր հարևան Թուրքիայի և Ադրբեջանի հետ չլուծված և անլուծելի թվացող ազգամիջյան և տարածքային խնդիրներ ունենալու հետ: Այս պայմաններում անգլո-ամերիկյան շահերից բխող ռուս-թուրքական նորօրյա դաշինքի ստեղծման գինը վերստին վճարվելու է ի հաշիվ հայկական շահերի’ Հայաստանը և ԼՂՀ-ն պարտադրված կլինեն հանձնելու ազատագրված տարածքները և այս առումով որոշ գաղափարախոսական նախապատրաստումներ ՀՀ-ի և ԼՂՀ-ի պատասխանատուների կողմից արդեն իսկ նշմարվում են, կարելի է ասել, որ ռուս-թուրքական դաշնության ձևավորումը նաև կնշանակի, որ Ռուսաստանը վերջնականապես հրաժարվելով ,ոսկե միլիարդիե մասը դառնալու մտքից, փաստացի համաձայն է այն դերին, որն իր համար պատրաստում են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և Իսրայելը:
Եթե ռուս-թուրքական դաշինքն ինչ-ինչ պատճառներով չկայանա, ապա Թուրքիայի աշխարհաքաղաքական դերը շարունակելու է նվազել, ինչն, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի ներքին պայթյունի: Այն, որ Թուրքիայի զինվորական վերնախավն այսօր զրկված է նախկինում առկա արտաքին հզոր աջակցությունից’ նույնպես դրան նպաստող հանգամանք է: Իրավիճակի տևական ապակայունացումը Թուրքիայում ևս ընդունելի տարբերակ է անգլո-ամերիկյան շահերի տեսանկյունից, միայն թե այն տարբերությամբ, որ անհրաժեշտ կլինի լրացուցիչ ջանքեր թափել Ռուսաստանի և ԵՄ ֆրանկո-գերմանական կորիզի մերձեցումը կանխելու համար: Դեպքերի այս զարգացումը ևս կարող է հանգեցնել տարածքային կորուստների ԼՂ հիմնախնդրի կարգավորման համատեքստում, քանզի կստիպի արդեն Ադրբեջանին մերձեցման ուղիներ փնտրել ՌԴ-ի հետ’ ԼՂՀ կազմում գտնվող ազատագրված տարածքները ետ ստանալու դիմաց թույլ տալ Ռուսաստանի բացառիկ ռազմավարական ներկայության վերականգնումը Ադրբեջանական Հանրապետությունում:
ԼՂՀ-ի կողմից տարածքների հանձնում է նախատեսում նաև Մինսկի խմբի կողմից առաջարկվող կարգավորման սցենարը, իսկ հայ-թուրքական արձանագրությունները կարելի է գնահատել որպես այդ սցենարի իրագործմանն օժանդակող լրացուցիչ կռվան: Այս սցենարն իր բոլոր լրացուցիչ գործոններով, կարելի է որակել որպես կեղծ հնարք, որի հռչակված նպատակներն ու իրական հնարավոր հետևաքները բոլորովին կապ չունեն միմյանց հետ:
Ամեն դեպքում, վերը նկարագրված բոլոր տարբերակներում Հայաստանի և, լայն իմաստով, Հայկական հարցի աշխարհաքաղաքական դերն անփոփոխ է. դա Թուրքիան’ թյուրքական աշխարհից տարանջատողի, Թուրքիայի ոխերիմ թշնամու ու, միաժամանակ, զոհի դերն է: Այսինքն, աշխարհի մասշտաբներում քաղաքականություն մշակող և իրականացնող բոլոր կենտրոնները’ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Իսրայելը, մերձավորարևելյան ազդեցիկ որոշ տերությունները հայ-թուրքական հակամարտությունը մշտապես քաջալերել, խորացրել և իրենց շահերին են ծառայեցրել:
Հայկական հարցի առկայությունը և հայության հետ դիմակայությունը շատ լուրջ մարտահրավեր դարձավ թուրքական պետականության համար հատկապես 19-րդ դարի երկրորդ կեսից սկսած մինչև այսօր: Արդյունքում’ Կոստանդնուպոլսից մինչև Բաքու ընկած հսկայական տարածքում ապրող ստվար հայությունից մնացել է հայաբնակ մի փոքրիկ սեպ, որը ներառում է Արցախի, Ջավախքի և Հայաստանի Հանրապետության բնակչությունը միայն, իսկ Հայկական հարցը մնում է միջազգային ուժերի համար Թուրքիայի վրա ճնշում գործադրելու կարևորագույն գործիքներից մեկը:
Մենք (նկատի ունենք Հայաստանը և Թուրքիան) գուցե վերջապես հասկանանք, որ քանի դեռ Հայաստանը պատրաստ չէ փոխել իր աշխարհաքաղաքական դերը, իսկ Թուրքիան հրաժարվում է ընկալել Հայաստանի առջև այդ դերի փոփոխության հետ կապված ռազմավարական խնդիրներն ու բավարարում պահանջվող շահերը, իրավիճակը չի փոխվի և, վերջնարդյունքում, կամ Թուրքիան է ընկղմվելու տևական խռովությունների ու քայքայման հոսանքի մեջ, կամ վերացման վտանգի առջև կկանգնի Հայոց պետականությունն ու հայ ժողովրդի գոյությունն’ իր բնօրրանի այս վերջին հատվածում: Կարող ենք արձանագրել, որ առկա իրողությունները լավատեսության համար նվազագույն հիմքերն անգամ չեն պարունակում: Հայ-թուրքական հարաբերությունների որակը և բովանդակությունը կարող են փոխվել միայն մի դեպքում’ եթե Թուրքիան և Հայաստանը գիտակցեն, որ հարաբերությունների առկա որակը ռազմավարական, երկարաժամկետ առումով գերագույն սպառնալիք է իրենց համար և նույնիսկ նրանցից մեկի կործանումը չի նշանակի, որ մյուսը դրանից ինչ-որ բան կշահի: Շահել կարող են միայն միասին ու համատեղ ջանքերով:
Որպես այդպիսի ջանքերի հնարավոր համադրման օրինակ ստորև ներկայացվում է մի տարբերակ, որի իրականացումը հիմնականում կախված լինելով Թուրքիայի և Հայաստանի իշխանությունների ու ժողովրդի կամքից, կարող է լուծում տալ թե՛ հայ-թուրքական ավելի քան 100-ամյա դաժան դիմակայությանը և թե՛ ԼՂ հիմնախնդրին: Շատ կարևոր է նաև, որ այդ ծրագիրը կարող է իրականացվել ինչպես ռուսական շահերի, այնպես էլ այլ ուժային կենտրոնների շահերի համատեքստում: Առաջարկվող տարբերակը, հաշվի առնելով Հայաստանում և Թուրքիայում իշխող տրամադրությունները, առայժմ տեսական է, սակայն հաշվի առնելով դրանում կողմերի համար պարունակվող կարևորագույն առավելությունները, չենք բացառում նաև, որ դրա միջազգային քննարկումը կարող է խթան հանդիսանալ նաև այն գործնականում իրականացնելու համար: Դրա կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ.
1.Թուրքիայի պարագայում – վերացնում է թյուրքական աշխարհի հետ անմիջական ցամաքային կապ ունենալու խոչընդոտը, փակում է Հայոց Ցեղասպանության բարոյական և իրավական հետևանքները, ինչպես նաև Ցեղասպանության փաստը’ որպես Թուրքիայի դեմ գերտերությունների կողմից օգտագործվող գործիքի կիրառման հնարավորությունը, էապես նվազեցնում է Սփյուռքի և Հայաստանի հայության թշնամանքն ու անվստահությունը Թուրքիայի հանդեպ,
2.Ադրբեջանի պարագայում – վերացնում է իր մերձավորագույն դաշնակից Թուրքիայի հետ անմիջական ցամաքային հաղորդակցության խոչընդոտը, հնարավորություն է ընձեռում մասնակիորեն վերադարձնել ԼՂ հակամարտության ընթացքում կորցրած տարածքները, մասնավորապես, մերձարաքսյան շրջանում և իրականացնել այդ տարածքների վերաբնակեցումը, նախադրյալներ է ստեղծում հայ-ադրբեջանական իրական հաշտեցման համար,
3.Հայաստանի պարագայում – վերացնում է երբևէ շրջափակման մեջ հայտնվելու վտանգը, Թուրքիայում և Ադրբեջանում ցեղասպանության ենթարկվածներին ու նրանց ժառանգներին’ իրենց կրած նյութական և բարոյական վնասների մասնակի փոխհատուցում ստանալու հնարավորություն ընձեռում: Հայաստանն ինքնաբերաբար դառնում է տարածաշրջանի տարանցիկ երկրներից մեկը:
Կողմերի մոտ այդպիսի ցանկության առկայության դեպքում Թուրքիան և Ադրբեջանը ու, համապատասխանաբար, Հայաստանն ու ԼՂՀ-ն կարող են միավորվել մեկ պետության մեջ’ կամ’ ստեղծել ֆեդերատիվ, կամ’ կոնֆեդերատիվ կառուցվածք ունեցող պետական միավորումներ: Պատմամշակութային ժառանգության հետ կապված խնդիրները քաղաքական, տարածքային վեճերի չվերածելու նպատակով այդ կազմավորումների տարածքը կարող է հռչակվել որպես հայ-թուրքական կամ հայ-իսլամական պատմամշակութային ժառանգության ընդհանուր տարածք:
Դեպքերի նման զարգացման հիմքում պետք է դրված լինի կողմերի համար բացառիկ ռազմավարական նշանակություն ունեցող տարածքային փոխանակումը, որի պարագայում Հայաստանն ու ԼՂՀ-ն Թուրքիային և Ադրբեջանին են փոխանցում համապատասխանաբար’ Մեղրիի շրջանն ու մերձարաքսյան ազատագրված տարածքները’ զրկվելով Իրանի հետ ընդհանուր սահմանից, իսկ փոխարենը’ Թուրքիան Հայաստանին է փոխանցում միջինը 50-60 կմ լայնությամբ մի միջանցք’ ելքով դեպի Սև ծով, ինչի շնորհիվ Հայաստանը ոչ միայն կարող է չվախենալ ցամաքային շրջափակումից, այլև իր տարածքում կունենա նավթամուղ և Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը: Այս ծրագրին սատարող համաշխարհային ուժային կենտրոնը նույնպես կստանա նոր, բացառիկ հնարավորություններ ներազդելու աշխարհաքաղաքական գործընթացների վրա ողջ Եվրասիայում և իր ՀՏՀ պահպանումը կամ հաստատումն ապահովելու համար: Ավելին’ այս տարբերակը նաև հնարավություն է ընձեռում ուժային երկու կենտրոնների երկարաժամկետ համագործակցության համար:
Հ.Գ. –Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և ԼՂՀ–ի համար այս տարբերակը, բացի վերը թվարկածներից, պարունակում է նաև մի շարք այլ‘ ռազմավարական բնույթ ունեցող առավելություններ, սակայն այս ամենն իրականություն դարձնելու համար մեր հասարակությունները պետք է կարողանան հաղթահարլ ներկայիս բացառիկ եսակենտրոնությունը և նախապատվությունը տան ռազմավարական ու երկարաժամկետ փոխշահավետ լուծումներին:
Հ.Հ.Գ.-Միջուկային զենքի առկայությունը ժամանակակից աշխարհում միջպետական վեճերը լուծելու և տնտեսական մրցակցության մեջ հաղթելու նոր մարտավարություն և ռազմավարություն է պարտադրում անգամ գերտերություններին: Միջուկային զենք ունեցող պետության (օրինակ‘ Իրանի) դեմ ուժի կիրառումը խիստ անհավանական է: Սա նշանակում է, որ այդպիսի պետության դեմ հաղթանակ տանելը հնարավոր է կամ‘ խիստ տնտեսական պատժամիջոցների կիրառման միջոցով (ինչի արդյունավետությունը, սովորաբար, ցածր է), կամ էլ‘ դրանում առկա ներքին ռեսուրսների օգտագործմամբ պետական կառավարման համակարգի աշխատանքի կազմալուծման և տապալման միջոցով:
Արման Մելիքյան
TQMA@web.am
7 քննարկումներ
ArMen, Glendale