ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, March 6, 2010 13:25 - չքննարկված

«Երևանյան» երկխոսություն Ջավախքի հարցի շուրջ

«Երևանյան» երկխոսություն Ջավախքի հարցի շուրջ

-Բարի լույս Արտյուշ, ինչպե՞ս ես:

-Բարև Հակոբ, ներս արի, ես էլ ուզում էի պատը թակեի, գայիր մի քիչ նարդի գլորեինք, ահագին օր է, չենք խաղացել:

-Դե շարի, միտքդ գուշակել, եկել եմ:

-Էս քեզ բեշ, էս էլ’ ճար: Լսեցի՞ր, երեկ հեռուստացույցով ձերոնք էին խոսում, ահագին մարդ էր հավաքվել, պատգամավորներ, քաղաքագետներ, Շիրակ Թորոսյանն էր խոսում, Աշոտ Մելքոնյանն էլ էր նստած, ահագին երկար ցույց տվեցին:

-Հա, ոնց չտեսա, Ջավախքի մասին ես նայում եմ, դե սիրտ է, քաշում է, էլի, կարոտել եմ մեր սարերին…

-Մի բան չեմ հասկանում, դու ահագին կարդացած, էդ հարցերի միջով անցած մարդ ես, եթե կարող ես’ բացատրիր, էն վիրահայկական մի կազմակերպություն էլ կար, նրանք էլ են հավաքվում, խոսում, բայց ոնց հասկանում եմ’ սրանց ու նրանց խոսածաներն իրար չի բռնում, համ էլ’ նրանք սրանց հավաքներին չեն գալիս, սրանք էլ նրանց:

-Ճիշտ էլ նկատել ես, իրար հետ չունեն, իրար քննադատում են, դա մեր’ ջավախքցիներիս խայտառակությունն է, որ պառակտված ենք, հիշում ես երևի, Վահան Տերյանի հուշաքարի մոտ տեղի ունեցած պատմությունը:

-Հիշում եմ, բայց ինչի՞ց է էդ ամեն ինչը, մեկ էլ’ մի հարց, դուք’ ջավախքցիներդ ի՞նչ եք ուզում, որ էդպես լարված վիճակներ են ստեղծվում:

-Ասեմ, նախ’ մենք էլ չենք հասկանում, թե ինչ ենք ուզում, մի մշակված, բոլորի կողմից ընդունված օրենք չկա, որ ասենք’ էս է Ջավախքի ապագան, ու բոլորս, ով ինչով կարող է’ լծվենք գործի: Ամեն մեկն իր էշն է քշում, ամեն մեկն իր շահն է որոնում, քիչ են հայրենասեր, ազնիվ ու նվիրված մարդիկ, որոնք Ջավախքի շահը ամեն ինչից վեր կդասեին: Արդյունքում’ կարապի, խեցգետնի ու գայլաձուկի առակի նման սայլը տեղից չի շարժվում: Վիրահայերը, մի բան են խոսում, հզորհայրենիքականները’ մի բան, դաշնակցականները’ մեկ այլ բան, տեղի’ Ջավախքում գործող կազմակերպություները’ բոլորովին այլ բան:

-Բայց’ որքան ես գիտեմ, վիրահայերն ու հզորհայրենիքականները ընտրություններին պաշտպանեցին հանրապետականներին ու նրանց ցանկով գնացին խորհրդարան: Էդ ոնց հասկանանք, հանրապետականները երկուսին էլ ասացին’ դու էլ ես ճիշտ, դու է՞լ:

-Փաստորեն:

-Տարօրինակ է, բա վերջն ի՞նչ է լինելու: Էդ որ խոսում էին’ ահագին խելքները գլխին մարդիկ էին հավաքվել, ասին ինչ-որ խորհուրդ են ստեղծել, մի բանի հասնելու՞ են:

-Դժվար: Էնտեղ հավաքվածների մեծ մասը Ջավախքի մասին գիտի միայն հեռվից, Շիրակն ինքը վերջերս ահագին ճիշտ բաներ է խոսում, բայց դե էն էլ բան չի կարող անել, գլխին կտան, Հովիկ Աբրահամյանին ո՞վ կարող է հակառակվել: Ամեն դեպքում’ էս թևն ավելի է մտահոգված Ջավախքի հարցով, քան էն մյուս թևը: Նրանք օր ու մեջ հայտարարում են, որ Ջավախքում ամեն ինչ լավ է: Նրանք էլ Ջավախքում բիզնես ունեն, դրանից են վախենում, Վրաստանի իշխանությունների հետ էլ կապված են բազմաթիվ թելերով:

-Էդ ի՞նչ բիզնես են անում:

-Ալրաղաց ունեն Բոգդանովկայի կողքը, քաղաքի մեջ’ կարի մեծ ֆաբրիկա, եվրո դուռ ու լուսամուտի արտադրամաս, երկու շրջանների գազաֆիկացումն են իրենց հանձնարարել:

-Լսի, Հակոբ, բա անընդհատ ասում եք’ Ջավախքում սոցիալ տնտեսական վիճակն էլ է վատ, մարդիկ խոպան են գնում, շատերն’ անվերադարձ: Բա էդ տղերքի արածի մեջ ի՞նչ վատ բան կա, ինչու՞ են իրենք քննադատվում:

-Գիտես բանն ինչումն է, Սանոսյանները, որոնց մասին հիմա խոսում ենք, մի քանի տարի առաջ մի սահմռկեցուցիչ գործարքի մեջ մտան վրացական կողմի հետ: Վրացիք սրանց ասացին’ դե որ էդքան բիզնեսի հնարավորություն ենք ձեզ տալիս, պետք է մեր առաջարկն ընդունեք:

-Ի՞նչ են առաջարկել:

-Դե լսի, դեռ 1990-ականերից որոշված էր, որ Բոգդանովկան դառնալու էր աքսորավայր, ահագին էդ ուղղությամբ ծրագրեր եղան, մենք էլ էդ տարիներին էդ ամեն ինչի դեմ ահագին բաներ ձեռնարկեցինք, բայց դեռ պետությունը թույլ էր, երբ վերջին շրջանում քիչ թե շատ ուժեղացավ, աքսորավայրի ստեղծման ծրագիրը վերակենդանացավ: Հենց Սանոսյանների հետ պայմանավորվածության արդյունքում Սաղամո լճի մոտ սկսվեց մի հսկա կալանավայրի կառուցում: Ահա Սանոսյաններին այս քայլերի համար սկսեցին քննադատել:

-Փաստորեն հիմա Ջավախքում բա՞նտ են կառուցում:

-Չէ, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով’ այն տեղափոխվեց Ռուսթավ քաղաքի մոտ, հիմա Սանոսյաններն այնտեղ են իրականացնում շինարարական աշխատանքները:

-Դե փառք աստծո, թե չէ’ էդ չարիք կդառնար ձերոնց գլխին:

-Ամեն դեպքում’ գիտե՞ս ինչ եմ մտածում, Արտյուշ, որ Ջավախքի էս վիճակի ամենամեծ մեղավորը մենք ենք: Ականջդ ցավցնելու եմ, բայց պիտի ասեմ, չասեմ’ սիրտս կտրաքվի: 400.000 ջավախքցիներ մենակ ՀՀ-ում են ապրում, մի էդքան էլ կլինեն Ռուսաստանում ու աշխարհով մեկ: Որ հայի տակը մի քիչ փորփրում ես’ արմատներով գնում, հասնում է Ջավախքի մի հեռու անկյուն: Ի՞նչ ունենք արդյունքում: ՀՀ-ի մեր հայրենակիցների մեծագույն մասն էստեղ տաք պաշտոններ ստանալով կամ հարմար կյանք կառուցելով’ մոռացել է անգամ իր արմատների մասին,  շատերն անգամ անհարմար են զգում, երբ հիշեցնում ես Ջավախքի մասին: Սրիկա են դրանք, ուրիշ ոչինչ: Աշխարհաքաղաքացիությունն ու լկտի լիբերալիզմը լափել են մեր խելքը, թքած ունենք հայրենիք ասվածի վրա: Որ պետական կամ մասնավոր հաստատության դուռը թակում ես’ ջավախքցիների պակաս չկա: Էլ չասեմ բուհերի մասին, երբ ամեն երեք դասախոսից մեկը ջավախքցի է: Այս վերջինները գիտե՞ս երբ են հիշում իրենց արմատների մասին, երբ մի խեղճ ու կրակ համերկրացի ուսանող են գտնում, հիշում են’ որպիսի կաշառք վերցնեն, թալանեն նրան: Իրականում ոչ թե Ջավախքի, այլ’ նրա պանրի ու կարագի մասին են հիշում, խոզ են դրանք, թքել է պետք դրանց վրա, հրապարակավ խայտառակել այդ «գիտնական» կոչվածներին: Դրա համար է Ջավախքում այս վիճակը: Դառնամ Ռուսաստանի մեր հայրենակիցներին. ռուսական ամեն քաղաքում, ամեն մի մայրուղում էլի մերոնք են: Ի՞նչ են անում: Իրենց արևին’ լավ կյանք են ստեղծում, «զարգանում են», հարստություն են դիզում: Մեղք է մարդկային այդ զանգվածը: Չեն նկատում, որ իրենք Ջավախքից դուրս գալուց հետո սովորական հայից արագորեն վերածվում են սովորական խոզի: Ուտել-խմելը դարձել է սրանց կյանքի հիմնական նպատակը: Ավելի սարսափելի բան ասեմ’ շատերը «հայրենասեր» դառնալով տեղում դպրոց են հիմնում, եկեղեցի, գործարան ու գիտե՞ս, թե հաջորդ քայլը որն է:

– Որը՞:

-Ասեմ, Արտյուշ ջան: Հաջորդ քայլն իրենց համաքաղաքացիներին կամ համագյուղացիներին դեպի Ռուսաստանի այդ վայրը տեղափոխելն է: Օրինակ’ Փոկայի բնակչությունն այդպես տեղափոխվեց Սյուրգութ, Լոմատուրցխի բնակչությունը’ Դոնի Ռոստով, Տուրցը’ Բելոռեչենսկ… Շարքը անվերջ է: Էդպես մեր պատմության մեջ գիտե՞ս ով վարվեց:

-Ո՞վ:

-Արծրունյաց տնից էր կարծեմ, անունը մոռացա, երբ ինքը Բյուզանդիայի ճնշմամբ տեղափոխվեց Մեծ Հայքի սահմաններից դուրս, ամբողջ վասպուրականցիներին իր հետ տարավ: Հա, հիշեցի, Սենեքերիմ Արծրունին էր: Ազգային դավաճանություն է սա: Էդ «մեծագործների» հետ շատ եմ խոսել, ասում են’ տեղում վրացիք գլխացավանք են ստեղծում, դրա համար ներդրում չենք անում: Բա պիտի ստեղծեն: Հո չե՞ն ասելու’ բարով եք եկե~լ, գլուխներիս վրա տեղ ունեք, համեցե՜ք: Բա ու՞ր մնաց հայկական կամքն ու պայքարը: Որ ասում եմ’ խոզ են, ճիշտ եմ ասում:

-Հակոբ բայց ես լսել եմ’ եկեղեցիներ են սարքում Ջավախքում:

– Խոսքից խոսք է բացվում Արտյուշ ջան: Ասեմ’ էդ էլ հայրենասեր երևալու ամենահեշտ ձևն է: Մարդկանց փողերին որ տեղ չի լինում’ ասում են ի՞նչ անենք, բերեք մի աստվածահաճո բան անենք, մեր են սրբի վրա մի եկեղեցի սարքենք: Էստեղ էլ է խայտառակություն:

-Ինչը՞:

-Դրանց ասում եմ’ ինչու՞ ձեր գյուղերի հին եկեղեցիները չեք վերանորոգում, գոնե էդ արժեքները պահպանենք, ելնում սարի գլխին նորը տնկում եք, որ ի՞նչ:

-Ի՞նչ են ասում:

-Ասում են’ ուզում էինք նորոգեինք, տեղի իշխանավորներն ասին’ գլխացավանքի մեջ իզուր մի ընկեք, դրանցից շատերը վրացիք իրենց եկեղեցիների ցուցակների մեջ են ներառել, չեն թողնի սարքեք: Ավելի լավ է’ մի ուրիշ տեղ նորը հիմնեք:

-Ա՜յ քեզ բան:

-Բա՞: Էդ գիտես ինչու էն անում, որ ասեն’ դուք եկվոր եք, նորը սարքեք, հարց չի, բայց բնիկները մենք ենք, հինը մերն է: Դե արի ու մերոնց էդքան բանը բացատրի: Մի քանի օրով եկել են, արագ շըփ-թըփ, մեկ էլ’ եկեղեցու բացում, երգ պար, հաստավիզ ու ճարպակալած դեմքերը կրկին հայտնվում են, լուսանկարվում, բոլ-բոլ մոմ վառում, էստեղից հյուրեր են տանում ցույց տալիս, թե տեսեք’ ով ենք, ոնց են մեզ ընդունում, ինչ հարգված մարդ ենք: Հավաքվում, ուտում, ավելի ճիշտ’ լափում, թողում գնում են իրենց ռուսաստանյան «հայրենիքները»: Էդ ճարպերի միջից միթե՞ հնարավոր է տեսնել մշակույթի, դպրոցների ու ճանապարների հիմնախնդիրներից տառապող ժողովրդին, միթե՞ հնարավոր կլինի հասկանալ այն քաղաքական խնդիրները, որ ծառացել են այսօր այդ ժողովրդի գլխին: Բնականաբար’ ոչ: Իրենք ուխտի են եկել, հենց մի քանի օր անցնում է’ հայդա: Իրենց հետևից թողնելով գլխիկոր ծերերի, լացող պառավների, սպասող մանուկների’ փախչում են էլի Ռուսաստան: Դե պարզ է’ էնտեղի անբարո աղջիկները սպասում են, ամեն մեկը մի գիշերային ակումբի ու անբարո աղջկա վրա ծախսում է այնքան, որով կարելի լիներ մի ամբողջ գյուղի ճանապարհ վերանորոգել: Էդ մարդիկ չեն ըմբռնում, որ մեռնոլւց հետո իրենց մոխիրն էլ չի մնալու, մի քանի տարուց գալու են գերեզմանը փորեն, իր վրա մի ռուս թաղեն, ո՞վ է գալու բողոքի, ռուսացած թոռնե՞րը, թե՞ Ջավախքում որբացած ժողովուրդը: Էդքաից հետո’ ում է պետք իրենց սարքած եկեղեցիներն ու խաչքարերը: Ջավախքը դրանց պակասը չունի: Ջավախքն այսօր բոլորովին ուրիշ բանի կարիք ունի:

-Բայց դուք ահագին էստեղ պաշտոնյաներ, մասնագետներ ու մեծամեծ մարդիկ ունեք, էն օրը մի գիրք ընկավ ձեռքս, կարծեմ Ալբերտ Իսոյան էր հեղինակի անունը, վերնագիրն էլ կարծեմ էսպիսին էր’ «Սամցխե-Ջավախքի նշանավոր հայորդիները»: Ապշել էի Հակոբ, էդ ինչքա՞ն մարդիկ եք տվել, ամեն մեկը մի մեծություն…

-Ամեն մեկն էլ աշխարհի մի ծայրում: Արտյուշ, ինձ դա չի ուրախացնում: Իհարկե’ լավ է, որ այդքան մեծեր ունենք, բայց դրանց քանի՞ տոկոսն են ծառայել իր հայրենիքին: Որ ասեմ’ կրկին կապշես: Գիտես ինչքան տնտեսագետներ ու պատմաբաններ ենք տվել’ անթիվ, բայց դրանցից քանի՞սն են մտածել Ջավախքի տնտեսության կամ պատմության մասին: Ու՞մ է հետաքրքիր, երբ ջավախքցի մի մասնագետ փառքի է հասնում, ասենք, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում: Թքած իր վրա, եթե նա իր ողջ ներուժը չի ուղղում’ իր հայրենիքը զարգացնելու համար: Փառք ու պատիվ մերօրյա պատմաբաններից’ Աշոտ Մելքոնյանին, որը Ջավախքից դուրս եկավ միայն ֆիզիկապես, հասավ բարձունքի, սակայն երբեք չհեռացավ Ջավախքից: Նրա շնորհիվ այսօր մարդիկ և հատկապես ջավախահայությունը կարդում է իր պատմությունը: Թե չէ մինչև վերջերս ո՞վ գիտեր Ջավախքի պատմությունը: Ոչ ոք: Հիմա գիտեն, պայքարում են շատերը, որ պատմության այդ շղթան չընդհատվի: Այդպիսի մարդկանցից պետք օրինակ վերցնեն բոլորը: Նա է իսկական հայի կերպարը: Նրանով հպարտանում են ոչ միայն այստեղ, այլև’ Ջավախքում:

–Էդպե՜ս;

–Տեսնում ես, ինքան բարդ է Ջավախքի խնդիրը: Դե արի ու էս ամեն ինչից գլուխ հանի:

–Հակոբ լավ, բա հիմա հնարավոր չի՞ «հետ բերել» ամեն ինչ, ասենք’ համախմբել Ջավախքի մասին խոսացողներին, ասել’ էս է ճշմարիտ ուղին, բոլորդ գնացեք այս ուղով, սա է ձեր ու Ջավախքի ապագան:

–Ամեն ինչ էլ հնարավոր է, բոլոր խոսողներն էլ հայ են, հետևաբար’ բոլորն էլ ունեն մտածելու ունակություն: Բայց հնարավոր չէ հիմա, գիտե՞ս ինչու:

–Ինչու՞:

–Ասեմ, նախ’ հայոց պետության ներկայացուցիչները չեն ստեղծել այդ պայմանները, որ, ասենք, Ջավախքի շուրջ ձևավորվի քիչ թե շատ միասնական մտածելակերպ, ինչպես օրինակ’ Արցախի պարագայում:

–Ի՞նչ է խանգարում դա իրենց:

–Խանգարում է, քանի որ Վրաստանից նոտա կգա, թե Ջավախքը հզորացնում եք, որ հետո անջատե՞ք: Սրանց սիրտն էլ Վրաստանի հետ հարաբերությունների վատացումից թրթռում է այնպես, ինչպես բռանդ մեջ հայտնված ճնճղուկի սիրտը: Հանկարծ ճանապարհների խնդիր կառաջանա, լևոնականներն էլ դրանից օգտվելով կակտիվանան, հեղաշրջում կանեն: Արդյունքում իրենք կկորցնեն ամեն ինչ’ փող, բիզնես, աթոռ, կշիռ…

–Բա Լևոնի իշխանության օրոք ինչու չձևավորվեց Ջավախքի հայեցակարգը:

–Երկու պատճառ կար, մեկը’ քիչ առաջվա նշածս էր, էդ ճանապարհների խնդիրը կործանման եզրին է հասցրել Ջավախքի ապագան: Մյուս պատճառը Լևոնի գաղափարաբանության մեջ պետք որոնել, նա ՀՀ սահմաններից դուրս գտնվող հայկական հողերի վրա թքած ուներ, վայրի լիբերալիզմն էր նրա մեջ, բայց մյուս կողմից’ նա Ջավախքի խաղաքարտն ավելի լավ էր օգտագործում, քան սրանք: Փաստ. գոնե մի անգամ Ջավախք այցելեց 1996թ., սրանք Ջավախքին միայն հեռվից են նայում:

–Հա, իրոք, որ ՀՀ պաշտոնյաները Ջավախք շատ չեն այցելում:

–Մի հետաքրքիր բան կա այստեղ. Ջավախքն անկախ մեզնից մենք կապել ենք մեր հոգիների, սրտերի հետ, դե դա բնական է, Աստծո զորությամբ է այդպես, բայց հակառակ սրան’ իրականությունը բոլորովին այլ է, Ջավախքն այսօր Վրաստանի իրավական մասն է, և ՀՀ-ի ցանկացած պաշտոնյա այնտեղ գնալու համար պետք է ունենա Վրաստանի համապատասխան օղակի հրավերը:

–Փաստորեն’ մնացել ենք վրացիների հրավերի հույսին, բա որ չհրավիրե՞ն:

–Դե էդպես էլ անում են: Հո գիժ չե՞ն, որ ասեն եկեք, տեսեք, թե ինչ է կատարվում այնտեղ: Ոնց որ հիմա մի սենյակս’ թոռնիկովս հանդերձ, տամ քեզ հետո սպասեմ, թե երբ ես ինձ հրավիրելու, որ գամ թոռանս տեսության: Կարող է տարիներով վեճ ունենանք, էդպես էլ կյանքս անցնի, ու չիմանամ, թե թոռս ոնց է ապրում: Մեր ՀՀ-ի «արքաներն» ու «արքունի պաշտոնյաները» հիմա այդ կարգավիճակում են: Իրականում այս ամենը զուտ պատճառներ են, եթե գնալու ցանկություն լինի’ նրանց ոչ մեկ չի կարող արգելել: Եղբայր, գնում եմ Ջավախք’ մածուն ուտելու կամ Փարվանայով հմայվելու, ով կարող է ասել’ փախիր այստեղից: Իրենց ո՞վ է ասում, թե Ջավախք ուղևորվիր «Ջիփերի» շարանով, թիկնազորերով ու «նոքյարների» ուղեկցությամբ: Պարզ է, որ այդ դեպքում վրացիները կասեն’ «հոփ»: Էնա’ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ամբողջ աշխարհով ման եկավ, Ջավախք ոտք չդրեց, թեև իր աշխատակիցների օգնությամբ ինչ-որ բան ուզում է անել: Համ էլ’ Ջավախքն ի՞նչ սփյուռք: Հրանուշի պարագան ասում եմ ստիպված’ ելնելով մեր պետական դիրքորոշումից: Մի խոսքով’ Ջավախքը հայկական միակ տարածաշրջանն է, որտեղ եղել է անկախ ՀՀ-ի միակ նախագահը, միակ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Հայոց միակ կաթողիկոս Խրիմյան Հայրիկը, միակ … Քցի զարերդ…

–Էնքան հետաքրքիր էս պատմում, որ շեղվում եմ, բայց են հարցս կիսատ մնաց:

–Որը՞:

–Էն, միասնական լեզու գտնելու մասին հարցս:

–Արտյուշ հնարավոր չէ, արդեն ասի, որ պետականորեն այն չի խրախուսվում:

–Արդյունքու՞մ:

–Արդյունքում’ ինչ-որ տեսնում ես. վիրահայերն ակտիվանում են (ավելի ճիշտ’ ակտիվացվում են) ընտրություններից ընտրություն, որպիսի էն իմ ասած 400.000 ջավախքցիների քվեները ուղղորդեն համապատասխան թեկնածուին: Սրա համար գիտե՞ս ինչ փողեր է վատնվում: Հետաքրքիրն էլ այն է, որ գոնե այդ փողերը այս իշխանությունները չեն տալիս, ում համար որ «մարտադաշտ են դուրս գալիս» այս անգիտակից մասսաները:

–Բա ո՞վ է տալիս:

–Էէէ, զոռով ուզում ես խոսեցնել, լավ, ասեմ. էդ փողերը տալիս են հենց իրենք’ ջավախքցիները, բայց ոչ թե էստեղի, այլ’ Ռուսաստանի մեր «լեգենդները»: Ես խոսել եմ դրանցից մեկի հետ, նա ասում է’ մեր Ռուսաստանի ջավախահայ բիզնեսմեններից անցած ընտրություններին հավաքվել ու ՀՀ է ուղղորդվել մոտ 7 մլն դոլար գումար: Ումի՞ց են այս փողերը «հայթայթվել»: Պարզ է’ մեր խեղճուկրակ ջավախահայ «բանվոր դասակարգից», որն ստրուկի նման աշխատում է Ռուսաստանի մատույցներում: Արդյունքում յուրօրինակ մեխանիզմների միջոցով ջավախահայ հասարակությունն օգնում է ՀՀ իշխանություններին, իսկ հակառակը տեղի չի ունենում: Մի քանի կտոր դասագիրք են շփրտում Ջավախքի երեսին, թե’ գնացեք, մի մոռացեք, որ հայ եք, մնացածը’ մենք գիտենք, թե ինչ կանենք: Էս իշխանությունները հազար ու մի պատճառաբանություններով չեն օգնում, թող չօգնեն, գոնե ռուսաստանյան այդ գումարներն ուղղորդեն Ջավախք, իրենցից ի՞նչ կգնա, մենակ մի քիչ հայրենասիրական զգացում է պետք, որից էլ’ մարդիկ կան, որ ունեն: Նախագահի հետ որ գալիս են ուտել-խմելու, թող էդ ժամանակ ասի, թե տղերք ջան մի մոռացեք որտեղից եք, էն որ էստեղ էք տալու, կուղարկեք ձեր գյուղերի զարգացման համար: Ճիշտ է’ մեր անգլուխների համար դա դժվար բան է, իրենց համար ավելի հաճելի է, որ Նախագահին հաճոյանան, սակայն չեմ կարծում, որ նրա խոսքը չեն հարգի: Ահա սրանց ողջ փայլն ու շքեղությունը:

–Լավ, բա մնացածնե՞րը:

–Արդեն ասի, որ հզորհայրենիքականները նույնպես իշխանական են, թեև սրանց ստեղծումն ու գործառույթները բոլորովին այլ հողի վրա են, քան վիրահայերինը: Այնուամենայնիվ’ եթե չկա հայեցակարգ, սրանք նույնպես ոչ մի բան չեն կարող անել: Իրենք նույնպես ջավախահայերի քվեները ուղղորդելով են դարձել պատգամավոր կամ պաշտոնյա: Փառք աստծո, սրանք գոնե Ջավախքի հարցը այս կամ այն կերպ բարձրացնում են տարբեր ատյաններում: Չնայած դրանից բան չի փոխվում, բայց գոնե Ջավախքի անունը լսում ենք խորհրդարանից կամ կառավարական օղակներից: Էն Շիրակը որ խոսում է’ ոնց որ մարդու սրտից խոսա: Ամեն դեպքում’ մի սահման կա’ իշխանությունների քաշած կարմիր թելով, որից այն կողմ հզորհայրենիքականները չեն անցնում: Օրինակ’ ինքնավարության մասին ջավախահայերի արդարացի պահանջը երբեք հայոց խորհրդարանում ստիպված չեն բարձրացնում, քանի որ խորհրդարանի «շեֆը» դրանից կզայրանա: Էս էլ իրենք: Էնտեղ էլի մի քանի մանր մունր կազմակերպություններ կան’ իրենք էլ բան չեն կարող փոխել, բացի հայտարարություններից կամ հիմնախնդրի մասին բարձրաձայնումից:

–Բա Դաշնակցությու՞նը:

–Դաշնակցությունն էլ ունի իր մոտեցումները: Դաշնակցականների ՀՀ-ի կառույցը, բնականաբար, չի կարող գործել ՀՀ-ի սահմաններից դուրս, ավելին’ մինչ վերջերս սրանք էլ էին իշխանության մաս: Չեմ կարող ասել’ այդ հանգամանքից ելնելով, թե այլ’ օբյեկտիվ պատճառ ունեն (դրանց փակ գործելակերպից մարդ բան չի հասկանում), այնուամենայնիվ’ ոչ մի անգամ հայոց խորհրդարանում չեն բարձրացրել Ջավախքի հարցը: Չեմ կարող ասել, միգուցե’ ճի՞շտ են արել: Իսկ ՀՅԴ Բյուրոն, որը համաշխարհային կառույց է, կարող է ինչ-որ բան անել: Դաշնակների քայլերն ահագին իրատեսական են’ ելնելով այն հանգամանքից, որ վերջիններս ոչ թե հանդես են գալիս սեփական նախաձեռնություններով, այլ իրավացիորեն օժանդակում են Ջավախքի տեղի կազմակերպությունների պայքարին: Սա ամենաճիշտ մոտեցումն է:

–Այսքա՞նը:

–Ահա այս պայմաններում, երբ Ջավախքի հարցում յուրաքանչյուր կառույց ու կազմակերպություն ունի իր մոտեցումները, անհնար է ձևավորել միասնական հայեցակարգ: Այն կձևավորվի’ երբ ամեն մեկը մի կողմ դնի իր կարծրացած դիրքորոշումները և հասկանա, որ ժամանակն անցնում է, իսկ մենք դեռ կանգնած իրար ենք քննադատում:

–Մի հարց էլ էր հետաքրքրում, էնտեղ’ Ջավախքում, կան հայ պաշոնյաներ, որոնք ասում են, թե իբր ամեն ինչ նորմալ է:

–Ախալցխայի հատվածում հայ պաշտոնյա գտնել գրեթե հնարավոր չէ: Սովետի ժամանակ Ախալցխան համարյա հայկական շրջան էր, թուրք-մեսխեր կային, քառասունականներին արտաքսեցին, հետո սրանց տեղն եկան վրացիները, պետական հովանավորությունն ստանալով շատացան ու կերան Ախալցխան: Այն տվեցինք, ինչպես օրինակ’ Աղդամի շրջանն ադրբեջանականացավ, կամ Արցախի հյուսիսային շրջանները, Նախիջևանը: Ներկայիս Ախալցխայի փոքրաթիվ հայությունն ապրում է ծանր օրեր:

–Բա Ախալքալա՞քը, էն կողմում մի հայկական շրջան էլ կար’ Ծալկան:

–Ախալքալաքի հատվածում կան հայ պաշտոնյաներ, որոնք գերի են ընկել Վրաստանի կառավարական համակարգում: Իրենց օրապահիկները կորցնելու վտանգի տակ սրանք աղաղակում են, թե Ջավախքում խնդիր չկա: Դու իրենց հետ խոսի այն ժամանակ, երբ հանում են պաշտոնյայի գլխարկը: Էն ժամանակ կխոսեմ քո հետ: Մի պարզ օրինակ. սրանք, որ էդպես տաք – տաք հայտարարում են, թե ամեն ինչ լավ է, պետք է ինտեգրվել Վրաստանին, կապվել վրաց պետության ու մայրաքաղաքի հետ, դու գիտե՞ս, որ իրենք ամեն մեկը 2-3 հատ տուն ունի էստեղ’ Երևանում, ավելին ասեմ’ կսարսափես. սրանց բոլոր երեխաները սովորում են Երևանում ու պատրաստվում են հետ չգնալ: Դե թող Թիֆլիս ուղարկեն, դե որ էդքան լավ է ամեն ինչ, թող անձնական օրինակով ցույց տան էդ ամենը: Իրականում Ջավախքի բոլոր հայ պաշտոնյաները իրենց զգում են «խոպանում», որտեղ ժամանակավոր են և ինչքան հնարավոր է’ փախցնեն, մեկ է’ այն հետո չի լինելու, մեկ է’ վրացին ուշ թե շուտ գալու է, նա արդեն եկել է: Իրենք իրենց այդ վարքով հասարակ ժողովրդի մեջ առաջացնում են սեփական հայրենիքից օտարացվածի զգացողություն: Վրաց իշխանավորները անգլիական քաղաքականություն են վարում, ուրիշի ձեռքով կրակից շագանակ են գողանում: Երբ անտառը կացնին բողոքում է, կացինն ասում է’ պոչս քեզնից է: Ծալկայի պարագան էլ է խնդրահարույց, էս էլ հին պատմական հայկական տարածք է եղել, անունը մոռացա, էստեղ մինչ վերջերս ապրում էին հայեր ու հույներ, հույները գնացին, մնացին հայերը: Հիմա այն արագ տեմպերով լցվում է վրացական զանգվածով: Այ, եթե համահայկական շրջանակներում ձևավորված հայեցակարգ լիներ Ջավախքի խնդրի շուրջ, կարելի էր համազգային նպատակ հռչակել Ծալկան հայությամբ վերաբնակեցնելու հարցը: Բայց հիմա ո՞ր հային կարող ես բացատրել, թե ինչ բան է Ծալկան, որ գա ու բնակվի: Ազատագրված Արցախը չենք կարող մի մարդ ուղարկել, էլ ուր մնաց’ վրացական օրենքներով ապրող մի տարածքի հայկականացումը: Ծիծաղելի բան եմ ասում, բայց’ այլ կերպ չեմ կարող մտածել: Գոնե տեղում ապրող հայությանն ուժեղացնենք, որ աճեն, շատանան, այդպիսով խնդրին լուծում տանք, էդ էլ չենք անում: Հալալ է ադրբեջանական ցեղերին, եկան, Մառնեուլում, Բոլնիսում, Դմանիսում ժամերով բազմացան, տիրեցին հայկական բերդերին ու ամրոցներին, հիմա էլ մեր հայրենիքը լափելով Ծալկայի վրայով գալիս են Ջավախք, որպիսի միանան եղբայրակիցներին, ահա քեզ դառն իրականության նույնքան դառն ու սահմռկեցուցիչ պատկերը:

–Իսկ ին՞չ կարող են անել Ջավախքի հայ պաշտոնյաները:

–Իրականում իրենք էլ բան չեն կարող անել, ինչպես ասացի’ գերի են ընկել: Համակարգը պետք է փոխել, թե չէ’ դրա մեջ ով ընկավ, այդ անիվների վրա է գլորվելու: Այստեղ մի նուրբ հարց կա’ հիմա ջավախահայությունը եթե բողոքի, կստացվի հայ-հայկական կոնֆլիկտ, իսկ այլ դեպքում’ այն կվերածվի հայ-վրացականի, ինչը եթե բացառվի, պետք է անպայման գոհացում տրվի ջավախահայության պահանջմունքներին: Այ թե որտեղ է թաղված շան գլուխը…

–Լավ, Հակոբ, բա ո՞վ պետք է այս ամենը կիրառի գործնականում:

–Էլի եմ կրկնում’ սա պետք է անի ՀՀ պետությունը: Գիտես’ Արտյուշ, ջավախահայությունը, ճիշտ է, հերոս ժողովուրդ է, ծնել է հերոսներ, սակայն վերջինս հայկական պետականություն չի տեսել, խորհրդային շրջանում չի ունեցել գոնե ձևական ինքնավարություն, ինչպես օրինակ, արցախահայությունը: Սա լուրջ բացասական ազդեցություն է թողել նրա մտավորականության հոգեկերտվածքի վրա: Ջավախահայության քաղաքական ակտիվիստները պետականագիտութան դպրոց չեն անցել, հետևաբար’ չեն կարող ճշգրտված հայեցակարգ ձևավորել: Քո ասած այդ միասնական մտածելակերպը կամ հայեցակարգը կարող է ձևավորվել համահայկական էլիտայի կողմից, իհարկե’ այդ հարցում լիարժեքորեն օգտագործելով Ջավախքի ներուժը:

–Իսկ էդ Ջավախքի պաշտոնյաներին տեղի ժողովուրդը չի՞ քննադատում, հրապարակավ պախարակում:

–Գիտես, Արտյուշ, էդ պաշտոնյաները ծնվել են ժողովրդի միջից, ուրեմն’ հենց ժողովուրդն էլ պիտի դաս տա դրանց: Մյուս կողմից’ էդ պաշտոնյաների մեջ էլ կան ազնիվ ու հայրենասեր մարդիկ, որոնք մեծ դժվարությամբ են համակերպվում կամ, կարելի է ասել, ընդհանրապես չեն համակերպվում: Այս խումբը մի տեսակ սպասողական վիճակի մեջ է, որ մի բան կփոխվի դեպի լավը: Բայց քիչ չեն նաև սրիկաները, որոնց երակներում ոնց որ թուրքի արյուն հոսի, նայում ու զարմանում ես, թե էս մարդը ոնց կարող է հայ կոչվել: Մի բան է ինձ մխիթարում Արտյուշ, գիտես ի՞նչ:

–Ի՞նչ:

–Էն օրը մի կինո էին ցույց տալիս, Ուկրաինայի Զապորոժեի կազակների պայքարն էր Լեհաստանի դեմ, շա՜տ հրաշք ֆիլմ էր: Տեսե՞լ ես, թե դրա գլխավոր հերոս Տարասը ոնց է պատժում իր հարազատ որդուն’ Անդրեյին, որը դավաճանաբար անցել էր լեհերի կողմը:

–Ճիշտն ասած’ լավ չեմ հիշում:

–Դե լսի, կռվի ժամանակ իրար դեմ են դուրս գալիս հայր ու որդի, նայում են իրար աչքերի, տղան երևի զղջում է, սակայն հոր զայրույթը չի ներում նրան, հրացանով նշան է բռնում և գոչում. «Ես եմ քեզ ծնել, ես էլ պիտի սպանեմ», ասում ու ուղիղ ճակատին: Հայոց ազգը նույնպես տարասների պակաս չի ունեցել, հիշենք մեծն Րաֆֆու Սամվելին… Մեկ էլ’ գիտե՞ս ինչ եմ անընդհատ մտածում:

–Ի՞նչ Հակոբ ջան:

–Մտածում եմ, որ Ջավախքը աստվածային մի վայր է, որը Անդրեյներին երբեք չի հանդուրժի, դրա վառ ապացույցն է անառիկ Թմկաբերդը: Այն ոչ միայն Թումանյանի լեգենդար պոեմի իրական վայր է կամ հայոց քաջության խորհրդանիշ: Այն առաջին հերթին դավաճաններին ահեղ դատաստան տալու խորհրդանիշ է… Պատահական չէ, որ այն հենց Ջավախքում է: Թմկաբերդի խորհուրդը երևի լավ չենք ըմբռնում: Ջավախքի ժողովրդի շահերի վրա թքած ունեցող յուրաքանչյուր մարդու կամ պաշտոնյայի ահեղ դատաստանը հենց Թմկաբերդում է տեղի ունենալու: Դեռ Ջավախքի ու հայոց անձնվեր Տարասներն իրենց գործն անելու են: Մոտ է այդ օրը, թող ոչ ոք չկասկածի… Քցի զարերդ…

գրի առավ՝ Վահե Սարգսյանը

02.03.10 7or.am



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ