ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, March 5, 2010 2:08 - 8 քննարկում

Անբարո հայտարարություններ ԱՄՆ-ի կոնգրեսում. «Ես հարգանքով դեմ եմ քվեարկում հայոց ցեղասպանության ընդունումը»:

ԼՈԲԲԻՆԵՐԻ «ԱՀԵՂ» ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՎԱՐՏՎԵՑ ԹԻՎ 252 ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՄԱՄԲ

Ցեղասպանության ականատես երեք հայեր, երկու կին` 98-ամյա, եւ մի տղամարդ` 105-ամյա, երեկ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում էին` տեսնելու եւ զգալու իրենց ապրած ողբերգության ամերիկյան մոտեցումները: Ինչպես նկատեց կոնգրեսական Աքերմանը, դիմելով իր գործընկերներին. «Հիմա ի՞նչ անենք, ասենք այս մարդկանց, որոնց` Ամերիկայի տարբեր մասերից այստեղ հասնելու համար, օգնել են ուրիշ մարդիկ, ասենք նրանց գնացե՞ք հաջորդ տարի կգաք: Այսօր այն օրն է, որ այս խնդիրը պետք է լուծվի»:

Մեկ այլ կոնգրեսականՙ Նյու-Ջերսի նահանգը ներկայացնող Սմիթը շեշտեց, որ հայկական բանաձեւի ընդունումը հենց բխում է հայ-թուրքական շահերից, եւ ոչ մի կերպ չի կարող խոչընդոտել դրանց հետագա խորացմանը:« Որպես մարդու իրավունքների առաջամարտիկ ԱՄՆ-ի համար պարզապես հրամայական է ընդունել այսօր այս բանաձեւը: Հարգելիներս, հենց մեր ազգային արխիվները լի են ցեղասպանության վերաբերյալ փաստերով, Օսմանյան կայսրությունում հենց մեր դեսպանն է հուշագրեր գրել այս կապակցությամբ», սա Կալիֆորնիան ներկայացնող կոնգրեսական Փալոնի խոսքերն են: Իսկ նիստը նախագահող Բերմանը հիշեցրեց իր գործընկերներին, որ ոչ միայն ԱՄՆ-ի, այլ նաեւ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, նույնիսկ առաջին աշխարհամարտում Թուրքիայի դաշնակիցներ` Գերմանիայի, Ավստրիայի եւ Հունգարիայի պետական արխիվները նույնպես լի են փաստերով. «Չնայած Թուրքիան մեզ համար կարեւոր երկիր է, բայց նա պետք է ընդունի իր անցյալը: Ես կոչ եմ անում ընդունել բանաձեւը», ասաց Բերմանը:

Տեղեկացնենք նաեւ, որ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նիստին հյուրի կարգավիճակով մասնակցում էին Հայաստանի Ազգային Ժողովից 3 պատգամավորներ, իսկ թուրքական Մեջլիսից` 8 հոգի` Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանի գլխավորությամբ, ինչպես նաեւ ԱՄՆ-ում Հայաստանի եւ Թուրքիայի դեսպանները:

Իսկ Հայոց ցեղասպանությունը դատապարտող 252-րդ բանաձեւը իրենից ներկայացնում է 30 կետանոց մի փաստաթուղթ, որով կոչ է արվում ԱՄՆ նախագահին երկրի արտաքին քաղաքականության մեջ պատշաճ վերաբերմունք ցուցաբերել մարդու իրավունքներին, էթնիկ զտումներին, Հայոց ցեղասպանության դատապարտմանը: Փաստաթուղթը հիմնավորում է, որ Օսմանյան կայսրությունում 1915-1923-ին բռնի տեղահանվել են 2մլն հայեր, որոնցից 1,5մլն սպանվել են, իսկ 500 հազարը վտարվել են երկրից, որտեղ «հայերն ապրում էին շուրջ 2500 տարի»: Փաստաթղթին կից քաղաքականության հռչակագրում կոչ է արվում ԱՄՆ նախագահին, որ վերջինս` երկրի հայ համայնքին ուղղված ամենամյա ապրիլ 24-յան իր ուղերձում արտասանի Ցեղասպանություն բառը:

Ահա այպիսի, ոչ պարտադիր ուժ ունեցող բանաձեւ էր երեկ քննարկում Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձանաժողովը, որը, ինչպես նկատեց կոնգրեսական Փալոնը, ուղղված չէ ժամանակակից Թուրքիայի դեմ. «Մենք խոսում ենք Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածի մասին», ընգծեց Փալոնը: Սակայն Ինդիանա նահանգից կոնգրեսական Փենսը չի կարծում, որ ժամանակակից Թուրքիային չի վերաբերի բանաձեւի ընդունումը. «Ես կարծում եմ, որ Հայոց ցեղասպանությունը եղել է, չի կարելի մոռանալ 1,5մլն քրիստոնյաների սպանության փաստը, սակայն ես, չմոռանալով տուժած եւ տառապած հայ ընտանիքների մասին, հայտարարում եմ, որ Թուրքիան մեզ համար ռազմավարական գործընկեր է: Նա մեզ օգնում է Աֆղանստանում եւ Իրանում իրականացվող մեր ծրագրերի մեջ: Ես հարգանքով հրաժարվում եմ կողմ քվեարկել այս բանաձեւին», ասաց Փենսը: «Հարգանքով դեմ» քվեարկելու իր որոշումը բարձրաձայնեց նաեւ Թենեսի նահանգից կոնգրեսական Թենները. «Ես կարծում եմ, որ բանաձեւի ընդունման համար ընտրված ժամանակը չի բխում ոչ Թուրքիայի, ոչ Հայաստանի, ոչ էլ ԱՄՆ-ի շահերից», ասաց Թենները, նկատի ունենալով Հայաստան-Թուրքիա Արձանագրությունները: Կոնգրեսական Ֆորտենբերին առաջարկեց հանձնաժողովին հետաձգել հարցի քննարկումը մինչեւ «երկու երկրները իրենք համաձայնության գան այս հարցի շուրջ» .«Ես ի՞նչ պատասխան պետք է տամ իմ ընտրողներին` այն զինվորների ծնողներին, որոնք Աֆղանստան եւ Իրաք են ուղարկել իրենց զավակներին, որ քվեարկեցի բանաձեւին կողմ, ու դրանով վտանգի առջեւ կանգնեցրի իրենց զավակների՞ն` մեր զինվորների՞ն: Ժամանակը ճիշտ չէ ընտրված», ասաց Ֆորտենեգրին, որին անմիջապես հակասեց նախագահող Բերմանը. «Ես 27 տարի է Կոնգրեսում եմ եւ չեմ տեսել այս բանաձեւի համար քվեարկման հարմար պահ, հիմա ի՞նչ անենք, առհասարա՞կ չանդրադառնանք այս խնդրին` պատճառաբանելով ժամանակը»:

Հանձնաժողովը հայկական բանաձեւի քվեարկմանն անցավ Երեւանի ժամանակով ժամը 23:15-ին, ավելին քան մեկ ժամ անց(որովհետեւ բանաձեւին կողմ քվեարկող կոնգրեսականներից 4-ը «տարօրինակ պայմաններում» ուշանում էին քվեարկումից), ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձանաժողովը հայտարարեց, որ կողմ է Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունմանը: Ընդ որում դեմ արտահայտված կոնգրեսականներից եւ ոչ մեկը չժխտեց ցեղասպանության փաստը, պարզապես ` «ժամանակը չէ, եւ Թուրքիան մեր բարեկամն է»: Մեջլիսի հանձնաժողովի նախագահ Մերջանի եւ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Թանի «վազվզոցը» նիստերի դահլիճով, փաստորեն ապարդյուն անցան ԱՄՆ որդեգրած քաղաքական դիրքորոշման դիմաց: 23 կոնգրեսմեն այո ասացին ցեղասպանությանը, 22` ոչ: Այո:

Այսքանից հետո Անկարային ոչինչ չէր մնում, քան հետ կանչել Վաշինգտոնում իր դեսպան Անիք Թանին:
* ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ



8 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

A,Askojan
Mar 5, 2010 7:12