ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Friday, March 5, 2010 3:41 - 1 քննարկում
Վարդան Այգեկցի
Վարդան Այգեկցի
* 1 ԳԱՐՈՒ ՀԱՇԻՎ
* 2 ԱՅՐԻ ԿԻՆԸ ԵՎ ԻՐ ՈՐԴԻՆ
* 3 ԱՅԾԵՐ ԵՎ ԳԱՅԼԵՐ
* 4 ԱՌՅՈՒԾՆ ՈՒ ԱՂՎԵՍԸ
* 5 ԱՌՅՈՒԾԸ, ԳԱՅԼԸ ԵՎ ԱՂՎԵՍԸ
* 6 ԳԻՆԻ
* 7 ՄԻԱՄԻՏ ԳՈՂԵՐԸ
* 8 ԻՇխԱՆԸ ԵՎ ԱՅՐԻ ԿԻՆԸ
* 9 ԻՄԱՍՏՈՒՆ ԶԻՆՎՈՐԸ
* 10 ԹԱԳԱՎՈՐՆ ՈՒ ՕՁԸ
* 11 ԱՌՅՈՒԾԸ, ԱՂՎԵՍՆ ՈՒ ԱՐՋԸ
* 12 ՄԻ ԿԱԹ ՄԵՂՐԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՃԱՌ
* 13 ԿՏԱԿ ԳԱՆՁԻ ՄԱՍԻՆ
* 14 ՈՒՂՏԸ, ԳԱՅԼՆ ՈՒ ԱՂՎԵՍԸ
* 15 ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐ ԿՌՈՒՆԿԸ ԵՎ ԷՇԸ
* 16 ԵԶԸ ԵՎ ՁԻՆ
* 17 ՀԻՄԱՐԸ ԵՎ ՁՄԵՐՈՒԿԸ
* 18 ԷՇԻՆ ԹՈՌ ԾՆՎԵՑ
* 19 ԱՂՔԱՏՆ ՈՒ ԱՎԵՏԱՐԱՆԸ
* 20 ՄԱՐԴԸ, ԸՆԿՈՒՅԶԸ ԵՎ ՁՄԵՐՈՒԿԸ
* 21 ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ՋՐԱՂԱՑԸ
* 22 ԱՄԵՆԱՏԳԵՏ ՄԱՐԴԸ
* 23 ԱՂՎԵՍՆ ՈՒ ՈՐՍՈՐԴԸ
* 24 ԻՇխԱՆԱՎՈՐԸ ԵՎ ԻՄԱՍՏՈՒՆԸ
* 25 ԱՂՎԵՍԸ ԵՎ ԹՂԹԱՏԱՐ ԳԱՅԼԸ
* 26 ԱՅՐԻ ԿԻՆԸ ԵՎ ԽՈՐԹ ՈՐԴԻՆ
* 27 ՀԱԼԱԼ ՄԱՐԴԸ
* 28 ԱՌՅՈՒԾՆ ՈՒ ՄԱՐԴԸ
* 29 ՄՈՒԿԸ ԵՎ ՈՒՂՏԸ
* 30 ԳԱՅԼԸ, ԱՂՎԵՍՆ ՈՒ ՋՈՐԻՆ
* 31 ԳՈՂ ՔԱՀԱՆԱՆ ԵՎ ԱՅՐԻ ԿԻՆԸ
* 32 ԴՐԱԽՏԸ ԵՎ ԳԵՂՋՈՒԿ ՄԱՐԴԸ
* 33 ԵՐԿՈՒ ՆԿԱՐԻՉ
* 34 ԻՄԱՍՏՈՒՆ ԴԱՏԱՎՈՐԸ
[edit] ԳԱՐՈՒ ՀԱՇԻՎ
Մի մարդ կալից գրաստով գարի Էր կրում տուն: Եվ քուռակը մոր հետ գնում Էր ու ետ դառնում: Իսկ տանը, ուր կրում Էին գարին, մի խոզ կար կապած, որին գիրացնում Էին: Գարին նրանից անպակաս Էր, որպեսզի ուտի և գիրանա: Քուռակն ասաց մորը.
— Ինչո՞ւ համար այն խոզը առանց աշխատանքի ուտում Է գարին, որ մենք կրում ենք մեծ դժվարությամբ, իսկ մեզ, որ չարչարվում ենք, օրը մի անգամ են գարի տալիս: Մայրն ասաց.
— Լսիր, որդյակ, մի շաբաթ ևս համբերիր, ես քեզ պատասխան կտամ ու քո աչքով կտեսնես: Մի շաբաթ հետո Էշը և քուռակը բեռով տուն Էին գալիս: Քուռակը մորից առաջ Էր գնում և լսեց ուժեղ խռնչոցի ձայն, որովհետև խոզը մորթում Էին: Քուռակը խրտնեց և ետ փախավ դեպի մայրը: Մայրն ասաց.
— Ի՞նչ եղավ քեզ, որդյակ, որ սոսկում ես. մի վախենար խոզից, որովհետև նրանից գարու հաշիվ են ուզում: Դարձյալ եկան կալը՝ գարի կրելու: Եվ երբ բարձված վերադարձան տուն, քուռակը բարձրացնելով ոտքի սմբակը, մորն ասաց.
— Ո՛վ մայր, տես թե ոտքիս չի՞ փակչել գարու մի հատ, որ ինձնից Էլ հաշիվ ուզեն, ինչպես խոզից:
[edit] ԱՅՐԻ ԿԻՆԸ ԵՎ ԻՐ ՈՐԴԻՆ
Մի այրի կին ուներ տաս այծ և մի որդի: Ամեն օր որդին այծերը տանում էր արոտ, և մայրն ամեն օր մի շերեփ ջուր էր լցնում կաթի մեջ ու փոխ էր տալիս հարևաններին:
Եվ որդին մորն ասաց, թե ինչու ես այդպես ջուր լցնում կաթի մեջ ու փոխ տալիս հարևաններին: Մայրն ասաց.
— Որդի, մեր կաթը քիչ է, նրա համար եմ անում, որ մեր կաթը մի քիչ ավելի լինի, որ ձմեռը մեզ թացան լինի:
Իսկ մի օր, երբ որդին այծերն արոտ էր տարել, երկնքում ծնվեց մի փոքր ամպ, անձրև եկավ, հեղեղ եղավ և այծերը սրբեց լցրեց գետը: Որդին տուն եկավ արևով ու դատարկ, ձեռքին միայն փայտը:
— Որդի՛, ո՞ւր են այծերը, և ինչո՞ւ դու այսօր արևով եկար: Որդին ասաց.
— Մայրիկ, այն մի շերեփ ջուրը, որ խառնում էիր կաթին ու փոխ տալիս հարևաններին, հավաքվեց, հեղեղ դարձավ ու եկավ մեր այծերը տարավ, լցրեց գետը:
[edit] ԱՅԾԵՐ ԵՎ ԳԱՅԼԵՐ
Հավաքվեցին այծերը միասին և պատգամ ուղարկեցին գայլերի ազգին ու ասան, թե ինչու մեր մեջ լինի անհաշտ խռովություն և ոչ թե խաղաղություն: Հավաքվեցին գայլերը և շատ ուրախացան, նամակով պատգամ ուղարկեցին այծերի ազգին, նաև անթիվ ընծաներ: Եվ գրեցին այծերին.
«Լսեցինք ձեր բարի խորհուրդը և գոհ ենք աստծուց, որովհետև մեզ համար մեծ խնդություն է և խաղաղություն, նաև իմացնում ենք ձերդ իմաստության, որ հովիվն ու շներն են պատճառը և սկիզբ մեր խռովության և կռվի: Եվ եթե նրանց վերացնենք մեջտեղից, շուտով խաղաղություն կլինի»:
Լսեցին այծերը, հաստատեցին և ասացին.
— Իրավացի են գայլերը, որ մեզ սպանում են, որովհետև շները և հովիվը նրանց հալածում են մեզնից:
եվ այծերը վտարեցին շներին ու հովվին և երդվեցին, որ հարյուր տարի մնան անխախտելի սիրով: Այծերը ցրվեցին լեռներն ու դաշտերը և սկսեցին ուրախ լինել, ցնծալ ու խաղալ, որովհետև արածում էին լավ արոտներում, ուտում էին համեղ խոտեր, խմում էին պաղ ջրեր, խնդում էին ու վազվզում, փառք տալով, որ հասան լավ ժամանակի:
Գայլերը համբերեցին հարյուր օր, ապա հավաքվեցին դաս-դաս, ընկան այծերի վրա և կերան:
[edit] ԱՌՅՈՒԾՆ ՈՒ ԱՂՎԵՍԸ
Մի առյուծ կորյուն ծնեց: Հավաքվեցին կենդանիները կորյունին տեսնելու և ուրախանալու: Աղվեսը եկավ և հանդեսի ժամանակ, բազմության մեջ, առյուծին նախատեց բարձրաձայն ու անարգեց, թե այդ է քո զորությունը, որ ծնում ես միայն մի կորյուն և ոչ բազմաթիվ:
Առյուծը հանդարտաբար պատասխանեց.
— Այո՛, ես ծնում եմ մի կորյուն, բայց առյուծ եմ ծնում և ոչ քեզ նման աղվես:
[edit] ԱՌՅՈՒԾԸ, ԳԱՅԼԸ ԵՎ ԱՂՎԵՍԸ
Առյուծը, գայլը և աղվեսը եղբայրացան ու որսի ելան: Գտան մի խոյ, մի մաքի և մի գառ: ճաշի ժամին առյուծն ասաց գայլին, թե բաժանիր մեր մեջ այդ որսը: Գայլն ասաց.
— Ո՛վ թագավոր, աստված արդեն բաժանել է. խոյը քեզ, մաքին ինձ և գառն աղվեսին: Առյուծը բարկանալով ապտակ զարկեց գայլի ծնոտին: Գայլի աչքերը դուրս թռան, և նա նստեց ու դառն լաց եղավ: Առյուծն ասաց աղվեսին, թե բաժանիր ոչխարները մեր մեջ: Աղվեսն ասաց.
— Ո՛վ թագավոր, աստված արդեն բաժանել է. խոյը քեզ՝ ճաշին, մաքին քեզ՝ հրամենքին, գառը քեզ՝ ընթրիքին:
Եվ առյուծն ասաց.
— Ո՛վ խորամանկ աղվես, քեզ ո՞վ սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել: Աղվեսն ասաց.
— Ինձ սովորեցրին գայլի աչքերը, որ դուրս թռան:
[edit] ԳԻՆԻ
Մի թագավոր մի որդի ուներ: Նա հրամայեց նայիպներին, թե ամեն օր ձեզնից մեկը թող տանի իմ որդուն և պատվի: Եվ տանում էին:
Մի օր մի նայիպ պատվելու էր տարել թագավորի որդուն: Երեկոյան նրան տարավ թագավորի տունը և ինքը գնաց:
Թագավորի որդին խիստ գինով էր: Նա հարբած դուրս եկավ ընկավ աղբանոցը և մեռավ:
Թագավորը հրամայեց, թե իմ իշխանության ներքո ինչքան այգի կա փակեք և կարասները կոտրատեք: Այդպես արին:
Մի այրի կին մի որդի ուներ: Նա պահեց իր հնձանն ու գինին: Ամեն առավոտ ու երեկո հացի վրա երկու թաս գինի էր տալիս որդուն:
Այրի կնոջ որդին մի գիշեր դուրս եկավ, սպանեց թագավորի առյուծին: Թագավորն առավոտյան հրամայեց՝ եթե իմ առյուծին սպանողը գա և ինձ պատմի՝ նրան չեմ պատժի:
Եկան այրի կինը և նրա որդին:
Թագավորը նրան հարցրեց, թե ինչպե՞ս սպանեցիր առյուծին: Նա ասաց, թե գիշերով դուրս եկա, հանդիպեցի առյուծին և սպանեցի: Մայրն ասաց, թե նրան գիշերով է սնուցել և պատմեց, թե ինչպես է գինով սնուցել:
Թագավորը հրաման արձակեց, թե այգի տնկեք և գինին այնպես խմեք, որ առյուծ սպանեք, ոչ թե աղբանոցում մեռնեք:
[edit] ՄԻԱՄԻՏ ԳՈՂԵՐԸ
Երկու գող բարձրացան մի մեծատան կտուր և կամեցան երդիկով վայր իջնել ու գողություն անել: Մեծատունն իմացավ, որ գողերը երդիկի մոտ են: Կինը մարդուն ասաց, թե այս բոլոր գանձերը, ոսկին և կերպասը քեզ որտեղի՞ց: Մեծատունն ասաց.
— Գնում էի գողության, մեծատուն մարդկանց երդիկով իջնում էի լուսնկա գիշերով, ինչպես այժմ, լուսնի շողերը երդիկից ներս էին ընկնում, ինչպես այժմ: Ես գրկում էի շողերի սյունը, վայր էի իջնում և այնպիսի մի բան էի ասում, որ ինչքան գեղեցիկ կերպաս կար այդ տանը, երևում էր ինձ: Կապում էի լուսնի շողերին և վեր բարձրանում: Այս ամենն այդպես եմ վաստակել:
Երբ գողերն այդ բանը լսեցին, խիստ ուրախացան և հավատացին այս ցնորամիտ բանին և լուսնի շողերը գրկելով երդիկից վայր ընկան ու ջարդվեցին:
[edit] ԻՇխԱՆԸ ԵՎ ԱՅՐԻ ԿԻՆԸ
Մի իշխան կար խիստ չար և անիրավ: Նույն քաղաքում ապրում էր նաև մի այրի կին: Իշխանը հարկ պահանջելով նեղում էր նրան, իսկ այրի կինը աղոթում էր, որ իշխանը երկար ու խաղաղ կյանք ունենա: Գնացին ասացին իշխանին, թե քո չարության համար այրին աղոթում է:
Իշխանը եկավ և ասաց.
— Ես քեզ բարիք չեմ արել, ով կին, դու ինձ համար ինչո՞ւ ես աղոթում:
Այրի կինն ասաց.
— Քո հայրը վատ մարդ էր. ես անիծեցի, և նա մեռավ: Դու նստեցիր նրա տեղը՝ ավելի խիստ չար: Այժմ վախենում եմ, որ մեռնես և քո որդին քեզնից ավելի չար լինի:
[edit] ԻՄԱՍՏՈՒՆ ԶԻՆՎՈՐԸ
Մի իմաստուն զինվոր պատերազմ էր գնում, նա երկու ոտքով կաղ էր:
Զինվորներից մեկը նրան ասաց. «Ո՛վ ողորմելի, ուր ես գնում: Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող»:
Իսկ նա ասաց. «Ո՛վ անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, կռվելու և հաղթելու»:
[edit] ԹԱԳԱՎՈՐՆ ՈՒ ՕՁԸ
Կար մի թագավոր և ուներ մի սիրելի օձ, որն ամեն օր նրան բերում էր մի կարմիր դահեկան: Թագավորն ունեցավ մի մանուկ, որին սնուցում էր գահի վրա: Նա օձը նետում էր մանկան պարանոցով, և օձն ու մանուկը այդպես խաղում, էին: Երբ մանուկը մեծացավ, մի անգամ խաղի ժամանակ սուրը հանեց, կտրեց օձի պոչը և գետին գցեց: Օձը զայրացավ, խատեց մանուկին, և մանուկն իսկույն մեռավ: Օձը գնաց օտար երկիր: Երբ թագավորը եկավ ու տեսավ մանուկին օձի թույնից սևացած ու մեռած, օձի պոչը գետնին ընկաց, իմացավ, որ իր մանուկն է թրով կտրել օձի պոչը: Նա սգաց որդուն, տարավ թաղեց գերեզմանում: Անցավ մի առ ժամանակ, և թագավորը խնդրատուներ ուղարկեց այն օձի մոտ և ասաց.
— Գիտեմ, որ առաջ իմ որդին է ծռություն արել. նա կտրել է քո պոչը, ապա դու կծել ես նրան: Ինչ որ եղավ՝ եղավ, և իզուր գնացիր: Արի, և մենք առաջվա նման կսիրենք իրար ու միասին կապրենք:
Իսկ օձը պատասխան տվեց և ասաց.
— Այդպես չէ. քանի որ ես պիտի նայեմ իմ պոչի վրա, իսկ դու քո որդու գերեզմանին, ուրեմն մեր միջից թշնամությունը չի վերանա: Լավն այն է, որ դու և ես իրարից հեռանանք, որպեսզի ուրիշ մեծ չարիքներ չծնվեն մեր մեջ:
[edit] ԱՌՅՈՒԾԸ, ԱՂՎԵՍՆ ՈՒ ԱՐՋԸ
Առյուծը հիվանդացավ, և բոլոր կենդանիները եկան նրան տեսության, միայն աղվեսն ուշացավ: Արջը չարախոսեց նրան, իսկ աղվեսը դռան ետևից լսեց և ներս ընկնելով, թավալվեց առյուծի առաջ:
Առյուծն ասաց աղվեսին. «Բարի ժամի չեկար, գարշելի, ասա ինձ, ինչո՞ւ ուշացար»:
Աղվեսն ասաց. «Մի՛ բարկանար, բարի թագավոր, երդվում եմ քո գլխով, որ քո առոդջության համար այցելեցի շատ բժշկապետների և մեծ չարչարանք քաշեցի, բայց իմացա դեղը քո բժշկության»:
Եվ առյուծն ասաց. «բարի եկար, իմաստուն կենդանի, ի՞նչն է քո դեղը»:
Աղվեսն ասաց. «Խիստ պիտանի է և դյուրին. բժշկապետներն ասացին, թե կենդանի հանեք արջի մորթին և տաք-տաք գցեք առյուծր վրա, մորթին իսկույն ցավը կհանի հիվանդից»:
Առյուծը հրամայեց, բռնեցին արջին և սկսեցին մորթին հանել: Իսկ նա վայում էր և ուժեղ ոռնոց արձակում:
Աղվեսն ասաց. «Այդ ամենը քեզ և նրան, ով արքունիք մտնելով կչարախոսի մեկին»:
[edit] ՄԻ ԿԱԹ ՄԵՂՐԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՃԱՌ
Մի մարդ խանութ ուներ և մեղր էր ծախում: Մեղրից մի կաթիլ կաթեց գետնին և մի պիծակ նստեց կաթի վրա: Կատուն վազեց և պիծակին առավ: Նրանից հետո շունը վազեց և կատվին առավ: Խանութի տերը շանը զարկեց և սպանեց: Այդ գյուղին դրացի մի գյուղ կար, և շունն այն գյուղից էր: Երբ շան տերն իմացավ, թե խանութպանն սպանել է իր շանը, այն ժամանակ եկավ և սպանեց խանութպանին: Հետո երկու կողմից վեր կացան գյուղացիք և միմյանց հետ մեծ պատերազմ արին: Նրանց մեջ կոտորած եղավ, և երկու կողմից կենդանի մնաց մի մարդ մի կաթիլ մեղրի համար:
[edit] ԿՏԱԿ ԳԱՆՁԻ ՄԱՍԻՆ
Մի իմաստուն և աղքատ մարդ ուներ ծույլ որդիներ: Մահվան ժամին նա կանչեց որդիներին և ասաց.
— Ո՛վ զավակներ, իմ նախնիները շատ գանձ են թողել մեր այգում, բայց ես ձեզ ցույց չեմ տա նրա տեղը: Այդ գանձը կգտնի նա, ով շատ աշխատի և խոր փորի:
Հոր մահից հետո որդիներն սկսեցին աշխատել մեծ եռանդով և խորն էին փորում, որովհետև յուրաքանչյուրն աշխատում էր, որ ինքը գտնի գանձը:
Այգին սկսեց աճել ու զորանալ, առատ բերք տվեց և նրանց հարստացրեց գանձերով:
[edit] ՈՒՂՏԸ, ԳԱՅԼՆ ՈՒ ԱՂՎԵՍԸ
Ուղտը, գայլն ու աղվեսը եղբայրացան և ճանապարհ ընկան: Ճանապարհին գտան մի բլիթ հաց և միմյանց ասացին, թե ով ավագ է, թող նա ուտի: Եվ սկսեցին ասել իրենց տարիքը: Աղվեսն ասաց.
— Ես այն աղվեսն եմ, որի անունը Ադամը դրեց:
Գայլն ասաց.
— Ես այն գայլն եմ, որին Նոյը տապանն առավ:
Ուղտը տեսնելով, որ նրանք իրենից ավագ դուրս եկան և հացը պիտի ուտեն, հացը բերանն առավ և բարձրացնելով՝ ասաց.
— Մի՞թե ես երեկվա տղան եմ, որ այսչափ մեծացրել եմ իմ սրունքները:
Եվ սկսեց հացն ուտել: Իսկ աղվեսը և գայլը ցատկելով նրա շուրջը, ոչինչ չկարողացան անել և փախան:
[edit] ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐ ԿՌՈՒՆԿԸ ԵՎ ԷՇԸ
Հավաքվեցին թռչունները և ասացին, թե ում ձայնը զորավոր է, նրան մեզ թագավոր դնենք, որպեսզի պատերազմի ժամին կանչի մեզ:
Կռունկը երկինք բարձրացավ և գոչեց. նրան հավանեցին թռչունները և օծեցին թագավոր:
էշը եկավ և ասաց.
— Ա՛յ, եթե ինձ ոտի տակ անեիք, որ նրա փոխարեն ե՛ս բարձրանայի, դուք կլսեիք, թե ում ձայնն է զորավոր:
[edit] ԵԶԸ ԵՎ ՁԻՆ
Եզը և ձին խոսեցին իրար հետ: Եզն ասաց.
— Դու ով ես, կամ ի՞նչի պետք ես:
Ձին ասաց.
— Ես ձին եմ, ինձ թագավորները, իշխանները և պարոնները զարդարում են ոսկով և արծաթով ու բազմում են ինձ վրա:
Եզն ասաց.
— Ամբողջ աշխարհի բարեկեցությունն եմ ես, որովհետև ես եմ վաստակում, չարչարվում և հոգնում, իսկ դու և քո թագավորն ուտում եք: Բոլոր մարդիկ ուտում են իմ վաստակը, եթե չվաստակեմ, դու և քո թագավորն իսկույն կմեռնեք: Եվ դու երախտամոռ մի լինիր:
[edit] ՀԻՄԱՐԸ ԵՎ ՁՄԵՐՈՒԿԸ
Մի հիմար և միամիտ մարդ ուներ մի դահեկան: Առնելով դահեկանը նա գնաց քաղաք մի էշ գնելու: Շրջեց քաղաքում և շուկայում, մի դահեկանի էշ չգտավ, նորից եկավ շուկա, տեսավ մի մեծ ձմերուկ և հիացած հարցրեց.
— Այս ի՞նչ է:
Վաճառականներն իմացան, որ նա հիմար է և ասացին, թե հնդու էշի ձու է և կհանի հնդու մեծ էշ: Մարդը ուրախանալով տվեց դահեկանը և առավ հնդու էշի ձուն: Վաճառականները նրան պատվիրեցին, թե ձեռքիդ զգույշ տար, թե չէ կկոտրվի և էշը միշից կփախչի: Մարդը ձմերուկը ձեռքին սկսեց գնալ զառիվայր ճանապարհով, ոտքը սայթաքեց, ձմերուկը ձեռքից դուրս պրծավ և գլորվեց խիտ անտառի մեջ: Անտառից մի նապաստակ վազեց և սկսեց փախչել, իսկ մարդը կարծեց, թե ձուն կոտրվել է և ահա էշը դուրս է եկել ու փախչում է: Նա ետևից վազելով կանչում էր նապաստակին ու ձայն տալիս.
– Ա՛յ հնդու էշ, վայ ինձ, մի՛ փախչիր, քուռի՛, քուռի՛, խնայիր ինձ և վերադարձիր:
[edit] ԷՇԻՆ ԹՈՌ ԾՆՎԵՑ
Էշին ավետիս տվին՝ թե ցնծա, ուրախ եղիր ու մեծ ընծա պարգևիր, որովհետև քեզ թոռ ծնվեց:
Եվ էշն ասաց. — Վայ ինձ, բարեկամներ, եթե հարյուր թոռ էլ ծնվի, իմ մեջքի բեռան ծանրությունը չեն թեթևացնի:
[edit] ԱՂՔԱՏՆ ՈՒ ԱՎԵՏԱՐԱՆԸ
Մի աղքատ գյուղ եկավ ու մտավ գյուղի եկեղեցին, որ խարխուլ էր և անձրևի ժամանակ կաթում էր: Աղքատը անձրևից թրջվել էր: Նա քաղցած էր, հագել էր պատառոտուն զգեստ, դողում էր, հոգնել էր ճանապարհից: Ներս մտավ քահանան, սկսեց ժամ ասել: Առավ ավետարանը և կարդաց այն էջը, ուր գրված էր, թե օտարական էի՝ ընդունեցիք ինձ, մերկ էի՝ հագցրիք ինձ, քաղցած էի՝ կերակրեցիք ինձ, ծարավ էի՝ հագեցրիք ինձ:
Աղքատը լսեց և ուրախացավ. «Այս ինձ համար է ասված, շուտով կկատարեն իմ կամքը»: Քահանան ժամն արձակեց ու գնաց տուն, աղքատին թողեց եկեղեցու մեջ և հոգ չտարավ նրա մասին: Աղքատը մտածեց. «Այն գիրը, որ կարդաց, սուտ էր»: Առավ ավետարանը, վրան քար դրեց և սուզեց ջրի մեջ: Քահանան եկեղեցի գալով, ավետարանը չգտավ և աղքատին ասաց.
— Ո՞ւր է ավետարանը: Աղքատն ասաց քահանային.
— Ի՞նչ ես անում սուտ ավետարանը, ես տարա ջուրը գցեցի:
Քահանան բարկանալով սկսեց ծեծել աղքատին: Աղքատն ասաց.
— Ինչո՞ւ ես ծեծում ինձ, անիրավ, եթե հավատում ես, թե ավետարանն աստծու ճշմարիտ խոսքն է, ապա ինչո՞ւ չես կատարում նրա կամքը: Որովհետև ես օտարական եմ, և ինձ չեք ընդունում, մերկ եմ, և ինձ չեք հագցնում, քաղցած եմ՝ չեք կերակրում, ծարավ եմ՝ ջուր չեք տալիս: Մի՞թե աստված այդ բաների պակասությունն ուներ և այդ ամենն իր համար ասաց:
[edit] ՄԱՐԴԸ, ԸՆԿՈՒՅԶԸ ԵՎ ՁՄԵՐՈՒԿԸ
Մի մարդ ընկույզի ծառի տակ ձմերուկ էր ցանել: Պտուղի ժամանակ եկավ, տեսավ մեծ-մեծ ձմերուկները, նայեց ծառին, տեսավ, որ ընկույզը մանր էր: Մարդն ասաց.
— Տե՛ր աստված, ինչ որ ստեղծել ես՝ ամենը կարգին է և մի բանի նման: Իսկ այս երկու պտուղը անկարգ են և բանի նման չեն:
Մարդն ասում էր, որ ընկույզի տեղ ձմերուկ պիտի լիներ ծառին և ընկույզը ձմերուկի թփի վրա: Նա պառկեց ծառի տակ, նայեց ծառին: Հանկարծ մի ընկույզ պոկվեց ծառից, ընկավ նրա ճակատին, ճակատը պատռեց և արյուն եկավ: Մարդը վեր կացավ տեղից և աղաղակեց.
— Տե՛ր աստված, ինչ որ ստեղծել ես, ամենը կարգին է ու կատարյալ և ով չհավանի քո ստեղծածը, նրա ճակատը թող իմից լավ լինի, որովհետև եթե ընկույզի տեղ ձմերուկ լիներ, ինձ պիտի սպաներ:
[edit] ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ՋՐԱՂԱՑԸ
Եկեղեցին պարծեցավ իր սրբությամբ և ասաց.
— Ես աստծու տաճարն եմ. քահանաներն ու ժողովուրդը դեպի ինձ են գալիս աստծուն աղոթելու և պատարագ մատուցելու: Աստված հաշտվում է աշխարհի հետ և մեղքերին թողություն է լինում:
Այն ժամանակ ջրաղացն ասաց եկեղեցուն. — Ինչ որ դու ասում ես, արդար է և ճշմարիտ, բայց դու իմ երախտիքը մի՛ մոռանա, որ գիշեր-ցերեկ աշխատում եմ և դատում ա՛յն, ինչ ուտում են քահանաներն ու ժողովուրդը, և ապա քեզ են տալիս աղոթելու և երկրպագելու աստծուն:
[edit] ԱՄԵՆԱՏԳԵՏ ՄԱՐԴԸ
Մի թագավոր կամեցավ աշտարակ շինել: Աշտարակը քանի ցերեկը շինում էին, գիշերը փուլ էր գալիս: Նա հավաքեց իր գիտուններին ու պատճառը հարցրեց: Նրանք ասացին.
— Եթե կամենում ես, որ այլևս չփլչի, գտիր մի տգետ մարդ, որից ավելի տգետ մարդ չլինի, և նրան կենդանի դիր պատի մեջ, ու պատը թող շարեն, այլևս չի փլչի. Թագավորն ասաց.
— Այդ բանի ընտրությունը ևս դուք արեք, գտեք մի տգետ մարդ, որին կենդանի թաղեն պատի մեջ:
Գիտունները նստեցին միասին որոշելու, թե որտե՞ղ կարող են գտնել տգետ մարդ: Մեկն ասաց.
— Ձկնորսն է տգետ, քանի որ նրա առն ու տալը մարդու հետ չի, այլ ջրի և ձկների:
Իսկ ոմանք ասացին.
— Իշապանը, որ էշի հետ է լինում և իր ողջ կյանքն անց է կացնում գրաստի հետ, շրջելով լեռ ու անտառ:
Ոմանք ծովարարին ասացին, իսկ ոմանք հովվին, որ ամառ-ձմեռ ոչխարների հետ շրջում է լեռներում, չի մտնում գյուղ կամ քաղաք: Հավանություն տվին և կամեցան հովվին բերել:
Այն ժամանակ գիտուններից մեկն ասաց.
—Մեր թագավորը մի հովիվ ունի, որ ծնվել է սարում ոչխարների մեջ, սնվել է այնտեղ և իր կյանքում ոչ գյուղ է մտել, ոչ քաղաք:
Ուղարկեցին տասը ձիավոր, որպեսզի մարդուն բերեն: Ձիավորները գնացին գտան հովվին, որ կթում էր ոչխարը, և ողջունելով ասացին.
— Թագավորը քեզ կանչում է:
Հովիվն ասաց.
— Ես իմ կյանքում ոչ քաղաք եմ գնացել և ոչ գյուղ, ինձ ինչու է կանչում:
Իսկ նրանք խորամանկությամբ ասացին. «Չենք իմանում»: Հովիվը պատվեց նրանց, գառ մորթեց, պանիր բերեց, ուրախացրեց նրանց և երդմամբ հարցրեց կանչելու պատճառը: Նրանք ասացին, թե այս պատճառով է քեզ կանչում, որովհետև թագավորի գիտուններն ասել են, որ մի տգետ մարդու պետք է դնել պատի մեջ, որպեսզի պատը շեն մնա:
Այն ժամանակ հովիվը ծիծաղեց և ասաց.
— Հիմարը և տգետն այն գիտուններն են, որ այդպիսի ընտրություն են արել:
Նա մի ոչխար բերելով ասաց.
— Ես ձեզ ցույց կտամ իմ տգիտությունը: Եվ ասաց.
—Այս ոչխարը երկու գառ ունի փորում, մինը էգ է, մյուսը՝ որձ, մեկի գլուխը սև է, մյուսինը՝ սպիտակ: Ոչխարը մորթեց ու գառները փորից հանեց, այնպես էր, ինչպես ասաց: Մի այլ ոչխար բերելով, ասաց.
— Այս ոչխարը մեկ գառ ունի փորում, մարմինը սև է, գլուխն սպիտակ, ինքը որձ: Մորթեցին տեսան այնպես է: ձովիվն ասաց.
— Ոչխարի այս երկու հոտը, որ կա ձեր առաջ, ամեն մեկին գիտեմ, թե ո՛րն է ծնելու, ո՛րն է ստերջ, ո՛րն է որձ ծնելու, ո՛րը էգ, ո՛րը սև ու սպիտակ և ո՛րը սև ու սպիտակ պուտերով: Ձեր գիտունները կարո՞ղ են այդ իմանալ:
Ձիավորներն ասացին.
— Ո՛չ ամենևին:
Հովիվն ասաց.
— Ուրեմն իմացեք, որ ես չեմ այն հիմարը և տգետը, որին դուք փնտրում եք: Իսկ եթե կամենաք, ես ցույց կտամ տգետ մարդուն: Թագավորը թող իր նայիպին բռնի, թալանի և ինչ ունի՝ բոլորն առնի ու քաղաքի հրապարակում նրան կախի, չարաչար տանջի, որպեսզի բոլոր քաղաքացիները տեսնեն, ապա նայիպին թող տանեն թաքցնեն և ասեն, թե նրան սպանեցին: Երեք օր քաղաքում թող կանչեն, թե ի՛նչ մարդ որ գա և հանձն առնի նայիպի գործը, նրա բոլոր ապրանքն այդ մարդուն կտանք և նրան կնշանակենք թագավորի նայիպ: Ա՛յն մարդը, որ կտեսնի այդ խաղքը, կլսի, ինչ որ արին նայիպի գլխին և առաջանալով կասի, թե ես ուզում եմ լինել նայիպ, այդ մարդը և՛ հիմար է, և՛ տգետ, նրան բռնեցեք և կենդանի դրեք պատի մեջ, որպեսզի այլևս պատը չփլչի և շեն մնա: Նրանք եկան և թագավորին պատմեցին: Թագավորն արեց այնպես, ինչպես հովիվն ասել էր: Մինչդեռ քաղաքում կանչում էին, թե ով գա և հանձն առնի նայիպի գործն ու իշխանությունը, նա կստանա նրա ապրանքն ու հողը, մոտ վազեց մի անճարակ ու տխմար մարդ և ասաց, թե ես հանձն կառնեմ այդ գործը: Նրան հարցրին, թե տեսար ինչ արին նայիպի գլխին: Նա ասաց.
— Այո՛, տեսա:
Իսկույն առան նրան ու տարան, կենդանի դրին պատի մեջ, և պատը հաստատուն մնաց:
[edit] ԱՂՎԵՍՆ ՈՒ ՈՐՍՈՐԴԸ
Որսորդը շներով հետապնդում ու նեղում էր աղվեսին:
Աղվեսը դարձավ և ասաց.
— Աղաչում եմ քեզ, ասա, թե ինչո՞ւ համար ես ինձ նեղում:
Որսորդն ասաց.
— Որպեսզի հանեմ քո մորթին: Աղվեսը կանգնեց և ասաց.
— Տե՛ր աստված, փառք քեզ, որ սրա ուզածն այս է: Իսկ ես կարծում էի, թե ինձ ուզում է նշանակել մեր գավառի հավարած կամ թռչնոցի վանահաւր:
[edit] ԻՇխԱՆԱՎՈՐԸ ԵՎ ԻՄԱՍՏՈՒՆԸ
Կար մի աշխարհակալ իշխանավոր: Նա ուներ մի շատ գեղեցիկ տղա: Իշխանավորն ասաց, թե գեղեցիկ աղջիկ կառնեմ, որ կին լինի իմ որդուն՝ իմ գահը ժառանգող գեղեցիկ թոռներ ունենամ: Գնաց բերեց մի գեղեցիկ հարս, և դեռ թոռ չէր ունեցել, երբ որդին մեռավ ու հարսը մնաց: Նա ինքը կամեցավ հարսին առնել և հարցրեց իմաստուններին, թե կա՞ իրավունք: Նրանք ասացին, թե իրավունք չկա, որ հայրը հարսին առնի: Նա չկամեցավ լսել նրանց, գտավ մի լավ իմաստուն, որ նրա սիրելին էր, և այդ իմաստունն ասաց իշխանավորին.
—Աշխարհում յոթանասուներկու ազգ կա, և նրանցից ո՛չ մեկին չի հասնում, իսկ քեզ կհասնի:
Եվ իմաստունն ասաց.
— Վախենում եմ պատճառն ասել, որովհետև կսպանես ինձ:
Նա երդվեց չպատժել նրան, եթե պատճառն ասի:
Այն ժամանակ իմաստունն ասաց.
—Որովհետև դու ամեն ազգից դուրս ես. քեզ վրա իշխանություն չկա, ինչ կամենաս՝ կարող ես անել:
[edit] ԱՂՎԵՍԸ ԵՎ ԹՂԹԱՏԱՐ ԳԱՅԼԸ
Աղվեսը մի գրած թուղթ գտավ, տարավ գայլին ու ասաց.
— Այսքան ժամանակ աշխատեցի, բարեխոս մարդիկ մեջ գցեցի և իշխանից քեզ համար թուղթ հանեցի, մի ոչխար պիտի տա քեզ: Եվ ոչ շուն, ոչ մարդ քեզ չպիտի նեղեն:
Այդպես խաբեց գայլին և միասին գնացին մի գյուղ: Աղվեսը նստեց բլուրի վրա և թուղթը տվեց գայլին: Երբ գայլը գյուղ մտավ, վրա թափվեցին շներն ու մարդիկ և նրան գզեցին ու գանահարեցին: Արյունաթաթախ գայլը հազիվ ազատվելով հասավ աղվեսին: Աղվեսն ասաց.
— Ինչո՞ւ թուղթը ցույց չտվիր:
Գայլն ասաց.
—Ցույց չտվի, բայց գյուղում հազար շուն կար, որ գիր չգիտեր:
[edit] ԱՅՐԻ ԿԻՆԸ ԵՎ ԽՈՐԹ ՈՐԴԻՆ
Մի այրի կին ուներ մի կով, իսկ նրա խորթ որդին ուներ մի էշ: Խորթ որդին գողանում էր կովի կերը, տալիս էշին: Այրի կինն աստծուն աղաչեց, որ աստված էշին մեռցնի: Բայց կովը մեռավ, և այրին լաց եղավ ու ասաց. «Ո՛վ աստված, մի՞թե չկարողացար էշը կովից տարբերել»:
[edit] ՀԱԼԱԼ ՄԱՐԴԸ
ՄԻ երիտասարդ ուխտել էր հարամ բան ամենևին չուտել: Մի օր նա գնաց գետի ափը և տեսավ, որ ջուրը մի խնձոր է բերում: Երիտասարդն առավ խնձորը և կերավ անոթի: Ապա միտն ընկավ իր ուխտը, գնաց գետն ի վեր, գտավ մի այգի և իմացավ, որ խնձորն այդ այգուց էր: Երիտասարդն ասաց այգետիրոջը.
— Ողորմիր ինձ և առ խնձորի գինը կամ հալալ արա, որովհետև ես հարամ բան ամենևին չեմ կերել:
Բուրաստանի տերն ասաց.
— Կեսը, որ իմն է, հալալ քեզ, իսկ կեսը իմ եղբորն է, նրան տեր չեմ: Իմ եղբայրը հեռու է այստեղից վեց օրվա ճանապարհ:
Երիտասարդը ճանապարհ ընկավ և գտավ այն մարդուն, ասաց.
— Կամ առ քեզ կես խնձորի գինը և կամ հալալ արա ինձ: Մարդն ասաց.
— Ո՛չ գինը կառնեմ և ո՛չ հալալ կանեմ: Թե կուզես, որ հալալ անեմ, ես մի աղջիկ ունեմ, որ ո՛չ ականջ ունի, ո՛չ լեզու, ո՛չ ձեռք և ո՛չ ոտք. նրան քեզ կին առ, որ հալալ անեմ:
Երիտասարդն անճարացած առավ այդ աղջկան: Երբ առագաստ մտան, տեսավ որ աղջիկը բոլորովին առողջ էր: Երիտասարդն աներոջն ասաց, թե ինչո՞ւ էիր ծաղրում քո աղջկան: Եվ նա ասաց.
— Ես ճշմարիտ էի, որովհետև ծնված օրից իմ աղջիկն արեգակի լույսը երդից է տեսել, օտար մարդու ձայն չի լսել, օտարի հետ չի խոսել, ձեռքով մեղք չի շոշափել և ոտքը դռնից դուրս չի դրել: Ես քեզ նման հալալ մարդ էի ուզում, և ահա դու եկար՝
[edit] ԱՌՅՈՒԾՆ ՈՒ ՄԱՐԴԸ
Մի զորավոր առյուծ նստել էր ճանապարհին, և տեսակ-տեսակ գազաններ այդ ճանապարհով գալիս էին դողալով ու անցնում: Առյուծը հարցրեց նրանց.
— Ինչո՞ւ եք փախչում և ում ահից եք զարհուրած փախչում:
Նրանք ասացին.
— Փախիր և դու, որովհետև ահա գալիս է մարդը: Առյուծն ասաց.
— Ո՞վ է մարդը, ի՞նչ է նա, ի՞նչ է նրա ուժը և նրա կերպարանքը, որ փախչում եք նրանից.
Նրանք ասացին.
— Կգա, կտեսնի քեզ և քեզ վայ կլինի:
Եվ ահա իր հանդից եկավ մի հողագործ մարդ: Առյուծն ասաց.
— Մի՞թե դու ես այն մարդը, որ վախցնում է գազան¬ներին:
Նա ասաց.
— Այո՛, ես եմ:
Առյուծն ասաց.
— Արի կռվենք:
Մարդն ասաց.
— Այո՛, բայց քո զենքերը քեզ հետ են, իսկ իմը տանն են: Եկ նախ կապեմ քեզ, որպեսզի չփախչես, մինչև ես գնամ, առնեմ իմ զենքը, և ապա կռվենք:
Առյուծն ասաց.
— Երդվիր որ կգաս, և ես կլսեմ քեզ:
Մարդը երդվեց, և առյուծն ասաց.
— Հիմա կապիր ինձ և գնա շուտ ու դարձիր: Մարդը հանեց պարանը և առյուծին պինդ կապով կապեց կաղնու ծառին, ծառից կտրեց մի բիր և սկսեց զարկել առյուծին:
Առյուծը գոչեց.
— Եթե դու մարդ ես, ավելի խիստ և անխնա զարկ իմ կողերին, որովհետև այս խելքին այդպես է վայել:
[edit] ՄՈՒԿԸ ԵՎ ՈՒՂՏԸ
Մի մուկ հպարտացավ: Կորավ նրա իմաստությունը և նրա սիրտը լցվեց հպարտությամբ: Մուկը գնաց ուղտի մոտ և ասաց ուղտին.
— Ինձ հրաման տուր թո կճղակի մեջ բուն դնեմ և այնտեղ բնակվեմ:
Ուղտն ասաց.
— Քեզ վնաս կլինի, որովհետև հանկարծ կոխ կտամ քեզ և կմեռնես:
Մուկն ասաց.
— Քո սմբակը կակուղ է և ինձ վնաս չի լինի:
Ուղտն ասաց.
— Քո արյունը քո գլուխը:
Եվ մուկն ուղտի կճղակի մեջ շինեց իր բունը: Մի անգամ ուղտը ծանր բեռան տակ քայլեց և հանկարծակի կոխ տվեց մուկին: Մուկը ճչաց և նրա փորից դուրս եկավ
ճրագուն, որովհետև մուկը գեր էր:
Այդ տեսնելով ուղտն ասաց.
— Ահա եղբայր, հենց այդ էր նեղում քեզ, որ դուրս ելավ քո փորից:
[edit] ԳԱՅԼԸ, ԱՂՎԵՍՆ ՈՒ ՋՈՐԻՆ
Գայլը, աղվեսն ու ջորին եղբայրացան ու գնացին: Երբ սովածացան և որսի չհանդիպեցին, ասացին.
— Եկեք ուտենք նրան, ով տարիքով փոքր է:
Այսպես ասեցին գայլը և աղվեսը, որովհետև կամենում էին ջորուն ուտել: Գայլին հարցրին, թե ո՞ր տարվա գայլն ես: Նա ասաց, թե ես այն գայլն եմ, որին Նոյը տապանն առավ:
Աղվեսն առաջ եկավ և ասաց.
— Օ, դու տասը ազգով ինձանից փոքր ես. ես այն աղվեսն եմ, որին աստված ստեղծեց:
Ջորին եկավ և ասաց.
— Իմ ծննդյան թվականը գրված է սմբակիս վրա, եկեք կարդացեք և տեսեք՝ քանի տարեկան եմ:
Նա ոտքը բարձրացրեց: Աղվեսն ասաց գայլին.
— Գիտեմ, որ դու դպրոցում եղել ես, արի գիրը կարդա: Գայլը հավատաց և գնաց կարդալու: Ջորին ասաց.
— Առաջ արի, որովհետև գիրս մանր է:
Նա առաջ գնաց, և ջորին սաստիկ ուժով զարկեց գայլի ճակատին ու ջախջախեց: Գայլը գնաց կողկոնձալով: Աղվեսն ասաց գայլին.
— Արի, մի տող էլ կա, այն էլ կարդա:
Գայլն ասաց.
— Ես ինչ գիտեի գիրը, մենք ազգե ազգ մսագործ ենք և մսեգործի որդի:
[edit] ԳՈՂ ՔԱՀԱՆԱՆ ԵՎ ԱՅՐԻ ԿԻՆԸ
Մի քահանա գողացավ այրի կնոջ կովը և կապեց ախոռում: Կինն իմացավ և քահանային ասաց.
— Տեր հայր, հասավ իմ մահվան ժամը, գնանք ախոռ, որ խոստովանեմ մեղքերս:
Այն ժամանակ քահանան կովը տարավ ներսի տուն, այնտեղից ժամատուն և այնտեղից եկեղեցի: Կինն ասաց.
— Տեր հայր, վերջին խոստովանությունը մահից առաջ պետք է անեմ եկեղեցում:
Քահանան կովը բեմ բարձրացրեց և վարագույրը քաշեց նրա վրա: Երբ նրանք մտան եկեղեցի և նստեցին, կինը բարձրացրեց վարագույրը և ասաց կովին.
— Ով գարշելի, ես քեզ կով գիտեի, այժմ քեզ ով արեց պատարագիչ, ասա ինձ:
[edit] ԴՐԱԽՏԸ ԵՎ ԳԵՂՋՈՒԿ ՄԱՐԴԸ
Մի գեղջուկ մարդ աղը շալակին բարձրանում էր դժվար սարով: Տոթ ժամանակ էր: Շատ հոգնեց մարդը և բեռը վայր դնելով սկսեց բամբասել Ադամին և Եվային, թե ինչու նրանք անհամբերությամբ դուրս եկան դրախտից: Իսկույն երևաց հրեշտակը և նրան ասաց,
— Եթե քեզ դրախտ տանեմ, դու կհամբերե՞ս:
Գեղջուկն ասաց,
— Ե՞րբ կլինի այդ:
Հանկարծ քունն իջավ նրա վրա և տեսավ, որ դրախտն է ընկել, շատ ուրախացավ: Ապա տեսավ, որ դրախտի մեջ մարդիկ կտրատում են դեռաբույս ծառերը և չհամբերելով ասաց.
— Այդ ի՞նչ մարդիկ եք, որ չոր ծառերը թողած, կտրատում եք կանաչ ծառերը:
Աչքերը բաց արեց, տեսավ, որ դարձյալ նստել է աղի բեռան մոտ, և սկսեց դառն արտասվել: Գեղջուկը նորից տեսավ հրեշտակին և ասաց.
— Այլևս չեմ խոսի:
Նա նորից դրախտ ընկավ և տեսավ, որ մարդիկ կտրած ճյուղերը և փայտը շալակ են կապել և չեն կարողանում շալակել, բայց դեռ դարսում են ճյուղ և փայտ: Չհամբերեց և ասաց.
— Ո՛վ անխելքներ, թեթևացրեք ձեր բեռը, որ կարողանաք շալակել:
Գեղջուկը նորից զարթնեց դժվար սարի վրա և սկսեց արտասվել: Հրեշտակը երրորդ անգամ նրան դրախտ տարավ: Նա տեսավ մի մեծ քար, որից կապել էին տասներկու լուծ եզ. ամեն մեկն իր կողմն էր քաշում, բայց քարը չէր շարժվում: Մարդը դարձյալ չհամբերեց և կանչեց.
— Ո՛վ հիմարներ, մի կողմի վրա քաշեք և միասին քշեք, որ քարը տեղից շարժեք:
Զարթնելով գեղջուկ մարդն ասաց.
— Լավ է ես իմ աղը շալակեմ: Եվ բարձրացավ դժվար սարով: ՝արձրացավ դժվար
[edit] ԵՐԿՈՒ ՆԿԱՐԻՉ
Մի թագավոր շինեց գեղեցիկ դարբաս և կամեցավ զարդարել այնպիսի նկարներով, որոնց նմանը ոչ մի տեղ չէր եղել: Ընտրեց երկու նկարիչների, մեկին տվեց մի պատը, մյուսին՝ մյուս պատը և նրանց միջև վարագույր քաշեց: Երբ նկարիչներն ավարտեցին իրենց գործը, թագավորը եկավ ու տեսավ, որ մեկը նկարել էր գեղեցիկ պատկեր և շատ հավանեց: Իսկ մյուսը ոչինչ չէր նկարել, նա պատը շատ գեղեցիկ սարքել ու կոկել էր հայելուց ավելի լավ: Երբ թագավորը տեսավ, որ չի նկարել, այլ միայն կոկել է, զարմացավ և ասաց.
— Դու ի՞նչ ես արել:
Նա ասաց.
— Ես ցույց կտամ իմ գործը:
Եվ ապա վեր քաշեց միջի վարագույրը: Երբ լույսը ծագեց ու լուսավորեց կոկած պատը, այն ժամանակ մթնեց նկարազարդ պատը, որովհետև հայելու մեջ երևում էին այն բոլոր նկարները, որ նկարված էին մյուս պատի վրա: Եվ թագավորն ասաց.
— Այս մյուսից գեղեցիկ է:
[edit] ԻՄԱՍՏՈՒՆ ԴԱՏԱՎՈՐԸ
Մի մարդ ուներ չար կին: Մի անգամ կինը կռվեց նրա հետ ու ասաց.
— Կարծում ես թե քո երեք որդիները քեզնի՞ց են: Մեկն Է քեզնից, իսկ երկուսը բիճ են: Նա հարցրեց, թե որն Է իմը, և կինը չասաց: Երբ հայրը մեռնում Էր, ասաց.
— Իմ ամբողջ կայքը թող լինի իմ հարազատ որդուն:
Եղբայրները կռվում Էին իրար հետ. մեկն ասում Էր, թե ես եմ հարազատ որդին, մյուսը՝ թե ես եմ: Գնացին մի իմաստուն դատավորի մոտ: Դատավորը հրամայեց նրանց հորը հանել գերեզմանից և նետ արձակել նրա վրա: Ով հորը զարկեր նետով և նետը ծակեր հոր մարմինը, նա Էր հարազատ որդին: Եվ երկու որդիները զարկեցին հորը, իսկ ճշմարիտ որդին դանակը քաշեց, որ սպանի եղբայրներին, լաց եղավ դառն արցունքներով և թաղեց հոր մարմինը:
Իմացան, որ նա Էր հարազատ որդին և նրան տվին հայրենի կայքը:
1 քննարկում
NAN