ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, March 4, 2010 21:23 - 1 քննարկում

Ե՞րբ կդադարի հայ գենեֆոնդի բզկտումը:

ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՅՑՈՂ ՀԱՅԵՐԸ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՆ ՖՐԱՆՍԻԱՆ

  • article's photo

    Ուղեւորահոսքերի ծավալների գնահատումները փաստում են, որ եթե 2004-06թթ. Հայաստան եկող մեր քաղաքացիները ավելի շատ են եղել, քան արտերկիր մեկնողները, ապա 2007-08թթ. պատկերը կտրուկ փոխվել է հօգուտ ուղեւորափոխադրումների բացասական հաշվեկշռի։ 2008-ին, օրինակ, Հայաստանից մեկնողների քանակը ժամանողներին գերազանցել է շուրջ 23000-ով։

    Մասնագետների գնահատմամբ, 2009-ին Հայաստանում ուղեւորափոխադրումների առումով բավական պասիվ վիճակ է եղել, որը բացատրվում է համաշխարհային տնտեսական ճգնաժամով։

    Իսկ այս տարվա հունվար ամսին անցյալ տարվա նույն շրջանի համեմատ ուղեւորահոսքերի 8 տոկոսանոց աճ է արձանագրվում։ Միով բանիվ, հաճախ են ահազանգում, թե շատացել են Հայաստանից արտագաղթողները։

    Տարածքային կառավարման նախարարության միգրացիայի ծառայության պետ ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԻ խոսքով՝ «ուղեւորահոսքերի վերաբերյալ տեղեկատվությունը ոչ արտագաղթ է, ոչ էլ ներգաղթ։ Մենք էլ ենք լսում արտագաղթի վերաբերյալ, բայց այս առումով լուրջ հետազոտության կարիք կա։ Ընդհանրապես չեմ բացառում, որ ահագնացող արտագաղթ ասվածը «ըսի-ըսավի» կամ մուլտիպլիկացիայի էֆեկտով է աճում եւ տարածվում»։

    Ամեն դեպքում, փաստ է՝ Հայաստանից ներկայումս արտագաղթող մեր հայրենակիցների գնալու պատճառները այլ են, քան 90-ականների սկզբին էր։ Ինչ խոսք, այդ պատճառների շարքում գնացողները շարունակում են թվարկել ե՛ւ զբաղվածության խնդիրը, ե՛ւ օրենքի իշխանության բացակայությունը, ե՛ւ երկակի ստանդարտների գոյությունը։

    Բայց այն, որ ապաստան հայցողների կողմից որպես պատճառ ոչ քաղաքական, ոչ էլ կրոնական հալածանքները այլեւս չեն կարող եղանակ ստեղծել, հասկացել են նաեւ ապաստանի իրավունք տվող երկրները։ Եվ թեպետ հասկացել են, այնուհանդերձ, այսօր էլ հայերը շարունակում են փախստականի կարգավիճակ հայցել այս կամ այն երկրից եւ, «հանձնվելով» տվյալ երկրի իշխանություններին, ստանալ այդ կարգավիճակը։ Ընդ որում, տարբեր ժամանակահատվածներում մերոնց համար նախապատվելի են եղել տարբեր երկրներ։ Հետաքրքիր է, այս դեպքում ի՞նչն է եղել դերակատար։

    Հաճախ, երբ հետազոտում եւ վերլուծում ես Հայաստանի քաղաքացիների կողմից նախընտրելի համարվող երկրների աշխարհագրությունը եւ մեկնողների վիճակագրությունը, հետաքրքիր օրինաչափություններ ես հայտնաբերում։ Ճիշտ է, կարծես անձն ինքն է որոշում՝ ե՞րբ մեկնել եւ ո՞ւր մեկնել՝ դրսում իր բնակությունը օրինականացնելու համար էլ հիմնավոր պատճառներ գտնելով, բայց, պարզվում է, այստեղ, այս սուբյեկտիվ, պատահական գործոնները եւս որոշակի օրինաչափություններով են գործել։ Ընդ որում, հստակ արտահայտված օրինաչափություններ։

    Գ.Եգանյանի դիտարկմամբ՝ «առաջին օրինաչափությունն այն է, որ Հայաստանից ապաստան հայցողների հոսքը երկրից երկիր տարիների ընթացքում փոփոխվում է։ Օրինակ, եթե 90-ականների կեսերին բավական մեծ էր Գերմանիայի բաժինը, ապա մի քանի տարի հետո ապաստան հայցողների վեկտորը այստեղից տեղափոխվեց Բենելյուքսի երկրներ, իսկ փոքր-ինչ ուշ՝ 2000-ի սկզբներին, դեպի արեւելք եւ հարավ՝ Ավստրիա, Չեխիա…

    Երբ տեսնում ես, որ նախորդ մի քանի տարիներին Չեխիա մեկնողներն ընդամենն 50-60 հոգի են եղել, բայց մեկ էլ հաջորդ տարին միանգամից 200-300-ի է հասել այստեղ մեկնողների թիվը եւ որոշ ժամանակ այդ թվերը պահպանվում են, կարիք չկա զարմանալու։ Պարզապես հստակ երեւում է, որ այստեղ կազմակերպվածություն կա։ Միանշանակ այդպես է»։

    Թերեւս այս համատեքստում էլ պիտի դիտարկել այն իրողությունը, որ վերջին տարիներին Ֆրանսիա գնացողների թիվը ավելանում է եւ չի պակասում։ Ընդ որում, հայերը շարունակում են եվրոպական այս երկրի դռները բախել հիմնականում փախստականի կարգավիճակով։

    Գ.Եգանյանը եւս չի ժխտում. «Այո, վերջին տարիներին վեկտորի ուղղությունը փոխվել է դեպի Ֆրանսիա։ Մինչ այդ, այստեղ տարեկան դիմումների քանակը 200-ի էր հասնում, բայց արդեն 3-4 տարի է 200-ը 1000 է դարձել»։

    Ընդ որում, որքան էլ շատերին զարմանալի թվա, ապաստան հայցողների դիմումերը բավարարելու առումով Ֆրանսիան ամենից ավելի ընդառաջողը, ամենաշատ դիմումներ ընդունողն է։ Ասել է թե՝ այս դեպքո՞ւմ էլ գործ ունենք կազմակերպված խմբավորումների հետ։

    Գ.Եգանյանի հավաստմամբ՝ «այո, ընդ որում, այդ խմբավորումներն իրենց ագենտներն ունեն թե այնտեղ, թե այստեղ եւ այդպիսով մարդկանց ուղղորդում են գտնելով դյուրին տարբերակներ՝ սկսած օրենսդրական բացերից, ավարտված սահմանը հատելու հնարավորություններով»։

  • ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ԱՐՄԵՆ Բ.
Mar 5, 2010 1:58