ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Wednesday, February 24, 2010 4:10 - 16 քննարկում
ԻՍՐԱՅԵԼՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆՏԵՍԵԼ ԱՌԱՋԻՆ ՀՈԼՈՔՈՍԹԻ ՓԱՍՏԸ
- Մինչ իսրայելցիներն անցյալ շաբաթ նշում էին 20-րդ դարի երկրորդ հոլոքոսթի տարելիցը, ես Երուսաղեմի Գյուլբենկյան գրադարանում էիՙ իմ ձեռքում բռնած այդ նույն դարի առաջին հոլոքոսթի զոհերի ձեռագիր եւ տպագիր գրությունները: Տարօրինակ զգացողություն էր պատել ինձ:
Հայերը չէին մասնակցում Իսրայելի պաշտոնական այս արարողություններինՙ նվիրված գերմանացիների կողմից 1939-1945 թվերին 6 միլիոն հրեաների կոտորածներին: Չէին մասնակցում հավանաբար այն պատճառով, որ կառավարությունն Իսրայելում հրաժարվում է ճանաչել այն փաստը, որ 1915-1923 թվերի թուրքական հոլոքոսթին զոհ են գնացել 1,5 միլիոն հայեր: Իսրայելա-թուրքերի գործած դիվանագիտական եւ ռազմական հարաբերություններն ավելի կարեւոր են, քան ցեղասպանությունը: Կամ ավելի ճիշտ կլիներ ասելՙ ավելի կարեւոր էին:
Պատմաբան եւ համայնքի ակնառու դեմքերից Ջորջ Հինդլյանն ինձ ցույց տվեց հայկական 1500-ամյա հինավուրց վանքից մի քանի մետր այն կողմ գտնվող պլակատները, որոնք ազդարարում էին ապրիլքսանչորսյան առաջիկա միջոցառումները: Բացի մեկից, բոլորը կամ պատռված էին, կամ էլ հեղուկագրված (graffiti) եբրայերեն բառերով:
«Չեն կարողանում հաշտվել այն մտքին, որ մեկ ուրիշ ցեղասպանություն էլ է կատարվել», ասում է Ջորջը, որի գերադաստանի ավելի քան 70 անդամներ սպանվել են 1915-ի գազանային կոտորածների եւ բռնագաղթի ժամանակ, երբ գերմանացի սպաներն ականատես էին լինում քարանձավներում շնչահեղձման մեխանիզմներին: Այդ ականատեսներից մեկը, Էրզրումում գերմանացի փոխհյուպատոս Մաքս ֆոն Շուբներ-Դիխտերը հետագայում դարձավ Հիտլերի ամենամոտիկ ընկերն ու խորհրդականը: Այնպես որ, կապ պետք է լինի առաջին եւ երկրորդ հոլոքոսթների միջեւ:
Ժամանակները փոփոխության ենթակա են: Այն օրվանից, երբ թուրքերն սկսեցին մեկ տարի առաջ բարձրաձայնել Գազայի շրջանում պաղեստինցիներին կոտորելու իսրայելցիների բռնարարքների մասին, ականավոր հրեաներ հանկարծ «հայտնաբերեցին» հայերի ցեղասպանության փաստը, ասելովՙ ովքե՞ր են թուրքերը, որոնք զանգվածային սպանությունների մասին են խոսում, ինչ է, մոռացե՞լ ենք 1915-ը:
Ջորջն ու իր հայրենակիցները (ընդհանուր առմամբՙ մոտ 10 հազար հայեր են ապրում Իսրայելում եւ Արեւմտյան ափում: Նրանցից 4 հազարը իսրայելական անձնագիր ունեն) իրոք մոռացված էին մինչեւ Գազայի իրադարձությունները: «1982-ին հայերն անտեսված էին Երուսաղեմում կայացած Հոլոքոսթի գիտաժողովում», նշում է Ջորջը, ավելացնելով. «Անցած երեք տասնամյակներին հայերի ցեղասպանության վերաբերյալ ոչ մի վավերագրական ֆիլմ հնարավոր չէր ցուցադրել իսրայելական հեռուստատեսությամբ, որովհետեւ դա կվիրավորեր թուրքերին: Բայց անցյալ տարի հանկարծ հրեա կարեւոր պաշտոնյաներ խնդրեցին, որ նման ֆիլմ ցուցադրվի: Քնեսեթի 30 անդամներ պաշտպանեցին այդ առաջարկը: Յոսի Սարիդը, «Խաղաղությունՙ այժմ» կազմակերպությունից, միշտ էլ մեզ հետ է եղել, բայց այժմ մեզ հետ են նաեւ աջակողմյան հրեաներ»:
«Մաարիվն» ու «Եոդիոտ Ահրոնոտն» սկսեցին հիշատակել հայերի ցեղասպանությունը: Ջորջ Հինդլյանը հայտնվեց իսրայելական հեռուստատեսության էկրաններին Դեննի Այալոնի (արտգործնախարարը, որ ստորացրեց թուրք դեսպանինՙ ստիպելով նրան նստել իրենից ավելի ցածր աթոռի վրա) եւ Քնեսեթի խոսնակ Ռյուվեն Ռիվլինի հետ: Վերջինս հայտարարեց, որ Իսրայելը պետք է «ամեն տարի» նշի հայերի ցեղասպանության տարելիցը: Իսրայելական մամուլն այժմ «Շոա» (հրեական հոլոքոսթը մատնանշող բառը) է անվանում հայերի կոտորածները: «Մեզ առաջ են քաշել», կատակում է Ջորջը:
Այդ դյուրաբեկ կեղծավորությունն աննկատ չի մնացել նաեւ Յոսի Սարիդի կողմից, ով բացատրեց, թե ինչպես Գազայի դեպքերի Էրդողանի քննադատությունից հետո «մի բարձրաստիճան պաշտոնյա» հեռաձայնել է իրեն եւ ասել. «Ժամանակն է հակահարված տալու թուրքերին եւ դատապարտելու նրանց հայերի դեմ գործած նրանց ոճիրների համար: Դուք իրավունք ունեք այժմ այդ բանն անելու», Սարիդի համար զարհուրելի էր կատարվածը: «Զզվանք առաջացավ իմ մեջ», գրում է նա «Հաարեցում», «որովհետեւ ինձ հետ հեռախոսով զրուցողն այն նողկալի հրեաներից մեկն էր, ովքեր մինչ այդ անամոթաբար ժխտել էին հայերի ցեղասպանությունը»: Այնպես որ այժմ, ինչպես Սարիդն է ասում, նոր հանկերգ է հնչում Երուսաղեմում. «Թուրքերը մեզ էթիկա սովորեցնելու իրավունք չունեն»:
Հարցի դրական կողմն այն է, որ Իսրայելի առաջավոր ցեղասպանագետներից մեկը համարձակորեն պնդել էՙ զայրույթ պատճառելով այդ ժամանակ արտգործնախարար, իսկ այժմ նախագահ Շիմոն Պերեսին, որ հայկական կոտորածներն անկասկած ցեղասպանություն էին: Տասնյակ հազարավոր իսրայելցիներ միշտ էլ այդ կարծիքին են եղել, եւ հարյուրավոր մարդիկ պատրաստվում են ներկա գտնվել ապրիլքսանչորսյան միջոցառումներին: Նրանց մեծ մասն արդեն «Շոա» բառն է օգտագործում Հայոց ցեղասպանության մասին խոսելիսՙ փոխանակ մինչ այժմ նախընտրած «կոտորածներ» բառի:
Ջորջի համար հայ-թուրքական նոր հարաբերությունները «երկրաշարժի նման մի բան են»: Այդ ցուրտ ցերեկվա օրը մենք միասին շրջեցինք Երուսաղեմի հայկական վանքի միջանցքներով: Անկյուններից մեկում Ջորջը մի սենյակ բացեց, որի հետեւում գաղտնի աստիճաններ էինՙ ներխուժողներից թաքնվելու համար: Այդ մութ, բայց սրբազան վայրում Երուսաղեմի բրիտանական մանդատի կառավարիչ Ռոնալդ Հենրի Էմհըրսթ Սթուզը հավանաբար շատ անգամ էր նստել եւ խորհրդածել, իր իսկ խոսքերով ասած, «մի ժողովրդի փառքի եւ դժբախտության մասին»:
Այո, դժբախտ օրեր շատ են եղել այդ վայրում ապրող հազարավոր հայերի կյանքում: Մինչ 1948 թիվը մոտ 15 հազար հայեր են ապրել Պաղեստինումՙ մեծ մասը առաջին հոլոքոսթից մազապուրծներ: Բայց 10 հազար հայեր, պաղեստինցի արաբների բախտին արժանանալով, կամ հեռացել են, կամ էլ իրենց տներից դուրս քշվել իսրայելական նորաստեղծ պետության բանակի կողմից: Շատերը կորցրել են իրենց ձեռնարկությունները Հայֆայում եւ Ջաֆֆայում: Ոմանք Կիպրոսում են ապաստանել, որտեղ 1974-ի թուրքական ներխուժման հետեւանքով երրորդ անգամ են զրկվել իրենց ունեցվածքից: «Այսօր 6 հազար հայեր են ապրում Երուսաղեմում եւ Արեւմտյան ափում: Նրանք չեն կարող ճանապահորդել, որովհետեւ պաղեստինցի հայեր են համարվում: Իսրայելական բյուրոկրատիայի համար նրանք պարզապես պաղեստինցիներ են», նշում է Ջորջը:
Ջորջը Կարպիս Հինդլյանի որդին է, ով կարողացել է ողջ մնալ Թալասից (Կապադովկիա) կազմակերպված մահվան բռնագաղթից: Այդ ժամանակ 17 տարեկան է եղել նա: 1918-ի զինադադարից հետո աշխատել է բրիտանացիների մոտՙ փաստեր տրամադրելով Կոստանդուպոլսում մեկնարկած թուրք ոճրագործների դատավարությանը:
Իսկ ի՞նչ է լինելու, եթե դարձյալ փոխվի իրադրությունը եւ Թուրքիան ու Իսրայելը հաշտվելովՙ դառնան լավ բարեկամներ նորից: Կարծես ակնկալելով նման շրջադարձՙ Յոսի Սարիդն արդարացի հարց է տալիս. «Ինչ է, այդ դեպքում մենք դարձյա՞լ շարունակելու ենք մեր ներդրումը բերել հայկական հոլոքոսթի ժխտման քաղաքականությանը»:
- ՌՈԲԵՐՏ ՖԻՍՔ, Անգլիական «Ինդիփենդենտ» թերթից, Թարգմ. Հ. Ծ.