ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Monday, February 15, 2010 22:09 - 14 քննարկում
Քաղվածքներ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքից
Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում
…Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, այն Ադրբեջանին բռնակցվել է Սովետական Միության կուսակցական մարմնի որոշմամբ, ինչի հետ ղարաբաղցիները երբեք էլ չեն հաշտվել և առաջին իսկ հնարավորության դեպքում օրինական ճանապարհով դուրս են եկել ԽՍՀՄ-ի կազմից:
…Ես հռետորական հարց եմ տալիս բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են տարածքային ամբողջականության ջատագովներ: Իսկ ու՞ր էիք Սովետական միության փլուզման ժամանակ սահմաններ էին փոխվում, ու՞ր էիք, երբ Հարավսլավիան էր տարբաժանվում: Ինչու՞ եք կարծում, որ Ադրբեջանը կարող էր դուրս գալ ԽՍՀՄ կազմից, իսկ Լեռնային Ղարաբաղը չէր կարող: Ինչու՞ եք կարծում, որ մեծ կայսրությունները կարող են տարբաժանվել, իսկ փոքրերը պետք է մնան: Որն է՞ հիմքը. անկայունությու՞ն: Չեմ ընկալում, չեմ ընդունում. անկայունության ամենամեծ հիմքը անարդար որոշումներն են:
…Ադրբեջանը սպառել է իր կազմում ինքնավար կարգավիճակով փոքրամասնությունների գոյատևման հանդեպ վստահության պաշարը: Նա ի վիճակի չի եղել և այսօր էլ ի վիճակի չէ նման ինքնավարությանը նույնիսկ ներքին անվտանգության երաշխիքներ տալու: Մեկ այլ հայկական ինքնավարություն էլ կար Ադրբեջանի կազմում` Նախիջևանը, ի՞նչ եղավ. մեկ հայ էլ չմնաց: Արդյո՞ք այդպիսի երաշխիքները կարելի է հիմք ընդունել: Կասեք այն ժամանակվա Ադբեջանն ուրիշ էր, հիմիկվանը ուրի՞շ: Այս “ուրիշ” Ադրբեջանի պայմաններում 18 տարվա ընթացքում նույն Նախիջևանում ավելի շատ հայկական-քրիստոնեական կոթողներ են ոչնչացվել, քան նախորդ 70 տարիների ընթացքում: Իսկ մշակութային ժառանգությունը պաշտպանող միջազգային կազմակերպություններն ուղղակի ոչինչ անել չկարողացան. նրանց Ադրբեջանը նույնիսկ այցելել և ավերված հայկական կոթողները, կատարված վանդալիզմի հետևանքները տեսնել արգելեց:
…Իրականությունն այն է, որ Ղարաբաղում ապրող ժողովուրդը այսօր էլ և միշտ պատրաստ է լինելու պաշտպանել գոյության իր իրավունքը, պաշտպանել իր արժեքները, իր եկեղեցիներն ու խաչքարերը:
…Եզրակացությունը միանշանակ է. անցել են սեփական հողի վրա ապրող ժողովրդի գաղութացման ժամանակները: Մեր համոզմունքն է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հենվի մարդու իրավունքների և Ղարաբաղի ժողովրդի` որպես հավաքական ինքնության արտացոլողի կամքի վրա: Միայն այդ դեպքում լուծումը կարող է լինել տևական, իրականանալի և խաղաղ: Այդպիսի լուծման այլընտրանքը Ղարաբաղի ժողովրդի համար բռնի վերադարձն է Ադրբեջանի կազմ, ինչն անխուսափելիորեն կբերի Լեռնային Ղարաբաղի հայաթափությանը: Ինչպես ասում են` երրորդը տրված չէ: Մանավանդ, որ վերջին 20 տարվա ընթացքում ԼՂ բնակչության ճնշող մեծամասնությունը Ադրբեջանի կողմից որակվում է որպես “հանցագործ”: Հետևաբար, հաշվի առնելով նման այլընտրանքի հետևանքները, մենք հստակորեն բացառում ենք որևէ ճնշման տակ Ղարաբաղի հարցում այնպիսի զիջումների գնալը, որոնք կվտանգեն Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյությունն ու անվտանգությունը, արժանավայել ապրելու իրավունքը:
…Մենք վստահ ենք, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կարող է դառնալ վերջին տասնամյակների խոշորագույն ներդրումը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում: Այդ տեսլականով առաջնորդվելով` մենք համաձայնել ենք ընթանալ առաջ առանց նախապայմանների` չպայմանավորելով մեր հարաբերությունները Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հանգամանքով: Բայց եթե հաստատվեն մեր կասկածները, որ Թուրքիայի նպատակը ժամանակ ձգձգելն է և ոչ թե հարաբերությունները կարգավորելը, ապա ստիպված ենք լինելու դադարեցնել այս գործընթացը:
…Երեկ ինձ հարցնում էին, թե ինչպես պետք է ներկայացնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերը Մեծ Բրիտանիային, և արդյոք ճանաչելով ցեղասպանությունը` Մեծ Բրիտանիան չի՞ վնասի Կովկասի անվտանգությանը: Ես պատասխանեցի, որ կան բազմաթիվ երկրներ, որոնք այդ հարցում փաստերի ներկայացման կարիք չունեն, քանի որ այդ երկրները Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունեն սեփական հսկայական արխիվներ: Այստեղ այլ աշխատանքի կարիք կա:
…Եվ վերջապես Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համահեղինակությամբ էր, որ 1915թ. մայիսին ընդունվեց համատեղ մի հայտարարություն, որում հայերի դեմ իրագործված բռնություններն ու կոտորածները որակվեցին որպես “հանցագործություն ընդդեմ մարդկության և քաղաքակրթության”:
…Թույլ տվեք ելույթս ավարտել հայ-բրիտանական բարեկամությունը խորհրդանշող մեծն Բայրոնից մեջբերումով. “Թերևս դժվար լինի գտնել մի ազգի տարեգրություն, որն առավել զերծ լինի ոճրագործություններից, քան հայերինը … սակայն ինչպիսին էլ լիներ նրանց ճակատագիրը, որը դառն է եղել, ինչպիսին էլ լինի նրանց ապագան, Հայաստանը հավետ կմնա աշխարհի ամենահետաքրքիր երկրներից մեկը”: Մենք հավատում ենք մեր ապագային, հավատում ենք, որ կայունությամբ ու բարգավաճմամբ, խաղաղությամբ ու մեր բարեկեցությամբ 21-րդ դարում ևս կմնանք աշխարհի ամենահետաքրքիր երկրներից մեկը:
14 քննարկումներ
ARAM HARUTUNIAN