ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, February 15, 2010 3:53 - 1 քննարկում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը

16:52 / 13.02.2010

Պարոն նախագահ, արձանագրությունները երկու երկրների կողմից վավերացվելուց հետո որո՞նք են լինելու հաջորդ քայլերը, ո՞րն է լինելու գործընթացի, այսպես ասած, այն «երջանիկ ավարտը», որին դուք ցանկանում եք հասնել:

Այդ արձանագրությունները գտնվում են իմ աշխատակազմում, և Երևան վերադառնալուց հետո ես դրանք ուղարկելու եմ Ազգային ժողով` վավերացման գործընթացը սկսելու համար:  Ոչ միայն մեզ, այլ բոլորի համար էլ տարօրինակ է, թե ինչո՞ւ են թուրքերը կարծում կամ պնդում, որ հայկական կողմը ձգձգում է վավերացումը:  Ընդհակառակը, ակնհայտ է, որ թուրքերն են ձգձգում:

Թուրքե՞րն են ձգձգում վավերացումը:

Այո, դա միանշանակ է, որովհետև մենք հայտարարել ենք, և վերջին անգամ ես երեկ հայտարարեցի, որ որպես խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժի առաջնորդ, ես բացառում եմ թուրքերի կողմից այդ արձանագրություններն առանց նախապայմանի վավերացման պարագայում ՀՀ խորհրդարանի կողմից արձանագրությունների չվավերացումը:

Պարոն նախագահ, արձանագրությունները թուրքերի և ձեր կողմից վավերացվելուց հետո, ո՞րն է լինելու հաջորդ քայլը, որպեսզի գործընթացն ավարտուն տեսք ստանա, երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորվեն:

Արձանագրությունները վավերացնելուց և դրանց ուժի մեջ մտնելուց հետո պետք է բացվի սահմանը, այնուհետև ստեղծվի միջկառավարական հանձնաժողով, որը կունենա ենթահանձնաժողովներ, և մենք կսկսենք մեր երկխոսությունը:  Այսինքն, արձանագրությունները վավերացնելով՝ մենք ոչ թե գործընթաց ենք ավարտում, այլ գործընթաց ենք սկսում:

Սահմանի բացումը կամ վերաբացումը Ձեզ համար, փաստորեն, կարևոր է առևտրի համար, նաև դեպի աշխարհ ելք ունենալու տեսակետից: Իսկ ի՞նչ եք կարծում, այլ երկրների համար կարևո՞ր է սահմանի բացումը, օրինակ՝ Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի համար:

Կարծում եմ, այո:  Եվ հենց այդ պատճառով և՛ ԱՄՆ-ը, և՛ Ռուսաստանը, և՛ Եվրամիությունը սատարում են այս գործընթացին:  Այսինքն, խոսքը միայն սահման բացելու մասին չէ:  Խոսքը հարաբերություններ հաստատելու մասին է:

Դուք նախատեսո՞ւմ եք ձեր հարաբերություններն ընդլայնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ. դուք այդ երկու «աշխարհների» միջև եք:

Այո, մենք շատ լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի Դաշնության հետ, մենք ռազմավարական գործընկերներ ենք:  Շատ կառույցներում միասին ենք ներկայացված:  Մեր հարաբերությունները գնալով խորանում են:  Մենք լավ հարաբերություններ ունենք Միացյալ Նահանգների հետ:  Միացյալ Նահանգներում բնակվում են բազմաթիվ հայեր, որոնք բնական կամուրջ են հանդիսանում մեր և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում:  Եվ մեզ համար լավագույն վիճակն այն է, երբ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև լավ հարաբերություններ են:

Դուք իրավացիորեն նշեցիք ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում ապրող բազմաթիվ հայերի մասին: Շատ հայեր նաև Հայաստանից են հեռացել, ովքեր այսօր օժանդակում են իրենց ընտանիքներին: Դուք մտադի՞ր եք որևէ կերպ նրանց ետ հրավիրել Հայաստան:

Իհարկե, ոչ միայն այն հայերն են օժանդակում իրենց բարեկամներին և Հայաստանի տնտեսությանը, ովքեր Հայաստանի անկախությունից հետո գնացել են Հայաստանից, այլ նաև այն հայերը, ովքեր Ցեղասպանության հետևանքով են սփռվել ամբողջ աշխարհում:  Աշխարհի հայությունը մշտապես օժանդակում է, օգնում է մեզ:  Մեր գնահատականներով աշխարհում այսօր ապրում է ավելի քան 10 մլն հայ, որից ընդամենը 3 միլիոնն է Հայաստանի Հանրապետությունում: Մենք երջանիկ կլինենք, շատ ուրախ կլինենք, որ մնացած 7 միլիոնն էլ վերադառնա Հայաստան: Բայց հասկանում ենք, որ, իհարկե, այդպես դժվար կարող է լինել։  Մեր նպատակն է, որ գոնե բոլոր այն հայերը, ովքեր ծնվել են Հայաստանում` վերադառնան Հայաստան:

Ի՞նչ կասեք Միացյալ Նահանգների նախագահի մասին, ով ասում էր, որ «Ամերիկան արժանի է ունենալու առաջնորդ, ով ճշմարտորեն կխոսի Հայոց Ցեղասպանության մասին և ճշմարտորեն կարձագանքի բոլոր ցեղասպանություններին: Ես մտադիր եմ լինելու այդ նախագահը»: Դա ասում էր Նախագահ Բարաք Օբաման: Նա արձագանքո՞ւմ է:  Իր նախագահության օրոք նա այդպիսի՞ նախագահ է:

Արձագանքել է:  Իհարկե, ոչ այն ծավալով, ինչ ծավալով, երբ նա դեռ նախագահի պաշտոնում ընտրված չէր:  Բայց նա բառացիորեն ասել է, որ ինքը չի փոխել իր կարծիքը:

Փաստորեն, դուք շարունակում եք ակնկալել նրա աջակցությունը:

Գիտեք, եթե ցեղասպանություն բառն արտասանելը կամ ցեղասպանության մասին խոսելն օժանդակություն է, ապա կարելի է և այդպես ասել:  Ես համարում եմ, որ դա արդարության ընդունում է, ճշմարտության մասին խոսել է:

Դուք կուզենայի՞ք, որ նա ասեր այդ բառը:

Իհարկե:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Հայկ
Feb 15, 2010 11:18