ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, February 14, 2010 17:00 - 10 քննարկում

Սպանե՛լ, խաբե՛լ, կեղծե՛լ… մինչև վե՛րջ: (Սասունցի Դավթի հանդիպումը սուրբ Սարգսին)

Փետրվարի 11-ին կնշվի Վարդանանց Սուրբ նահատակների հիշատակության տոնը

[ 27.01.2010 ]


Սուրբ Սարգսի տոնը

Սասունցի Դավթի հանդիպումը սուրբ Սարգսին (Քաղվածք ,Սասնա ծռերե էպոսից)
Դավիթ էդ տեղեն ետ դարձավ ու գնաց, կայնավ Խանդութ խանումի փանջարի առեչ, ըսեց.
-Խանդութ խանում, ես կերթամ կռիվ:
Քշեց, գնաց, շատ, քիչ` Աստված գինա, մեկ էլ տեսավ յառջեւանց թոզ ու դուման կիգա:
Էկավ, տեսավ օր սըփ Սարգիսն է:
Դավիթ գնաց, օր սըփ Սարսին համբուրեր: Սըփ Սարգիս ըսեց.
-Հանե քո Սըփ Նշան , ես համբուրեմ, նոր դու ընձի համբուրե:
Հանեց Սըփ Նշան, համբուրեց սըփ Սարգիս, էն լէ սըփ Սարգսին համբուրեց:
-Դե գնա,- ըսեց,- Աստված խըտ քըզի էղնի: Ու քշեց ձին:
Քեռի Թորոսիկ մնաց աղոթք էնելու:

Ըստ Փավստոս Բուզանդի
Բյուզանդական Վաղես կայսրն արիոսական աղանդի հետեւորդ էր եւ հալածում էր քրիստոնյաներին: Դրա համար պատժվում է եւ 378 թվականին սպանվում Աստծուց եղած հրաշքներով: Նրան սպանում են քրիստոնեության համար պայքարած սուրբ նահատակները, որոնց միանում է նաեւ Սուրբ Սարգիսը:
(Փավստոս Բուզանդ, IV դպրություն, գլուխ 7)

ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐ
Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Այս տարի այն նշվում է հունվարի 30-ին: Ս. Սարգիս զորավարը իր որդու` Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:
Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կասյեր (285-337) կողմից կարգվում է իշխան եւ սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլեւ հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյաններ, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ:
Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին եւ նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, իր աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից եւ դառնում քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը եւ զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժում է այն` ասելով. ,Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, Ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնելե: Այդ խոսքերից հետո Ս. Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Ս. Սարգսի եւ նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին` Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկվում է եւ աներեր մնալով իր հավատքի մեջ` գլխատվում: Նահատակվելուց հետո Ս. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաեւ Ս. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում Համիան քաղաքում:
Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը Ս. Սարգսի մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)` տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի: Ս. Սարգիս` երիտասարդների եւ սիրո բարեխոս.
Ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի ուսումնասիրությունների համաձայն, Սուրբ Սարգիսը հովանավորել է Սասունցի Դավթին եւ Սասնա բոլոր հերոսներին ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաեւ սիրո մեջ:
Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականցնող Սուրբ է:
Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Ահավասիկ դրանցից մեկը: Աղքատ Աշուղ Ղարիբը սիրում է մի մեծահարուստի աղջկա` Շահ-Սանամին: Վերջինս եւս սիրում է նրան, բայց Աշուղն աղքատ էր, եւ աղջկա հայրը արգելում է նրանց ամուսնանալ, քանի որ մտադրված էր նրան կնության տալ մի մեծահարուստի: Աշուղ Ղարիբը որոշում է մեծ կարողություն կուտակելու համար գնալ օտարություն` աշխատելու: Սակայն մինչեւ այդ Աշուղ Ղարիբն իր սիրած էակից խոստում է առնում` յոթ տարի սպասել իրեն: Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ մեկ օր, աղջիկը թող ամուսնանա հոր ցանկությամբ:
Այդ յոթ տարիները շատ դժվար են անցնում Աշուղ Ղարիբի համար: Նա զրկված էր իր գեղեցկուհուն տեսնելու հնարավորությունից, որեւէ լուր չուներ նրա մասին, սակայն չէր հուսահատվում, այլ կարոտով սպասում այն օրվան, երբ նրանք կհանդիպեն, ընտանիք կկազմեն եւ ամբողջ կյանքը կապրեն միասին:
Յոթ տարի շարունակ գիշեր ու զօր աշխատելով` Աշուղ Ղարիբը կարողություն ստեղծեց եւ տուն դարձի ճամփա ընկավ: Ճանապարհը լի էր փորձանքերով եւ խոչընդոտներով: Թվում էր, թե Աշուղ Ղարիբն իր հույսը պետք է կորցնի, չի հասնի իր սիրած էակին: Այդ ամենից դրդված նա ազնիվ սրտով եւ արդար մտքով աղոթում է Ս. Սարգսին` հայցելով արագահաս Սրբի օգնությունը: Ս. Սարգիսը, լսելով սիրահարված Աշուղի աղոթքը, իր արագահաս ճերմակ նժույգով բարձրացրած մրրիկի մեջ իսկույն հայտնվում է, Աշուղ Ղարիբին նստեցնում ձիու գավակին եւ մեկ ակնթարթում հասցնում Շահ-Սանամեի մոտ: Աղջկա հայրը տեսնելով Աշուղ Ղարիբի կամքը, կատարված հրաշքը, նրանց անկեղծ սերն եւ նվիրվածությունը, օրհնում է երկուսի միությունը:
Ժողովրդական սովորություններից է նաեւ, երբ Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին եւ սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի եւ ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորրհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը:
Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ եւ քաղցրավենիք են նվիրում: Հունվարի 30-ին Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ: Կբաժանվեն տոնի մասին պատմող գունազարդ բացիկներ:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիոսկոպոս Կճոյանի օրհնությամբ այդ օրը Ս. Սարգիս անունը կրող եկեղեցիները բաց կլինեն մինչեւ երեկոյան ժ.21.00-ն:
www.qahana.am

Հայերն այսօր



10 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

vardan manukyan
Feb 14, 2010 18:28