ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Thursday, February 11, 2010 20:44 - 5 քննարկում
Ինչո՞ւ կաթողիկոսը թույլ է տալիս անվանարկելու Սյունիքի սրբազանին… Ծախու թղթակիցը մարդկության տականքն է:
Սովետների ժամանակ կոմունիստները մի սուր ունեին՝ “Ոզնի” թերթը, որի միջոցով հաշվեհարդար էին տեսնում այն ազնիվ կոմունիստների հետ, ովքեր չէին ենթարկվում չգրված օրենքներին… Հարկ՝ “նալոգ”, չէին վճարում վերևներին, աշխատում էին ազնվորեն, թալանից հեռու էին փախչում և այլն: Սրանց գլխին հայտնվում էր “Ոզնու” թղթակիցը (իհարկե նախապես ստանալով հրահանգ) և բացահայտում չարաշահումներ… Խեղճ կոմունիստը կորցնում էր աշխատանքը, պաշտոնը, ապրուստի միջոցը, դուրս շպրտվում կուսակցություն-ոհմակից: Արդյո՞ք այս ամենը չի կրկնվում մեր օրերում: Ի՞նչ լուր ունեք Մոսկվայի Տիրան սրբազանից, ո՞ւր է նա, ինչո՞ւ հալածվեց…
ՍՅՈՒՆՅԱՑ ԹԵՄԻ «ՍՈՒՐԲ ԳԱԶԱՆԸ»,
ԿԱՄ ՀՈԳԵՎՈՐ ՇԵՅԽԻ ԿՅԱՆՔԻՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանը, հավանաբար, չի վրդովվի, եթե բարձաստիճան հոգևորականներից մեկի կերպարն ու գործունեությունը ներկայացնենք առանց նախաբանի, այսինքն՝ կրկին չշեշտենք Հայաստանյայց Առաքելական եկեղեցու առանձնահատուկ դերը հայոց պետության, հայ ժողովրդի, հավատացյալ հոտի կյանքում: Նման շեշտադրում բազմիցս ենք արել և հանուն հայ եկեղեցու պայծառության դարձյալ շարունակելու ենք շեշտադրել ու ընդգծել: Բայց այս անգամ մի տեսակ «չի ստացվում» դա անել, քանզի այն անձնավորությունը, որին ներկայացնելու ենք, կարծես թե ոչ մի առնչություն չունի հոգևոր գործունեության հետ, թեև բարձր աստիճանակարգ ունեցող եկեղեցական է` սրբազան (նույնիսկ չգիտենք՝ դա ճակատագրի հեգնանք համարենք, թե մեկ այլ բան):
Հայտնի է, որ հայ մատենագիր-պատմիչներից շատերը (Առաքել Դավրիժեցի, Եզնիկ Կողբացի և այլք) սուր քննադատել են հոգևորականությանը՝ հայ եկեղեցու սպասավորներին բնութագրելով որպես որկրամոլ, անհավատ, անպարկեշտ, անկուշտ, խաբեբա, երեսպաշտ, նույնիսկ՝ անաստված և շատուշատ արգահատելի հատկանիշներ ունեցող արարածներ: Այս բնութագրումները մեզ փոքր-ինչ չափազանցված էին թվում, քանի որ կարծում էինք, թե այդքան արատներ հնարավոր չէ քողարկել սքեմով: Սակայն մեր նյութի հերոսը, մերօրյա սքեմավորն իր վարքուբարքով, չեղած բարոյականությամբ ու անպատկերացնելի աշխարհիկությամբ ամրապնդում է համոզումը, որ ամեն ինչ հնարավոր է: Այսինքն՝ մեր օրերում էլ կարող ենք հանդիպել հայ հոգևորականի այնպիսի կերպարի, ինչը դարեր առաջ ներկայացրել են մեր պատմիչները:
Այս հրապարակման նպատակը ինչ-որ մեկին ոչնչացնելը չէ, այլ իրականությունը բացահայտելն է. մասնավորապես ներկայացնել, թե ինչ է կատարվում Սյունյաց աշխարհում, ինչ գործունեություն է այստեղ ծավալում Սյունյաց թեմի առաջնորդը, որը տարածաշրջանում ոչ թե որպես հոգևորական է ընկալվում, այլ աչքածակ բիզնեսմեն: Սակայն մեր հրապարակմամբ առավելապես ցանկանում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ուշադրությունը սևեռել իր ենթակայի խայտառակ կերպարի և նույնքան խայտառակ գործունեության վրա, որին Վեհափառը, կարծես թե, տարածաշրջան է «գործուղել» ոչ թե նրա համար, որ Սյունյաց թեմի առաջնորդն իր վաշխառուական նկրտումներին հագուրդ տա, այլ զբաղվի հոգևոր քարոզչությամբ: Մինչդեռ, ինչպես սյունեցիներն ու եղեգնաձորցիներն են վկայում, Սյունյաց թեմի առաջնորդ Աբրահամ սրբազանը, որին տեղացիները «սուրբ գազան» մականունն են կպցրել (մի մասն էլ սրբազանին «հոգևոր» շեյխ է անվանում), միանգամայն թքած ունի աստվածաշնչյան տասը պատվիրանների վրա:
ՄԻՆԻ ՕԼԻԳԱ՞ՐԽ, ԹԵ՞ ՀՈԳԵՎՈՐ ՀՈՎԻՎ
Դուք պատկերացնո՞ւմ եք մի հոգևորականի, որն ունենա բազմաթիվ բիզնեսներ: Ես, օրինակ, երևակայել չէի կարող, բայց եղեգնաձորցիները հավատացրին, որ, իսկապես, Սյունյաց թեմի առաջնորդն ունի բազմաթիվ բիզնեսներ և, հավատացյալ հոտին անտեր թողած` զբաղված է միայն դրանք զարգացնելով:
ԲԻԶՆԵՍ ՀԱՄԱՐ 1
Աբրահամ սրբազանը Եղեգնաձորում հիմնել ու ղեկավարում է «Գիտելիք» համալսարանը: Ընդ որում, ինչպես եղեգնաձորցիներն են պատմում, Աբրահամը, լինելով վառ արտահայտված հհշական, 2008-ի փետրվարի վերջին տասնօրյակում Ազատության հրապարակում անցկացվող շուրջօրյա միտինգների շրջանում պարտադրում էր, որ իր համալսարանի դասախոսներն ու ուսանողները անպայման գնան Երևան ու մասնակցեն դրանց, և հոգում էր նրանց տեղափոխման խնդիրները: Համալսարանը ղեկավարելու գործում սրբազանին օգնում է Մովսես Մովսիսյանը, որը ժամանակին եղել է Մասնավոր բուհերի արտոնագրման վարչության աշխատակից (այն տարիներին, երբ այդ վարչության պետը տխրահռչալ Ռոբերտ Գաբրիելյանն էր, որը կաշառակերության համար բանտ նստելու փոխարեն, փախավ Հնդկաստան, իսկ պարզվում է՝ Մ. Մովսիսյանին Աբրահամն առավ իր «սրբազան» հովանու ներքո, և այժմ սրբազանի աջ ձեռքն է): Համալսարանի աշխատակիցները պատմեցին, որ սրբազան ռեկտորը շենքում մի «լրտեսական արկղ» է տեղադրել, որտեղ ուսանողներն իրենց նամակներն են գցում, և ամեն գիշեր Աբրահամը հանում է դրանք ու կարդում` իմանալու, թե ուսանողներն ինչ են գրել այս կամ այն դասախոսի մասին (փաստորեն, երիտասարդներին ստիպում է «ստուկաչությամբ» զբաղվել): Դա ռեկտոր սրբազանին օգնում է ամեն կիսամյակում մի տասը դասախոս հեռացնել բուհից, իսկ դասախոսների հոսունությունը, հասկանալի է, բացասաբար է անդրադառնում ուսման որակի վրա: Համալսարանն ունի հանրակացարան, որը ևս պատկանում է Աբրահամին: Թվում էր, թե հանրակացարանում ապրելու համար ուսանողներից պետք է վարձավճար չվերցներ, մինչդեռ այս հարցում էլ նրանց կեղեքելու հնարավորությունը բաց չի թողնում և ապրելու համար հստակ գներ է սահմանել: Սյունյաց թեմի առաջնորդը, որպեսզի տպավորություն ստեղծի, թե իր մասնավոր համալսարանը գործում է բաց ու թափանցիկ, ամեն տարի Երևանից մասնագետներ է հրավիրում, որպեսզի վերստուգեն քննական ընթացքը: Երևանից եկող մասնագետներ ընտրողն ու Եղեգնաձոր հասցնողը, բնականաբար, Մովսես Մովսիսյանն է, որն էլ ամեն անգամ համալսարան է հասցնում իր մորաքրոջն ու մորաքրոջ աղջիկներին, որոնք, ըստ իրազեկների, ընդամենը «պոնչիկ ծախողներ են»: Այսինքն, աչքակապություն, գալիս ստուգում են, արձանագրում, որ ամեն ինչ օքեյ է ու վերադառնում Երևան: Լինելով կուսակրոն` Աբրահամն ունի բազմաթիվ սիրուհիներ, նաև հաճախ է փոխում քարտուղարուհիներին: Ի դեպ, պատմում են, որ նախկին սիրուհիներից մեկը (Ն. Վ.) սարսափելի նվաստացրել է սրբազանին. մի 15 տարի առաջ սրբազանը նրանից 150000 դոլար է վերցրել, սակայն չի վերադարձրել, ինչի համար տիկինը կոշիկով շրխկացրել է սրբազանի գլխին ու տնից դուրս շպրտել: Ահա թե որտեղից է Աբրահամի նախնական կապիտալը:
ԲԻԶՆԵՍ ՀԱՄԱՐ 2
Իր մասնավոր «Գիտելիք» համալսարանին կից նաև կառուցել է ռեստորան, և դա էլ է աշխատեցնում: Անունն, իբր, դրել է ուսանողական, բայց ուսանողները դրա հետ կապ չունեն: Ի դեպ, Եղեգնաձորի մերձակայքում ունի նաև սեփական ճամբար, որն իբր նախատեսված է զոհված ազատամարտիկների երեխաների հանգիստը կազմակերպելու համար: Բայց իրականում այստեղ հանգստանում են տարբեր կազմակերպությունների անդամներ` վճարովի հիմունքներով: Եղել է ժամանակ, որ Աբրահամն իր համալսարանի երիտասարդ դասախոսներին տարել է աշխատեցնելու ճամբարում. առաջին հերթափոխում ընդհանրապես աշխատավարձ չի տվել նրանց, երկրորդի վերջում չնչին գումար է տվել, իսկ սեպտեմբերին, որպես «երախտիքի» նշան, երիտասարդներին ազատել է դասախոսական աշխատանքից:
ԲԻԶՆԵՍ ՀԱՄԱՐ 3
Աբրահամ սրբազանը մի ռեստորան է բացել նաև Նորավանքին կից: Պատմությունից մեզ հայտնի է, որ, սովորաբար, վանքերին կից բացվում են համալսարաններ, ոչ թե ռեստորան, բայց 21-րդ դարի մոդեռն սքեմավորը միանգամայն այլ մտածողություն ունի` հո սա 5-րդ դարը չէ, պետք է Նորավանքին կից զեխ քյաբաբնոց բացել, կուշտ զխկտվել, մուծվել սրբազանին ու հետո դիմել ռեստորանատեր հոգևոր հովվին. «Ապե, մի հատ չես օրշնի՞»:
ԲԻԶՆԵՍ ՀԱՄԱՐ 4
Բայց նշվածները «մանրուք» են հաջորդ բիզնեսի համեմատությամբ: Աբրահամս ռեստորաններով, ճամբարներով ու մասնավոր բուհով չի կշտանում: Ձեռք է բերել և աշխատեցնում է նաև հիդրոէլեկտրակայա՜ն, որը գտնվում է Եղեգիսի կիրճում: Դե, հասկանում եք, տարածաշրջանի ժողովրդին չի հասնում հոգևոր լույս հաղորդել, և «տքնում» է այս կերպ լուսավորել հավատացյալներին: Հասկանում եք, եթե նստեր իր գրասենյակում (ի դեպ, որպես թեմի առաջնորդ, նստավայր է ընտրել համալսարանը) ինչպե՞ս կարող էր լուսավորել մարդկանց, իսկ հիդրոէլեկտրակայան աշխատացնելով ու միլիոններ վաստակելով՝ «աստծո լույսը» հասցնում է իր հոտին:
ԲԻԶՆԵՍ ՀԱՄԱՐ 5
Հոգևոր գործունեությունը, ինչպես նկատեցիք, սրբազանի մոտ այնքան էլ լավ չի ստացվում, կամ` ընդհանրապես չի ստացվում. դե ժամանակ չունի, ո՞ր օբյեկտը վազի: Տարածաշրջանում տոտալիտար աղանդները բարգավաճում են, ինչի հետևանքով մարդիկ հոգեպես տկարանում են: Իսկ սրբազանը, կարծում եք, այդ մասին չի՞ մտածում: Այն էլ ո՛նց է մտահոգվում: Դրա համար էլ ավելացրել է իր բիզնեսի թիվը. Ջերմուկում ձեռք է բերել առողջարան, որտեղ, հասկանալի է, աղանդներից տուժածները հո չե՞ն կարող բուժվել կամ հանգստանալ: Բայց, միևնույն է, Սյունյաց աշխարհի հավատացյալ հոտը ներկայացնողներից մի քանիսը հնարավոր է միջոցներ գտնեն ու հայտնվեն Աբրահամի մասնավոր առողջարանում: Այնպես որ, սրբազանը տարածաշրջանում «հոգևոր առողջացման» հարցն էլ լուծել է այս բիզնեսով:
ԲԻԶՆԵՍ ՀԱՄԱՐ 6
Սյունյաց թեմի անկուշտ առաջնորդին այս ամենը դարձյալ քիչ է թվացել և գնել է հսկայական հողատարածքներ ու այգիներ Եղեգնաձորի կիրճի գյուղերում, որտեղ կառուցել է ապարանքներ, մի ամբողջ թաղամաս իրենն է, սեփական առանձնատներով: Առայժմ հայտնի է, չէ՞, թե դրանք ինչի համար է ձեռք բերել, բայց ի տես թշվառ ու հավատազուրկ եղեգնաձորցիների ու սյունեցիների, սրբազանը ճանկն է գցել նաև այս կապիտալը (դե, նեղ օրվա համար, ի՞նչ իմանաս, մեկ էլ տեսար Մայր Աթոռը բարկացավ և ոչ միայն իրեն զրկեց թեմի առաջնորդի կարգավիճակից, այլև կարգալույծ արեց):
Բայց, ինչպես նշում են տեղացիները, առայժմ սրբազանը, հոգևոր գործունեությունը մի կողմ բրախած, իր շուրջը ստեղծել է անձի պաշտամունք և բոլոր հարցերը լուծում է մեն-մենակ:
Ահա և մերօրյա հոգևորականի կերպարը, որն իր հիմնական առաքելությունն անտեսելով` զբաղված է միայն ու միայն անձնական բարեկեցությունը ապահովելու, սեփական հարստությունը կրկնապատկելու, եռապատկելու, գերաշխարհիկ ապրելակերպը պահպանելու գործով: Աղոթելը մոռացած՝ Ջիպ-ով սլանում է Սյունյաց աշխարհում` ունենալով ընդամեն մեկ մտահոգություն` ամսեամիս որքա՞ն են աճել սեփական եկամուտները: Բնականաբար, հավատավոր հոտի գրպանի հաշվին:
Դե հիմա, ինչ անենք` մարդը աստվածավախ չէ, որովհետև մարդ չէ, այլ «սուրբ գազան», որին, թյուրիմացաբար, Մայր Աթոռը, ոչ միայն օծել է որպես սրբազան, այլև բաց է թողել Սյունյաց աշխարհ:
5 քննարկումներ
Avetis