ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Thursday, February 11, 2010 19:08 - չքննարկված
Հետաքրքիր է, ո՞վ կանչեց Մոնթեին տեսնելու “ադրբեջանական տանկը” գրավված ադրբեջանական գյուղում: Ի՞նչ եղան, ո՞ւր կորան Մոնթեի մեքենայի վրա կրակած “ադրբեջանցիները”: Իրական պատմության այս մասը թաղված է Մոնթեի մասին հերոսապատում գրելով… և “ազատամտություն” խաղալով: Շատ նման է Գորգեսյանի մահափորձին:
Հունիսի 12-ի առավոտյան լուր է ստանում, որ իր տղաները գրավել են ադրբեջանական հերթական տանկը: Քանի որ սովորության համաձայն պիտի անպայման անձամբ տեսներ, շոշափեր, անհրաժեշտության դեպքում՝ նաև վարեր նոր տեխնիկան, գնաց Մարզիլի գյուղ` անձամբ տեսնելու տանկը: Գյուղի կենտրոնում կանգնած զրահամեքենայից, որին Մոնթեն յուրայինի տեղ էր ընդունել, ուժգին կրակ են տեղում Մոնթեի «Վիլիսի» վրա: Տղաները չգիտեին, ու չէին էլ կասկածում, որ գյուղում դեռևս ադրբեջանցիներ են մնացել: Զոհվում են Մոնթեն ու Սարիբեկը, մյուսները՝ վիրավորվում:
ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆԸ
(Նոյեմբերի 25-ին Մոնթե |Ավո| Մելքոնյանը կդառնար 52 տարեկան)
«Ես Միացյալ Նահանգներից եկած հայ եմ և այստեղ պայքարում եմ նույն պատճառով, ինչի համար պայքարում են մնացյալ բոլորը: Ես հայ եմ. այս հայրենիքը պատկանում է ինձ նույնքան, որքան որևէ ուրիշ հայի: Կարծում եմ՝ իմ հայրենիքի այս կտորի պաշտպանության համար նաև կրում եմ նույնքան պատասխանատվություն, որքան ցանկացած հայ: Հետևաբար, բնական է լինել այստեղ և պայքարել այս շրջանի ամբողջ բնակչության հետ միասին:
Անցյալում Սփյուռքի մեջ պայքարել եմ մեր ժողովրդի իրավունքների համար և այստեղ եմ նույն պատճառով: Սա այդ նույն պայքարի շարունակությունն է:
Շատ նորմալ բան է: Նորմալ բան է, որ հայը գա և իր հայրենիքը պաշտպանի, շատ նորմալ բան է: Իրավունքն է բոլորի ու նաև պարտականությունը: Եվ զարմանալին այն է, որ ավելի շատ հայեր չեն եկել նույնն անելու, միայն այդ է զարմանալին»:
Այս խոսքերով հիմնավորեց մասնակցությունը Ղարաբաղի ազատագրական պատերազմին գիտնական, ԱՄՆ-ի Բերկլիի համալսարանի շրջանավարտ, հետմահու ՀՀ և ԼՂՀ բարձրագույն`Ազգային հերոսի կոչման արժանացած Մոնթե (Ավո) Մելքոնյանը:
ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
… Նա հար և նման էր իր ժողովրդի հերոսական էպոսի Սասնա Ծռերին. նրանց պես բարի էր, ազնիվ, բայց նաև համարձակ, ինքնիշխան ու անվախ, անխուճապ ու հմուտ հրամանատար: Եվ հայրենիքի շահերը վեր էր դասում ամեն ինչից…
Ծնվել է հայրենիքից հեռու` Կալիֆոռնիայի Վայսիլիա ավանում, սովորել տեղի միջնակարգ դպրոցում: Անգլախոս պատանու համար ճակատագրական և ուղենշային դարձավ ծնողների հետ Թուրքիայով ճամփորդելը: Եղան Արևմտյան Հայաստանի շատ բնակավայրերում, այցելեցին Մարզվան քաղաքում դեռևս պահպանված մորական պապի կիսավեր տուն, որտեղ մահմեդականություն ընդունած հայերը պատմեցին իրենց նախնիների ողբերգական պատմությունը: Պատանի Մոնթեին կամաց- կամաց հասու էին դառնում հայ ժողովրդի 1895-1915 թվականների ողբերգական անցքերը:
15 տարեկան էր, երբ, որպես գերազանց սովորող, աշակերտների փոխանակման խմբի հետ այցելեց Ճապոնիա, ծանոթացավ Արևելքի այդ հրաշք երկրի մշակույթին, հետո խնդրեց երկարացնել ժամկետը մեկ տարով և սկսեց ճապոներեն ուսումնասիրել: Շուտով ճապոներենից ֆրանսերեն ու անգլերեն թարգմանություններ էր կատարում, ավելի ուշ`՝ կարատեի սև գոտի ստացավ: Ճապոնիայից հետո Մոնթեն ճամփորդեց Հարավարևելյան Ասիայի երկրներում: 1992 թվականի մի հարցազրույցում նշում էր, որ վիետնամցիների ազգային-ազատագրական պայքարը պետք է ոգևորող լինի Ղարաբաղի համար:
Վերադառնալով Միացյալ Նահանգներ՝ Մոնթեն ընդունվեց Բերկլիի հանրահայտ համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության ու հնագիտության բաժին` 4 տարվա ծրագիրն ավարտելով 2,5 տարում:
Ուրարտուի ժայռափոր դամբարանների մասին Մոնթեի գրած ավարտաճառը լայն արձագանք գտավ ոչ միայն համալսարանում, այլև աշխարհի հայագետների շրջանում: Պատահական չէ, որ նրան աշխատանք է առաջարկվում Օքսֆորդի համալսարանի հնագիտության բաժնում: Մոնթեն, սակայն, կյանքը չէր պատկերացնում առանց ճամփորդության, և 1978 թվականի գարնանը մեկնում է Իրան, որտեղ անգլերենի դասեր է տալիս և մասնակցում Շահի դեմ շարժմանը: Ավելի ուշ գնում է Իրանյան Քրդստան, ծանոթանում քրդերի պատմությանն ու կենցաղին, հոդվածներ պատրաստում նրանց ծագման, էթնոսի, ավանդույթների ու արդար պայքարի մասին: Նույն տարվա աշնանն արդեն Բեյրութում էր և ակտիվորեն մասնակցում էր հայկական թաղամասի պաշտպանությանը:
1980 թվականի գարնանը Մոնթեն անդամագրվում է Հայաստանի ազատագրման հայկական գաղտնի բանակին («Ասալա»): 1981-1989 թվականներին մի քանի անգամ ձերբակալվում ու բանտ է ընկնում: Մեկուսացման տարիներին ևս ձեռքերը ծալած չի նստում հայրենասեր գիտնականը: Հայ ժողովրդի նորագույն ազատագրական պայքարի մասին նրա հոդվածները տպագրվում են Փարիզի «Հայ պայքար», Լոնդոնի «Կայծեր» թերթերում, Սան Ֆրանցիսկոյի «Սարդարապատ» ամսագրում:
1989 թվականի սկզբներին Մոնթեն արտաքսվում է Եմեն, որտեղից կնոջ` Սեդայի հետ տեղափոխվում է Եվրոպա, իսկ հետո` Հայաստան և դառնում ազգային-ազատագրական շարժման զարթոնքի ականատեսը: Մոնթեն լավ էր հասկանում, որ գալիք տարիները վտանգավոր են լինելու հայ ժողովրդի համար: Ու երբ Ղարաբաղյան շարժման դեմ սուր բարձրացրած նորօրյա թուրքերը փորձում էին ճնշել հայոց ազատասիրական ոգին, երիտասարդ հայրենասերն իր ուշադրությունը սևեռեց դեպի Արցախ` նշելով. «Եթե մենք կորցնենք Արցախը, կշրջենք մեր ժողովրդի պատմության վերջին էջը»: Ու, որպեսզի անդառնալիորեն չշրջվի այդ էջը, նա առաջիններից էր, որ գնաց Ղարաբաղ` զինվորական գիտելիքներն ի սպաս դնելու երկրամասի պաշտպանությանը:
1991 թվականի սեպտեմբեր-դեկտեմբերին Մոնթեն մասնակցում է Շահումյանի շրջանի ինքնապաշտպանությանն ու թշնամու գրաված գյուղերի ազատագրմանը` ցուցաբերելով հրամանատարական տաղանդ ու հմտություն: Հետո Մարտունին էր: Ինչպես ամենուր, այստեղ ևս խառնաշփոթ վիճակ էր. քանդվում էին պետական հին կառույցները, նախագծվում էին նորերը: Պատերազմի վտանգն էլ ավելի ցցուն էր դարձնում ստեղծված իրավիճակը: Մոնթեն ստանձնում է շրջանի ինքնապաշտպանական շտաբի ղեկավարումը: Կային մարդիկ, որ քամահրանքով էին վերաբերվում այդ քչախոս նվիրյալին՝ ասելով. «Ի՞նչ կարող է անել այդ մորուքավոր օտարականը, որ ասես այլմոլորակային լինի» …
Սակայն, ի հեճուկս կասկածամիտների և իրենց թալանը սկսած ու բարեհաջող ավարտելուն հետամուտ հացկատակների, շնորհիվ Մոնթեի պահանջկոտության, օրինապաշտության, աշխատասիրության, ազնվության ու համառության, շուտով Մարտունին դարձավ Արցախի ամենակարգապահ, ամենաանխոցելի շրջաններից մեկը, անջատ գործող ջոկատները միավորվեցին ու հզոր բռունցք դարձան` զինվելով գլխավորապես թալանով զբաղվածների միջոցներով գնված, ինչպես նաև թշնամուց առգրավված զենք-զինամթերքով: Մոնթեն, փաստորեն, իր հեղինակության շնորհիվ դարձավ Մարտունու ոչ միայն պաշտպանության, այլև փաստացի ղեկավարը, առանց որի համաձայնության չէր լուծվում ինչպես շրջանի ինքնապաշտպանության, այնպես էլ տնտեսությանը վերաբերող ոչ մի կարևոր հարց:
Բնությունը Մոնթեին օժտել էր զորավարական բացառիկ հատկանիշներով: Նրան լսում ու հրամանները ճշգրտորեն կատարում էին ենթակաները, նրա հետ հաշվի էին նստում քթները վեր ցցած բարձրաստիճան հրամանատարներն ու պաշտոնյաները: Մարտական ընկերը, այժմ գնդապետ Մավր Օհանյանը (Մավո) պատմում է, որ, երբ Մոնթեին զեկուցել են, թե նոր համալրում է եկել` «կռվող տղերքով», զայրացած բացականչել է. «Ինձ կռվող տղերք պետք չեն, ինձ զինվորներ են պետք»: Ասել է թե՝ հաղթանակի հասնելու համար մեզ բանակ, բանակային կարգապահություն, զինվորական ենթակայություն է անհրաժեշտ և ոչ թե ամենուր տարածված կամավորական ոգևորություն, ինքնագլուխ պահվածք ու ամենաթողություն…Զինվորական կարգապահության տարիների ընթացքում մշակած դրույթները Մոնթեն լավագույնս զուգակցում էր նաև քաղաքացիական բնակչության հետ ունեցած հարաբերություններին՝ բնակիչներին խստիվ արգելելով վախի ազդեցության տակ լքել բնակավայրերը: – Առանց բնակչի գյուղը գյուղ չի, տունը՝տուն,- ասում էր Մոնթեն ու փախչել պատրաստվողներին համոզում վերադառնալ իրենց տները: Այդպիսի գյուղերն, իրոք, որպես կանոն, մնացին սահմանից այս կողմ…
Մարտական ընկերոջ՝ Վահե Շահմուրադյանի հուշերից
Ինձ միշտ զարմացրել է, թե ինչպես նա այդքան արագ ռազմական գործիչ դարձավ: Մեր առաջին հանդիպումը Թեհրանում էր, երբ եկավ մեզ՝ քաղաքական հայացքների համար բանտարկվածներիս տեսության: Գնաց Բեյրութ՝ հայկական թաղամասերը պաշտպանելու: Երբ Ղարաբաղ եկավ, մենք առանց վարանելու զինվորագրվեցինք նրա ջոկատին:
Ես այդքան մաքուր մարդ չեմ տեսել: Մոնթեն սիրասուն ընկեր էր, խիզախ ֆիդայի, իր անձնական օրինակով՝ բարությամբ, համարձակությամբ, ընկերասիրությամբ, հեռատեսությամբ դաստիարակում էր բոլորիս: Տանել չէր կարողանում սուտն ու կեղծիքը, դաժանությունն ու վախկոտությունը: Քելբաջարում վերցրեց բարձրախոսն ու իր փայլուն թուրքերենով հորդորեց թուրքերին վայր դնել զենքերն ու թողնել ռազմադաշտը՝ երաշխավորելով ազատ ելքը: Ավելորդ է ասել, որ խոսքի տերը եղավ՝ հրամայելով մեզ, որ հանկարծ որևէ մեկին ձեռք չտանք: Զայրույթով էր խոսում Ադրբեջանի ղեկավարների մասին, որ անփորձ զինվորներին մարտադաշտ էին ուղարկել՝ դատապարտելով ստույգ մահվան: Պատահական չէ, որ հրամայել էր ոչ մի պայմանով գերիներին ու զենք չկրող անձանց մահապատժի ենթարկել: Հսկայական գործ արեց նաև տնտեսական բնագավառում: Մարտունիում բացել տվեց հացի փուռ, վերագործարկեց հիվանդանոցներն ու դպրոցները, գորգի արտադրամասը: Ժողովուրդը Մոնթեին այլմոլորակայինի տեղ էր դնում և իր ներքին բնազդով սկսեց սիրել այդ պարզ ու շիտակ, ազնիվ ու բարի առասպելական մարդուն: Եղել էր 64 երկրում, տիրապետում էր 8 լեզվի: Երբ մի առիթով հարցրի, թե իտալերեն որտե՞ղ է սովորել, պատասխանեց՝ բանտում, իտալացի ընկերոջից: Փաստորեն բանտում էլ պարապ չէր մնացել…
1993 թվականի գարնանը Մոնթեն իր ջոկատով մասնակցում էր Մարտակերտի ազատագրմանը, իսկ հետո ղեկավարում էր Քելբաջարի մարտական գործողության ուղղություններից մեկը: Հունիսի սկզբներին Մոնթե Մելքոնյանի ղեկավարած ջոկատն Աղդամից Ղարաբաղի հայկական գյուղերը ռմբակոծող կրակակետերը լռեցնելու առաջադրանք է ստանում: Հունիսի 12-ի առավոտյան լուր է ստանում, որ իր տղաները գրավել են ադրբեջանական հերթական տանկը: Քանի որ սովորության համաձայն պիտի անպայման անձամբ տեսներ, շոշափեր, անհրաժեշտության դեպքում՝ նաև վարեր նոր տեխնիկան, գնաց Մարզիլի գյուղ` անձամբ տեսնելու տանկը: Գյուղի կենտրոնում կանգնած զրահամեքենայից, որին Մոնթեն յուրայինի տեղ էր ընդունել, ուժգին կրակ են տեղում Մոնթեի «Վիլիսի» վրա: Տղաները չգիտեին, ու չէին էլ կասկածում, որ գյուղում դեռևս ադրբեջանցիներ են մնացել: Զոհվում են Մոնթեն ու Սարիբեկը, մյուսները՝ վիրավորվում:
Ավարտվեց մեր վերջին ազատամարտի ամենալուսավոր ու խորհրդավոր այրերից մեկի` Մոնթե Մելքոնյանի առասպելական կյանքի երկրային մասը: Սկսվեց նրա անմահությունը:
Նրան հողին հանձնեցին իր նորանկախ երկրի եռագույնով: Հարյուր հազարավոր մարդիկ վերջին հրաժեշտն էին տալիս գիտնական-ազատամարտիկին, մի մարդու, որ պահ իսկ չերկմտեց պաշտպանելու պապերի հողը: Նա թաղվեց Եռաբլուրում` իր քաջարի զինակիցների կողքին: Հայրենիքը իր հերոս զավակին բազում պարգևների ու շնորհների արժանացրեց, իսկ ամենամեծ պարգևը համաժողովրդական այն ճանաչումն ու սերն է, որին արժանացել է Մոնթե Մելքոնյանը:
Մոնթե Մելքոնյանի օրինակով ինչպես հերոսական այն օրերին, այնպես էլ այսօր սերունդներ են դաստիարակվում և դեռ կդաստիարակվեն: