ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, January 24, 2010 5:11 - 1 քննարկում

ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն սիամական երկվորյակներ են

Քաղաքական գործընթացներին տիրապետող ցանկացած մեկի համար պարզ է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը բավական թույլ է՝ լեգիտիմության պակասի և ապաքաղաքական բնույթի հետևանքով։Բայց պարզ է նաև, որ սարգսյանական թույլ իշխանությունը շարունակում է  մնալ, քանի որ նրանց հիմնական ընդդիմադիր է համարվում (իներցիայի ուժով) Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ուժը։

Ակնհայտ է, որ նարկա քաղաքական  կանֆիգուրացիան փոխադարձաբար ձեռնտու է իշխանությունը ներկայացնող ՀՀԿ-ին և ընդդիմությունը ներկայացնող ՀԱԿ-ին։ Եթե իշխանության չլինի Սերժ Սարգսյանը, ապա տերպետրոսյանական թիմը կկորցնի իր գոյության իմաստը, և կառաջանան նոր ուժեր։ Իսկ քանի դեռ նախագահի աթոռին է Սերժ Սարգսյանը՝ ՀԱԿ-ը կարող է  շեփորահարել 2008-ի նախագահական ընտրության մասին և մինչև հաջորդ ընտրություն մնալ ջրի երեսին՝ հույս ունենալով «կրկին փորձիր» տարբերակով մի քանի մանդատ պոկել։

Ճիշտ նույն տրամաբանությամբ ՀԱԿ-ը որպես ընդդիմություն ձեռնտու է ՀՀԿ-ին։ Իսկ ինչու՞ ոչ։ Տեր-Պետրոսյանը ողջունում է Սերժ Սարգսյանի թուրքական «դուրսընկածությունը», իրեն խելոք է պահում, հիշում է էջմիածնական միաբաններին, խոստանում 10 տարի հանդուրժել «Եղիազար Այնթապցուն», եթե վերջինս լավ աչքով նայի իրենց, պաշտում է «սահմանադրական» ճանապարհը։ Եվ ընդհանրապես, Տեր-Պետրոսյանի սիրած զբաղմունքն իր այգիով զբաղվելն է և այլ ընդդիմության ձևավորմանը խանգարելը։ Համաձայնեք, որ ցանկացած իշխանության համար երազանքի պես բան է՝ ունենալ նման ընդդիմություն։

Այնպես որ, ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն հիմա սիամական երկվորյակների են վերածվել։ Մեկը փորձում է մենաշնորհային դարձնել ընդդիմադիր դաշտը, իսկ մյուսը՝ իշխանական։ Առայժմ մեծ մասամբ դա նրանց մոտ ստացվում է, և հասարակության խնդիրն է փոխել իրերի այս դրությունը, եթե չենք ուզում, որ Սերժ Սարգսյանի  իշխանությունը վերածվի հավերժության, իսկ ՀԱԿ-ն  անընդհատ պարտվելով, հերթական անգամ բացահայտի «ռեժիմի հանցավոր դեմքը»։ Ասենք բացահայտեցին, հետո ի՞նչ։ Ինչքա՞ն կարելի է պարտվել ու բացահայտել, պարտվել ու բացահայտել…

Սերժ Սարգսյանն ակնհայտորեն դեմ չէ այդ եղանակով բացահայտվելուն։ Պատկերացնու՞մ եք,  ՀԱԿ-ն ուզում է մինչև հաջորդ խորհրդարանական և նախագահական ընտրություններ ինքը մնա որպես դոմինանտ ընդդիմադիր ուժ, որպեսզի «ևս մեկ անգամ ցույց տա այս ռեժիմի հանցավոր էությունը»։ Ենթադրաբար ՀՀԿ-ում ուրախ են, որ նման բացահայտողների հետ գործ ունեն. չեն աղմկում, «սահմանադրական» (իրականում՝ հակասահմանադրական) ճանապարհով են գնում և ողջունում են նախագահի «թուրքական» քայլերը։

ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն  սիամական երկվորյակ են նաև իրենց ներքին կառուցվածքների ֆանտաստիկ նմանությամբ։ ՀՀԿ-ում միանձնյա որոշումներ է կայացնում Սերժ Սարգսյանը և նրա թիմակիցները հեռուստատեսության լրատվական ծրագրերից են տեղեկանում, որ, օրինակ,  նախորդ գիշեր թուրքերի հետ թղթեր են նախաստորագրվել։

Նույնն է պատկերը նաև ՀԱԿ-ում։ Այդ կառույցի անդամ կուսակցությունների մեծամասնության ղեկավարները հանրահավաքի ժամանակ են  իմանում իրենց հետագա անելիքների և Տեր-Պետրոսյանի ծրագրերի մասին։

Երկու կառույցների անդամների մեծամասնությանն էլ դուր չեն գալիս իրենց ղեկավարների մոտեցումներն ու գործելակերպը, բայց նրանք բոլորն էլ հրապարակավ քծնում ու գովաբանում են իրենց «վոժդերի» ասածները՝  մասնավոր զրույցներում արտահայտվելով  լրիվ այլ կերպ։

ՀՀԿ-ի համար միշտ ճիշտ է Սերժ Սարգսյանը, նույնիսկ եթե նա  իրար հակասող բաներ է ասում ու անում, իսկ ՀԱԿ -ի համար՝ Լևոն տեր-Պետրոսյանը։ Տարբերությունն այն է, որ ՀՀԿ-ում համեմատաբար կարգապահ են իրենց պահում, քանի որ իշխանական կերակրատաշտակը ստիպում է ուտելիս ձայն չհանել։ ՀԱԿ-ում վիճակը համեմատաբար այլ է։ Այնտեղ մի փոքր ներքին «դիսիդենտություն» կա, բայց դրանից ՀԱԿ-ի ՀՀԿ-ական էությունը չի փոխվում. նրանք լրիվ կախված են մեկ մարդուց և այդ մեկը մարդը Լևոն Տեր-Պետրոսյանն է։

Հասկանալի է, որ նման իրավիճակը ձեռնտու է իշխանությանը, բայց ոչ երբեք մեր հասարակությանը, որը պետք է ելքեր փնտրի սիամական երկվորյակների վերածված քաղաքական «հակադիր» ուժերից ձերբազատվելու և քաղաքական նոր դաշտ ձևավորելու համար։

Կարեն Հակոբջանյան



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Arch
Jan 24, 2010 7:58