ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Sunday, January 24, 2010 1:14 - չքննարկված
Տարածված լուրը, թե Սերժ.Սարգսյանը դեսպան է նշանակելու իր խորհրդական Յուրիկ Վարդանյանին, սուտ դուրս եկավ: Ափսոս:
ՕԼԵԳ ԵՍԱՅԱՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՄԲ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԸՆԴԳԾՎԵՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄՈՏԵՑՈՒՄԸ
-
Հունվարի 21-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել Օլեգ Եսայանը:Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ այս օրերին ակտիվացած թեմայի համատեքստում տարակերպ մեկնաբանությունների, Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ կախատեսումների համատեքստում, այս նշանակումը բավականին կարեւոր իրադարձություն է եւ այն անուշադրության չի կարելի մատնել:
Բանն այն է, որ Օլեգ Եսայանը, ով անշուշտ նաեւ դիվանագիտական հարուստ փորձ է կուտակել 2006 թվականից ի վեր Հայաստանը ներկայացնելով Բելառուսում եւ ԱՊՀ կանոնադրական ու այլ մարմիններում, սակայն նա առավելապես ընկալվում է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական վերնախավի ներկայացուցիչ: Անկախացումից ի վեր, Օլեգ Եսայանը ղեկավար պաշտոններեւ է զբաղեցրել ԼՂՀ-ում. 1992թ. նախագահել է ԼՂՀ նախարարների խորհուրդը, իսկ 1997-2005թթ.` ԼՂՀ Ազգային ժողովը: Այդ ընթացքում բազմաթիվ միջազգային ֆորումներում, որոնք կայացել են Ռուսաստանում, Սերբիայում, Ֆինլանդիայում, Դանիայում, Ֆրանսիայում եւ այլուր, նա ներկայացրել է հենց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Եվ ահա` անկախ ԼՂՀ-ում բազմաթիվ պաշտոններ վարած, այդ երկրի ներկայացուցիչը համարվող գործիչը նշանակվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում առանցքային (եթե ոչ` ամենառանցքայինը) դերակատարում ունեցող երկրում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան: Սա անշուշտ հետաքրքիր է: Հետաքրքիր այն առումով, որ Օլեգ Եսայանի նշանակմամբ, պաշտոնական Երեւանն ու Մոսկվան համապատասխան ազդակներ են հաղորդում: Երեւանի պարագայում խնդիրը մանրամասնելու կարիք չկա, քանզի հայկական կողմի դիրքորոշումը հավելյալ ներկայացնելու խնդիր չկա: Իսկ ահա Ռուսաստանի դեպքում Օլեգ Եսայանի նշանակումը լուրջ ենթադրությունների հիմք է ապահովում` կապված ղարաբաղյան հարցում Ռուսաստանի մոտեցումների կամ դրանց փոփոխության հետ:
Այն, որ Օլեգ Եսայանը Մոսկվայում Հայաստանի շահերից բացի ներկայացնելու նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերը, կասկածից վեր է: Ավելին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների առնչությամբ երկու երկրների ղեկավարների ու տարբեր պաշտոնյաների հանդիպումներն ու քննարկումներն խիստ ինտեսնիվ են, կարելի է ենթադրել, որ գործնականում ԼՂՀ քաղաքական շահերի ներկայացումը Ռուսաստանում Հայաստանի դեսպանի գլխավոր խնդիրն է (անկախ` դեսպանի ով լինելուց):
Եվ եթե պաշտոնական Մոսկվան համաձայնություն է տալիս այդ պաշտոնը վստահել ԼՂՀ քաղաքական վերնախավի ներկայացուցչի համբավ ունեցող գործչին, կնշանակի, որ այդկերպ ցանկություն է հայտնում մշտական կապ հաստատել այդ երկրի քաղաքական վերնախավի հետ (առկա հնարավորությունների սահմաններում): Սա էլ իր հերթին հնարավորություն է տալիս եզրակացնել, որ ղարաբաղյան կարգավորման հարցում չարագուշակ կանխատեսումներն իրականության հետ որեւէ աղերս չունեն: Ընդհակառակը, իրականությունն ավելի շատ արտացոլում են ռուսական ղեկավարության վերջին հայտարարություններն առ այն, որ Մոսկվան ոչ Թուրքիայի, ոչ էլ այլ երրորդ կողմի խնդրանքով կամ շանտաժով հայկական կողմի վրա ճնշումներ բանեցնելու ցանկություն չունի, իսկ Լեռնային Ղարաբաղի հարցը կլուծվի այն դեպքում, երբ հայկական ու ադրբեջանական կողմերն ինքնուրույն կգան համաձայնության: Օլեգ Եսայանի նշանակման փաստը նաեւ այս սա է հաստատում:
Իհարկե, հարց կարող է առաջանալ, թե Ռուսաստանն ի՞նչ կապ ունի Օլեգ Եսայանին նշանակելու հետ, եթե այդ պաշտոնում նշանակում կատարվում է Հայաստանի նախագահի հրամանագրով: Սա ճիշտ դիտարկում է: Սակայն միջազգային հարաբերություններում առկա ընթացակարգերով դեսպանի նշանակմանը նախորդում է ընդունող երկրից համաձայնության, դիվանագիտական լեզվով` ագրեմանի տրամադրում: Այսինքն, մինչ նշանակումը դիվանագետի թեկնածությունը պետք է հաստատվի նաեւ ընդունող երկրի կողմից: Եվ եթե Օլեգ Եսայանը նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան, կնշանակի պաշտոնական Մոսկվան տվել է իր համաձայնությունը:
Համեմատության համար նկատենք, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզային նշանակելու հարցմանն ի պատասխան պաշտոնական Բաքուն մինչ օրս Վաշինգտոնին ագրեման չի տվել: Չնայած որ թեկնածությունն առաջադրվել է դեռեւս 2009 թվականի օգոստոսին: Ի դեպ, այս փաստն էլ իր հերթին է վկայում, թե ղարաբաղյան կարգավորման գործընթացում ընդգրկված երկրներն իրենց դիվանագիտական-կադրային փոփոխություններով ինչ մոտեցում են դավանում եւ թե ինչպես է Ադրբեջանը հակադրվում դրանց:
Վերջում նկատենք, որ Ադրբեջանը կփորձի բողոքել նաեւ Օլեգ Եսայանի նշանակման դեմ: Սակայն այդ բողոքը գործնական ազդեցություն չի ունենա ոչ այդ նշանակման վրա, ոչ էլ կարգավորման գործընթացի մյուս մասնակիցների մոտեցումների վրա: