ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, January 20, 2010 5:15 - 1 քննարկում
Սպանված աղավնիներ
«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻՆ» «ՔՑԵԼ» Է ԲԱԶՄԱՆԴԱՄ ԸՆՏԱՆԻՔԻՆ
-
Փայտե վառարանի ծխացող սեւ գոլորշուց «մգացած» երեխաները ծալապատիկ նստել են հատակին ու ջերմություն են որսում: Վառարանը չի հասցնում տաքացնել. ջարդուխուրդ եղած դուռ ու պատուհանի ծուռտիկ ճեղքերից ջերմությունն աննկատ ծլկում է: Ընդամենը մի քանի քմ տարածք զբաղեցնող պահակակետ-տնակում այնքան մեծ ու փոքր մարդ կա, որ ինձ երկար բացատրում են, թե ով` ում բարեկամն է: Այստեղ բոլորն իրար բարեկամ են ու բոլորն անտուն են: 13-ամյա Կարենն, ով ամեն օր գնացքի ռելսերի արանքով, խուլ ու կորած թաղամասերի միջով մղոններ կտրելով` հասնում է թիվ 6 դպրոց, որոշել է դատավոր դառնալ: «Ուզում եմ, որ անարդարություն քիչ լինի, որ վատ մարդիկ պատժվեն ու մեր երկրում լավ մարդիկ կարողանան հանգիստ ապրել»,- ասում է Կարենը, ով մասնագիտության ընտրության հարցում ունի խիստ անձնական դրդապատճառներ: Դատավոր դառնալու շարժառիթներն այս մանկահասակ երեխաների հոգեբանության վրա այնքան խոր հետքեր են թողել, որ վատ մարդկանց պատժելու մոլուցքից նույնիսկ 5-ամյա Արթուրն է ուզում շուտ մեծանալ, դատավոր դառնալ եւ չար մարդկանց պատժել: Արփինեն նույնպես դատավոր դառնալու մասին է մտածում: 10 անձից բաղկացած այս ընտանիքի անդամներից յուրաքանչյուրին էլ անարդարությունը «ջարդել» է, դրա համար էլ իրար հերթ չտալով` խոսելիս զայրույթ են «ժայթքում»:
Երեւանի Էրեբունի համայնքի Արցախի 14 փակուղին գտնվում է Կայարանի ավտոբուսի պարկի հարեւանությամբ գտնվող բնակելի շենքերից դեպի Արշակունյաց պողոտա տանող ճանապարհին: Գնացքի ռելսերին կիպ-կպած տարածքում կիսաքանդ գործարանների «կմախքներն» են միայն մնացել: Նախկին կոնյակի գործարանի կանաչ դարպասներից այն կողմ, գործարանի կիսաքանդ պահակակետում արդեն մեկ տարուց ավելի ապրում է 60-ամյա Էլմիրա Սարգսյանն՝ իր որդիների, աղջիկների եւ թոռնիկների հետ: Ասում է` «Էս մի սենյակում, խոնավության մեջ, անտանելի վիճակում ենք ապրում: Եթե գիշերը գաս` չես կարողանա տուն մտնես, ոնց որ կազարմա լինի: Դոշակ, փալաս-մալաս, ինչ կա-չկա` գցում ենք գետնին, որ քնելու տեղ լինի»: 6 երեխաների մայր տիկին Էլմիրան իրեն խաբված է զգում ու համարում է, որ խաբվել է իր միամտության, «հարիֆության» պատճառով: Բանն այն է, որ սովետական տարիներին տիկին Էլմիրան եւ նրա ամուսինն աշխատել են այդ տարածքում գտնվող սառնարանի պահեստում: 1972թ. չունենալով բնակարան` նրանք սառնարանի պահեստի մերձակայքում, ուր ամայի տարածք է եղել` որոշել են տուն կառուցել. «Անտերանոց էր, զիբիլ ու անմարդաբնակ: Ես ու ամուսինս մեր ձեռքերով օրեր շարունակ էդ զիբիլը մաքրեցինք, տարածքը կարգի բերեցինք ու սկսեցինք քիչ-քիչ տուն սարքել: Դա ոչ մի գործարանի չէր պատկանում, զիբիլանոց էր: Ախր, վեց երեխա ենք մեծացրել: Մեր ձեռքերով քարը քարի վրա ենք դրել, տանջվել ենք, որ էսօր մեզ դուրս շպրտե՞ն»: 35 տարի այդ տարածքում ապրած այս ընտանիքի անդամները մեղվի պես քար ու ցեմենտ կրելով` տուն են կառուցել, բակում 30-40 պտղատու ծառեր տնկել: 2 տարի առաջ սառնարանի պահեստի տնօրեն Ալբերտ Սարգսյանը որոշել է իր հիմնարկի տարածքը վաճառել «Գրանդ քենդի» ընկերության նախագահ Հրանտ Վարդանյանին: Տիկին Էլմիրայի որդին` Դավիթը, վստահեցնում է, որ իրենց զբաղեցրած տարածքը Ալբերտ Սարգսյանի սեփականություն հանդիսացող տարածքի հետ կապ չուներ. «Գտնվում էր հարակից տարածքում, բայց նրանք Կադաստրում մարդ են խառնել, տարածքը գնել եւ գենպլանով ընդգրկել են իրենց տարածքի մեջ: Ախր մենք 1972 թ.-ից էդտեղ ենք ապրում, կարող ենք բազմաթիվ տեղեկանքներ բերել, էդքան տարիների կոմունալ վարձերի մուծումների կտրոնները ցույց տալ: Նրանք ուղղակի գաղտնի կերպով առել են մեր տան տարածքը: Մենք սեփականության վկայական չունեինք, որովհետեւ միայն վերջերս էդ որոշումը դուրս եկավ, որ 10 տարուց ավելի ինքնակամ զբաղեցրած տարածքներն այսուհետ պիտի տրվեն քաղաքացիներին: Փաստորեն մեզ խաբեցին, ու չհասցրեցինք մեր սեփականությունը գրանցել»: Ինչեւէ, 2008թ. մայիսին Ա. Սարգսյանն ու նրա որդին` Գագիկը, Դավիթին առաջարկել են ազատել տարածքը` պայմանով, որ իրենք բնակարանով կապահովեն այս բազմանդամ ընտանիքին: «Մենք բազմիցս խոսել ենք, եկել ենք համաձայնության, որ իրենք բնակարանի հարց կլուծեն, իսկ մենք դուրս կգանք մեր զբաղեցրած տարածքից: Ինձ անգամ «Գրանդ քենդի» ընկերություն կանչեցին, Արայիկ անունով մի մարդու հետ խոսեցինք ու պայմանավորվեցինք, որ իրենք մեզ տուն կտան, որից հետո դուրս կգանք»,- պատմում է Դավիթն` ասելով, որ որոշ ժամանակ անց վերոնշյալ մարդկանց հետո բնակարան են փնտրել: Նախատեսված 3 մլն դրամով, այդուհանդերձ, բնակարան չեն գտել. «Նույնիսկ Խարբերդի մի խուլ տեղ գնացինք, որտեղ պայմանները սարսափելի էին: Էլի համաձայն էինք, բայց 3 մլն-ով վաճառողը չհամաձայնվեց: Հետո երկար փնտրտուքից հետո իրենք համոզվեցին, որ էդ գումարով բնակարան ճարելն անհնար ա: Արայիկը մեզ ասեց` վարձով տուն ճարենք, էդ գումարը կտաք վարձի համար՝ մինչեւ տուն առնենք»: Մինչ այդ, սակայն, Դավիթի բացակայության ժամանակ «Գրանդ քենդի» ընկերության ներկայացուցիչները եւ սառնարանի պահեստի ղեկավարությունը եկել են նրանց տուն եւ պահանջել տարածքն ազատել: «Դրսում՝ անձրեւ, ցեխ, ցուրտ, մեզ ասում են՝ դուրս եկեք: Ասում ենք` էս մանր երեխեքի հետ ո՞ւր գնանք: Բա, եթե դուրս չգաք՝ կգանք տրակտորով կջարդենք, կհանենք: Մի խոսքով` իրանք Էրեբունի Մասիվում մի տուն ճարեցին՝ ամիսը 70.000 դրամ վարձով, ու ստիպված տեղափոխվեցինք էնտեղ, բայց պայմանով, որ տուն են առնելու: Մենք նույնիսկ ասում էինք` տարածք առեք տվեք` մենք կամաց-կամաց չորս պատ կդնենք կապրենք, մենակ թե անտուն չմնանք»,- ասում է տիկին Էլմիրան, ում կրծքի ուռուցքը ամիսներ առաջ վիրահատել-հեռացրել են, եւ այժմ նա առողջական լուրջ խնդիրներ ունի: Ինչեւէ, մեկ տարուց ավելի 10 հոգուց բաղկացած ընտանիքն ապրել է վարձակալած բնակարանում, որից հետո, սակայն, գումար չունենալու պատճառով հայտնվել է փողոցում: «Իրենց տված վարձի գումարը լրիվ տան վարձ էինք տալիս, բայց երբ վերջացավ` մենք հնարավորություն չունեինք ամիսը 70.000 դրամ միայն վարձ տալ, որովհետեւ տանը մենակ Դավիթն ա աշխատում, էն էլ` 60.000 դրամ աշխատավարձով: Իրանք մեզ կտրուկ ասեցին` մենք ձեզ բան չունենք տալու, գնացե՛ք ում ուզում եք բողոքեք»,- ասում է տիկին Էլմիրան, ով վարձակալած բնակարանից երեխաների եւ թոռների հետ տեղափոխվել է փողոց: Ցրտերն ընկնելուն պես եկել են Արցախի 14 փակուղի, իրենց նախկին տան տարածք եւ մերձակայքում գտնվող նախկին կոնյակի գործարանի պահակակետում են հանգրվանել: Կոնյակի գործարանը սովետական տարիներից հետո մատնվել է անգործության, եւ սեփականատերն առայժմ թույլ է տալիս ապրել տնակում: Սակայն Դավիթը վստահեցնում է, որ «Գրանդ քենդի» ընկերության ներկայացուցիչները, տեւական ժամանակ է, այդ տարածքում չափագրումներ են անում: Լուրեր են պտտվում, որ ընկերությունը այդ տարածքը նույնպես գնելու է: «Փաստորեն մեզ դուրս շպրտեցին, ձեռքները լվացին ու հիմա զավթում են բոլոր տարածքները: Մեր տան տղաներից բոլորն էլ էս հասցեից են բանակ գնացել, Ղարաբաղում ենք ծառայել, 35 տարի էստեղ ապրել, աշխատել ու տուն էինք սարքել: Գիտեն, որ մեջք չունենք, մեզ տրորելով անցնում են»,- ասում է Դավիթն, ով իմ հարցին ի պատասխան, թե արդյո՞ք բողոքով չեն դիմել որեւէ պետական կառույցի, հեգնում է` «Ո՞ւմ դիմեմ, ո՞վ մեր իրավունքները կպաշտպանի: Միլիոնատերերի իրավունքները թողած՝ մե՞զ պիտի պաշտպանեն»: Տիկին Էլմիրան ցավով ասում է, որ իրենց վռնդելուց հետո տարածքի նոր տերերը «վերացրել» են 35 տարվա ընթացքում տնկած իր 30-40 պտղատու ծառերը. «Մեզ էլ տրակտորով կվերացնեին, եթե դուրս չգայինք»: Փոխարենը «Գրանդ քենդի» ընկերությունը հսկայական տարածքն այժմ պարսպապատել է ու փշալարեր է տեղադրել, այնպես, ինչպես լինում է ազատազրկման վայրերում: Տիկին Էլմիրայի թոռնիկները մագլցելով դիմացի կիսաքանդ պատի քարերի ու տանիքների վրա՝ ուզում են տեսնել փշալարերից այն կողմ գտնվող իրենց տունը, որտեղ ծնվել ու մեծացել են: «Ոչինչ, ժամանակը կգա, վատ մարդիկ կպատժվեն»,- ասում է 15-ամյա Կարենը: