ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Wednesday, January 13, 2010 23:54 - 1 քննարկում
40 տարի առաջ հրեական “Յանգ Իսրայել”-ի և հայկական ԱՆՉԱ կազմակերպությունների համատեղ ջանքերով բնակարանների փոխանակմամբ բացվեց Երևան-Բաքու- Ամերիկա հայերի «փախստականական» ճանապարհը: Գևորգյանների ընտանիքը «Երազով» փորձեց նորոգել Ամերիկա թռչելու երազը…
ԴԱՎԱՃԱ՞Ն, ՀՈՒՍԱՀԱՏ ՀԱՆՑԱԳՈ՞ՐԾ, ԹԵ՞ ՀԱՍՈՒՆ ՄԱՐԴ
Դժվար թե գտնվի մեկը, ով կարող է արդարացնել տարբեր մակարդակի գողությունների, այլ հանցագործությունների համար ութ անգամ դատապարտված մարդուն: Տվյալ անձին ընդունված է անվանել անուղղելի կամ էությամբ հանցագործ: Հենց այդպիսի մարդ` Եղիշե Պետրոսի Գեւորգյանը, հունվարի 10-ին իր «Երազով» անցել է Նախիջեւան (այս մասին «Ազգ»-ը տեղեկացրել էր հունվարի 12-ի համարում): Սակայն պարզվում է, որ մեր հարեւան Ադրբեջանը (որին թյուրիմացաբար պատկանում է Նախիջեւանը) գտնում է, որ Եղիշե Գեւորգյանը պարզապես զզված է եղել Հայաստանից, նրա իրականությունից, տեղի ունեցող բռնություններից ու խոսքի ազատության սահմանափակումներից: Այս ամենն է, որ, ըստ ադրբեջանցիների, ստիպել է Գեւորգյանին մեկնել Ադրբեջան: Այսպես, ադրբեջանական «Վեստի.ազ» կայքէջը մի «ուրախաբեր»-ընդարձակ հոդված է տպագրել, որտեղ խոսել են Ադրբեջանի որոշ փորձագետներ` Գեւորգյանի արարքը անվանելով պարզապես զզվանք հայրենիքի նկատմամբ: Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը ադրբեջանական կայքին ասել է, որ պետք է ուրախանալ, որ «հայերը ընտանիքներով գալիս են Ադրբեջան». «Սա խոսում է այն մասին, որ Հայաստանում ստեղծվել է ծայրահեղ ծանր իրավիճակ ինչպես սոցիալական, այնպես էլ ռազմական ոլորտներում: Կարծում եմ, որ այս միջադեպը (նկատի ունի Գեւորգյանին-Հ.Ա.) կստիպի հայկական իշխանություններին լրջանալ ու ամպագոռգոռ հայտարարություններ չանել: Եղիշե Գեւորգյանը 52 տարեկան է, բավական հասուն մարդ, եւ քաջ գիտակցելով, որ իրավիճակը Հայաստանում խիստ ծանր է, գերադասել է մեկնել թշնամի երկիր. այդպիսին հայերը անվանում են մեր երկիրը», հայտարարել է Ջաֆարովը: Ինչ վերաբերում է Հայաստան եկած ադրբեջանցի փախստականներին, ապա ադրբեջանցի ռազմական փորձագետը ոչ մի զուգահեռ չի տեսնում նրանց ու Գեւորգյանի միջեւ. «Մեր հայրենակիցները գերի են ընկել ագրեսորին, այնինչ Գեւորգյանն ինքնակամ է եկել մեզ մոտ», շեշտել է Ջաֆարովը:
Միեւնույն ժամանակՙ Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Այդին Միրզազադեն «փաստել» է, որ Գեւորգյանի դեպքը վկայում է, որ «Հայաստանում իրական դժոխք է»: «Իհարկե, հայերը ամեն ինչ կանեն Գեւորգյանին բնութագրելու որպես հանցագործի, սակայն փաստն այն է, որ չափահաս մարդը, ընտանիքի` երեք անչափահաս երեխաների հետ, լքել է հայրենիքն ու մտել թշնամի երկիր: Մարդը փախել է հայ իրականությունից, այնտեղ նրան ամեն ինչ ատելի է», նշել է Միրզազադեն: Վերջինիս կարծիքով, եթե նախկինում Ադրբեջան էին «գնում» բացառապես զինվորականներ, ապա այժմ «գալիս են սովորական քաղաքացիներ, սա խոսում է Հայաստանում տիրող ծանր սոցիալական վիճակի մասին», նշել է պատգամավորը` հայտարարելով նաեւ, որ այս «փաստեր»-ը վկայում են, որ Ադրբեջանը շատ ավելի հեռանկարային երկիր է, քան Հայաստանը:
Իսկ ադրբեջանցի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսի կարծիքովՙ ամեն ինչ, Գեւորգյանի հետ կապված, պարզ ու հասկանալի է. «Սա հայկական բիզնեսի նոր ձեւ է: Տեսեքՙ Գեւորգյանին ու նրա նմաններին անչափ ձեռնտու է ներթափանցել Ադրբեջան: Օրինակՙ ինչո՞ւ Գեւորգյանը չի մեկնել Վրաստան, որովհետեւ այդ երկրի հետ Հայաստանը պատերազմական դրության մեջ չէ, իսկ մեզ հետ հենց այդպիսի դրություն ունի: Բոլորս էլ գիտենք, որ նման պարագայում միջազգային կազմակերպությունները փախստականին հանձնում են որեւէ երրորդ երկրի, ի՞նչ է սա, եթե ոչ հայկական բիզնեսի նոր ձեւ», հայտարարել է Յունուսը:
Հիմաՙ մի քիչ իրականության մասին. նախ նորից շեշտենքՙ ՀՀ քաղաքացի Եղիշե Գեւորգյանը մի շարք հանցագործությունների համար դատապարտվել է ութ անգամ: Վստահորեն կարելի է ասել, որ նա անուղղելի հանցագործ է, եւ որ, ադրբեջանցի փորձագետների կարծիքով, Գեւորգյանը չափահաս, հասուն մարդ է, չի կարելի լուրջ վերաբերվել. ութ անգամ դատապարտված մարդը չի կարող հասուն լինել:
Ադրբեջանցիները մեզ մեղադրում են «ընտանիքներով Ադրբեջան մեկնելու» մեջ, սակայն բացի Գեւորգյանից, կա՞ արդյոք նման այլ դեպք, իսկ ինչ վերաբերում է Գեւորգյանի ընտանիքին` ո՞վ ասաց, որ նրա կինն ու մանավանդ երեք անչափահաս երեխաները ցանկացել կամ իմացել ենՙ ուր են մեկնում: Ինչ վերաբերում է «հայրենիքի նկատմամբ զզվանքին». ադրբեջանցիների հոսքը դեպի մեր երկրի սահմաններ վկայում է միայն, որ հայրենիքի նկատմամբ զզվանքն ավելի շատ տարածված է հենց հարեւան երկրում: «Հայաստանում ծանր սոցիալական իրավիճակ է, իրական դժոխք», այս «փաստ»-ին պատասխանենք ոչ թե հայկական, այլ միջազգային գնահատականներով. «Ազգ»-ը տեղեկացրել է նախորդ համարում, որ Heritage Foudation-ի գնահատմամբՙ Ադրբեջանի տնտեսությունը համարվել է հիմնականում անազատ, մինչդեռ հայկականըՙ չափավոր ազատ է: Կենսամակարդակով Հայաստանը երրորդն է ԱՊՀ-ում, մինչդեռ Ադրբեջանը չկա նույնիսկ լավագույն հնգյակում: Freedom House-ի հրապարակման համաձայնՙ Ադրբեջանում 2009-ին զգալիորեն վատթարացել է մարդու իրավունքների ու խոսքի ազատության վիճակը: Ադրբեջանը դասվել է անազատ երկրների շարքում, սա այն դեպքում, երբ Հայաստանը մասամբ անազատների խմբում է, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` ի դեպ:
Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների «ամպագոռգոռ հայտարարություններին». այդ դեպքում ինչպե՞ս որակել Բաքվի` պատերազմ սկսելու կոչերը, «ադրբեջանական ամենահզոր ու կարող» բանակի առասպելը, ինչպե՞ս որակել այս ամենը, եթե ոչ` ամպագոռգոռ:
«Հայկական բիզնեսի»-ի մասին: Տարօինակ է, որ ադրբեջանցի կոնֆլիկտաբանը չգիտի, որ երկրից թշնամական երկիր ներթափանցած քաղաքացին կարող է հանձնվել երրորդ երկրին միայն այն դեպքում, երբ նախ ինքը այլեւս չի ուզում վերադառնալ հայրենիք, եւ երկրորդ` եթե տվյալ երրորդ երկիրը համաձայն է վերջինիս տալ քաղաքական ապաստան:
Մի ուշագրավ հանգամանք եւս. ադրբեջանցի մեր հարեւաններն ուշադրություն չեն դարձրել, որ Գեւորգյանը մեկնել է Նախիջեւան, իսկ այնտեղ այս օրերին առավել քան երեւում են «ադրբեջանական խոսքի ազատ լինելն ու դեմոկրատիան» ընդհանրապես: «Ազգ»-ը երեկվա համարում տեղեկացրել էր, որ Նախիջեւանի Բենանյար գյուղում մեծ խռովություններ են տեղի ունեցել: Իշխանությունները բացահայտ հարձակվել են անզեն ժողովրդի վրա` ենթարկելով մարդկանց դաժան ծեծի, ձերբակալելով շատերին, նույնիսկ կանայք, երեխաներն ու ծերերը չեն «անտեսվել» Ադրբեջանի «բարձր մակարդակի մարդու իրավունքների ու ժողովրդավարության կողմից» Նախիջեւանում մինչեւ օրս հայտարարված է արտակարգ իրավիճակ, իսկ ադրբեջանական «Ազադլիգ» կայքը գրում է, որ Նախիջեւանի դեպքերը եւս մեկ անգամ փաստում են, որ երկրում ոտնահարվում է խոսքի ազատությունը, տիրում է կրոնական անհանդուրժողականություն:
Այնպես որ ադրբեջանցի փորձագետները նախքան «ուրիշի աչքի փուշը տեսնելը, լավ կլիներՙ տեսնեին սեփական աչքի գերանը» եւ ութ անգամ դատապարտված մարդու արարքներից շատ չուրախանային: