ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Wednesday, January 13, 2010 4:53 - չքննարկված
Գովազդում են խաղամոլություն, ընտանեկան անհավատարմություն, դավաճանություն, խաբել, ստել, գցել եւ նման զազրելի բաներ։
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԸ ՆԱՅԵԼԸ ՊԱՐԶԱՊԵՍ ՄԱԶՈԽԻԶՄ Է
-
Ամանորյա երկարատեւ արձակուրդից աշխատանքային կյանքի վերադարձած մեր համաքաղաքացիները, կամաց-կամաց ձերբազատվելով տոնական ապրումներից, արդեն հետադարձ հայացք են նետում անցած օրերին եւ, բնականաբար, այդ օրերի մաս կազմող հեռուստաեթերին։ Անշուշտ, հենց սկզբից էլ պարզ էր, որ ամեն օր որոշակի աղբաբաժին հեռարձակող մեր հեռուստաընկերությունները Նոր տարվա առթիվ աղբի գերկուտակում էին ունենալու։
Այլ կերպ չէր էլ կարող լինել, բայց տպավորությունն այնպիսին է, որ այս տարի շատերը ալիքներն էին փոխում՝ մի տեսակ ներքին, ներընտանեկան մոնիտորինգ անցկացնելով, որ տեսնեն՝ ինչ-որ նոր, հետաքրքիր մի բան կարո՞ղ են գտնել որեւէ ալիքով։
Ավաղ, փոխելով ալիքները, կարելի էր համոզվել, որ իր սեփական աստղիկ-հերոսներին կերտող «Շանթով» այս տարի եւս 1-4 սուպեր-սթարները, գողական սերիալների հայտնի եւ անհայտ հերոսները, ժողովրդական երգիչներն ու պարողներն էին դոմինանտը։ Եւ նույն այս մարդկանց կարելի է հանդիպել հիշյալ հեռուստաընկերության մնացած բոլոր տոնական հաղորդումներում։
«Շանթի» այս տարվա նորույթը թերեւս Վարդան Պետրոսյանն էր, որը փարիզյան նրբավարությամբ եւ սրամտութամբ իր սեռի ներկայացուցիչներին բռի-վայրենի չլինելու, կանանց հանդեպ գալանտության խորհուրդներ էր տալիս։
Եւ ընդհանրապես մեր հեռուստաեթերը ինքնին մարդուն զայրացնող ու նյարդայնացնող է, այդ իսկ պատճառով շատերը պարզապես մեծ խաչ են քաշում նրա վրա՝ հրաժարվելով որեւէ բան նայել։ Բարկացնող է ամեն ինչ՝ նույն տափակ հաղորդումները, ընդ որում, այս տարվա ախմախությունները քիչ են, դեռ նախորդ տարվանն էլ նորից ու նորից կրկնում էին։ Էլ չենք խոսում, որ ամեն հեռուստաընկերություն իր ամանորյա ռաբիս քեֆ-ուրախությունն էր պարտադրում հեռուստադիտողին։
Ոչ մի նոր մտահղացում՝ երեւակայությունից, արտիստիզմից, ճաշակից, գեղագիտությունից եւ լեզվական գրագիտությունից զուրկ հաղորդումներ, դեմքեր եւ կերպարներ։ Բնականաբար այդ ցանկում են արդեն լրիվ մաշված ու սպառված հայկական փոփ «աստղերը», որոնք ուղղակի անտանելի են դարձել իրենց ամբողջ շքախմբով։
Ավելին՝ եթե նախկինում գոնե Օսկարի արժանացած մեկ-երկու ֆիլմ հրամցնում էին Նոր տարվա առթիվ, հիմա եթերն այնքան է լցվել տեղական աղբ-սերիալներով (բրազիլականից պրծանք, բայց մրից ելանք, մրջուրն ընկանք), որ բարձրակարգ ֆիլմերին տեղ չկա։
«Հայկական հեռուստաեթերում գերակշռում է ռեստորանային, ցածրաճաշակ երաժշտությունը, անթույլատրելի է եթերն ամբողջությամբ լցնել այդ կարգի երաժշտությամբ, որովհետեւ այլ երաժշտություն սիրող մարդկանց համար այլ տարբերակ չի մնում»,- օրերս ասուլիսի ժամանակ զայրույթով ասաց երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանը՝ դժգոհելով, որ երբեւէ ոչ իրեն, ոչ էլ իր սերնդի այլ բարձրակարգ երաժիշտների չեն հրավիրում ամանորյա հեռուստահաղորդումներին։
Այսօր գրեթե բոլոր հեռուստաընկերությունները պրոպագանդում են ցածրաճաշակ երաժշտություն, պատճառաբանելով, թե իրենց առաջարկը ձեւավորվում է հեռուստադիտողի պահանջարկով։ Այսինքն՝ այսպիսով ցանկանում են ընդգծել, թե միջին հայ հեռուստադիտողը մեկ ռաբիս կլկլոցներից չի կշտանում, մեկ էլ, ասենք, «երկնագույններին» վերաբերող հռհռոցներից։
Հոգեբան Կարինե Նալչաջյանի դիտարկմամբ, «երկնագույնների» գովազդումը հաստատ իր անդրադարձը կունենա նոր սերնդի վրա, որովհետեւ երեխան չի կարող զերծ մնալ հեռուստատեսության ազդեցությունից։ Իսկ վերջինս ինքնին լուրջ լծակ է։
Ընդհանրապես, երբ մենք ուզում ենք իմանալ մարդու ինտելեկտի մակարդակը, նայում ենք՝ հումոր ունի՞, թե՞ ոչ։ Եթե մարդը հումոր ունի, ինքնին ինտելեկտի նշան է։ Նույնիսկ երեխաների շրջանում է դա զգալի. եթե երեխան հումորը զգում է, կարողանում է կատակներ անել, նշան է, որ գործ ունենք ինտելեկտուալ նախադրյալներ ունեցող երեխայի հետ։ Իսկ մեզ հրամցվող հեռուստատեսային աղբի ազդեցության տակ հումորի մասին երեխաների պատկերացումները ի սկզբանե ձեւախեղվում են։ Ինչ-որ անհասկանալի բառաչներ, հռհռոցներ, տգեղ խոսակցություններ՝ ահա մեր հեռուստատեսային հումորը։
Բնականաբար թատերական հայտնի հնարք է՝ կինը կարող է տղամարդու դեր խաղալ, տղամարդը՝ կնոջ։ Բայց այս ամենը գեղագիտական մակարդակ պիտի ունենա։ Իսկ մեզանում, ըստ էության, բացառապես տղամարդու փոխակերպումը կնոջ կնաբարո ծամածռություններից այն կողմ չի անցնում։ Հոգեբանի համոզմամբ՝ «մեր իրականության մեջ ընդհանրապես խոր արմատներ է ձգել գավառամտությունը՝ դրսի մասնագետները չգիտես ինչու ավելի լավն են, դրսից եկած արժեքները նորի, առաջավորի դրսեւորում են եւ երիտասարդության հոգեկանի վրա ավելի մեծ ազդեցություն են ունենում։ Եւ ահա «երկնագույնների» քարոզչությունը եւս նոր սերունդը ընկալում է հենց այս համատեքստում։
Ցանկացած հեռուստատեսություն իսկապես իշխանություն է մարդկանց մտքի, հոգեկանի վրա, եւ այդ լծակը պիտի այնպիսի մարդկանց ձեռքին լինի, որոնք հասկանում են, թե ինչ են անում, թե իրենց արտադրանքը ինչին է նպաստում, ինչին՝ վնասում։ Այլապես ստացվում է, որ ոչինչ ավելին չեն անում, քան մարդկանց հռհռալու համար խուտուտ տալը»։
Այս հակագեղագիտական, վնասակար դրսեւորումները արդեն հասցրել են սերունդ ձեւավորել, ուստի այսօր, քան երբեւէ մեր հեռուստաեթերը ցենզուրայի կարիք ունի։ Հստակ չափորոշիչներ պիտի լինեն, ըստ որի պիտի ֆիլտրացիայի ենթարկվի ե’ւ հեռուստահաղորդումների գեղագիտությունը, ե’ւ լեզուն։ Այլապես մեզանում ամեն ինչ գլխիվայր շուռ եկած վիճակում է։ Այս պարագայում չգիտես զարմանաս, թե օրինաչափ համարես, որ Լեզվի տեսչությունը մայրենիի տարածման գործում ցուցաբերած ավանդի համար կարող է պարգեւատրել այդ բնագծում ավերիչ դեր կատարած «Արմենիային» կամ մեկ այլ հեռուստաընկերության։
Դե, իսկ մեր գովազդները հիմնականում գովազդում են խաղամոլություն, ընտանեկան անհավատարմություն, դավաճանություն, խաբել, ստել, գցել եւ նման զազրելի բաներ։
Անշուշտ, մազոխիզմի պես մի բան է նստել, հայկական հեռուստաեթերը ուշի-ուշով նայելը՝ ինչ է թե՝ հստակ պատկերացում ունենաս դրանց վնասակարության եւ զզվելիության աստիճանի մասին։ Եւ երիցս ճիշտ են վարվում մեր այն հայրենակիցները, ովքեր մեծ խաչ են քաշում եւ բոյկոտում այն։
- ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ