ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, January 11, 2010 16:19 - 2 քննարկում

Ոչնչից անտեղյակ Հարութ Սասունյանը քսմսվում է իշխանություններին և “աչոկ” է հավաքում … Ինչո՞ւ:

Օրինակ. Սասունյանը չգիտի թե ինչո՞ւ Քաջազնունու կինը 1919 թվականի հուվարին գտնվում էր Վրաստանում՝ Թիֆլիսում, և ինչո՞ւ… Որտեղի՞ց է գրել Քաջազնունին իր կնոջը և ինչո՞ւ: Ի՞նչ լեզվով է գրված այդ նամակը և ո՞վ է կարդացել անգլերեն դա Սասունյանի համար կամ թարգմանել  անգլերեն: Որտե՞ղ է գտնվել Քաջազնունին 1919-ին և ինչո՞ւ: Ի՞նչ նպատակ է հետապնդում  Սասունյանը այս օրերին թարմացնելով 1918-1920թթ. հանրապետության դեպքերը, ծռմռելով և աղավաղելով դրանք… Նույնիսկ անտեղյակ է  Վրացյանի կառավարության բյուջեից և 20-21 թվականներին Վրացյանի ներկայացրած պետության գանձարանում առկա ռուսական և արտասահմանյան փողերից: Ի՞նչ նպատակուվ է Վրացյանին խառնում վրացիների հետ…. և այսպես  բազմաթիվ տարօրինակ մոտեցումներ:   Ի՞նչ նպատակով է Սասունյանը կիսաճշմարտություններով ձեռնածություն անում: Եվ վերջապես, ո՞վ է այս մարդը, որին Հայաստանի սորոսյան թերթերը ջանում են միշտ «վառ պահել իրենց էջերում», նրա գրվածքներն անգլերենից թարգմանելով հայերեն: Կարդացեք և կհամոզվեք ստորև:

Վարչապետի 1919 թվականի նամակում Հայաստանը նկարագրվում է որպես թշվառ, բայց և հույսով լեցուն

Վարչապետի 1919 թվականի նամակում Հայաստանը  նկարագրվում է որպես թշվառ, բայց և հույսով լեցուն

Այսօր՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի, հակամարտությունների և պատերազմների ժամանակաշրջանում, մեծ թվով մարդիկ արդարացիորեն հուսալքված ու ընկճված են վատ լուրերի տարափից: Հայաստանն ու հայերը բացառություն չեն:

2010 թվականի շեմին, երբ հայերը  գնահատում են իրենց սեփական իրավիճակը, շատ ուսանելի կլինի նրանց համար մի հետադարձ հայացք գցել 1918-20 թթ. նորանկախ Հայաստանում տիրող անտանելի պայմաններին: Երբ ընթերցում ես Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու՝ 1919 թվականի հունվարին Թիֆլիսում գտնվող կնոջն ուղղված սրտառուչ նամակը, պարզ է դառնում, որ կյանքն արդի Հայաստանում՝ բացառությամբ որոշ նմանությունների, ամբողջովին տարբերվում է Առաջին Հանրապետության կյանքից:

Նամակը գրվել է Հայաստանի անկախության ձեռքբերումից շատ չանցած, երբ ընչազուրկ, ցեղասպանությունից մազապուրծ, սովից ու հիվանդություններից մեռնող հայերն անպաշտպան էին ցրտի ու սառնամանիքի պայմաններում, առանց տաք հագուստի ու ապաստանի: Վարչապետի նամակը համոզիչ մի փաստաթուղթ է, որն այսօր էլ հայերի համար արժեքավոր դասեր է պարունակում իր մեջ: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում հատվածներ այդ ծավալուն նամակից:

Քաջազնունին նամակը սկսվում է իր տառապալից հոգեվիճակի նկարագրությամբ. «Աչքերիս առաջ տեսնում եմ այն ժողովուրդը, այն հարյուր հազարավոր մարդիկ, որոնց կառավարելը ինձ է վիճակված – հիշում եմ, մտածում և խելագարվում եմ ցավից ու կսկիծից»:

Վարչապետը սրտաճմլիկ մանրամասներով նկարագրում է իր ժողովրդի թշվառ վիճակը, թե ինչպես «ժողովուրդը հասել է ծայր աստիճան թշվառության, ժողովուրդը հոգեվարքի մեջ է, հաց չունենք ուտելու, անոթի ենք, տուն չունենք ապրելու, մեր գյուղերը քանդված ու ավերված են, այս ձմեռ ժամանակ մնացել ենք բացօդյա, փլատակների ու քարերի տակ, շոր չունենք հագնելու, մերկ ենք, սառում ենք ցնցոտիների մեջ, ուժասպառ ենք, հիվանդ, մահամերձ հիվանդ: Բծավոր տիֆը այնպիսի ծավալ է ստացել, որ ստատիստիկան չի հիշում անցյալներում: Երևան քաղաքում, որ ունի 60-65 հազար ազգաբնակչություն, այսօր ավելի քան 2000 հիվանդ կա, 30 մարդուց մեկը պառկած է՝ հիվանդ բծավոր տիֆով: Բժիշկներ չունենք, ֆելդշերներ չունենք, եղածներից կեսը հիվանդ պառկած է կամ մեռած, հիվանդանոցներ չունենք, դեզինֆեկցիայի միջոցներ չունենք, վառելիք  չունենք, որ բաղնիքները տաքացնենք, մարդկանց լողացնենք, ոջիլներից ազատենք, սապոն չունենք, որ լվացք անենք, փող չունենք, մեր փողերը վրացիք ձերբակալել են Թիֆլիսում, հաղորդակցության միջոցներ չունենք, երկաթուղային գիծը ավերված է … ֆուրգոններ և սայլեր չենք կարող բանեցնել, որովհետև ձիերը սատկում են անոթությունից, իսկ եզները մորթում են ուտելու համար»։

Քաջազնունին համարում էր, որ ծայրահեղ թշվառության մեջ հայտնված հայերը կարող էին գոյատևել միայն դժվարությունները դիմակայելու իրենց անսահման տոկունության շնորհիվ. «Մեր զորքերը, որ Լոռիում այդպես քշեցին վրացիներին, մերկ են ու քաղցած: Պետական որբանոցներում տասը հազարից ավելի որբ ունենք, որոնց կիսաքաղց գոյությունը պահպանելու համար գումար չունենք: Մոտ 300 հազար տնավեր գաղթականություն ունենք, որոնք մեռնում են մեր աչքի առաջ, և որոնց ոչ մի օգնություն չենք կարող անել: Պետական մեխանիզմը չենք կարող կարգի բերել, որովհետև միջոց չունենք վարձատրելու: Ընդհանուր թշվառությանը ավելանում է նաև կաշառակերություն, գողություն, թալան, ավազակություն, շանտաժ, որոնց դեմ հնար չունենք կռվելու»:

Շարունակելով նամակը, նա  նկարագրում է այն բարդությունները, որոնք ծագել էին վրացիների ու թուրքերի հետ բախումներից: Նա նշում է, որ «մինչ Հայաստանն ամեն կերպ աշխատում էր խույս տալ պատերազմից, մենք չենք կարող ամեն տեղ զիջել, ամենքի առաջ խոնարհվել, համբերել ու ետ նահանջել, որովհետև դրանով մեծապես վտանգում ենք մեր պետության ապագան, մեր քաղաքական դրությունը, մեր ինքնուրույնությունը, մեր ազատությունը – այն ամենը, որի համար այդքան ահռելի զոհեր ենք տվել, այդքան գերմարդկային ճիգեր ենք թափել, դարերով և սերունդներով ապրել ենք, մյուս կողմից ուժասպառ ենք այն աստիճան, որ ի վիճակի չենք շարունակել կռիվը, դիմադրել, դիմանալ, նոր զոհաբերություններ անել, իսկ արտաքին օգնությունը (Ամերիկայի կամ Անգլիայի կողմից), որի վրա դրել ենք մեր ողջ հույսը, դանդաղում է, չի արտահայտում իրեն շոշափելի ձևով»:

Այնուհետև Վարչապետը գանգատվում է կառավարության պաշտոնյաների, այդ թվում՝ իր «տաղանդի և փորձառության պակասությունից» և տրտնջում «ներքուստ անհամաձայնությունից, անվստահությունից, անտագոնիզմից, նույնիսկ փոխադարձ ատելությունից»: Նա նկարագրում է կաբինետի յուրաքանչյուր նախարարի թերությունները, անգամ մեղադրում նրանցից մեկին, ով միայն իր  սեփական շահի մասին է մտածում: Նրա մի քանի նախարարներ և գլխավոր օգնականներ կամ լուրջ հիվանդություններով գամված էին անկողնուն կամ էլ կարճատև ուղևորության էին մեկնել երկրից, սակայն շաբաթներ անց չէին վերադարձել: Այնուհետև նա հուսահատորեն անդրադառնում է իր կառավարության սնանկ կարգավիճակին. «Պետական սնդուկը դատարկ է … մեր փողերը մնացել են Թիֆլիս, վրացիների ձեռքում, իսկ որբերին պետք է պահել, քաղցածներին պետք է հաց բաժանել, հիվանդներին պետք է բժշկել, ծառայողներին պետք է ռոճիկ տալ, բայց որտեղի՞ց տանք: Որ մտածում եմ, գլուխս պտույտ է գալիս»:

Նամակի վերջում Քաջազնունին հուսադրում է ինքն իրեն, որ □արշալույսը մոտ է□: Նա կոչ է անում հայերին. «դիմանալ, հավաքել ուժերի ամբողջ մնացորդը, վերջին ճիգը անել և ոտքերի վրա կանգնած մնալ: Որովհետև այսքան զոհ տվել ենք արդեն, այսքան արյուն թափել, այսքան տներ ավերել, այսքան վառ օջախներ հանգցրել, պետք է, որ այս բոլորը գտնի իր վարձատրությունը: Ոչ մեզ համար, այլ մեր որդկերանց համար, թեկուզ էլի 10 հազար մարդ կոտորվի, ես էլ նրանց հետ, բայց գոնե նրանք, որոնք ողջ կմնան, մի օր կտեսնեն, ազատ շունչ քաշեն, մարդավայել կյանքով ապրեն: Եվ այդ կլինի, այդ մոտ է լինելու»:

Անհավատալի է, սակայն չնայած ահռելի դժվարություններին, Քաջազնունին տեսնում է պայծառ ապագա. «Հինգ տարի առաջ Հայաստանը լոկ աշխարհագրական տերմին էր, իսկ իբրև քաղաքական միավոր՝ հեռավոր երազ էր, որի մասին ամենահանդուգն մտքերն անգամ չէին համարձակվում բարձր խոսել: Այսօր Հայաստանի Հանրապետությունը փաստ է արդեն: Թող որ այդ հանրապետությունը փոքր ու աղքատ լինի, թող ժողովուրդը ենթարկված լինի սովի ու համաճարակի, դա անցողակի բան է: Փաստը արդեն կատարվել է, և չկա աշխարհիս երեսին այն ուժը, որ կարողանա բնաջինջ անել պատմության էջերից կատարված փաստը: 500 տարի ստրուկ լինելուց հետո, մի ժողովուրդ վերածնվում է ազատ և ինքնուրույն կյանքի համար»:

Այնուհետև Հայաստանի առաջին վարչապետը հպարտորեն պատմում է Հանրապետության հաստատման, նրա տարածքների ընդլայնման և թուրքական զորքերը դուրս քշելու մասին: «Մեծ տերությունները պաշտոնական հարաբերությունների մեջ են մեզ հետ, մեզ մոտ ներկայացուցիչներ են ուղարկում, մեզ թղթեր են գրում, ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարությանը, մինիստր-նախագահին, արտաքին գործերի մինիստրին»:

Ինչ խոսք, այսօրվա Հայաստանում իրադրությունն անհամեմատ ավելի բարվոք է, քան Քաջազնունու ժամանակաշրջանում, վերջիվերջո անցել է ավելի քան 90 տարի, և անկասկած հայ ժողովուրդն արժանի է ավելի բարձր կենսամակարդակի, սակայն դեռևս բնակչության մեծ մասը կարիքի մեջ է:

Ի հեճուկս տնտեսական դժվարությունների ու արտաքին սպառնալիքների, հայերի գոյատևելու ձգտումն արմատավորված է նրանց ԴՆԹ-ում: Հազարամյակներ շարունակ նրանք տառապել են բազմաթիվ նվաճումներից, թալանից, պատերազմներից, ջարդերից, անգամ ցեղասպանությունից, սակայն դիմակայել են: Այսօրվա դժվարությունները ևս կանցնեն … Հայերը ոչ միայն կգոյատևեն, այլև կբարգավաճեն:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմ. Ռ.Ավագյան



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

A
Jan 11, 2010 18:19