ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Thursday, January 7, 2010 16:35 - 1 քննարկում
Նամակ գրված բաց սրտով: Կույր ատամանի անունը իսպառ չի հիշվում….
Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
Սիրելի Նիկոլ
Առաջիկա օրերին մեր ժողովրդի ապագայով մտահոգ մի հոծ բազմություն անհամբեր սպասում է երկու կարևոր իրադարձության:
Դատարանը շուտով կայացնելու է որոշում, թե քանի տարի է դատապարտելու քեզ ազատազրկման: Այդ ընթացքում Ազգային ժողովի թափուր տեղի համար տեղի ունեցող ընտրությանը մեր ժողովուրդը իր ձայնը վստահաբար քեզ է տալու, սակայն, ցավոք, վերջնական վճիռը երկու դեպքում էլ պատկանում է ՀՀ Նախագահի աթոռը զբաղեցնող անձին:
Անկախ այն հանգամանքից, թե նշված իրադարձությունների շուրջ ինչպիսի արդյունք է լինելու եկող օրերին, իմ կարծիքով, ի վերջո մենք հաղթած ենք, որովհետև եկող տասնամյակը լինելու է իմ և քո տասնամյակը: Իմ և քո ասելով նկատի չունեմ անձնապես մեզ, այլ մարդկային այն տեսակը, որն իր ժողովրդի ապագա սերունդների համար պատրաստ է զոհողությունների, մարդկային այն որակը, որը պատրաստ է ծառայել իր ժողովրդին, այլ ոչ թե իշխել, հարստահարել և կեղեքել, և վերջապես այն տեսակը, որը գիտի, որ կյանքի հիմնարար արժեքները չեն կարող լինել նյութական հարթությունում:
Իմ խորին համոզմամբ եկող տասնամյակը մեզ համար լինելու է քաղաքական, գաղափարական իզմերից և տարբեր օրիենտացիաներից ձերբազատվելու տարիներ, որի շնորհիվ օտարին այլևս թույլ չենք տալու միջամտելու և ազդելու հայկական քաղաքական դաշտում:
Յուրաքանչյուր ժամ, որ դու և մնացած մերօրյա քաղբանտարկյալները անցկացնում եք անազատության մեջ, համոզված եղեք, որ դրանով կերտվում է նաև մեր ապագան, որին հասնել առանց զոհողության հնարավոր չէ, քանի որ դա է կյանքի օրինաչափությունը:
Ես վստահ եմ, որ նոր Հայաստանում, մեր երազած և պատկերացրած Հայաստանում, մենք կկարողանանք ստեղծել կյանքի այնպիսի պայմաններ, որպեսզի ապագա սերունդներն իրականացնեն իրենց ազգային իղձերն ու երազանքները: Ուստի մենք պարտադրված ենք արթուն պահելու մեր այդ երազանքներն ու ներքին հիշողությունը որակապես զորեղ և օրինակելի պետություն ստեղծելու համար:
Մենք և ապագա սերունդներն ունեն մեկ կարևոր առաքելություն ևս:
Պարբերաբար կրկնվող համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական վերադասավորումներին և վերաբաժանումներին պատրաստ լինելու համար արդեն իսկ ձեռքներիս պետք է ունենանք ոչ թե թղթե, այլ երկաթե շերեփ, որպեսզի չկրկնվի մեր ժողովրդի ապրած նախորդ դարերի ողբերգությունները և մենք կհաղթանակենք այդ շրջանում: Իսկ այսօր իրավիճակը սարդարապատային է, ուստի ժողովրդին առաջնորդելու հավակնող մարդկանց խմբի գործողությունների տրամաբանությունը պետք է բխի այդ իրողությունից:
Մենք պարտադրված ենք իրացնել մեր վերահսկողության ներքո գտնվող հայրենի տարածքը և դա միայն հնարավորություն կտա կյանքի կոչել մեր ազգային իղձերն ու ծրագրերը: Եթե չկարողանանք իրականացնել դա, ապա անիմաստ է խոսել որևէ այլ ծրագրի մասին:
Ավարտելով խոսքս, շնորհավորում եմ քո և բոլոր քաղբանտարկյալների Ամանորն ու Սուրբ Ծնունդը, և ցանկանում եմ, որ դուք բոլորդ օր առաջ վերադառնաք ձեր ընտանիքների ջերմ գիրկը:
Եղբայր ենք մենք:
Ժիրայր Սէֆիլյան
2006թ. դեկտեմբերի 10-ից մինչև 2007թ. հոկտեմբերի 18-ը
«Երևան» քրեակատարողական հիմնարկի համար 20 խուցի բնակիչ
1 քննարկում
Արտակ