ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Wednesday, January 6, 2010 2:50 - 4 քննարկում
Օրինապահ ժողովուրդ, խելոք ղեկավարներ եվ….«Չինացի միգրանտները զավթում են մոլորակը»:
Աշխարհի չինական կեսը
Չինացի միգրանտները զավթում են մոլորակը
Կապիտալ
2009թ. չինական ընկերություններն այլ երկրներում շահագործման են հանձնել $58 մլրդ-ի նախագծեր: |
Վիետնամի հյուսիսում գտնվող գյուղերից մեկի համար բարգավաճման ժամանակներ պետք է լինեին: Ճապոնական և չինական երկու ընկերություններ այդ գյուղում ածխային ջերմաէլեկտրակայան էին կառուցում: Պետք է հազարավոր աշխատատեղեր բացվեին, տեղի բնակիչներն անհամբեր սպասում էին դրան:
Անցել է չորս տարի: Հայֆոնի ջերմաէլեկտրակայանի շինարարությունը գրեթե ավարտված է: Սակայն աշխատանք ստացան ընդամենը մի քանի հարյուր վիետնամցիներ:
Բանվորների մեծ մասը չինացիներ էին (նրանց թիվը երբեմն հասնում էր 1500-ի): Մի քանի հարյուրը մինչև այսօր Հայֆոնում են ապրում, ցերեկը տքնում են փոշոտ շինհրապարակում, իսկ գիշերը լուսացնում են կեղտոտ ժամանակավոր տնակներում:
Չինաստանը, որը հայտնի է էժան ապրանքների արտահանմամբ, այժմ սկսել է մասնագիտանալ նաև էժան աշխատուժի արտահանման ուղղությամբ:
Սահմաններ չճանաչող միգրանտներն աշխատում են չինական կապիտալի մասնակցությամբ կառուցվող գործարաններում կամ շինարարական ու ճարտարագիտական նախագծերում: Նրանց աշխարհագրությունը սահմաններ չունի. ծաղիկների աճեցում Հոլանդիայում, գրասենյակային աշխատանք Սինգապուրում, անասնապահություն Մոնղոլիայում, լրագրավաճառություն Մերձավոր Արևելքում:
Չինացիներն ամենուր են: Չինական էքսպանսիայի դեմ դժգոհությունները նույնպես համատարած են: Ասիայում և Աֆրիկայում չինացիների դեմ պարբերաբար տեղի են ունենում բողոքի և բռնության միջադեպեր:
Օտարերկրյա ընկերությունների աշխատանքը կարգավորող օրենքներ արդեն ընդունել են Վիետնամն ու Հնդկաստանը, որոնք դրանցով սահմանափակել են չինական աշխատուժի մուտքը: Այդ երկրների հարաբերությունները Պեկինի հետ որոշակիորեն սրված են:
Եթե հայտամրցույթում հաղթում են չինական պետական շինարարական ընկերությունները, ապա նախագիծն իրականացնում են չինացի բանվորները՝ լինի դա էլեկտրակայն, գործարան, երկաթուղի, մայրուղի, մետրոպոլիտեն, թե ստադիոն:
Չինաստանի առևտրի նախարարության հաշվետվության համաձայն՝ 2009թ. չինական ընկերություններն այլ երկրներում ավարտել և շահագործման են հանձնել $58 մլրդ-ի նախագծեր՝ 33% ավելի, քան անցած տարի:
2008թ. տվյալներով՝ Չինաստանի սահմաններից դուրս օրինական պայմանագրերով, տարբեր նախագծերում աշխատել է 740 000 չինացի բանվոր՝ Անգոլայից մինչև Ուզբեկստան, Իրանից մինչև Ինդոնեզիա, ընդ որում՝ նրանց 58%-ը հենց 2008թ. է դուրս եկել Չինաստանից:
2009թ. Չինաստանից աշխատանքի մեկնածների թիվը գրեթե նույնն է: Բանվորներին աշխատանքի են վերցնում և փաստաթղթերը կազմում են Չինաստանում: Դրանով զբաղվում է արտոնագիր ունեցող մոտ 500 գործակալություն, կան նաև ընդհատակում աշխատողներ:
Չինաստանի իշխանություններն ասում են, թե իրենց երկրից մեկնած աշխատուժը պարտադիր չէ, որ ավելի էժան լինի, հաճախ նրանք ավելի փորձառու են, և նրանց հետ ավելի հեշտ է գործ ունենալ, քան տեղի բնակիչների հետ:
Սակայն ընդունող երկրների մեծ մասը մեղադրում է չինացիներին սակավ աշխատատեղերի զավթման և չինական կենսակերպն արմատավորող մեկուսացված թաղամասերի ստեղծման համար: Տնտեսական միջոցներով աստիճանական գաղութարարությունը դարձել է Չինաստանի պետական ռազմավարության գլխավոր ուղղությունը:
4 քննարկումներ
MELIQ_KAREN