Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Sunday, January 3, 2010 15:42 - 1 քննարկում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՈՒՏԻԼՈՎՉԻԿՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ

Sun, January 3, 2010 1:59:13 PM

1894թ. նոյեմբերին Ֆրիդրիխ Էնգելսը կնշի. «Հայ ժողովուրդը գտնվում է թուրքական Սկիլլայի դեսպոտիզմի և ռուսական Քարիբդայի միջև, և չգիտես ինչու հենց ռուսական ցարիզմն է հանդես գալիս ազատողի դերում: Այնինչ, հայերի իրական ազատագրումը թուրքերի և ռուսների լծից հնարավոր է միայն ցարիզմի տապալումից հետո»: Էնգելսը նախաբան չի գրի «Մանիֆեստի…» հայերեն հրատարակության համար` փաստարկելով լեզվի չիմացությամբ, բայց ուշադրություն կդարձնի Հայաստանի դիրքի ռազմաստրատեգիական կարևորության, ինչպես նաև այն երկակի քաղաքականության վրա (այժմ դա անվանում են «երկակի ստանդարտներ»), որը հայերի հանդեպ ավանդաբար վարում են աշխարհիս հզորները: Քննադատելով Հայակական հարցի հանդեպ տերությունների մոտեցումները` նա կջանա հայերին կոչել` հույս չդնել վերջիններիս բարեհաճության վրա, բայց չգիտես ինչու ամբողջովին վստահել մարքսիզմին: Հաշվարկը պարզ է. կայսրությունների (Ռուսական և Օսմանյան) կործանումն անպայման կկանխորոշի դրանց փլատակների վրա նոր պետությունների, այդ թվում` ազատ Հայաստանի ստեղծում:
  Հայկական հարցի» խաղարկումը հիմնականում հատուկ էր արևմտյան դիվանագիտությանը: Առաջին համաշխարհային պատերազմի շրջանում Անտանտի ներկայացուցիչները հռչակեցին թեզիսն այն մասին, որ գլոբալ ռազմական դիմակայության գլխավոր նպատակներից մեկը հայերի ազատագրումն էր թուրքական լծից: «Հայկական հարցի» վերաբերյալ Համայնքների պալատում բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար սըր Բալֆուրի արած հայտարարության մեջ նշվում է. «Հայերի ազատագրումը թուրքական կամայականությունից քննարկվում է որպես Անգլիայի մերձավորարևելյան քաղաքականության կարևորագույն մաս»: Պատերազմի ավարտից ոչ շատ առաջ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնն իր հերթին կընդգծի. «Հայաստանը կստանա այն, ինչ նրան պարտական է պատմությունը»: Նման ոգով հանդես կգան անգլիական պետական գործիչներ Լլոյդ Ջորջը և Քերզոնը, ֆրանսիացիներ Կլեմանսոն և Բրիանը:
  Թուրքահայաստանում հայ ժողովրդի թշվառ վիճակը չէր վիճարկվում նաև արտաքին ուժերի կողմից և հենց իր ակնհայտության պատճառով էլ միանգամայն գրավիչ միջոց էր ոչ միայն Օսմանյան կայսրության վրա ճնշում գործադրելու, այլև հայ ազգի լիազորված ներկայացուցիչների հետ` նրանց վերջնականապես համապատասխան քաղաքական ճամբար ներգրավելու նպատակով, «խաղալու» առումով: Այս կապակցությամբ հատկանշական է ժողկոմ Իոսիֆ Ստալինի «Թուրքահայաստանի մասին»հոդվածը` հրապարակված «Պրավդա» թերթում 1917թ. վերջին օրը. «Այսպես կոչված Թուրքահայաստանը», թվում է, միակ երկիրն է, որ գրավել է Ռուսաստանը «պատերազմի իրավունքով»: Դա այն նույն «դրախտավայրն» է, որը երկար տարիներ Արևմուտքի ագահ դիվանագիտական տենչանքների և Արևելքի արյունալի վարչարարական վարժանքների առարկա է ծառայել (և շարունակում է ծառայել): Հայերի կոտորածներն ու ջարդը մի կողմից բոլոր երկրների դիվանագետների փարիսեցիական «հովանավորությունը»` որպես նոր կոտորածի քողարկում, մյուս կողմից, և արդյունքում` արնաշաղախ, խաբված և ստրկացած Հայաստանը. ո՞վ չգիտի «քաղաքակիրթ» տերությունների դիվանագիտական այս «վարպետության» «սովորական» պատկերները:
Հայաստանի զավակները, իրենց հայրենիքի հերոսական պաշտպանները, բայց ոչ այնքան հեռատես քաղաքական գործիչները, որ մեկ անգամ չէ, որ խաբվել են իմպերիալիստական դիվանագիտության գիշատիչների կողմից, այժմ չեն կարող չտեսնել, որ դիվանագիտական մեքենայությունների հին ճանապարհը Հայաստանի ազատագրման ճանապարհը չէ: Պարզ է դառնում, որ ճնշված ժողովուրդների ազատագրության ճանապարհն ընկած է աշխատավորների Ռուսաստանում հոկտեմբերին սկսված հեղափոխության միջով: Այժմ բոլորին է պարզ, որ Ռուսաստանի ժողովուրդների ճակատագիրը, հատկապես հայ ժողովրդի ճակատագիրը սերտորեն կապված է Հոկտեմբերյան հեղափոխության ճակատագրի հետ: Հոկտեմբերյան հեղափոխությունը կոտրեց ազգային ճնշման շղթաները: Այն պատռեց ցարական գաղտնի պայմանագրերը, որ շղթայել էին ժողովուրդների ձեռքն ու ոտքը: Նա և միայն նա կարող է ավարտին հասցնել Ռուսաստանի ժողովուրդների ազատագրության գործը:
  Ելնելով այս նկատառումներից` Ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշեց հատուկ դեկրետ հրատարակել «Թուրքահայաստանի» ազատ ինքնորոշման մասին: Դա հատկապես անհրաժեշտ է հիմա, երբ գերմանա-թուրքական իշխանությունները, հավատարիմ իրենց իմպերիալիստական բնույթին, չեն թաքցնում օկուպացված մարզերն իրենց իշխանության տակ բռնի պահելու ցանկությունը: Ռուսաստանի ժողովուրդները թող իմանան, որ Ռուսական հեղափոխությանն ու նրա կառավարությանը խորթ են զավթողական ձգտումները: Թող բոլորն իմանան, որ ազգային ճնշման իմպերիալիստական քաղաքականությանը Ժողովրդական կոմիսարների խորհուրդը հակադրում է ճնշված ազգերի լիակատար ազատագրումը»:
Սույն հոդվածը, որ գրվել է, Ռուսաստանի խորհրդային կառավարության «Թուրքահայաստանի մասին» դեկրետի ընդունման (1917թ. դեկտեմբերի 29 – 1918թ. հունվարի 11) առիթով, միանգամայն համահունչ է ժամանակի համատեքստին: Մի կողմից` այն համարժեք ձևով լուսաբանում է հայկական գործոնով մշտական մանիպուլյացիայի գործընթացը, ընդունում և պաշտպանում է ազգի ազատ ինքնորոշման իրավունքը պատմականորեն ձևավորված սահմանների շրջանակներում, մյուս կողմից` հերթական նման մանիպուլյացիայի քրեստոմատիկական օրինակ է:
  Միանգամայն իրավացի է ֆրանսիացի պատմաբան Ա. Վանդալը, որը հավաստում է, որ «Արևելյան հարցն ըստ էության Արևմտյան հարց է»:
Շահագրգիռ տերություններից ոչ մեկը չխորշեց հայկական գործոնն օգտագործել հօգուտ սեփական շահերի` գործընթացը պատելով բարոյական շրջանակով: Իրավիճակի առանձնահատկությունն այն էր, որ նման «հովանավորչական» հավաստիացումները խոր արմատներ էին ձգում հայ քաղաքական գիտակցության մեջ և պայմանավորում էին տարանջատում ժողովրդի` զանազան ազգային խորհուրդների կողմից լիազորված ներկայացուցիչների շրջանում: Նույն կոնֆերանսում (1920թ. օգոստոսի 10, Սևր) միանգամից երկու հայկական պատվիրակությունների ներկայությունը կամ հայ ժողովրդի անունից զուգահեռաբար երկու փոխբացառող պայմանագրերի ստորագրումը (1920թ. օգոստոսի 10` Սևրի և Մոսկվայի) նման երկպառակտման փաստի հաստատումն են. նոր ազգային գաղափարախոսության որոնումը խափանվում էր այս կամ այն կուսակցության արտաքին գերակայություններին բախվելով և ճշգրտում էր առաջնորդների հակասական կենսագրություններ;
  Հայկական հարցի նկատմամբ միջազգային հետաքրքրությունը բնութագրվում է մակընթացություն-տեղատվությամբ և սրվում է նշանակալի քաղաքական իրադարձությունների նախաշեմին: Մասնավորապես, 1989թ. հուլիսի 19-ին ԱՄՆ արտաքին գործերի կոմիտեն ընդունեց բանաձև, որի միայն անվանումն ամբողջովին պահված է դարասկզբի հայտնի խոստումների համատեքստում. «Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճի խաղաղ կարգավորման գործում, համաձայն Խորհրդային Հայաստանի ժողովրդի ցանկության, ԱՄՆ աջակցության մասին»: Փաստաթղթում տեղ է գտել հետևյալ կարևոր ձևակերպումը. «Կոչ անել ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովին Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև դեմոկրատական շարժման (ներառյալ վերջերս բանտարկությունից ազատ արձակված «Ղարաբաղ» կոմիտեի անդամները) ներկայացուցիչների հետ քննարկել Հայաստանին վերամիավորվելու պահանջը: Խորհրդային Միության հետ երկկողմ բանակցություններում կոչ անել, որպեսզի հայերի նկատմամբ բռնությունների դեպքերի հետքննությունն իրականացվի ամենաբարձր ատյանների կողմից և որպեսզի բացահայտվեն ու պատժվեն սպանությունների ու արյունահեղության համար պատասխանատուները»:
Հայ ժողովրդի հանդեպ այսքան միանշանակ աջակցությունը թելադրված էր ԽՍՀՄ սպասվող փլուզման անհրաժեշտության և լարվածության օջախի պահպանման կարևորության գիտակցությամբ: Նման արդյունքի հասնելու մեխանիզմներից մեկը Խորհրդային Միության ժողովուրդների ազգային պայքարն էր: Արդեն նոյեմբերի 19-ին ԱՄՆ Սենատը բանաձև ընդունեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որն իր հերթին էր պաշտպանում մարզի հայ բնակչությանը. «Ելնելով նրանից, որ հայ մեծամասնության 80 տոկոսը, որ ապրում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքում, մտահոգված է…, իսկ ԼՂԻՄ հատուկ կառավարման կոմիտեն անարդյունավետ դուրս եկավ… աջակցելու Խորհրդային Միության հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի կարգավորման շուրջ երկկողմ բանավեճերի ընթացքում, որն իսկապես կարտացոլեր այդ մարզի ժողովրդի մոտեցումները»: Հատկանշական է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո նման փաստաթղթեր այլևս չէին ընդունվում, իսկ Ադրբեջանում վառելիքային դիվանագիտության զարգացման և վերջինիս` որպես Թուրքիայի եղբայրական պետություն ներկայանալու հետ` ի սկզբանե մերժվում էին: Այս օրինակները նույնպես «Հայկական հարցով» մանիպուլյացիայի օրինակելի ցուցիչներ են: Ասվածը վկայում է, որ հայ ազգը պետք է ձերբազատվի այս կամ այն տերության բարյացակամությանը ապավինելու վնասակար ավանդույթից և ընդունակություն ցուցաբերի նոր աշխարհում սեփական ազգային գաղափարախոսություն մշակելու ուղղությամբ: Սա չափազանց դժվար և նույնիսկ հիվանդագին գործընթաց է, սակայն այլ ելք ուղղակի գոյություն չունի:

1 Դենմե բառացիորեն` «իսլամի գիրկը վերադարձած», մահմեդականություն ընդունած հրեաների օթյակ, որ կազմավորվել է 1666թ. Սալոնիկում: 20-րդ դարի սկզբին նրա անդամները կարևոր դիրքեր գրավեցին Օսմանյան կայսրության հասարակական-քաղաքական կյանքում, հատկապես «Միասնություն և առաջընթաց» կուսակցության ղեկավարությունում:
2 Դեռևս 1980թ. կեսերին թուրքական «Սոն Հավադիս»թերթը հրապարակեց «Ադրբեջանական թուրքերը և Աթաթուրքի սերը» հոդվածը, որը պնդում էր, որ Մուսթաֆա Քեմալը եղել է ոչ միայն անատոլիական թուրքերի, այլև բոլոր թուրանցիների, մասնավորապես, ադրբեջանցիների առաջնորդը: Ավելի վաղ, 1966թ. սեպտեմբերի 9-ին, Արդարություն կուսակցության «Ենի Իստանբուլ» թերթում տպագրվեց Մեհմեդ Սադըկ Արանի «20-րդ դարում ստեղծված երկրորդ թուրքական պետությունը. Ադրբեջանի հանրապետություն» նյութը: Հոդվածի հեղինակն ուշադրություն է դարձնում Հայաստանի Հանրապետության վերացման անհրաժեշտության վրա, որը խոչընդոտում է «երկու թուրանական պետությունների» անմիջական շփմանը: Ի թիվս այլոց նա վայնասուն է բարձրացնում այն առիթով, որ Բաքվում կանգնեցվել է «չեթջի» (պարտիզան, հայդուկ) Ստեփան Շահումյանի հուշարձանը, և ողբում է, որ քաղաքում չկա հուշահամալիր 1918թ. զոհված անատոլիական թուրքերի պատվին: Կարելի է անվերջ օրինակներ բերել, որոնք կվկայեն այն մասին, որ թուրքական քաղաքական վերնախավի աշխարհընկալումը եղել և մնում է, առաջին հերթին, ռասիստական, ընդ որում` դրա առավել դաժան դրսևորումը դարձավ Օսմանյան կայսրության բնակիչ ժողովուրդների ցեղասպանությունը:

  Պ.ԴԱՎԹՅԱՆ



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Tamar Grigoryan
Jan 4, 2010 7:21