ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, January 2, 2010 2:23 - չքննարկված

ՄՈՒՍՏԱՖԱ ՔԵՄԱԼԸ ԻԹԹԻՀԱԴԻ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ԻՍԿԱԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՂՆ ՈՒ ՀԵՏԵՎՈՐԴՆ ԷՐ

Fri, January 1, 2010 11:50:09 PM
1919թ. հունվարին Ստամբուլում սկսվեց «Միասնություն և առաջընթաց» կուսակցության ղեկավարության հանցագործությունների հետաքննության գծով դատավարությունը: Այն նախորդում էր մեկ ամիս հետո, փետրվարի 12-ին բացված Ռազմական տրիբունալին, որի ընթացքում երիտթուրքական կառավարության պարագլուխներին պետք է ներկայացվեր նաև հայ ժողովրդի բնաջնջման մեղադրանքը: Հունվարյան լսումների արդյունքներով, որ անցկացվում էին Անտանտի օկուպացիոն զորքերի և առաջին հերթին Անգլիայի վերահսկողությամբ, կալանվեցին այդ կուսակցության 120 անդամներ: Լսումներին որպես վկա հրավիրվել էր նաև հանրապետական Թուրքիայի ապագա հիմնադիր և առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալը (1881-1938): Ավելի ուշ հենց նա կդառնա Հայաստանի վրա թուրքական ասպատակության (1920թ. սեպտեմբեր) և Իզմիրում հույների ու հայերի ջարդերի (1922թ. սեպտեմբեր) ոգեշնչողը: Լինելով նոր Թուրքիայի նախագահը (1923-1938) և իր իսկ ստեղծած Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդը` նա կդնի պետական կապիտալիզմի (էտատիզմ) և հասարկության աշխարհիկ կարգի (լաիցիզմ) քաղաքականության հիմքերը: Ժամանակակից Թուրքիան Մուսթաֆա Քեմալի, որին պատահական չէ, որ կոչում են Աթաթուրք (թուրքերի հայր), զավակն է:
Սակայն, 1919թ. հունվարին նրա կարգավիճակը փոքր-ինչ այլ էր: Հայրենասեր և տաղանդավոր զորավար, 38-ամյա Մուսթաֆա Քեմալը գործնականում փրկում էր երբեմնի հզոր Օսմանյան կայսրության մնացուկները բաժան-բաժան լինելուց (կամ ինչպես Վ. Լենինն էր գրում, «թալանից») և ցուցմունքներ էր տալիս երկիրն Առաջին համաշխարհային պատերազմի սարդոստայնի մեջ ներքաշած երիտթուրք պարագլուխների դեմ: Ի դեպ, հարկ է նշել, որ նա վաղուց չէր թաքցնում թշնամանքը երիտթուրքերի առաջնորդների` Էնվերի, Թալեաթի և Ջեմալի նկատմամբ` նրանց անվանելով «փոքրահասակ մարդիկ՚:
Մուսթաֆա Քեմալը Գերագույն տրիբունալի առջև հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Փաշաները, որոնք իրականցրել են անասելի և աներևակայելի հանցագործություններ ու դրանով իսկ երկիրը հասցրել ներկայիս դրությանը, իրենց անձնական շահերի ապահովման համար կրկին դժգոհություն են բորբոքում: Նրանք դրեցին ամեն տեսակ բռնության հիմքը, կազմակերպեցին աքսոր և ջարդեր, նավթ լցնելով` հրկիզեցին ծծկեր մանուկներին, բռնաբարեցին կանանց և աղջիկներին, առգրավեցին շարժական և անշարժ գույքը, կանանց աքսորեցին Մոսուլ` նրանց նկատմամբ ամեն տեսակ բռնություն գործադրելով: Նրանք նավեր բարձեցին հազարավոր անմեղների և ծով նետեցին: Մունետիկների միջոցով նրանք ազդարարեցին, որ Օսմանյան կայսրության ոչ մուսուլման հպատակները պարտավոր են հավատափոխ լինել և իսլամ ընդունել: Նրանք մղում էին հավատուրացության, ստիպում էին ծերերին ամիսներով, առանց սնունդի, ոտքով կտրել-անցնել մեծ տարածություններ` կատարելով տաժանակիր աշխատանք: Նրանք կանանց ուղարկում էին հասարակաց տներ… Աննախադեպ փաստ որևէ այլ ազգի պատմության մեջ»: Նրա այս հայտարարությունը լայն արձագանք ունեցավ, իսկ ինքը վերջապես հնարավորություն ստացավ վրեժխնդիր լինել մարդկանցից, ում հետ երբևէ կապված էր եղել:
Ծագումով դենմե1` Մուսթաֆա Քեմալը, ի սկզբանե, իրոք, հավակնում էր կարևոր տեղ գրավել երիտթուրքական ղեկավարության շարքերում: Երիտասարդ սպա լինելով` նա չէր խորշում Աբդուլ Համիդ II-ի վարչակարգը քննադատելուց (մի անգամ նույնիսկ կալանավորվել է Նամիկ Քեմալի «Հայրենիք» արգելված գիրքը կարդալու համար), ինչի արդյունքում արտաքսվել է Դամասկոս: Այնտեղ կազմակերպել է «Վաթան վե նյուրիեթ» («Հայրենիք և ազատություն») շարժումը և կապեր հաստատել երիտթուրքական այլ կազմակերպությունների հետ: Ավելի ուշ վեճի մեջ է մտել Էնվերի հետ, իսկ 1909թ. երիտթուրքերի համագումարում դեմ է արտահայտվել քաղաքական պայքարին բանակի ներգրավմանը: Էնվերի հետ խզելով բոլոր հարաբերությունները` Մուսթաֆա Քեմալը ջանացել է իրեն նվիրել միայն զինվորական գործին:
Իր պատմական հայտարարության ժամանակ հանրապետական Թուրքիայի ապագա հիմնադիրը առիթը բաց չթողեց բարձրաձայն արտահայտել իր ատելությունը` հանձինս Էնվերի, Թալեաթի և Ջեմալի, երիտթուրքական եռամիասնության հանդեպ` նրանց անվանելով «ճղճիմ, մանր մարդուկներ, որոնք բացարձակապես ի վիճակի չեն ղեկավարել երկիրը»: Նրա հայտարարությունը գերագույն տրիբունալում ընդամենը դիվանագիտական հնարք էր, քանզի, ինչպես արդարացիորեն նշում է Ե. Լուդշուվեյթը, «Մուսթաֆա Քեմալը չէր ուզում, որ նրան հռչակեին «Միասնություն և առաջընթաց» օթյակի գործի շարունակող: Փաստորեն, այդ ակումբն իր արարքներով անընդունելի դարձավ ինչպես թուրքերի, այնպես էլ եվրոպացիների համար: Սակայն իրականում Իթթիհադի անդամները համախմբվեցին Քեմալի շուրջ»:
Ինչ վերաբերում է «Հայկական հարցին» Մուսթաֆա Քեմալի դիրքորոշմանը, ապա այն ոչնչով չէր տարբերվում երիտթուրքերի մոտեցումներից: Հայտնի է, մասնավորապես, նրա 1920թ. սեպտեմբերի 14-ին Ալի Ֆուադ Ջեբեսոյին գրած նամակը. «հայերի հետ սկսել բարենպաստ պատերազմ, որպեսզի Ադրբեջանը միացնենք Թուրքիային»: Ավելի ուշ նա կգրի. «Երբևէ Ռուսաստանը կկորցնի վերահսկողությունն այն ժողովուրդների նկատմամբ, որոնց այսօր ամուր պահում է իր ձեռքում: Աշխարհը նոր մակարդակ դուրս կգա: Հենց այդ պահին Թուրքիան պետք է իմանա, թե ինչ անի: Ռուսաստանի իշխանության տակ են գտնվում մեր արյունակից, հավատակից, լեզվակից եղբայրները: Մենք պետք է պատրաստ լինենք օժանդակել նրանց: Բայց պատրաստ լինել չի նշանակում լուռ սպասել այդ պահին: Անհրաժեշտ է պատրաստվել: Բայց ինչպե՞ս են Ժողովուրդները պատրաստվում այդ պահին: Ժողովուրդները պատրաստվում են այդ պահին` հոգևոր կամուրջներ պահելով: Մեր ընդհանուր լեզուն մեր կամուրջն է: Մեր ընդհանուր հավատը մեր կամուրջն է: Մեր ընդհանուր պատմությունը մեր կամուրջն է: Մենք պետք է հիշենք մեր արմատների մասին և միացնենք մեր պատմությունը ճակատագրի կամոք մեզնից բաժանված մեր եղբայրների հետ: Մենք չպետք է սպասենք, թե երբ նրանք դեպի մեզ կգան, մենք ինքներս պետք է մոտենանք նրանց: Ռուսաստանը մի գեղեցիկ օր կընկնի: Հենց այդ օրը Թուրքիան մեր եղբայրների համար կդառնա այն երկիրը, որից նրանք օրինակ կվերցնեն»:
Այս առումով Թուրքիայի առաջին նախագահը Իթթիհադի գաղափարների իսկական շարունակողն ու հետևորդն էր: Արևմուտքում քարոզվող` իբր Քեմալի հեռացումը պանթյուրքական գաղափարաբանությունից իրականացվում էր ձևական մակարդակում, ինչը ենթադրում էր նոր կադրային քաղաքականություն` «առողջ և բարձրահասակ» երիտթուրքերի ներգրավմամբ և «անառողջ, գաճաճ ճղճիմներին» դուրս մղելով: Իրականում հակառակն էր տեղի ունենում: Էլ ավելի մեծ թվով դենմեներ էին միավորվում նոր առաջնորդի շուրջ, էլ ավելի մեծ թվով նախկին երիտթուրքեր էին շրջապատում Քեմալին: Վերջիններիս ցանկում արժե հիշատակել նաև 1883թ. Սալոնիկում ծնված դենմե Մոիս Քոենին, որն ավելի շատ հայտնի է Թեքին Ալփ կեղծանվամբ: 1936թ. նա հրապարակեց «Քեմալականություն» գիրքը, որը ձոն է Մուսթաֆա Քեմալին և որում ընդունում է, որ «թյուրքիզմի գաղափարներն ու գործը գտնվում են հուսալի ձեռքերում»: Գործնականում խոսվում էր թուրքական քաղաքականության հաջորդականության մասին, և հենց այս դիտանկյունից ընդգծված էր նախագահի ակնառու դերը2:
Խիստ հետաքրքրական է 1921թ. մարտին Բեռլինում Սողոմոն Թեհլերյանի կողմից գնդակահարված Թալեաթ փաշայի այրու` Հայրիե հանըմի վկայությունը Մուսթաֆա Քեմալի կողմից երիտթուրքերի այդ առաջնորդին տրված բնութագրման վերաբերյալ. «Գիտե՞ք, Հայրիե հանըմ, ես թշնամություն չունեմ Թալեաթ փաշայի դեմ: Նրան մեղավոր չեմ համարում Առաջին համաշխարհային պատերազմին մեր մասնակցության մեջ, մենք հարկադրված էինք մասնակցել դրան: Մեզ թիկունքից հարվածել փորձող ազգային փոքրամասնությունների վերաբնակեցման գործում փաշան, անկախության համար պայքարում, մեզ մեծ օգուտ բերեց»:

Պ.ԴԱՎԹՅԱՆ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ