ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, December 30, 2009 0:26 - չքննարկված
-Առաջ “Հայոց Աշխարհ” ասելով բան դուրս չի գա, ճանճի մասալը (պատմությունը) պատմի’ր….
ՃԱՆՃԻ ՏԱՐԻՆ
-
Չգիտեմ, գուցեեւ ոմանց համար անցնող տարին Ցուլի տարին էր, իսկ հայրենի ընդդիմության համար հաստատ Ճանճի տարին էր։ Ասենք, սրանց համար միշտ է Ճանճի տարի։Ծեր ճանճը գլխով ինքնամոռաց զարկվում էր ապակուն։ Հետ թռչում։ Շրջադարձ կատարում։ Նորից անվեհեր գրոհում։
Ապակու հակառակ կողմում, այնտեղ, ուր փողոցն է, նստած էր երիտասարդ մի ճանճ ու շնչակտուր հետեւում էր ծեր ճանճին։ Երիտասարդը ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչ կարիք կա գլխով հարվածել ապակուն, երբ կողքի պատուհանը լայն բացած է։
Երկու ժամ շարունակ հերոսաբար մաքառում էր ծեր ճանճը։ Վերջապես ուժասպառ ցած ընկավ։
Երիտասարդը հարցրեց.
-Եթե գաղտնիք չէ, ինչո՞ւ զարկվել ապակուն, երբ կողքի լուսամուտը բաց է։
Ծեր ճանճը պատասխանեց՝ դժվարությամբ շարժելով ծնոտը.
-Բաց պատուհանից ցանկացած ապուշ կարող է դուրս թռչել։ Դե, եւ ի՞նչ։ «Ներս թռար-դուրս թռար, ներս թռար-դուրս թռար», մի՞թե դրա համար ենք ապրում։ Իսկ այ դու աշխատեցրո՛ւ գլուխդ, մինչեւ որ ուռչի։ Մինչեւ որ առաստաղը հատակին միաձուլվի։ Եւ երբ բզզալու համար արդեն ոչ թեւ ունես, ոչ գլուխ, նոր միայն կսողաս այնտեղ, որտեղ բաց է։
Հենց այդպես էլ պահում էին իրենց անցնող տարվա ընթացքում հայրենի արմատականները։
Գլխով զարկվում ու զարկվում են ապակուն։ Որոշակի տրամաբանություն այստեղ անշուշտ կա. միայն դժվարություններ հաղթահարելով քեզ մարդ կզգաս։ Բայց, մյուս կողմից, որքան էլ ճանճը զարկվի ապակուն, խոչընդոտը, միեւնույն է, չի հաղթահարվի։ Ուրեմն այդպես էլ իրենց մարդ չե՞ն զգալու։
Իսկ, բացի այդ, մեր նեոբոլշեւիկներն անցնող տարվա ընթացքում զարմանալիորեն հիշեցնում էին Բյուզանդիայում ապրող դոնատիստներին։ Վերջիններիս բացարձակապես չէին գոհացնում Կոստանդին կայսեր սահմանած բարեկյաց կարգերը։ Մարտիրոսական մահ արդեն չկա, հետեւաբար դժվարացել է անդրշիրիմյան փրկությունը։ Դրա համար էլ դոնատիստները հավաքվում էին խումբ-խումբ ու թափառում Կարթագենի մերձակա ճանապարհներին, բռնում որեւէ ճամփորդի, շրջապատում նրան ու պահանջում. «Սպանի՛ր մեզ հանուն Քրիստոսի»։
Խեղճ ճամփորդը աղաչում էր. «Ախր ի՞նչ եք ասում։ Խելագարվե՞լ եք, ինչ է, ես մարդ սպանե՞մ, բա՛ց թողեք ինձ»։ «Է՜հ,- ասում էին նրան։ -Մենք քեզ հիմա շանսատակ կանենք, եթե չսպանես մեզ հանուն Քրիստոսի»։ Եւ նրան ուրիշ ոչինչ չէր մնում անել, քան վերցնել մահակն ու հարվածել գլխներին, իսկ դոնատիստները երջանիկ ժպիտով ընկնում ու մահանում էին, համարելով, թե դրախտ են գնում։
Ի դեպ, դոնատիզմի դասական օրինակ ցուցանեց նախօրեին Հմայակ Հովհաննիսյանը։ Եւ խնդիրն այստեղ այն չէ, որ հանեց իր թեկնածությունը հօգուտ Նիկոլ Փաշինյանի (Հմայակն առանց այդ էլ չնչին հնարավորություն անգամ չուներ հաղթելու թիվ 10 ընտրատարածքում), այլ ուղերձը, որով դիմեց ընտրողներին։
Ներողություն եմ խնդրում Հ.Հովհաննիսյանից, որ չափազանց ուշ նկատեցի իր բոլոր տաղանդները, բայց այս անգամ քաղաքագետը գերազանցեց ինքն իրեն. «2010 թվականի հունվարի 10-ին հնարավորություն ունեք սեփական ընտրությամբ ապահովելու ձեր եւ ձեր հարազատների երջանկությունն ու հաջողությունը գալիք նոր տարում (պարզվում է, երջանիկ դառնալու համար բավական է քվեարկել Նիկոլի օգտին)», «Աստված ձեզ հնարավորություն է ընձեռել կատարելու հայ քրիստոնյային վայել արարք, որն ամբողջ տարվա ընթացքում կլուսավորի ձեր սրտերը, ձեր առաջ կգա անուշաբույր վարդերով, ձեր ճանապարհին կբացի այսօր դեռեւս փակ դռներ»… Չէ, նողկալի է մեկնաբանել սույն կլկլոցը, տիֆով հիվանդի այս զառանցանքը։
Անցնող տարվա ընթացքում մեր աչքի առաջ այնքան ներկայացումներ խաղացվեցին, որ դրանք բոլորը միաձուլվեցին ու վերածվելով մի մեծ անտիկ ողբերգության։ Ողբերգությունն ամենեւին էլ տխուր իրադարձությունների եւ սարսափելի սպանությունների պարզունակ նկարագրությունը չէ։ Դրամաների քանակից ու մահերի թվից չէ, որ ծնվում է ժանրը։
Անտիկ ողբերգության հերոսը զոհվում էր, իսկ հանդիսատեսը կարեկցության արցունքներն աչքերին, ցրվում էր պայծառացած հոգով ու սրտով, պատրաստ ամենածանր փորձությունների։ Այդպես հին հույները բացահայտեցին դրամատիկական գործողության մեծ գաղտնիքը, հուզական ու մարմնական կրքերի կեղտից հոգու միստիկական մաքրագործումը։
Եւ գիտե՞ք ինչ։ Մենք բոլորս պիտի երախտապարտ լինենք Աստծուն, որ քաղաքական պայքարը հայոց աշխարհում չի դադարում ոչ մի վայրկյան, եւ բոլորը խժռում են մեկմեկու։ Դուք գոնե պատկերացնո՞ւմ եք, թե ինչ էր մեզ սպասում հակառակ դեպքում։
Դեռեւս 60-ական թվականների կեսին լույս տեսավ մի հոյակապ գիրք՝ Վ.Ի.Վերնադսկու «Երկրագնդի կենսոլորտի եւ նրա շրջապատի քիմիական կառուցվածքը» հետմահու աշխատությունը։ Գիտնականը անվանել էր դա կենսոլորտի կենդանի նյութի երկրակենսաքիմիական էներգիա։ Դա հենց այն էներգիան է, որ ստանում են բույսերը ֆոտոսինթեզի ճանապարհով եւ որն այնուհետ յուրացվում է կենդանիների կողմից սննդի միջոցով։ Այն ստիպում է ամեն շնչավորին բազմացման ճանապարհով ընդարձակվել մինչեւ հնարավոր սահմանագիծ։
Մեկ ծաղկաթերթիկը բարենպաստ պայմաններում կարող է ջրոսպով պատել մեծ լճի ամբողջ մակերեւույթը, եւ կանգ առնել միայն այնտեղ, որտեղ ափեր կան։ Խատուտիկի մեկ սերմը, եթե նրա սերունդը չոչնչացվի, կծածկի ամբողջ Երկրագունդը։ Երկիրը գերլցված չէ կենդանի արարածներով միայն այն պատճառով, որ այդ էներգիան ընթանում է տարբեր ուղղություններով եւ մի համակարգն ապրում է մյուսի հաշվին, մեկը կուլ տալիս մյուսին։
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կպատահեր հայոց աշխարհին, եթե քաղաքական գործիչները չխժռեին մեկմեկու։ Ընդամենը մի 100-150 տարի անց բոլոր այդ, մեղա՜, Տեր, հմայակներն ու նիկոլները կհեղեղեին ամեն ինչ։
- ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ