ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, December 28, 2009 22:04 - չքննարկված

Նոր «ՌԱԿ»-ը փորձում է ջնջել և նորից սկսել…

ԱՐՄԵՆԱԿԱՆ-ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ. 6 ԱՄԻՍ ԱՆՑ

  • article's photo

    2009 թվականը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքում թերեւս հիշվի որպես ճգնաժամի եւ Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրման տարի: Սակայն թե՛ Հայաստանում, եւ թե՛ սփյուռքում շատ հայորդիների համար 2009 նաեւ Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցության հիմնադրման տարի էր: Վերջինիս մուտքը քաղաքական ասպարեզ տարբեր մեկնաբանությունների եւ նույնիսկ ենթադրությունների առիթ տվեց, սակայն մամուլում այս թեմայով հայտնված հոդվածների հեղինակներն այդպես էլ չկարողացան խորության մեջ գնահատել եւ վերլուծել տեղի ունեցած իրադարձությունը` նախընտրություն տալով բամբասանքների տարածմանը: Ինչեւէ, մինչ օրս էլ շատերը հարց են տալիս` ինչու ստեղծվեց Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցությունը: Այս հարցի պատասխանը, թեեւ ուշացումով, բայց փորձենք տալ այսօր, կուսակցության հիմնադրումից 6 ամիս անց:Ռամկավար Ազատական կուսակցությունը, որի պատմությունը սկսվում է դեռ 1885-ից Վանում Արմենական կազմակերպության հիմնումից մինչեւ 1921-ը` Պոլսում հայ առաջադիմական քաղաքական ուժերի վերջնական միավորումը, 1996-ից ապրում էր իր քաղաքական պատմության ծանրագույն, կարելի է ասել, նույնիսկ ճգնաժամային շրջանը: Հայաստանի Հանրապետության այն ժամանակվա իշխանությունների, իսկ ավելի ճիշտ, նախագահ Լեւոն Տեր-Պետորսյանի «թեթեւ» ձեռքով, թե Հայաստանում եւ թե սփյուռքում, սկիզբ դրվեց կուսակցության պառակտման գործընթացին, ինչի հետեւանքով հայ քաղաքական պատմության ամենահեղինակավոր ուժերից մեկը` ՌԱԿ-ը պառակտվեց ոչ թե երկու, այլ կարելի է ասել, միանգամից մի քանի մասերի եւ մասնատման այդ գործընթացը մինչ օրս հնարավոր չեղավ հաղթահարել: 2003-ի խորհրդարանական ընտրությունների հետեւանքով ՀՌԱԿ-ում տեղի ունեցած փոփոխության հետեւանքով կուսակցության ղեկին կանգնեցին քաղաքականությունից եւ ընդհանրապես ռամկավար-ազատականության գաղափարախոսությունից հեռու մարդիկ, որոնք, որդեգրելով պղտոր ջրում ձուկ որսալու գործելակերպը, միայն նպաստում էին ներկուսակցական իրավիճակի սրմանը եւ պառակտման խորացմանը: Վերջին մեկ տարվա ընթացքում Ռամկավար Ազատական կուսակցության շրջանակների միջեւ միավորման հարցի շուրջ ընթացող երկարատեւ բանակցությունները հանգեցրին այն համոզմանը, որ իրենց կուսակցության ղեկին տեսնող անձինք շահագրգռված չեն կուսակցության միավորմամբ եւ, հետեւաբար պետք է վերցնել նախաձեռնությունը սեփական ձեռքերը: Ռամկավար Ազատական կուսակցության հեղինակավոր անձնավորություններից կազմված խմբի նախաձեռնությամբ,ի դեպ վերջիններս իրենց անվանում են ավանդական ռամկավարներ, սկսվում է կուսակցության իրական միավորումը: Այս տարվա հոկտեմբերին Երեւանում սփյուռքյան եւ հայաստանյան ռամկավարների մասնակցությամբ տեղի ունեցած Ռամկավար Ազատական կուսակցության համաժողովի ժամանակ վերջնական որոշում ընդունվեց ստեղծել ՌԱԿ Համաշխարհային խորհուրդ, որը պետք է իր վրա վերցնի կուսակցության միավորման բարդ եւ պատասխանատու գործընթացը: ՌԱԿ Համաշխարհային խորհրդի ստեղծման գաղափարը պատահական չէր, քանի որ հարկավոր էր գնալ արմատական քայլերի, նախ եւ առաջ կուսակցության ղեկավարման ներկա համակարգը փոխելով եւ ՌԱԿ կենտրոնական վարչությանը փոխարինելով ՌԱԿ Համաշախարհային խորհրդի գործադիր մարմնով: Կուսակցության ղեկավարման առաջարկվող ձեւը` Համաշխարհային խորհրդի տեսքով, ավելի ժողովրդավարական-ռամկավարական է եւ բացառում է կուսակցության փոքրամասնության իշխումը եւ նրա որոշումների պարտադրումն ու կամայականությունները կուսակցության մեծամասնության նկատմամբ: Այսինքն, Ռամկավար Ազատական կուսակցությունը իսկապես դառնում է ոչ միայն ազատականություն քարոզող, այլեւ կյանքում կիրառող կուսակցություն: Հասկանալի է, որ կուսակցության միավորմանը եւ նրա ղեկավարման ժամանակակից` 21-րդ դարին հարիր համակարգի առաջարկումը «արժանացավ» կուսակցության պառակտումը խրախուսողների հարձակումներին: Ցավոք սրտի, միավորմանը ոչ բացահայտ, սակայն ֆինանսական որոշակի ներարկումներով փորձում է խոչնդոտել սփյուռքյան այն քաղաքական ուժը, որը պաշտպանում է իրենց «ՌԱԿ կենտրոնական վարչություն» հռչակած ինքնակոչներին, քանի որ վերջիններս բացահայտ կերպով ծառայում են քաղաքական այլ ուժի շահերին:

    Ինչեւե, միավորման գործընթացը նոր է սկսվել, եւ համոզված ենք, որ 2010-ը կլինի ՌԱԿ Համաշխարհային խորհրդի կայացման ու հզորացման տարի: Հայաստանյան գործոն

    Հայաստանում Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցության հիմնումը պայմանավորված էր ոչ միայն ՌԱԿ-ի միավորման գաղափարով, այլեւ երկրի ներսում ընթացող քաղաքական գործընթացներով: Մասնավորապես, Հայաստան-Թուրքիա արձանագրությունների շուրջ ծագած քաղաքական վեճը մեկ անգամ եւս բացահայտեց այն իրողությունը, որ մեր երկրում քաղաքական դաշտ կոչվածը ոչ միայն կայացած չէ, այլեւ իր անկատարությամբ եւ կուսակցությունների թերաժեքությամբ վտանգում է երկրի ապագան: Հայաստանի Հանրապետության 19-ամյա պատմությունը ցույց է տալիս, որ երկիրն իր ներքին քաղաքական զարգացման մեջ հասել է մի վիճակի, որը կարելի է անվանել փակուղային: Պետության ներսում չի գործում ռամկավարությանը` ժողովրդավարությանը հարիր եւ ոչ մի ինստիտուտ, կաղում է ընտրական համակարգը, պաշտպանված չեն քաղաքացիների իրավունքները, խոսքի ազատությունը՝ խիստ պայմանականորեն: Ռամկավարներիս համար անկյունաքարային նշանակություն ունեցող ազատ տնտեսական շուկայական հարաբերությունները փոխարինվել են, ներկայումս մոդայիկ բառով կոչված՝ օլիգոպոլիաներով, որոնց դեմ իբր թե պայքարում են բոլորը, սակայն հասկանալի է, որ ներկա քաղաքական համակարգը հիմնված է հենց այդ օլիգոպոլիաների վրա, որոնք եւ հանդիսանում են գործող հիմնական ուժերը: Այսինքն, բիզնեսի եւ իշխանությունների սերտաճումը հասել է վտանգավոր մակարդակի եւ միմյանցից նրանց կախվածության պայմաններում դժվար է ասել, թե ո՞վ է ում իշխում: Հասկանալի է, որ այս իրավիճակը ծնում է խորքային կոռուպցիա, այստեղից բխող բոլոր հետեւանքներով:

    Հայտարարելով իր հիմնադրման մասին` Արմենական կուսակցությունը ի սկզբանե վստահեցրեց, որ իր նպատակն է նոր քաղաքական բեւեռ ստեղծել, որտեղ կհամախմբվեն ազատ մտածող եւ Հայաստանի ապագայով մտահոգ մարդիկ, ովքեր հասկանում են, որ այսպես շարունակել այլեւս անհնար է: Այսինքն, պետք է գնալ համակարգային փոփոխությունների, ինչի մասին խոսում են բոլորը, սակայն քաղաքական դաշտի անկատարության պայմաններում Հայաստանում խոսել արմատական փոփոխությունների մասին անհնար է: Ի դեպ, քաղաքական դաշտի մասին: Նկատենք, որ վերջինիս անկատարությունը կամ թերարժեքությունը պայմանավորված է նրանով, որ այսօր քիչ թե շատ ազդեցություն ունեցող բոլոր կուսակցությունները, առանց բացառության, իրենց ներքին` ներկուսակցական համակարգում ավտորիտար են: Այս քաղաքական կազմակերպություններն իրենց ներքին կառուցվածքով հիշեցնում են նախկին կոմկուսը, երբ իշխող փոքրամասնությունը` կոչվի այն բյուրո, քաղբյուրո թե խորհուրդ, բացարձակ իշխանություն ունի եւ իշխում է առանց հետաքրքրվելու մեծամանության կարծիքով: Քաղաքական կուսակցությունների նման կառուցվածքը, ինչը, ի դեպ, շատ տարածված էր 20-րդ դարի սկզբին, երբ կուսակցություններն իրենց ձեւով կիսառազմականացված կառույցներ էին, արդեն սպառել է իրեն եւ հետեւաբար Հայաստանում պետք է առաջ գան նոր մտածողությանը եւ կառավարմանը 21-րդ դարին հարիր քաղաքական ուժեր, ինչպիսին է Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցությունը: Մենք ի սկզբանե հայտարարեցինք, որ ներկուսակցական ժողովրդավարությունը-ռամկավարությունը այն քաղաքական ուղղությունն է, որին դավանում է կուսակցության ներկա ղեկավարությունը: Այսինքն, միայն ներքին ժողովրդավարություն ունեցող կուսակցությունը կարող է խոսել իրական ժողովրդավարությունից եւ ձգտել Հայաստանում քաղաքական-համակարգային փոփոխությունների: Իսկ դրան կարելի է հասնել, եթե Հայաստանի չկայացած քաղաքական դաշտ կոչվածում ազդեցիկ ուժերի ներկա ստատուս քվոն փոխվի արմատական կերպով: Հին, թե՞ նոր քաղաքական կուսակցություն է Արմենական-ՌԱԿ-ը

    Սա բոլորից շատ տրվող հարցն է, հետեւաբար այս հարցին պետք է առանձին անդրադառնալ: Արմենական կուսակցության հիմնադիրները, առանց բացառության, այն մարդիկ են, ովքեր 1991-ին մաս էին կազմում Հայաստանի Ռամակավար Ազատական կուսակցության հիմնադիր խորհրդին, այսինքն՝ այս կուսակցությունը Ռամկավար Ազատական կուսակցության ավանդները եւ քաղաքական կուրսը շարունակող միակ ուժն է Հայաստանում: Արդեն այսօր, կուսակցության շուրջ համախմբված մոտ 2000 անդամներն իրենց ճնշող մեծամասնությամբ այն ռամկավարներն են, ովքեր արդեն մեկ անգամ երդում տվել էին կուսակցությանը եւ, տեսնելով կուսակցության վերաստեղծման գործընթացը, ակտիվացել են եւ վերամիավորվել: Կուսակցությունն իրեն Արմենական է անվանել ոչ միայն տարբերվելով այլ կուսակցություններից եւ հարգելով Հայաստանի Հանրապետության օրենքի տառը, այլեւ այն պատճառով, որ հայ ժողովրդի պատմության մեջ Արմենական կուսակցությունը միակն էր, որ ստեղծվեց մայր հայրենիքում եւ հայ իրականության մեջ հայտնի էր որպես իրատեսական քաղաքականություն վարող հայրենասեր մարդկանց միություն: Պատմագրության մեջ Արմենականները մտան նաեւ որպես ազնվական կուսակցություն, որը երբեք իրեն վեր չդասեց մյուս քաղաքական ուժերից, միշտ պատրաստ էր հանուն հայրենիքի միասնաբար մարտնչել ընդհանուր թշնամու դեմ, իր ձեռքերը չարյունոտեց հայի արյամբ եւ ժողովրդին չտարավ արկածախնդրությունների ու կործանման:

    Հետեւաբար, կրելով Արմենական անունը, մենք մեծ պատասխանատվություն ենք ստանձնում` դառնալով իսկապես ազնվական այս մարդկանց գործի շարունակողը:

  • ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ


Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ