Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, December 24, 2009 11:26 - 1 քննարկում
Քիչ էր մնացել մոռանայի… Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ
ԱՄԱՆՈՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ՓՈԽԱՐԵՆ
Հարություն Առաքելյան
Չնայած այն հանգամանքին, որ տարեվերջին կուսակցությունների տարեկան գործունեությունը ներկայացնելը մի տեսակ մոդայիկ է դարձել, այնուամենայնիվ զերծ կմնամ նման գործելաոճից: Հետաքրքրվողները կարող են ծանոթանալ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության գործունեությանը վերջերս թարմացված www.hrak.am կայքէջից:
Խոսքս ուղղում եմ մեր ներկա իրավիճակին չհամակերպվողներին, բայց միաժամանակ` լուծումներ առաջարկողներին: Օգտագործելով Ամանորի հանգստյան օրերը, մտածենք, թե ի՞նչ հանգրվանի ենք հասել ազգովի,. եւ արդյոք ազգովի± ենք հասել… Ի՞նչ է մեզ սպասում, եւ տանք հավերժական հարցը` ո՞րն է ելքը այս իրավիճակից, կամ միգուցե այլեւս ելքեր չկա՞ն…
Հարցերին ճշգրիտ պատասխանելու համար հարկավոր է բաց աչքերով նայել իրականությանը, որն էլ հենց փորձում եմ անել ստորեւ…
Ապրեցինք 21-րդ դարի առաջին տասնամյակը եւ ի±նչ…
Ու ստացվեց այնպես, որ ապրում ենք մի երկրում,
-որտեղ օրինական գործարարությամբ զբաղվելը դարձել է ոչ շահութաբեր,
– որտեղ պետական-անվճար կրթակարգը հնարավորություն չի տալիս դպրոցում ստացած գիտելիքներով ԲՈՒՀ ընդունվել,
– որտեղ ԲՈՒՀ-ն ավարտածի ճակատագիրը որեւիցե պետական կառույցի չի հետաքրքրում, արդյունքում ունենում ենք աննպատակ գոյատեւող երիտասարդություն,
– որտեղ քրիստոնյա հասարակությունը ամեն օր ենթարկվում է աղանդների “գաղափարական” գրոհին,
– որտեղ հաշմանդամը, թոշակառուն ու նպաստառուն չեն կարողանում ֆիզիկապես գոյատեւել, առանց որեւէ մեկի օգնության,
–որտեղ կոռուպցիան ու կաշառակերությունը, հովանավորչությունն ու “ընտրյալների” անպատժելիությունը համատարած են եւ դրա արդյունքում, անթրաշ մի պաշտոնյա, առանց խղճի խայթ ունենալու կարող է վաճառել երկրի պահուստային ոսկիները ու դեռ դժգոհելով սովորեցնել, թե պահուստային ֆոնդերը հենց վաճառքի համար են,
– որտեղ 18 տարեկան երկրի պետական պարտքը քառապատկվել է վերջին մեկ տարվա ընթացքում` հասնելով 4 միլիարդ դոլարի, դրանով իսկ դատապարտելով գալիք սերունդներին ստրկության,
– որտեղ բացակայում են քաղաքական, հասարակական, մշակութային, լեզվի, գովազդի, ճգնաժամերի կառավարման եւ այլ մշակույթներ. եւ ոչ միայն բացակայում են, այլեւ ջանք էլ չենք գործադրում, որ դրանք ստեղծվեն ու պահաջարկ վայելեն….
Ստացվել է այնպես, որ ապրում ենք մի երկրում, որտեղ ծայրահեղ ընդդիմություն կոչվածը իշխանություններին հայհոյելու արանքում միշտ աչքով է անում վարչակազմին, ուղարկում օդային համբույրներ, բայց վարչակազմն էլ միշտ պատասխանում է` ես քո իմացածներից չեմ, ու շարունակում է կատարելագործել ցինիզմը:
Ստացվել է այնպես, որ ապրում ենք մի երկրում, որտեղ փոքր սրիկաները ցերեկը հայհոյում են մեծ սրիկաներին, իսկ գիշերը չեն կարողանում քնել, քանի որ մտածում են` ինչպես անեն, որպեսզի կարճ ժամանակահատվածում դառնան խոշոր սրիկա:
Ստացվել է այնպես, որ ապրում ենք մի երկրում, որտեղ ամենաթեժ ու ամենադաժան ելքով կռիվները տեղի են ունենում վարչակազմին հաճոյանալու հանրային հերթերում:
Ստացվել է այնպես, որ ապրում ենք մի երկրում, որտեղ բոլորը բարիք են ուզում, բայց չեն հասկանում, որ բարիք ունենալու համար հարկավոր է իջնել բարիք արարողի շալակից:
Ստացվել է այնպես, որ ապրում ենք մի երկրում, որտեղ բնական պաշարներն օգտագործում ենք այնպես, կարծես այլեւս գալիք սերունդներ չենք ունենալու. ոչնչացնում ենք անտառները, անապատացնում դաշտերը, ինչը չեն արել օտարազգի նվաճողները:
Ստացվել է այնպես, որ ապրում ենք ապսուրդի հասնող երեւույթների պայմաններում`
–որտեղ որքան շատ են հեռանում երկրից, այնքան բնակչության թիվն ավելի է մեծանում.
–որքան պակասում են մեքենաները, այնքան շատանում են բենզա ու գազալցակայանները.
–արժեւորված դրամի պատճառով որքան պակասում են գնորդներն, այնքան շատանում են խանութները.
–որքան շատանում են սովածներն, այնքան ավելանում են ռեստորանները.
–որքան պակասում են հանցագործներն, այնքան շատանում են ոստիկանները.
–որքան պակասում են հարկատուներն, այնքան շատանում են հարկահավաքները:
Ստացվել է այնպես, որ ապրում ենք մի երկրում, որտեղ թիմով չենք պայքարում չարի դեմ, այլ կողքից նայում ենք, թե երբ է մի տղա գնալու դեւի դեմ ու եթե հաղթեց` կհերոսացնենք (հետագայում ոչնչացնելու համար), եթե պարտվեց` կծիծաղենք ու կհայհոյենք, որովհետեւ ազգային ավանդույթ է դարձել հերոսներին հայհոյելը, հայհոյվածներին` հերոսացնելը:
Ստացվել է այնպես, որ ապրում ենք մի երկրում, որտեղ պարծենում են, թե թատրոն ենք ունեցել այն ժամանակ, երբ եվրոպացիները ծառերի վրա էին, բայց չեն ասում, որ ծառից հանգիստ իջնելու փոխարեն` հետույքի վրա վայր ենք ընկել ծառից, քանի որ ազգովի կտրել ենք այն ճյուղերը, որոնց վրա նստած ենք եղել…
Ինչ կասեք` շարունակե՞մ, թե նոր տարի եք անում… Ուրախանո±ւմ եք…
Ինչների՞դ վրա…
Դե, որ սկսել եմ` պիտի շարունակեմ:
Ստացվել է այնպես, որ ապրում ենք մի երկրում, որտեղ հայրենասիրության ու բարոյականության մասին ազնվորեն արտահայտվողները խոշոր “հարիֆներ” են համարվում, իսկ անբարոյականությունը պաշտպանված է օրենքով: Եվ դրա արդյունքում է, որ բամփում են զոհված ազատամարտիկի որդու գլխին ու ասում, թե` հերդ “հարիֆ” էր, որ գնաց, մեռավ:
Ստացվել է այնպես, որ ապրում ենք մի երկրում, որտեղ “ազնիվ“ եւ “հարիֆ“ բառերը հոմանիշներ են, “ինտելիգենտ“–ը` հայհոյանք, իսկ մտածելու կարողություն ունեցողները` դժբախտ:
Ստացվել է այնպես, որ ապրում ենք մի երկրում, որտեղ նաեւ սեքսով են զբաղվում ու երեխաներ ունենում, իսկ վերջիններս էլ անիծում են իրենց ծնողներին` Երկիր մոլորակի այս կոորդինատների վրա լույս աշխարհ բերելու համար:
Ստացվել է այնպես, որ ապրում ենք մի երկրում, որտեղ նախկինները առավել հրճվում են ներկաների անհաջողությամբ, քան թշնամիների` մոռանալով, որ երբ նավը խորտակվում է, բոլորն են խորտակվում: Էլ չեմ ասում ոմանց մասին, որոնք “նավի” խորտակման պահին “նավասենյակներն” են թալանում:
Ստացվել է այնպես, որ ապրում ենք մի երկրում, որտեղ նեղ մտահորիզոնի տեր գեղցիները քաղաքավարություն, ինչպես նաեւ “ճշտին ծառայող քաղաքականություն” են սովորեցնում եւ դրա արդյունքում է, որ գավառամտությունը մեծ պահանջարկ է վայելում ու լավ վարձատրվում… Ցավոք, փաստ է, որ մեր երկրում տիրում է հռոմեական բարքերի հակառակ պատկերը. իշխում են պլեբեյները, իսկ պատրիկները վերածվել են մուրացկանների:
Ստացվել է այնպես, որ ապրում ենք մի երկրում, որտեղ առաջինն ենք դավաճանել Աստծուն եւ, ի ապացույց այդ դավաճանության ու քավության, տաճար ենք կառուցել “քրչի բազառում”, իսկ հոգեւորականների վեղարների տակ շարունակում են թաքնված մնալ բազմաթիվ հաջողակ կոմերսանտներ:
Ստացվել է այնպես, որ ապրում ենք մի երկրում, որտեղ տղամարդկանց մի հոծ բազմություն ճշգրիտ ցույց է տալիս թշնամու կոորդինատները, իսկ մյուսների կանայք այդ
նույն կոորդինատներում պոռնկություն են անում, որ պահեն իրենց տղամարդկանց ու նրանցից սեքսի արդյունքում ծնվածներին:
Ստացվել է այնպես, որ ապրում ենք մի երկրում, որտեղ տղամարդ կոչվածի մի մասն էլ թշնամու հետ մերձեցման, հաշտեցման, գրկախառնվելու համատեղ հանձնաժողովներ է ստեղծում ու ասում` բա ոնց, բա իմ “դուխը…”: Բայց “դուխը” չի բավարարում հանցագործին դատարան տանելու համար, այլ ընկերավարի համոզում է. “Արի վիզ վեկալ` պրծնի գնա, որ հանգիստ անցնենք նյութապաշտությանն ուղղված մեր համատեղ բիզնես ծրագրերին”:
Էստեղ քաշում եմ “ստոպ կռանը”…
Ստացվել է այնպես, որ ապրում ենք մի երկրում, որտեղ սա է իրականությունը, հետեւաբար այն շտկելու հետագա քայլերն ու դրանց առաջնահերթությունները պետք է գծագրվեն հենց իրականությունը ճշմարտացիորեն գնահատելով:
Գալով նախաբանում արտահայտված հարցադրումներին, միանգամից նշեմ, որ չհամակերպվելով ներկա իրավիճակին, ընկերներիս հետ մշակել ենք նախագծեր,
կյանքում կիրառելի առաջարկություններ` Հայաստանի Չորրորդ Հանրապետության ստեղծման համար` առանց հեղափոխության ու արյուն թափելու: Փաստ է, որ Հայաստանի երեք հանրապետությունները ավարտել են իրենց առաքելությունը, հետեւաբար նոր, գաղափարական ու նպատակային երկիր կառուցելու մարտահրավերի առջեւ ենք կանգնած: Միաժամանակ համոզված ենք, որ այս նախագիծը լայն մասսաներին չի հետաքրքրի ու նրա լուծելիք խնդիրն էլ չէ, մանավանդ այսօրվա ժանտախտի ժամանակ կազմակերպվող քեֆերի ֆոնի վրա…
Իսկ եթե հետաքրքրեց` համեցե’ք:
Գրեք այս հասցեով harakelyan@gmail.com կամ զանգահարեք 010 572397
Հ. Գ. – Քիչ էր մնացել մոռանայի… Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ
1 քննարկում
Arthur Armin