ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, December 20, 2009 0:49 - 1 քննարկում

Սրտխառնող իրադրություն…(«Ազգ»-ը թունավորում է ազգը:

ՄԵԿՆՈՒՄ ԵՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԶԶՎԵԼ ԵՆ ԵՐԿՐԻ «ՉԳՐՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԻՑ»

Ժակլին Բաբայանը երազում է այն օրվա մասին, երբ կկարողանա ինքնաթիռի տոմս գնել ու հեռանալ Հայաստանից: «Սիրում եմ իմ երկիրը, բայց զզվել եմ երկրում տիրող կարգերից, օրենքներից, էս գողական միջավայրից, որ չի թողնում հասնել ինչ-որ բանի», ասում է ժակլինը: 23-ամյա Ժակլինն ավարտել է Երեւանի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետն ու ֆրանսերենի եւ գերմաներենի մասնագետ է: «Չեք կարող հավատալ, թե համալսարանում ինչ էր կատարվում` կաշառակերություն բառի բուն իմաստով: Ասենք՝ քննությունից առաջ կուրսի մեծ մասն արդեն գիտեր, թե ինչ է ստանալու: Դե, պետական համալսարանը հեղինակավոր տեղ է, դրա համար էլ մեր օլիգախների մեծ մասի երեխաները սովորում էին համալսարանում: Դրանցից մեկն էլ մեր կուրսից էր, պապան արդարության համար է «պայքարում», բայց կուրսում նա ու իր ընկերուհիները, մեղմ ասած, իրենց լկտի կերպով էին պահում: Միայն գերազանց էին ստանում, մինչդեռ տարվա մեջ մի քանի անգամ էին գալիս դասի ու ոչ միայն ֆրանսերեն, կարգին հայերեն էլ չէին կարողանում խոսել: Նրանք դառնում էին գերազանցիկ, իսկ մենք 3, լավագույն դեպքում 4 էինք ստանում, որովհետեւ դասախոսն ասում էր, որ հինգերի տեղը սահմանափակ է», ուսանողական կյանքն է վերհիշում Ժակլինը: Ժակլինն աշխատում է թարգմանչական գրասենյակում, բայց էլի երազում է մեկնել հայրենիքից: Փող է հավաքում, որ մեկնի հորաքրոջ մոտ` Գերմանիա: «Չեմ ասում, որ այնտեղ կամ ընդհանրապես արտասահմանում ամեն ինչ հրաշալի է կամ, ասենք, քեզ համար ստեղծված են կատարյալ պայմաններ, չէ՛, բայց կիրթ, աշխատող մարդուն հաստատ ավելի լավ կվերաբերվեն, ավելի լավ կընդունեն, քան Հայաստանում», ասում է նա:

25-ամյա Ջուլյա Կարապետյանն էլ ավարտել է տնտեսագիտական համալսարանը: «Մի քանի անգամ դիմեցի տարբեր գործակալություններ, բայց աշխատանք չճարեցի: Հետո իմացա, որ բանկերից մեկում աշխատանքի համար մրցույթ է հայտարարված, դիմեցի: Մրցույթը մի քանի փուլով էր, վերջում մնացել էինք երկու հոգի, բայց երկուսիս էլ մերժեցին: Հետո իմացանք, որ վերեւներից զանգել են ու ինչ-որ մեկի հարսին են դասավորել այդ տեղում: Էս երկրում արդարություն չկա: Գոնե իրենց շահույթի համար գործատուները պետք է ընտրեն խելացի, կրթված անձանց, բայց հենց միջին օղակներում հաճախ աշխատանքի են վերցնում կատարյալ հիմարների: Դա հայտնի բան է», ասում է Ջուլյան:

«Մեկ-մեկ մտածում եմ` թողնեմ երկրից գնամ, հետո ասում եմ, ախր, իմ երկիրն է, բայց մեկ է, արդեն համբերությունս սպառվել է: Այստեղ սովորական ընտանիքի երեխայի համար ապագա չկա, դա բոլորին է հայտնի: Որքան ուզում ես տանջվիր, միեւնույնն է, դրանով չես կարող ինչ-որ բանի հասնել, բայց ինչ-որ մեկը, որ քեզանից քիչ է աշխատել, ընդհանրապես չի աշխատել, հանկարծ ավելի բարձր պաշտոն է ստանում, ավելի լավ դիրք զբաղեցնում, ավելի բարձր աշխատավարձ ստանում: Ինչո՞ւ, որովհետեւ նա ինչ-որ մեկի աղջիկն է, ինչ-որ պատգամավորի բարեկամ կամ սիրուհի, հազար ու մի բան, ու ամեն տեղ էլ դա կա, դա գարշելի է», ասում է նա:

Մասնագիտությամբ լրագրող Կարենն էլ վերջին մի քանի ամսվա ընթացքում հասցրել է լինել հանրապետության բազմաթիվ հեռուստաընկերություններում: Մանկուց երազել է դառնալ հեռուստալրագրող, հետեւաբար դպրոցն ավարտելուց հետո չի երկմտել, թե որտեղ պետք է սովորի: Համալսարանում ընտրել է հեռուստալրագրության բաժինն ու հետագայում՝ պրակտիկ աշխատանքների ժամանակ խորացրել գիտելիքներն այդ ասպարեզում: Համալսարանն ավարտելուց հետո թակել է մի շարք հեռուստաընկերությունների տնօրենների դուռը, անցել փորձաշրջան, արժանացել գովասանքների, բայց Կարենի պատրաստվածությունն ու գիտելիքները չեն դիմացել ամենազոր զանգին: «Հեռուստաընկերություններից մեկի տնօրենը, չեմ ուզում անունը տալ, շատերն են ճանաչում, ասաց, որ մեկ ամիս փորձաշրջան անցնեմ, եթե հավանեց` կմնամ: Մեկ շաբաթ անց տնօրենը մոտեցավ, թե ռեպորտաժներդ շատ լավն են, շարունակիր, էս տեղը քոնն է: Ես էլ հավատացի, շարունակեցի ավելի ոգեւորված աշխատել: Մեկ ամիս անց, երբ արդեն կարծում էի, որ պետք է ընդունեն աշխատանքի, տնօրենը կանչեց իր սենյակ, թե զանգել են էս տեղի համար, չեմ կարող քեզ աշխատանքի ընդունել: Էլ ի՞նչ պետք է անեի, սուսուփուս դուրս եկա», պատմում է նա: Կարենը շրջեց եւս մեկ-երկու հեռուստաընկերություններում. մեկին ծանոթի միջոցով էին աշխատանքի ընդունում, մյուսի համար՝ զանգահարում: «Էլ ինչ պետք է անեի, հիասթափվել էի, որովհետեւ ես էլ չունեի մեկին, որ ինձ համար զանգեր, ու ես էլ կընդունվեի աշխատանքի», ասում է նա: Այժմ Կարենը առաքիչ է աշխատում: «Պետք է մի կերպ ընտանիքս պահեմ, բայց եկող տարի կգնամ Հայաստանից: Ընկերս Հունաստանում է աշխատում, ես էլ կգնամ, կաշխատեմ, ընտանիքիս էլ կտանեմ»:
* ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

A
Dec 20, 2009 23:27