ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, December 20, 2009 10:40 - չքննարկված
Թուրքիայի արտգործնախարարությունում իրարանցում է
Թուրքիայի արտգործնախարարությունում իրարանցում է
Դեկտեմբեր 19, 2009թ. 13:19
Թուրքական «ANKA» լրատվական գործակալության տեղեկացմամբ` Թուրքիայի արտգործնախարարությունն անհանգստացած է այն փաստից, որ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում «Ասորիների համաշխարհային միությունը» կանգնեցնելու է թուրքերի կողմից ցեղասպանված ասորիների հիշատակը հավերժող հսկա հուշարձան: Այդ մասին տեղեկացնում է թուրքական «Anka» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակը գերատեսչության անունից մտահոգություն է հայտնել ավստրալիական իշխանություններին այդ հուշարձանի նախագծի իրականացմանը թույլտվություն տալու համար: Թուրքական կողմն ընդգծել է, որ դա կարող է վնաս հասցնել Թուրքիայի և Ավստրալիայի միջև առկա բարեկամական հարաբերություններին:
«Ասորիների համաշխարհային միության» մամուլի քարտուղար Հերմիզ Շահինն էլ լրագրողներին հայտնել է, որ այդ հուշակոթողը բավականին ազդեցիկ է լինելու: «Երևանի ցեղասպանության հուշահամալիրի նման ասորական հուշակոթողին էլ իրենց հարգանքի տուրքն են մատուցելու արտերկրից ժամանած քաղաքական գործիչներն ու այլ հյուրեր»,- ասել է Շահինը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Սիդնեի Ֆեյրֆիլդ շրջանի տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարությունը հավանության էր արժանացրել Օսմանյան կայսրությունում ցեղասպանված ասորիների հիշատակին նվիրված հուշակոթող կառուցելու գաղափարը:
1916թ. «New York Times»-ում հրապարակված բժիշկ Ռոքվելի «Հայերի և ասորիների զոհերի թիվը» վերնագրով հոդվածում նշվել է. «Միայն հայերը չեն, որ դժբախտ են. ասորիներին նույնպես ոչնչացրեցին: Բնաջնջվեց յուրաքանչյուր տասերորդ ասորին»: