ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Friday, December 18, 2009 3:28 - չքննարկված
«Առաջ Հայաստան» կանգ ա՛ռ, հետ դա՛րձ, քայլով մա՛րշ…
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է
-
Հայաստանի, Թուրքիայի ու միջազգային հանրության օրակարգ
Թուրքիայի վարչապետի վաշինգտոնյան այցից հետո Հայաստանի ղեկավարության ձեռնարկած պատասխան քայլերից ու միջազգային հանրության շահագրգիռ պահվածքից ակնհայտ է դառնում, որ Հայոց ցեղասպանության հարցը հոկտեմբերի 10-ի արձանագրություններով «ծածկելու» Անկարայի փորձերը սկսել են շրջվել հենց իր դեմ։
Այս իրողությունը դրսեւորվում է ներկայումս արձանագրվող միանգամից մի քանի զուգահեռ գործընթացների տեսքով։
Առաջինը միջազգային-քաղաքական ասպարեզն է, ուր արձանագրությունների ստորագրումից հետո կարծես թե յուրահատուկ «ընդմիջում» էր հայտարարվել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում։ Սակայն ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում եւ այլ երկրներում վերջին օրերին սկիզբ առնող զարգացումները փաստում են, որ վիճակը սկսում է փոխվել։ Մեծանում է Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցների թիվը Կոնգրեսում, նկատվում է նաեւ հարցի հանդեպ միշտ էլ զգուշավոր մոտեցում դրսեւորող բրիտանական օրենսդիրների վերաբերմունքի փոփոխություն։
Դրա վերջին դրսեւորումը հայտնի իրավաբան Ջեֆրի Ռոբերթսոնի դեկտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում ներկայացրած «Արդյո՞ք եղել է Հայոց ցեղասպանությունը» զեկույցն է, որը իրավական հստակ գնահատականներ է տալիս 1915-1916թթ. իրադարձություններին՝ դատապարտելով դրանց հանդեպ բրիտանական ԱԳՆ-ի ու օրենսդիրների որդեգրած կրավորական կեցվածքը։
Երկրորդ միտումը ներկայումս մեր երկրում արձանագրությունների քննարկման գործընթացում նկատվող լուրջ տեղաշարժերն են, որոնցից ամենակարեւորը հայկական կողմի ստորագրության «հետկանչի» իրավական մեխանիզմները հստակեցնելու մասին նախագահ Ս.Սարգսյանի հրահանգն է։
Երրորդ՝ այս կապակցությամբ ամենաբարձր մակարդակով Հայաստանի ղեկավարության նախորդ հայտարարություններին, մասնավորապես՝ նախագահ Ս.Սարգսյանի հոկտեմբերի 10-ի հեռուստաելույթի դրույթներին ներկայումս գումարվում է նաեւ նրա պատասխան նամակը Ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականների միջազգային ընկերակցության (IAGS) նախագահ Վիլյամ Շաբասին։
Պարզաբանելով, որ երկկողմ «Միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը, որը նախատեսված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրություններով, Հայաստանի եւ Թուրքիայի ժողովուրդներին հնարավորություն կտա փոխվստահության եւ երկխոսության հասնելու ընդհանուր ուղիներ գտնել», նախագահ Ս.Սարգսյանը միաժամանակ ավելացրել է, որ «հարեւան երկրների հետ հարաբերությունները երբեք չեն կարող կասկածի ենթարկել Հայոց ցեղասպանության եւ հայրենազրկման հարցը»:
Ուստի, Հայաստանի ղեկավարության կարծիքով, «Ցեղասպանության փաստը քննարկման առարկա չի կարող դառնալ այս հանձնաժողովում»:
Այսպիսով, Հայաստանում սկիզբ առնող հստակեցումները ժամանակային առումով համընկնում են միջազգային ասպարեզում Հայոց ցեղասպանության փաստի ակտիվ քննարկումների հետ։ Ու մինչ Հայաստանը հետեւողականորեն սկսում է աշխատել շուտով արդեն իրենց ստորագրման եռամսյա ժամկետին մոտեցող հայ-թուրքական արձանագրությունների իրավական-քաղաքական հիմքերի հստակեցման եւ դրանց վավերացման մեջ նկատվող բարդություններն ուսումնասիրելու ուղղությամբ, միջազգային հանրությունը ավելի ու ավելի է մեծացնում թուրքական կողմի հանդեպ գործադրվող ճնշումները։
Կարծում ենք, առաջիկա ամիսներին մեր երկիրը կանգնելու է միաժամանակ երկու հիմնական մարտահրավերների առաջ։
Առաջինը Ղարաբաղյան բանակցային գործընթացում սեփական դիրքերը պահպանելու հրամայական անհրաժեշտությունն է՝ նկատի ունենալով Ադրբեջանի անհագ ախորժակը, մասնավորապես առանց այդ էլ բազում հարցականներ ունեցող Մադրիդյան սկզբունքները հօգուտ իրեն ռեւիզիայի ենթարկելու փորձերը։
Երկրորդը խաղաղ հարձակումն է «թուրքական ճակատում»՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Անկարան սրանից հետո այլեւս չի հրաժարվելու Ղարաբաղյան նախապայմանից։
Ղարաբաղյան բանակցային գործընթացում՝ մինչեւ առաջիկա ապրիլ ամիսը առաջ մղելով Մադրիդյան սկզբունքների քննարկման եզրափակիչ հանգրվանին Լեռնային Ղարաբաղի մասնակցության պահանջը, միաժամանակ Հայաստանը պետք է ամեն ինչ անի Հայոց ցեղասպանության հարցը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի հետ շաղկապելու համար։ Նախապայմանների լեզվով խոսող Թուրքիայի եւ պատերազմական քարոզչությամբ զբաղվող Ադրբեջանի համար նման հավասարակշռված քաղաքականությունը կարող է փակել հնարավոր զորաշարժերի դաշտը, քանզի միջազգային հանրությունը.
ա) Թուրքիայից պահանջելու է արձանագրությունների վավերացումը՝ շարունակելով նրան հիշեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նոր հնարավորությունները,
բ) Ադրբեջանից ու Հայաստանից պահանջելու է Մադրիդյան բոլոր սկզբունքների ընդունումը, որոնց մեջ է մտնում նաեւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը։
Ու քանի որ մեր չափից դուրս ագահ ու գիշատիչ բանակցային գործընկերները ներկայումս վստահ են իրենց ձեռք բերած կասկածելի առավելության հարցում, ապա նրանցից եւ ո՛չ մեկը չի նահանջելու ներկա անզիջում դիրքերից։
Ի վերջո, Ղարաբաղյան ճակատում հաստատված ստատուս քվոյի փոխարեն ձեւավորվելու է միանգամից երկու ստատուս քվո՝ ղարաբաղյան եւ հայ-թուրքական։ Եւ առաջինը ճեղքելու հարցում միջնորդների անզորությունը առաջիկա գարնանը բումերանգի նման հետ է դառնալու՝ հարվածելով հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու հարցում համառող Թուրքիայի «աքիլլեսյան գարշապարին»՝ կրկին միջազգային օրակարգ վերադարձնելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։
- ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ