ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, December 10, 2009 0:11 - չքննարկված
Անվերջանալի պատմություն ճշտի մասին, (մի հատված հայերենի փառքը փայլեցրած Վարոս Հովակիմյանից մինչև մանկավարժական համալսարանը չավարտած, բայց սովետական հայ գրող դարձած Մաթևոսյանը….) Պատմում է Արմեն Շեկոյանը:
ՀԱՏՎԱԾ
… մեր երազների մեջ ու մեր իրական կյանքում հաճախ էնպիսի համընկնումներ են պատահում, որ նույնիսկ մեր աչքերին չենք հավատում, ու հենց էս պահին, երբ տրամադրված եմ վերստին անդրադառնալ մեր սերիալային տառապանքներին, մեր ճաշասենյակից լսվում է մեր հեռուստացույցի ձայնը, եւ հեռուստացույցից հորդացող հայերենը չափազանց ճոխ ու շքեղ է, եւ վայրկենապես կռահում եմ, որ «Ռուստամ եւ Զոհրաբ» ֆիլմի հայերեն կրկնօրինակված տարբերակն է, որովհետեւ ես էն քչերից եմ, ովքեր տեղյակ են, որ էդ փայլուն կինոթարգմանության հեղինակը Վարոս Հովակիմյանն է, ու նաեւ էն քչերից եմ, ովքեր գիտեն, որ լուսահոգի Վարոսը նաեւ «Համլետ» եւ «Ոսկե հորթը» ֆիլմերի հայերեն կինոթարգմանության հեղինակն է, ու չնայած հայերս առիթով ու անառիթ ասում ու գլուխ ենք գովում, որ էդ երեք ֆիլմերի հայերեն տարբերակներն ավելի լավն են, քան՝ էդ ֆիլմերի բնօրինակները, այդուհանդերձ, երբեւէ իրար ու նույնիսկ ինքներս մեզ չենք հարցնում՝ ո՞վ է էդ փայլուն կրկնօրինակումների հեղինակը, ու ես էն քչերից եմ, ում էդ հարցի պատասխանը ոչ միայն հետաքրքրել է, այլեւ էդ հարցի պատասխանը կռահելով՝ ժամանակին հանդիպել ու հարցազրույց եմ արել Վարոս Հովակիմյանի հետ, եւ չնայած էդ թվերին կինոթարգմանության գործից որեւէ գաղափար չունեի, Հովակիմյանի կատարած էդ չտեսնված թարգմանությունների բացառիկությունն ու արժեքը լավ էլ հասկանում ու զգում էի, բայց հիմա, երբ արդեն էդ կինոթարգմանական աշխատանքը շատ լավ ու շատ մոտիկից գիտեմ, արդեն նաեւ հասկացել եմ, որ կինոթարգմանությունը ոչ միայն ահավոր տառապանք է, այլեւ՝ չափազանց անշնորհակալ գործ, եւ մանավանդ լուսահոգի Վարոսի առումով է էդպես, եւ հիմա, երբ հարցազրույցի առիթով տեղի ունեցած իմ ու իր էդ միակ հանդիպումը հիշում եմ, սկսում եմ նաեւ հիշել, որ Վարոսն ինքն էլ իր արածի կարեւորությունն ու նշանակությունն առանձնապես չէր պատկերացնում, եւ երբ իրեն ասացի, որ իր թարգմանած ֆիլմերը բնօրինակներին գերազանցում են, ինքը մեղմ ժպտալով ասաց՝ «չափազանցնում ես», եւ երբ ասացի, որ ուրիշներից էլ եմ էդպիսի կարծիք լսել, ինքը ծիծաղելով ասաց՝ «ուրիշներն էլ են չափազանցնում» եւ մեղմ ժպտալով ավելացրեց՝ «եթե «Հայֆիլմի» էդ կրկնօրինակման բաժնում իմ փոխարեն մեկ ուրիշն աշխատեր, էդ ուրիշը պիտի էդ ֆիլմերը թարգմաներ ու կրկնօրինակեր», եւ երբ իրեն ասացի՝ «բայց ուրիշը դժվար թե էդքան լավ թարգմաներ», ինքը մեղմ ժպտալով ասաց՝ «որ աշխատավարձ ես ստանում՝ ինչո՞ւ պիտի վատ թարգմանես» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «մանավանդ որ՝ լավ թարգմանելն ավելի հեշտ է, քան՝ վատ թարգմանելը», եւ իր էս ասածները, որ մեր հարցազրույցից հանվեցին ու «Ավանգարդում» տեղ չգտան, հիշողությանս մեջ մշտապես տեղ ունեն, եւ մտապատկերիս մեջ Վարոսի լուսավոր դեմքն էլ է առ էսօր առկա, եւ «համեստությունը գեղեցկացնում է մարդուն» ասվածը հենց Վարոսի առումով է գործուն, եւ իր համեստությունն իր կենսակերպն էր, որովհետեւ Վարոսն էնքան էր տարված ու զբաղված կինոթարգմանության էդ արտադրական հանապազօրյա գործընթացով, որ, երեւի, ժամանակ չէր էլ ունենում իր արածի որակի ու մակարդակի մասին մտածել, ճիշտ այնպես, ինչպես Տավրոսն ու ես մեր թարգմանությունների որակի մասին մտածելու ժամանակ չէինք ունենում, որովհետեւ մեր էդ տաժանակրության ընթացքում հիմնականում աշխատավարձի մասին էինք մտածում, բայց, ի տարբերություն մեզ, Վարոսն էր խոստովանում, որ էդ գործը հանուն աշխատավարձի է անում, եւ չնայած իր էդ ասածը մեր հարցազրույցի տպագրված տարբերակում տեղ չէր գտել, իր էդ խոստովանությունը շատ լավ եմ հիշում, եւ բնական է, որ էդ խոստովանությունը հարցազրույցից դուրս պիտի մնար, որովհետեւ էն թվերին ընդունված չէր, որ մարդ արարածը հարցազրույցի ժամանակ էդաստիճան անկեղծանա, եւ չնայած մեր թվերին Տավրոսն ու ես արդեն անկեղծանալու իրավունք ունեինք, նույնիսկ իրար չէինք խոստովանում, որ էդ գործը հանուն փողի ու աշխատավարձի ենք անում, որովհետեւ իսկապես հանուն աշխատավարձի էինք անում, մինչդեռ ճաշասենյակից ինձ հասնող Ռուստամի չափածո խորհրդածությունը մի հավելյալ ապացույց է, որ Վարոսը, ի տարբերություն Տավրոսի ու ինձ, միանգամայն անշահախնդրորեն ու միանգամայն ստեղծագործաբար է վերաբերվել իր էդ հանապազօրյա գործին, բայց իմ ու Տավրոսի վերաբերմունքը հասկանալի ու բացատրելի է էն առումով, որ մենք, ի տարբերություն Վարոսի, ոչ թե Իլֆի ու Պետրովի կամ Ֆիրդուսու ստեղծագործություններն էինք կինոյի վերածում, այլ ընդամենը մեքսիկական ու բրազիլական կինոտեքստերն էինք ռուսերենից հայերեն փոխադրում, բայց էս ասածս բնավ չի նշանակում, թե Տավրոսն ու ես իսպառ զուրկ էինք ստեղծագործական հակումներից. ես, ճիշտ է, մեր էդ կինոթարգմանությունների շրջանում պոեզիա չէի գրում, բայց դրա փոխարեն էդ ընթացքում ահագին անտիպոեզիա գրեցի, եւ անկողմնակալներն ու ճշմարիտ պոեզիայի սիրահարները կվկայեն, որ իմ էդ անտիպոեզիայի մեջ էլ ահագին պոեզիա կար. այսինքն, ուզում եմ ասել, որ նույնիսկ էդ գերծանրաբեռնված շրջանում կտրված չեմ եղել ստեղծագործական պրոցեսից, եւ նույնը կարող եմ Տավրոսի մասին ասել, եւ Տավրոսի առումով կարող եմ նաեւ նշել, որ էդ շրջանում Տավրոսի ստեղծագործական ներշնչանքը մեկին մեկ համընկնում էր խմելու գործընթացին, եւ Տավրոսի էդ շրջանի բաժակակիցները կվկայեն, որ Տավրոսը խմելու ժամանակ ու մանավանդ խմելու պրոցեսին նախորդող պահերին լեցուն էր ճիշտ էն ներշնչանքով՝ ինչով որ նկարիչները կամ բանաստեղծներն են տոգորված լինում նկարելիս ու բանաստեղծություն գրելիս. այսինքն, էդ շրջանում Տավրոսը խմիչքից ստանում էր այն՝ ինչը լուսահոգի Վարոսն իր կինոթարգմանություններից էր ստանում, իսկ ես՝ իմ անտիպոեզիայից, ու որ էս էլ որերորդ անգամ Տավրոսի անունից առաջ լուսահոգի բառը մոռանում ու չեմ գրում, դրա պատճառն էն է, որ Տավրոսի մահվան մասին մի քանի օր ուշ իմանալով՝ իր թաղման արարողությանը ներկա չեմ գտնվել. այսինքն, Տավրոսին մահացած չեմ տեսել՝ ինչպես որ Վարոսին, Ավդալյան Աշոտին ու էլի շատերին մահացած չեմ տեսել, եւ բոլոր նրանք՝ ում մահացած չեմ տեսել, իմ մտապատկերում ու մանավանդ իմ երազներում մշտապես ապրում են ու կան, եւ Տավրոսը, Աշոտն ու էլի շատերը՝ ում մահացած չեմ տեսել, իմ երազներում ճիշտ էնպիսին են՝ ինչպիսին որ իրական կյանքում են եղել, եւ Տավրոսն իմ երազներում ինձ շարունակում է առաջարկել խմել, ու ես, ինչպես կյանքում, երազիս մեջ էլ նույն ձեւով եմ հրաժարվում՝ «էրկուսիցս մեկը պիտի օյաղ մնա, որ էդ սերիալը թարգմանվի», եւ սա միակ պատճառաբանությունս է, որի դեմ Տավրոսը որեւէ առարկություն չի գտնում՝ ոչ էն ժամանակ ու ոչ էլ հիմա, եւ քանի որ իմ բանաստեղծ ընկեր Ավդալյան Աշոտին էլ մահացած չեմ տեսել, Աշոտին էլ մահացած չեմ պատկերացնում, եւ իրեն էլ եմ երազներիս մեջ հաճախակի տեսնում, եւ չնայած երազներիս մեջ ինքը մշտապես գունատ է, մշտապես ստեղծագործական ներշնչանքի մեջ է եւ մշտապես երազիս մեջ ինձ ամոթխած ժպտալով ասում է՝ «Արմո ջան, միհադըմ շատ զիլ պոեմ եմ գրել», եւ ամեն անգամ երազիս մեջ իրեն հարցնում եմ՝ «ինչի՞ մասին ա», եւ ամեն անգամ նույն կերպ է պատասխանում՝ «ամեն ինչի» եւ իր մշտապես բարի ժպիտը երազիս տարածքով մեկ սփռելով ավելացնում է՝ «տեղոց տեղ փիլիսոփայություն է», եւ Տավրոսը, Աշոտն ու մյուսները՝ ում երբեւէ մահացած չեմ տեսել, իմ երազներում միշտ էնպիսին են՝ ինչպես իրենց մինուճար կյանքում են եղել, եւ չնայած երազիս մեջ Տավրոսին հանդիպելիս միշտ հրաժարվում եմ խմել, իրական կյանքում ու մանավանդ վերջերս խմելուց չեմ հրաժարվում. ավելին. վերջերս ինքս եմ խմելու առիթներ փնտրում, եւ չնայած տարիքիս ու առողջությանս բերումով մի քանի բաժակից ավելի դժվարանում եմ խմել, այդուհանդերձ, չեմ հրաժարվում եւ նույնիսկ ինքս եմ խմելու առիթներ փնտրում, եւ հիմա, երբ էս բաներն էսպես ցաքուցրիվ գրում եմ, դեռեւս խելքս գլուխս չի եկել, որովհետեւ երեկ իրիկվանից մինչեւ գիշերվա երեքը տղերքով ահավոր խմեցինք, ավելի ճիշտ՝ տղերքը չափից ավելի խմեցին, իսկ ես, ինչպես միշտ, չափավոր, բայց հիմա՝ էս պահին պարզվում է, որ էդ չափավորն էսօրվա դրությամբ ինձ համար լավ էլ անչափ է, որովհետեւ հիմա՝ երբ էս բաներն էսպես ցաքուցրիվ գրում եմ, գլուխս ուղղակի պայթում է, ու ես, որ խմելու մոտավորապես քառասուն տարվա ստաժ ու փորձառություն ունեմ, կյանքումս առաջին անգամ հիմա՝ էս պահին եմ զգում ու հասկանում խումհար կոչվածի իմաստն ու անհրաժեշտությունը, եւ չնայած ութսուներկուսից ութսունհինգը Մոսկվայի Գորկու ինստիտուտի՝ Դոբրոլյուբով-Ռուսթավելի փողոցների հատման կետում գտնվող հանրակացարանում ամեն ազգության ու ամեն տեսակ մարդկանց հետ խմել եմ, եւ չնայած շատ է պատահել, որ մեր էդ գինարբուքները մինչեւ լույս են տեւել, այդուհանդերձ, երկու տարի ապրելով էդ հանրակացարանում՝ ոչ մի անգամ չմասնակցեցի Սանյա Ռոդիոնովի գլխավորությամբ տեղի ունեցող խումհարներին, որոնք մեր էդ հանրակացարանային գինարբուքների պարտադիր հանգրվանն ու բաղկացուցիչն էին, եւ հիմա՝ երբ թախանձագին աղերսանքիցս հետո կինս արդեն երկու շիշ «Կիլիկիա» է բերել, կում-կում վայելելով էս գարեջուրը՝ կյանքումս առաջին անգամ սկսում եմ զգալ ու հասկանալ խումհար կոչվածի իմաստն ու կարեւորությունը եւ էդ բանն զգալով ու հասկանալով՝ հետին թվով ու առաջին անգամ փորձում եմ մտնել ալթայցի արձակագիր եւ մոսկովյան խումհարների գլխավոր կազմակերպիչ Ալեքսանդր Ռոդիոնովի ու իր հիմնական բաժակակիցների դրության մեջ, եւ հիմա արդեն ըստ էության եմ հասկանում՝ ինչու էր Հրանտ Մաթեւոսյանը մեր էդ հանրակացարանի առօրյան ու էությունն առավելագույնս արտահայտող իր վեպը «Խումհար» վերնագրել, եւ չնայած հետագայում Հրանտն իր էդ գործը վերանվանեց «Կենդանին ու մեռյալը», հիմա՝ կնոջս բերած էս գարեջուրը կում առ կում ըմբոշխնելով ու վերակենդանացումս խորապես զգալով ու գիտակցելով՝ հընթացս սկսում եմ գիտակցել ու հասկանալ, որ Հրանտի էդ աննախադեպ գրվածքի առաջին վերնագիրն անհամեմատ ճշգրիտ ու լավագույնս էր արտահայտում ու արտացոլում մեր էդ հանրակացարանի իրական պատկերն ու էությունը, եւ Հրանտի էդ վեպը հատկապես ինձ է հարազատ ու սիրելի, որովհետեւ երկու տարի ապրելով Հրանտի նկարագրած էդ հանրակացարանում՝ խորապես ապրել ու զգացել եմ էն ամենը՝ որ Հրանտն է ժամանակին ապրել ու զգացել, եւ ինքն էնքան սիրուն, էնքան ճշգրիտ ու էնքան վերջնական է էդ ամենն ապրել, զգացել, նկարագրել ու նկարել, որ ես շարունակաբար խուսափում եմ էս վեպիս մեջ ներառել իմ հանրակացարանային բազմաբովանդակ էդ երկու տարիները, եւ չնայած Հակոբյան Տիկոն էդ ուղղությամբ շարունակում է ինձ հորդորել ու շտապեցնել, էդ ուղղությամբ առանձնապես չեմ շտապում, մանավանդ որ՝ Հրանտն ինձ էդ ուղղությամբ շտապելու տեղ չի թողել, որովհետեւ իր նկարած ու նկարագրած վաթսունականների էդ հանրակացարանային պատկերները միանգամայն համահունչ են նույն էդ հանրակացարանի ութսունականների կյանքին, եւ դրա պատճառը ոչ միայն սովետական վերջին շրջանի անփոփոխ ու լճացած ժամանակն էր, այլեւ ու առաջին հերթին՝ Հրանտի մեծությունը, որովհետեւ իսկական գրողի գրածը երբեւէ իր հրատապությունը չի կորցնում, եւ իսկական նկարչի նկարածը երբեւէ չի խունանում, եւ երբ մի առիթով Հրանտին ասացի, որ իր էդ վեպը երեք անգամ կարդացել եմ, Հրանտը հարցրեց՝ «էդ գրածս վեպ է՞ր, թե՝ վիպակ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «վեպ ա», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «էդ գործս հավանել ե՞ս», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «շատ», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «ես էլ եմ վերջերս զգացել, որ լավ գործ եմ գրել», եւ ես ժպտալով հարցրի՝ «դո՞ւ քանի անգամ ես կարդացել», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «երկու» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մի անգամ գրելուց հետո եմ կարդացել, մի անգամ էլ մի քանի ամիս առաջ պարապությունից կարդացի», եւ ես ժպտալով ասացի՝ «փաստորեն, ես քեզնից շատ եմ կարդացել», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց գրելու ընթացքում հազար անգամ կարդացել եմ», եւ ես ասացի՝ «իզուր էլ վերնագիրը փոխել ես. «Խումհարն» էդ գործին ավելի էր սազում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «ասում ես՝ վեպ ա՞», եւ ես ասացի՝ «վեպը պոզովպոչով ա՞ ըլնում», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «հետո էլ ասում են՝ վեպ չեմ կարողանում գրել», եւ ես հարցրի՝ «ո՞վ ա ասում», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «ասողները» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ես էլ միամտորեն հավատացել եմ», եւ ես ժպտալով ասացի՝ «դրա համար էլ վեպի վերնագիրը ջնջել՝ վիպակի վերնագիր ես դրել», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բարոյական իրավունք չունեի», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ բարոյական իրավունք», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «կյանքումս ոչ մի անգամ խումհարի մեջ հայտնված չկամ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «գաղափար չունեմ՝ էդ խումհար կոչվածն ինչ բան ա», եւ ես ասացի՝ «բայց էդ հանրակացարանի ժողովուրդն ամեն օր խումհարի մեջ էր», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «անձամբ չեմ եղել» եւ մի քիչ մտածեց ու միանգամայն լուրջ ավելացրեց՝ «մինչեւ անձամբ չապրես՝ իրավունք չունես գրել», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց լավ էլ գրել ես», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «մի քանի ամիս առաջ որ կարդացի, ես էլ հասկացա, որ վատ չեմ գրել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «երեւի պիտի էդ գիծը շարունակեի», եւ ես հարցրի՝ «ի՞նչ գիծ», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ ուրբանիզմ կոչվածը» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «գիտե՞ս ինչու չշարունակեցի», եւ ես ասացի՝ «չգիտեմ», եւ Հրանտն ասաց՝ «որովհետեւ մոտիկներս էդ գործս չէին հավանել», եւ ես հարցրի՝ «ի՞նչ մոտիկներ», եւ Հրանտն ասաց՝ «Համո Սահակիչը, Մատվեյիչն ու էլի մի քանիսը», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «գիտե՞ս խի չեն հավանել», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «չգիտեմ», եւ ես ասացի՝ «որովհետեւ էդ վեպդ լրիվ նորություն էր», եւ Հրանտը ժպտալով հարցրեց՝ «ուզում ես ասես՝ «Օգոստոսն» ու «Ծառերը» հնությո՞ւն էին», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «քաղաքացիների համար «Օգոստոսն» ու «Ծառերն» էին նորություն, դրա համար էլ սկզբնական շրջանում քաղաքացիք քեզ սվիններով դիմավորեցին», եւ Հրանտը ժպտալով հարցրեց՝ «քաղաքացի՞ք, թե՝ քաղքենիները», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «էրկուսն էլ», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց բացառություններ եղել են», եւ ես ասացի՝ «բացառություններ միշտ էլ ըլնում են», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «ասում ես՝ սվիններո՞վ դիմավորեցին», եւ ես հարցրի՝ «սխալ ե՞մ ասում», եւ Հրանտը ծիծաղելով ասաց՝ «շատ ճիշտ ես ասում», եւ ես զարմացած հարցրի՝ «բա խի՞ ես ծիծաղում», եւ Հրանտը ծիծաղելով ասաց՝ «էդ սվին բառը որ մի քանի անգամ գործածես, դու էլ քաղքենի կդառնաս» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «խոսակցականից գրականին էդ հանկարծակի անցումներդ շատ հետաքրքիր են ստացվում», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ անցումներ», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ծիծաղելով հարցրեց՝ «ասում ես՝ սվիններո՞վ դիմավորեցին», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «սվինին խոսակցականով ո՞նց են ասում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ավելի ուժեղ ծիծաղելով ասաց՝ «շտիկնոժ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «դու էլ խոսակցականից առանձնապես հեռու չես», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց որ ուզում ես՝ գրականով լավ էլ ճտպտում ես», եւ ես ասացի՝ «ինչքան չըլնի՝ բանասիրականն եմ ավարտել», եւ Հրանտը հարցրեց՝ «Մանկավարժականի՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Հրանտն ասաց՝ «փաստորեն, էրկուսս էլ նույն տեղն ենք ավարտել», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց դու չես ավարտել», եւ Հրանտը զարմացած հարցրեց՝ «դո՞ւ որտեղից գիտես, որ չեմ ավարտել», եւ ես ասացի՝ «դու ես ասել», եւ Հրանտը հարցրեց՝ «ի՞նչ եմ ասել», եւ ես ասացի՝ «ասում էիր, որ պետական քննությունից կտրվել ու էլ չես գնացել», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «բայց յոթ թե ութ տարի հետո կանչեցին՝ դիպլոմը տվին» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «գրող դառնալուցս հետո կանչեցին, Մանկավարժականի էդ դիպլոմը պաչյոտնի տվին՝ մեջը լիքը չորս ու հինգ», եւ ես ժպտալով հարցրի՝ «պաչյոտնի՞», եւ Հրանտը ծիծաղելով ասաց՝ «շտիկնոժ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որ նեղն ես ընկնում, գրականով լավ էլ գեղգեղում ես», եւ ես զարմացած հարցրի՝ «ե՞րբ եմ գեղգեղացել», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «նախանցած տարի», եւ ես ավելի զարմացած հարցրի՝ «որտե՞ղ եմ գեղգեղացել», եւ Հրանտը պատասխանեց ու ասաց՝ «Բեյրութ», եւ ես ժպտալով ասացի՝ «կյանքումս Բեյրութ չեմ էղել», եւ Հրանտը զարմացած նայեց ինձ ու ասաց՝ «պարզվում ա՝ երախտամոռ էլ ես», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց ա պարզվում», եւ Հրանտն ասաց՝ «նախանցած տարի Չարենցի հոբելյանին քեզ հետներս Բեյրութ չէինք տարե՞լ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «Հալեպը՞», եւ Հրանտն ասաց՝ «լավ ա՝ գոնե Հալեպը հիշում ես», եւ ես ասացի՝ «ես, Ֆելոն, Իգնատն ու Յուրան Հալեպ էինք, հետո ձեր խումբը Բեյրութից միացավ մեզ», եւ Հրանտը հիշելով ասաց՝ «հա. Մանսուրյան Տիկոն, Կուլտուրայի մինիստրն ու ես Հալեպում միացանք ձեզ», եւ ես ժպտալով ասացի՝ «ձեր կանանցով հանդերձ», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «որ ուզում ես՝ լավ էլ գրական լեզվով ճտպտում ես», եւ ես ասացի՝ «ուզում եմ ասեմ՝ ոչ մի անգամ Բեյրութում չեմ էղել», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «ուզում ես ասես՝ Սիրիայից ու Հալեպից առանձնապես գոհ չես», եւ ես ասացի՝ «ընդհակառակը. շատ գոհ եմ», եւ Հրանտը մարգարեանալով ասաց՝ «ոչինչ. հաջորդ նախագահի օրոք էլ Բեյրութ կգնաս», եւ ես ժպտալով ասացի՝ «քո օրոք էլ հույս ունեմ»։