ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, December 9, 2009 13:47 - 1 քննարկում
Հայ աղանդավորները անմե՞ղ են, քանզի պայքարը գաղափարական է և ուղղված է Հոր, Որդու և Սուրբ Հոգու դե՞մ:
Պայքարը ոչ թե աղանդավորների, այլ գաղափարի դեմ է
Սուրբ Հովհաննես եկեղեցու սպասավոր Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը նշեց, որ հաճախ ընտանիքի անդամներից մեկը աղանդավոր է դառնում, մյուսը` ոչ, և ընտանիքը քայքայվում է:
«Թե ի՞նչ է կատարվում, այսօր ոչ ոք չի հետևում: Հրապարակային քարոզներն արգելված են, այդ իրավասությունը տրված է միայն Առաքելական Եկեղեցուն, սակայն այսօր փողոցում ամենուր տեսնում ենք մարդորսություն, որը քրեորեն պատժելի է, բայց ոչ մի դեպք չկա, որ պատժած լինեն»,- ասաց Տեր Շմավոնը:
Նա նշեց, թե եթե օրինապաշտ որևէ քաղաքացի ոստիկանությանը հանձնի աղանդավոր քարոզչին, ոստիկանությունը նրան ոչինչ անել չի կարող, քանի որ նորմերն ամրագրված չեն:
Եկեղեցին միշտ ջանում է, որ այս հարցը լուծվի, սակայն Ղևոնդյանի խոսքերով, անգամ ազատ ընտրությունն, իրականում, սահմանափակ է. «Ինչպե՞ս կարող ես իմանալ, թե որն է քեզ հոգեհարազատ, որ ընտրես, եթե դու չունես գիտելիք: Դու չես կարող ինֆորմացիա ստանալ, չկա ծանուցող գրականություն»:
Նա նաև ասաց, որ չի կարծում, թե աղանդավորական բրոշյուրներն ընթերցողին կարողանան թեքել դեպի աղանդները: Իրականում, ըստ հոգևորականի, իրենց մասին ճշմարտությունը չասող աղանդավոր քարոզիչներն էլ հենց մարդորսությամբ զբաղվողներն են:
«Առաքելական եկեղեցու դերը քրիստոնեություն քարոզելն է, իսկ դու ուզում ես, ընտրիր աղանդը, բայց ինչի՞ շնորհիվ, նրա, որ գան քեզ որսա՞ն ու տանե՞ն»,- հարցրեց Տեր Շմավոնը:
Իսկ հանդիմանությանը, թե ի՞նչ է անում եկեղեցին, որպեսզի ժողովրդի մեջ տարածվի աստվածճանաչողությունը, նա միայն իր օրինակը բերեց. «Ես մի քանի անգամ իմ նախաձեռնությամբ ցանկացել եմ հոգևոր հաղորդումներ պատրաստել, հեռուսահաղորդման նախագծով ներկայացա, բայց որևէ ուշադրության չարժանացա, ոչ մի հեռուստաընկերություն չհետաքրքրվեց: Բաներ կան, որ պետությունը պետք է անի, ոչ թե եկեղեցին»:
Տեր Շմավոնը, ամեն դեպքում, աղանդավորների դեմ պայքարողներին կոչ արեց չմոռանալ, որ պայքարը ոչ թե մեր հայորդի աղանդավորների, այլ գաղափարի դեմ է:
1 քննարկում
miksinan