ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, December 5, 2009 0:28 - 1 քննարկում

Ո՞ւՄ ՀԱՎԱՏԱԼ

Ո՞ւՄ  ՀԱՎԱՏԱԼ

Մի  ժամանակ ազգականիս, ընկերոջս, հարևանիս,…  ասած սուտը իմը չէի համարում: Կարծում էի, թե անմասն եմ նրանց ստից: Կարևորն  այն է, որ ես չեմ խաբում:

Խոսքով և մտքով բացառում էի  նրանց ստի՝, դեպի ինձ չնչին իսկ ուղորդվելու հավանականությունը: Եւ ինձ համար նրանց ոչ միայն  սուտն էր անսպասելի, այլ նաև կասկածը: Եւ երբ փորձեցի հասկանալ իմ հանդեպ առաջացած կասկածների պատճառները, գտա լոկ մեկը՝, իմ հավատը:

Ու հասկացա, որ Ճշմարտությունը ընկալելու համար հավատս չափազանց մեծ է ու դրանից էլ  ծանր:

Հավատը գիտակցությունը բացող բանալի է, գիտակցությունն էլ Ճշմարտության ընկալման նախապայման:

Սակայն հավատով գիտակցությունը բացվում  է ոչ միայն Ճշմարտության առջև:

Հավատի ուղորդիչը առ Ճշմարտություն հանդիսանում է Ողջախոհությունը:

Իսկ առանց Ողջախոհության հավատը սկսում է ձևականանալ, և վերածվում տպավորություն գործելու խաղի: Ինչով և զրկվում է Ճշմարտությունը կրելու Որակներից:

Ճշմարտությունից դուրս հավատը փոխակերպվում է սնահավատության և գահավիժում դեպի անհավատություն:

Սնահավատությունը՝, անհավանականի հնարավոր համարելն է, – անհավատությունը՝, հավանականի բացառումը:

Հավատը Ճշմարտությունը հասցնում է մինչև  սրտի խորքերը:

Սակայն սիրտը փակ է Ճշմարտության առջև, եթե այնտեղ տիրում է վախը:

Վախի կամ նրա աղբյուրի հանդեպ եղած հավատը չի կարող հանգեցնել Ճշմարտության:

Քանզի Ճշմարտությունից գիտակցությունը պարզվում է, իսկ վախից այլայլվում:

Ճշմարիտ հավատը չի ենթարկվում սադրանքների ու բանսարկությունների:

Ճշմարիտ հավատը ուղեկցվում է զգայարանների ներդաշնակությամբ, ուշադրության կայունությամբ, վերլուծելու ընդունակությամբ, փորձի կուտակմամբ, Ոգու անսասանությամբ,…:

Ճշմարիտ Հավատին միջնորդներ պետք չեն:

Սուտն է լոկ  լինում միջնորդավորված: Սուտն է, որ հավատացող ականջ է փնտրում, և հավատի արժանանալու ջանք չի խնայում:

Գայլին ոտքերն են կերակրում, իսկ մերօրյա փոքրատառով մարդուն՝, լեզուն: Եւ ստի գրգռած ախորժակից խանգարված մարսողություն ու մարմնային տառապանք: Եւ կտակված ու ժառանգված տառապանքի խելացնոր փոխանցումավազք:

Եւ Հավատի  բացակայությունից առաջացած հավատի մասին շատախոսություն:

Եւ շատախոսությունից ծնված ճարտասանական մրցակցություն:

Եւ մրցակցության հետևանք՝, հյուծված ու լարված նյարդեր:

Եւ լարված նյարդերից չռված աչքեր ու «հանուն հավատի»անհանգիստ վիճակ:

Արթնացի’ր Հայ Մարդ:

Բեռնաթափիր Շունչդ կասկածների ծովի վրա խարսխված հավատքից:

Հաստատվիր Հավատում աչքիդ և ականջիդ հաշտեցմամբ:

Թող ստացածդ բույրը թուքդ չհեղեղի:

Թող բերանիդ քաղցրը ստամոքսդ չդառնացնի:

Թող ցանկություններդ Կամքդ չկոտրեն, այլ նրան հավատարիմ ծառայեն:

Ընտրի’ր՝, Հավատ ես ուզում, թե՞ հավատացնել:

Երկու երանի մեկ տեղ չի լինում:

«Ամեն սերունդ նախ և առաջ մահանում է կասկածելով »

Սևակ



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Liana
Dec 11, 2009 0:13