ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, November 25, 2009 2:51 - 16 քննարկում

Հարութ Սասունյանը նախագահի խորհրդատո՞ւ… Հայաստանի համար խառը օրերին հայտնվում են նոր լիպարիտյաննե՞ր:

Կառավարությունն արձանագրությունները ներկայացնում է Սահմանադրական դատարան. իսկ հետո…՞

Կառավարությունն արձանագրությունները ներկայացնում է    Սահմանադրական դատարան. իսկ հետո՞

Նոյեմբերի 19-ին նախագահ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրություններն աննկատ, առանց  հրապարակային հայտարարության ներկայացրեց Սահմանադրական դատարան:

Համաձայն Հայաստանի օրենսդրության, բոլոր միջազգային պայմանագրերը պետք է ներկայացվեն Սահմանադրական դատարան, մինչև Ազգային ժողովում վավերացման համար դրանց քննարկումը: Արձանագրությունները հոկտեմբերի 10-ին ստորագրվել էին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների կողմից, իսկ մինչ այդ, օգոստոսի 31-ին երկու կողմերը հրապարակավ պարտավորվել էին «իրենց բոլոր հնարավոր ջանքերը գործադրել» արձանագրությունները «խելամիտ» ժամկետում վավերացնելու համար:

Հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 21-ին արձանագրություններն արդեն ներկայացրել էր Թուրքիայի խորհրդարան, նախագահ Սարգսյանը Սահմանադրական դատարան ներկայացնելու ժամանակի ընտրությամբ, հավանաբար նպատակադրվել էր խուսափել ձգձգման համար վարչապետ Էրդողանի մեղադրանքներից, նրա՝ դեկտեմբերի 6-ին Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում: Իրոք, շաբաթվա վերջին մի թուրք պաշտոնյա մեղադրեց Հայաստանին արձանագրությունների վավերացման ուղղությամբ քայլեր չձեռնարկելու մեջ: «Հյուրիեթ» թերթը մեջբերելով բարձրաստիճան մի թուրք դիվանագետի խոսքերը, գրեց. «Չեմ կարծում, թե որևէ մեկը ներկա պահին կարող է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, երբ Հայաստանը մինչ օրս դրանք չի ներկայացրել խորհրդարան»:

Արձանագրությունները Սահմանադրական դատարան ուղարկելն ամենևին էլ չի նշանակում, որ հայ պաշտոնյաները մտադիր են դրանք արագորեն վավերացնել, քանզի նրանք հայտարարել էին, որ կսպասեն, որ նախ Թուրքիան դրանք վավերացնի: Բացի այդ, թուրք ղեկավարներն արձանագրությունների վավերացումը շարունակ կապում են Արցախի հակամարտության կարգավորման հետ, և ընդհանրապես դեռ հարցականի տակ է արձանագրությունների երբևիցե վավերացումը:

Հայաստանի Սահմանադրական դատարանի կայքում նշված է, որ գործը դատարան ներկայացնելուց հետո առաջին քայլով  դատարանի անդամներից մեկին հանձնարարվում է նախնական ուսումնասիրություն իրականացնել 15-օրյա ժամկետում, որը կարող է երկարաձգվել մինչև 10 օրով: Ներկայացման օրվանից սկսած ընդամենը 90-օրյա ժամկետում դատարանը պետք է հայտարարի իր կայացրած որոշման մասին: Սահմանադրական դատարանի լիազորությամբ սահմանվում է, որ դատարանի որոշումը պետք է հիմք ընդունի ոչ թե արձանագրությունների համապատասխանությունը Սահմանադրությանը, այլև տվյալ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը:

Հաշվի առնելով Հայաստանի դատարանների նկատմամբ, ընդհանուր առմամբ հասարակության վստահության պակասը, հայերի մեծ մասը, հատկապես նրանք, ովքեր դեմ են արձանագրություններին, խիստ կասկածում են, որ Սահմանադրական դատարանը դեմ կարտահայտվի արձանագրությունների վերաբերյալ կառավարության ունեցած դիրքորոշմանը: Մամուլի մի շարք ներկայացուցիչներ կասկածի տակ առան Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի ներկայության նպատակահարմարությունը, երբ նա ուղեկցում էր նախագահ Սարգսյանին, վերջերս կայացած արտերկրյա «խորհրդատվական այցի» ժամանակ՝ փորձելով համոզել Սփյուռքի հայերին, որ արձանագրությունները արտահայտում են Հայաստանի շահերը:

Հաշվի առնելով ներկայացված արձանագրությունների վճռորոշ բնույթը և դրանց երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի ազգային շահերի վրա, ակնկալվում է, որ Սահմանադրական դատարանը այս գործին  հետամուտ կլինի ամենայն լրջությամբ և պատասխանատվությամբ: Չնայած հայերի մեծամասնությունը գերադասում է, որ դատարանը չհաստատի արձանագրությունները, սակայն ավելի հավանական է, որ այն կհաստատի դրանք՝ մի քանի հստակեցումներ և մեկնաբանություններ հավելելով, որոնք պայմանագրի անքակտելի մասը կկազմեն մինչև խորհրդարան ներկայացնելը: Հուսով ենք, որ այդպիսի հստակեցումները նվազագույնի կհասցնեն արձանագրությունների կործանարար հետևանքները և թույլ չեն տա Թուրքիային սխալ մեկնաբանել պայմանագիրը, հատկապես միջազգային պայմանագրերին կատարվող հղումները, որոնք կարող են խոչընդոտել հետագա հայկական պահանջներին, և պատմական ենթահանձնաժողովի ստեղծումը, որը կասկածի տակ կարող է դնել Հայոց Ցեղասպանության իրողությունը:

Մյուս կարևոր հարցը, որ Սահմանադրական դատարանը կարող է քննարկել, դա այնպիսի պայմանի հավելումն է, որը Հայաստանի կառավարությանն իրավունք կտա միակողմանի չեղյալ հայտարարել այս պայմանագիրը, եթե Թուրքիան վավերացումից հետո կխախտի պայմաններից որևէ մեկը:

Հոկտեմբերի 4-ին, Լոս Անջելեսում նախագահ Սարգսյանի՝ հայկական համայնքի ավելի քան 60 առաջնորդների հետ հանդիպման ժամանակ ես Հայաստանի կառավարությանն առաջարկեցի պաշտոնապես վերապահում ավելացնել արձանագրություններում, որը նրանց իրավունք կընձեռի պայմանագիրը չեղյալ հայտարարել, եթե վավերացումից հետո 60-օրյա ժամկետում Թուրքիան չբացի Հայաստանի հետ սահմանը կամ եթե բացելուց հետո փակի այն: Հատկանշական է, որ Նախագահը հրապարակավ համաձայնեց իմ առաջարկությանը և այդպիսի վերապահում ավելացնելու պարտավորություն վերցրեց իր վրա:

Արդեն պարզ է դառնում, որ չնայած բոլոր առարկություններին, Հայաստանի կառավարությունը մտադիր է մինչև վերջ գնալ արձանագրությունների հարցում, ուստի Սահմանադրական դատարանը և Հայաստանի Ազգային ժողովը պետք է ձգտեն նվազագույնի հասցնել մեր երկրի ազգային շահերին հասցվող անխուսափելի վնասը՝ ավելացնելով որոշակի վերապահումներ և հստակեցումներ մինչև դրանց վերջնական վավերացումը:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմ. Ռ.Ավագյան



16 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Ruzanna
Nov 25, 2009 4:57