ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Tuesday, November 24, 2009 0:16 - չքննարկված
Հայ-թուրքական հարաբերությունները հոգեբանի աչքերով:
Որքանո՞վ ենք մենք իրատեսորեն ընկալում թուրքին: Այս հարցն այսօր խիստ արդիական է: Կան բոլոր հիմքերը պնդելու, որ մեր հայրենակիցների մի մասի մոտ թուրքի կերպարի ընկալումը խեղաթյուրված է, ինչը խիստ վտանգավոր է: Արդյունքում ձևավորվում է թուրքի մասին` իրականությանը չհամապատասխանող, աղճատված պատկերացում, ինչն իր հերթին անխուսափելիորեն հանգեցնում է հայության մի մասի մոտ թուրքական հանրույթից բխող վտանգի զգացողության թուլացման:
Մեր որոշ հայրենակիցների կողմից թուրքերի խեղաթյուրված ընկալմանը մեծապես նպաստում են նրանց հետ Թուրքիայում կամ արտերկրում ունեցած կենցաղային շփումները, որտեղ թուրքերը ընկալվում են իբրև թշնամանքից զերծ, բարեհամբույր մարդիկ: Նրանցից ոմանք կենցաղում թուրքերի հետ ունեցած ոչ թշնամական, նորմատիվ հաղորդակցությունը գնահատում են որպես բարեհամբույր, սիրալիր: Բազմաթիվ հայեր իրենց այդ սահմանափակ անհատական փորձի արդյունքում հեռուն գնացող եզրահանգումներ են կատարում` իրականությանը չհամապատասխանող ու հնացած համարելով հայի նկատմամբ թուրքի թշնամանքը: Արդյունքում ստեղծվում է թուրքի թյուր դրական կերպար, որը հակասության մեջ է վերջինիս` որպես թշնամու, արդեն իսկ գոյություն ունեցող իրատեսական պատկերացման հետ: Նման կերպ մտածող մեր հայրենակիցները միտված են իրենց նոր դիրքորոշումներն ընդլայնել և տեղափոխել նաև հայ-թուրք միջէթնիկական հարաբերությունների հարթություն:
Այն, որ Թուրքիայում ( կամ արտերկրում) կենցաղային հարաբերություններում հայերիս հանդեպ թուրքերի ագրեսիան միշտ չէ, որ դրսևորվում է ակնհայտ, միանգամայն բնական է: Բանն այն է, որ կենցաղում մարդկանց կարող են միավորել իրադրությամբ թելադրված ընդհանուր նպատակներ ու շահեր, որոնք և էթնիկական ագրեսիան, անհանդուրժողական դիրքորոշումները կարող են ժամանակավորապես երկրորդ պլան մղել: Սակայն անգամ կենցաղային փոխշահավետ հարաբերություններում ագրեսիան գտնում է իր անուղղակի դրսևորումները, օրինակ` հաղորդակցման հարալեզվական միջոցներում` դիմախաղում, տարածական վարքում (շփվելիս որոշակի տարածություն պահպանելով) և այլն: Մեր այն հայրենակիցները, ովքեր հանգամանքների բերումով հաճախակի են շփվում թուրքերի հետ, կհամոզվեն դրանում, եթե ուշադրությամբ հետևեն թուրքի առաջին ռեակցիաներին, որոնք նա ունենում է, երբ տեղեկանում է, որ իր դիմացինը հայ է:
Երբ մարդիկ ծանոթանում են միմյանց հետ, ապա շփման առաջին իսկ վայրկյաններից դիմացինի հանդեպ իրենց վերաբերմունքն ակամա դրսևորում են շփման հարալեզվական և ոչ խոսքային միջոցներով, որոնք ենթագիտակցական բնույթ ունեն և գիտակցական վերահսկման չեն ենթարկվում: Այդ է պատճառը, որ երբ թուրքը տեղեկանում է իր զրուցակցի հայ լինելու մասին, հիմնականում իր դիմախաղով ակամա մատնում է իր թշնամական վերաբերմունքը: Իհարկե, արդեն հաջորդ վայրկյանին շատերը գիտակցաբար փորձում են քողարկել իրենց ագրեսիվությունը` կեղծ ժպիտներով, շինծու սիրալիրությամբ, արհեստական ջերմությամբ: Այդ ամենն էլ հենց շփոթեցնում ու թյուրիմացության մեջ է գցում մեր որոշ հայրենակիցների: Մինչդեռ բոլորովին պարտադիր չէ լինել հոգեբան, նկատելու համար զրուցակից թուրքի այդ ցուցադրական ջերմության կեղծ լինելը: Այսպես. քանի դեռ թուրքը չգիտի, որ դուք հայ եք, նա առանց նախապաշարվածության շփվում է ձեզ հետ: Սակայն ձեր հայկական ինքնության մասին իմանալուց հետո հանկարծակիի է գալիս. նրա դեմքը կարծես ջղաձգվում է, ապա` քարանում: Այն դառնում է մռայլ, մութ: Երբեմն թուրք զրուցակցի դեմքի արտահայտությունն անթաքույց մատնում է իր հայատյացությունը:
Հայկականի հանդեպ ներքին անհանդուրժողականության մասին է վկայում նաև այն, որ թուրքերից շատերը փորձում են ճշտել, արդյո՞ք ճիշտ են լսել ձեր հայ լինելու մասին, թե` ոչ: Համոզվելուց հետո, որ իր զրուցակիցն իրոք հայ է, թուրքը հանդես է բերում երկու հիմնական ռեակցիա: Մի դեպքում թուրքը կտրուկ սահմանափակում կամ դադարեցնում է իր շփումները հայի հետ և խուսափում է առնչվել նրա հետ նաև ապագայում: Սա կարելի է համարել միանգամայն «բնական» ռեակցիա: Շփվել չցանկանալը ագրեսիայի անուղղակի դրսևորումներից է և տվյալ դեպքում հուշում է հայերի հանդեպ զրուցակցի խորքային թշնամական դիրքորոշման մասին: Այսպիսի վարքն առանձնապես բնութագրական է այն դեպքում, երբ հայի հետ հաղորդակցման մեջ մտած թուրքը անմիջական շահագրգռվածություն չունի նրա հետ հարաբերվելուց:
Երկրորդ ռեակցիան առաջինի ճիշտ հակառակն է: Խոսքն այն բուռն ջերմության մասին է, որ հանդես է բերում թուրքը զրուցակցի հայ լինելը պարզելիս: Ռեակցիան այնքան ջերմ է, որ թողնում է ոչ ադեկվատ լինելու տպավորություն, որի պատճառով էլ ընկալվում է տարօրինակ: Կասկածից վեր է, որ այն քողարկում է զրուցակցի իրական վերաբերմունքը: Ոչ համարժեք ջերմությունը մատնում է իր կեղծ լինելը: Նման ռեակցիայի կարելի է հանդիպել առևտրականների, սպասարկման ոլորտի ներկայացուցիչների հետ շփումներում, ովքեր այդ հարաբերություններից շահ են ակնկալում: Իսկ վերջինս այն խավն է, որի հետ առավել հաճախ են հարաբերվում մեր հայրենակիցները: Այստեղից էլ բխում է որոշ հայերի մոտ թուրքերի մասին թյուր պատկերացումների պատճառը: Անսպասելի սիրալիրությունը թույլ չի տալիս ընկալել շփման առաջին վայրկյաններին թուրքի դեմքի ջղաձգումը ու դրան հետևած ակնթարթային թունոտ կամ սառը արտահայտությունը: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ առօրյա իրադրական շահի վրա հիմնված այդ մտերմությանը թուրքը երբեք հավատարիմ չի մնում: Անհատական հարաբերություններում նկատվող ջերմ հարաբերությունները հետագայում բնավ չեն ապահովագրում հայ գործընկերոջը թուրք «բարեկամի» ագրեսիայից: Հիշենք, որ ցեղասպանության տարիներին առևտրականները, արհեստավորները, սպասարկման ոլորտի ներկայացուցիչները կազմել են եղեռնագործների այն հատվածը, որն ընդունված է անվանել «թուրք խուժան», «խաժամուժ»: Այս ամենը պետք է հաշվի առնել թուրքի հետ հարաբերվելիս:
Այն, որ հայ-թուրքական կենցաղային շփումներում ագրեսիան միշտ չէ, որ բացահայտ է դրսևորվում, դրական հոգեբանական ֆոն է ստեղծում փոխշահավետ առևտրա-տնտեսական հարաբերությունների համար: Սակայն ընդգծենք, որ այդ բարերար հոգեբանական ֆոնը վերաբերում է ընդամենը տնտեսական հարաբերություններին:
Նշենք, որ թուրքական շողոքորթությունն ու ցուցադրական սիրալիրությունը ուղղված է բոլորին: Սակայն եթե այլ էթնոսների հանդեպ թուրքը չեզոք է տրամադրված, ապա մեր պարագայում այդ ամենին հստակորեն գումարվում է քողարկված թշնամանքը: Բարեհամբույր վերաբերմունքից անցումը ագրեսիայի հանկարծակի բռնկման` թուրքական էթնիկական հոգեկերտվածքի կայուն հատկանիշ է և կրկնվելու միտում է հանդես բերում հայ-թուրքական հարաբերությունների ողջ ընթացքում:
Ինչ խոսք, հայկական ջարդերի ընթացքում եղել են դեպքեր, երբ որոշ թուրքեր փրկել են հայերին, հավատարիմ են մնացել նախկին մտերմությանը: Սակայն, ցավոք, այս առանձին բացառությունները որակ չեն կազմում և չեն խախտում ընդհանուր օրինաչափությունը. կենցաղային բարեհամբույր վերաբերմունքը հիմնականում նպաստում է հայի հանդեպ թուրքի թշնամանքի քողարկմանը:
Հաշվի չնստել այս իրողության հետ և տրվել իրադրական ինքնախաբկանքին, նշանակում է բթացնել սեփական զգոնությունը և հասունացնել նոր եղեռնը: Հետևաբար, թուրքի հետ հարաբերվելիս միշտ հարկավոր է հիշել թուրքական ասացվածքը. «Եթե ցանկանում ես խեղդել թշնամուդ` գրկիր նրան»:
Դավիթ ՋԱՄԱԼՅԱՆ Հոգեբանական գիտ. թեկնածու