ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, November 24, 2009 0:21 - 2 քննարկում

Արմեն Այվազյան. «Հայաստանի պետական համակարգը անկախությունից ի վեր գործում է կիսակաթվածահար վիճակում»

Արմեն Այվազյան. «Հայաստանի պետական համակարգը անկախությունից ի վեր գործում է կիսակաթվածահար վիճակում»

-Ամեն անգամ արձագանքել ու գնահատական տալ մի գործընթացի, որն ի սկզբանե սխալ հիմքերի վրա է դրված և հայանպաստ լուծումների  չի բերելու, այնքան էլ նպատակահարմար  չէ։ Տարիներ շարունակ քննադատել  եմ արցախյան հիմնախնդրի շուրջ տարվող բանակցությունների ամբողջ կառուցվածքը, ինչպես նաև դրա հետ շաղկապված  հայ-թուրքական խորքային հակամարտության անտեսումը,-«7օր»-ի հետ զրույցում գնահատական տալով Մյունխենում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, ասել է «Արարատ» ռազմավարական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը։ -Հետևաբար, մյունխենյան այս հանդիպումն էլ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական սխալ ուղու հերթական վտանգավոր հանգրվանն է։

Ըստ Ա. Այվազյանի «դրական գնահատական տալն անհնար է այս և նմանատիպ հանդիպումներին, որովհետև ընդհանուր ուղղությունը կապիտուլյանտական է Հայկական հարցի նկատմամբ՝ ինչպես թուրքական, այնպես էլ ադրբեջանական ճակատում։ Առավել ևս, երբ Ադրբեջանի դիրքորոշումն է՛լ ավելի է կարծրացել, նրանց առաջնորդն անում է այնպիսի հայտարարություններ, որոնցից հետո բանակցելն անգամ անիմաստ է»։

«7օր»-ի զրուցակիցն ասել է, թե նման մթնոլորտում բանակցությունները կարող են արդյունք տալ միայն Հայաստանի միակողմանի զիջումների պարագայում, մանավանդ, որ տեսնում ենք, որ Հայաստանը չի էլ պատասխանում այդ հայտարարություններին։

Հայաստանի ղեկավարությունը չի պատասխանում այնպես, ինչպես հարկն է, և լուրջ չի վերաբերվում այս հայտարարություններին։ Մինչդեռ Ալիևի հայտարարությունը համապատասխանում է Ադրբեջանի ամբողջ ներքին ու արտաքին քաղաքականությանը, որը նախապատրաստում է նոր պատերազմ,-նշել է Արմեն Այվազյանն ու հավելել,- Խրախճանքների ու վայելքների այն անզուսպ քարոզը, ինչպես նաև տեղակատվական խուլ շրջափակումը, որն այսօր Հայաստանի հեռուստաեթերում ունենք, ցույց է տալիս, որ ժողովրդին, հատկապես երիտասարդությանն ուզում են ամեն կերպ հեռու պահել քաղաքական հարցերից։ Մինչդեռ իրական, գոյութենական սպառնալիքներից ժողովրդի ու պետական համակարգի օտարացումը, որն առաջ է տանում ՀՀ այսօրվա քաղաքական կուրսը, ծայրահեղ վտանգավոր երևույթ է, որն անակնկալի է բերելու մեր ժողովրդին այն պահին, երբ ազգային համախմբումը դառնալու է անհրաժեշտություն՝ օրվա խնդիր։

«Արարատ» ռազմավարական կենտրոնի տնօրենն ասել է, թե Հայաստանի պետական համակարգը անկախությունից ի վեր գործում է կիսակաթվածահար վիճակում, հատկապես այն հարցերում՝ որոնք վերաբերում են Հայաստանի ազգային անվտանգության վճռորոշ խնդիրներին։

Սյուզի Մելքոնյան



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

misak
Nov 24, 2009 2:33