ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Monday, November 23, 2009 5:05 - 5 քննարկում
ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԱՅՏՆԻ ԵՎ ԱՆՀԱՅՏ ԲԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Այցեքարտ: Յուրի Նորայրի Վարդանյան: Ծնվել է 1956 թ. հունիսի 13-ին, Լենինականում: Ֆենոմենալ ծանրամարտիկ, օլիմպիական խաղերի հաղթող /1980 թ./, աշխարհի 9-ակի, Եվրոպայի 8-ակի չեմպիոն, 43 համաշխարհային ռեկորդի հեղինակ: Մոսկովյան օլիմպիադայի ժամանակ սահմանել է աշխարհի 5 ռեկորդ և միջինքաշային ծանրամարտիկներից առաջինն է, որ բարձրացրել է 400 կգ ցուցանիշ, որն առայսօր մնացել է անգերազանցելի:
Քաղաքական նկատառումներից ելնելով` 1992 թ. արտագաղթել է ԱՄՆ, ուր զբաղվել է հասարակական–քաղաքական և մարզչական գործունեությամբ: 2009 թ. վերադարձել է Հայաստան և ապրիլի 2-ին նշանակվել ՀՀ նախագահի խորհրդական:
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի /1980 թ./, Լենինի /1984 թ./, ՀՀ «Սբ. Մեսրոպ Մաշտոց», ԼՂՀ «Սբ. Մեսրոպ Մաշտոց» /2008 թ./ շքանշաններով:
2008 թ. նրա 21-ամյա որդին` Նորայրը, նվաճել է ծանրամարտի ԱՄՆ և ամերիկյան մայրցամաքի չեմպիոնի տիտղոսը:
– Երբ 1992 թ. արտագաղթեցիք, մի ամբողջ սերնդի համար կուռք էիք ու հաղթության խորհրդանիշ, ինչպես, ասենք, հայ զինվորականությունը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում կամ Տիգրան Պետրոսյանը՝ շախմատում: Այն ժամանակ արտագաղթելով՝ չէի՞ք մտածում, որ շատ–շատերի զրկում եք հաղթանակի զգացողությունից, և այստեղ Ձեզ մոռացության կմատնեն:
– Ինձ համար շատ թանկ է կուռք հասկացությունը: Երիտասարդ տարիքից սպորտում իմ կուռքը եղել և առայսօր մնում է ծանրամարտիկ Դավիդ Ռիգերտը: Ես երազում էի նրան տեսնել, այնինչ կյանքն այնպես դասավորվեց, որ ոչ միայն հանդիպեցի, այլև նրա հետ հանդես եկա նույն թիմում՝ ԽՍՀՄ հավաքականում, ու ոչ միայն մրցակցեցի նրա հետ, այլև… հաղթեցի: Ժամանակի ընթացքում, ամեն հաղթանակից հետո ինքս դարձա կուռք, և քաջ գիտակցում էի դա՝ տեսնելով մարդկանց վերաբերմունքն իմ հանդեպ: Եվ Հայաստանը թողնելուց առաջ, բնականաբար, երկար եմ մտածել՝ ճի՞շտ եմ, արդյոք, վարվում:
– Ո՞րն էր դրդապատճառը:
– Պարզ կասեմ. իմ նվաճումների համար պարտական եմ խորհրդային կարգերին, ես խորհրդային ժամանակների արդյունք եմ, իշխանությունն ինձ աջակցել, ընդառաջել, ճանապարհ է հարթել բոլոր հարցերում, և հարգանքը փոխադարձ էր: Եվ ահա եկավ մի պահ, երբ ինչ-որ մարդիկ, ովքեր հետո ձևավորեցին շարժում՝ Հայոց համազգային շարժում, նախաձեռնեցին գոյություն ունեցող կարգերի տապալում և իշխանության նվաճում: Իհարկե, խորհրդային կարգերն էլ ունեին բազմաթիվ թերություններ, որոնք ինձ համար էլ էին անընդունելի: Բայց ովքե՞ր էին փոխարինողները… Դեռևս երկրաշարժից առաջ նրանք դիմում էին անվանի մարդկանց, այդ թվում և՝ ինձ, թե՝ սատարեք մեզ, մենք այսպիսի նպատակներ ունենք: Ես դա անել չէի կարող ու ոչ միայն անձնական պատճառներով, տեսնում էի, որ դա ժողովրդի համար ոչ մի լավ բան չի բերի: Դա հանգեցրեց անհամատեղելիության, ինձ հիշեցրին իմ դիրքորոշումը: Եվ ես ստիպված կայացրի ահավոր ծանր որոշում՝ թողնել-հեռանալ:
– Այսինքն, արտագաղթելու դրդապատճառը ոչ թե սոցիալ–տնտեսական կամ ֆինանսական էր, այլ՝ քաղաքակա՞ն:
– Ի՞նչ տնտեսական կամ ֆինանսական: Ես իմ քրտինքով ամեն ինչ վաստակել էի և ամեն ինչ ունեի: Պատճառը զուտ քաղաքական էր, ես չէի կարող նոր իշխանությունների հետ նույն օդը շնչել:
– Ինչո՞վ էիք զբաղվում ԱՄՆ–ում:
– Տարբեր երկրներից մշտապես ունեցել եմ զանազան հրավերներ: Երբ պարզ դարձավ, որ Հայաստանում անելիք չունեմ, ստիպված եմ լքել ժողովրդիս, ընդունեցի ամերիկաբնակ բարեկամներիս հրավերը, չնայած ԱՄՆ-ում ծանրամարտը թույլ էր զարգացած: Սկզբում պայմանագրով աշխատեցի Քոլորադո-Սփրինգսում՝ որպես ծանրամարտի ազգային հավաքականի խորհրդատու-մարզիչ, ապա տեղափոխվեցի Չիկագո և դարձա Բասկետբոլի ազգային ասոցիացիայի /NBA/ առաջնությունում հանդես եկող «Չիկագո Բուլզ» թիմի մարզիչ՝ ֆիզպատրաստության գծով: Մեկ տարի անց այդ թիմը, որ մինչ այդ զբաղեցրել էր 4-րդ կամ 7-րդ տեղ, երեք անգամ անընդմեջ դարձավ NBA-ի չեմպիոն: Համեստություն չանեմ, բայց դրանում ունեի իմ ներդրումը:
– Նախագահ Քոչարյանի օրոք Դուք արտասահմանում ամենահայտնի ընդդիմադիր գործիչն էիք, որը հազարավոր հայերի փողոց էր դուրս բերում: Նախագահ Սարգսյանի օրոք 180 աստիճանով շրջադարձ կատարեցիք, վերադարձաք Հայաստան և նշանակվեցիք նախագահի խորհրդական: Մարդկանց որոշակի շերտի մեջ սերմանվել է այն մտայնությունը, որ Քոչարյանն ու Սարգսյանը նույնական են: Ի՞նչ ընդհանրություններ ու տարբերություններ ունեն նրանք:
– Հարցը սուր եք դնում, սուր էլ պիտի պատասխանեմ. Դուք սխալվում եք՝ երկուսին դնելով նույն նժարի վրա…
– Անձամբ ես այլ բան եմ մտածում: Ես բարձրաձայնում եմ այն կարծիքը, որ գոյություն ունի հասարակությունում:
– Շատ-շատերը, ընդդիմադիրների 99 տոկոսը, այո, մտածում է, որ նրանք նույնական են: Ես ինքս էլ եմ այդ կարծիքի եղել՝ նախքան Սերժ Սարգսյանի հետ հանդիպելը:
Քոչարյանի հետ երբևէ չեմ հանդիպել, որևիցե շփում չեմ ունեցել. մեկ անգամ տեսել եմ 1986 թ., երբ նա Ստեփանակերտում հիմնարկի կուսկազմակերպության քարտուղար էր:
Հիմա առաջին անգամ ամենայն մանրամասնությամբ կպատմեմ 2007թ. նոյեմբերին վարչապետ Սերժ Սարգսյանի հետ իմ առաջին հանդիպման մասին: Ռուսաստանաբնակ ընկերս՝ Հակոբ Հովսեփյանը, կատարելով հանգուցյալ հոր պատգամը, կառուցել էր զոհված ազատամարտիկների հուշակոթող և ինձ հրավիրեց մասնակցելու բացման արարողությանը: Ժամանեցի Երևան և նույն օրը պիտի մեկնեի: Օդանավակայանում տեղեկացրին, որ միջոցառմանը ներկա է լինելու նաև վարչապետը: Հանդիպեցի Սարգսյանի հետ, և կայացավ երկարատև՝ շուրջ 5,5 ժամ տևած զրույց: Շարադրեցի դիրքորոշումս, տարիների ընթացքում կուտակված մտահոգություններս, լսեցի իրեն և հանգեցի այն եզրակացության, որ Սարգսյանն ամբողջովին այլ կարգի մարդ է: Հասկացա, որ նրա վերաբերյալ թյուր կարծիք եմ ունեցել, և ինձ զարմացրին Սարգսյանի մարդկային ամենաբարձր որակները: Այս խոսքերը չեմ ասում նախագահին հաճոյանալու համար, ինձ լավ ճանաչողները գիտեն, որ ես չեմ կեղծում:
– Չեմ հարցնի զրույցի մանրամասների մասին, բայց, հավանաբար, ստացաք Ձեզ հուզող ինչ–ինչ հարցերի պատասխաններ:
– Այո, ստացա գոհացուցիչ պատասխաններ: Ավելին, արդեն նախագահ Սերժ Սարգսյանը չմերժեց, և ունեցանք ևս երեք հանդիպում: Որից հետո ինձ առաջարկեց գալ Երևան, որպեսզի պարգևատրի շքանշանով…
– Եթե դեմ չեք, եկեք ևս մեկ զուգահեռ անցկացնենք: Հանրահայտ են Կարեն Դեմիրճյանի և Ձեր մտերմիկ, ջերմ հարաբերությունները: Իսկ ի՞նչ ընդհանրություններ ու տարբերություններ ունեն Կարեն և Ստեփան Դեմիրճյանները:
– Արտասահմանում բնակվող մտերիմ ընկեր ունեմ. մի անգամ զրույցի ժամանակ տրտնջացի, թե` այս որդիս այսպես է վարվում, երկրորդը` մեկ այլ կերպ, մյուսը` ճիշտ հակառակը: Ընկերս ասաց, թե ` երեխան 50 առ 50 տոկոսով է նման ծնողներին…
Ստեփան Դեմիրճյանը կիրթ անձնավորություն է, երբեք չի ստի, երբևէ որևիցե մեկի չի խաբի: Բայց հոր հետ համեմատել անհնար է: 1999-ի հոկտեմբերից հետո ես ամբողջովին պաշտպանել եմ Ստեփանին, 2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ աջակցել եմ իրեն: Մենք եղել ենք մշտական, ամենօրյա սերտ կապի մեջ: Եվ ահա 2007 թ. սեպտեմբերի 21-ին, երբ 10-ամյա լռությունից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, թե մասնակցելու է նախագահական ընտրություններին` Ստեփան Դեմիրճյանին տեսնում եմ նրա կողքին… Իհարկե, դա Ստեփանի կայացրած քաղաքական որոշումն էր, և նա ազատ էր ընտրության հարցում, բայց կարող էր և պարտավոր էր նման կարևոր վճիռ կայացնելիս ինձ գոնե տեղյակ պահել: Կարեն Սերոբիչը ինձ հետ երբեք այդպես չէր վարվի: Այդ օրվանից մինչև հիմա ես Ստեփանի հետ որևէ հարաբերություն չունեմ:
– «Խորհրդական» բառն ինչ–որ խորհրդավոր իմաստ ունի: Ի՞նչ ասել է լինել նախագահ Սարգսյանի խորհրդական: Որո՞նք են Ձեր իրավունքներն ու պարտականությունները, եթե այդպիսիք ունեք:
– Իհարկե, ունեմ: Նախագահ Սարգսյանի խորհրդական լինելը ինքնին մեծ պատասխանատվություն է: Եթե ազատագրական պայքարի, պատերազմի բովով անցած, Արցախի ու Հայաստանի Հանրապետության կայացման գործում անուրանալի ավանդ ունեցած մարդը նպատակահարմար է համարել, որ Յուրի Վարդանյանը լինի իր խորհրդականը, դա է’լ ավելի է ծանրացնում այն բեռը, որ ստանձնել եմ:
Դա է պատճառը, որ իրավունքներիս վերաբերվում եմ մեծ նրբանկատությամբ և հազար անգամ չափել-ձևելով: Ավելին, եղել են դեպքեր, երբ ինքս եմ նախագահից խորհուրդ հարցրել, թե ինչպես վարվեմ այս կամ այն հարցում:
Միայն մեկ բան կարող եմ ասել. անմիջականորեն տեսնելով նախագահի վիթխարի ծանրաբեռնվածությունը, բազմաժամ աշխատանքային ժամանակացույցը` չէի ցանկանա, որ որդիս երբևէ դառնա երկրի առաջին դեմք: Ու եթե հնարավորություն կա ինչ-որ չափով թեթևացնելու նախագահի հոգսը, անպայման կանեմ, ինչպես արել եմ անցած այս ամիսների ընթացքում:
– Անթույլատրելի կլիներ առիթից չօգտվել և Ձեզ հետ չզրուցել սպորտի շուրջ: Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը այդ ոլորտի ներկայիս վիճակի մասին:
– Խնդիրը պետք է դիտարկել համեմատության մեջ: Եթե համեմատենք 5 կամ 10 տարի առաջվա հետ (էլ չեմ խոսում խորհրդային ժամանակների մասին), ապա կտեսնենք, որ որոշ մարզաձևերում ունենք ակնհայտ առաջընթաց (շախմատ, ըմբշամարտ, ծանրամարտ, բռնցքամարտ և այլն), որոշներում` ահավոր անկում: Վերջինը նախ վերաբերում է խաղային մարզաձևերին, մասնավորապես` ֆուտբոլին: Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը իմ լավ բարեկամն է, և միմյանց հանդեպ տածում ենք մեծ հարգանք: Մարդն աշխատում է, հնարավոր ամեն բան անում, բայց չի ստացվում, երկրի հավաքականը պարտություն պարտության հետևից է կրում:
– Ո՞րն է ելքը:
– Ըստ իս, անհաջողությունների պատճառը ֆուտբոլիստների ֆիզիկական թույլ պատրաստականությունն է: Դրան է պետք ուշադրություն դարձնել:
– Դա հասկանալու համար Յուրի Վարդանյա՞ն պիտի լինել:
– Չգիտեմ, ֆեդերացիայի ղեկավարության, մարզիչների հետ առիթ չեմ ունեցել խոսելու այս հարցի շուրջ: Իրականում սպորտում ամեն ինչ այնքան բարդ չէ, ինչպես փորձում են ներկայացնել:
– Չե՞ք համարում, որ մշտական ու կայուն նվաճումների հասնելու համար անհրաժեշտ է մասսայականացնել սպորտն ու ֆիզկուլտուրան:
– Միանգամայն իրավացի եք: Բայց երկուսը փոխկապակցված են` հաջողությունն էլ է մասսայականություն բերում. տեսեք, թե մեր շախմատիստների նվաճումների արդյունքում այսօր որքան երեխաներ են այդ մարզաձևով պարապում:
– Ժամանակը չէ՞, որ մշակվի ֆիզկուլտուրայի ու սպորտի զարգացման ռազմավարական ծրագիր, հայեցակարգ:
– Կրկին իրավացի եք: Պարզապես մեր երկրի առջև ծառացած է այլ դժվարին, կարևոր խնդիրների լուծման առաջնահերթություն: Մի օր մենք դրան էլ ձեռնամուխ կլինենք:
– Ո՞րն է մեր երկրի զարգացման, առաջընթացի գրավականը:
– Օրենքներին ենթարկվելը և բոլոր մանր ու մեծ խնդիրները հետևողականորեն լուծելը:
– Մի անգամ հրապարակավ հայտարարել եք, որ Ձեր որդին՝ Նորայրը, կդառնա հաջորդ օլիմպիադայի խաղերի չեմպիոն: Սպորտում վտանգավոր չե՞ն նման կանխատեսումները:
– Երբ 1977թ. հայտարարեցի, թե Մոսկովյան օլիմպիադայում երկամարտի արդյունքում կբարձրացնեմ 400 կգ, այսինքն` աշխարհի ռեկորդից 35 կգ ավելի և դրանով կհիմնվի «400-ականների ակումբ», այն ժամանակ էլ ոչ ոք չհավատաց… Իմ կանխատեսումը հիմնված է կշռադատված, պրոֆեսիոնալ հաշվարկի վրա: Սպորտում իմ նվաճումները հիմքում ունեցել են մի քանի գործոն` նպատակադրում, նպատակին հասնելու կամքի ուժ, տքնաջան աշխատանք և, իհարկե, բնատուր օժտվածություն: Որդիս ունի այս հատկանիշները, և ես ինչպես անցյալում, այնպես էլ հիմա իմ հաշվարկում չեմ սխալվի:
– Այսինքն, մենք կունենա՞նք Նորայր Վարդանյան անուն–ազգանունով օլիմպիական նոր չեմպիոն:
– Այո:
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆԸ