ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Sunday, November 22, 2009 20:59 - չքննարկված
Ղարաբաղյան ազատամարտից մինչև «նժդեհական թրքաբոլշևիզմը»՝ ընդամենը 20 տարի՞…
Բոլշևիզմը և խոշոր բիզնեսը
ՀՀ վարչապետ և նորաթուխ «տարոնական» Տիգրան Սարգսյանն իր ԱԺ-ում ունեցած ելույթով ևս մեկ անգամ բացահայտեց այս իշխանության բոլշևիկյան էությունը։ «Հայկական աշխարհի» տեսաբանը տերտերական պաթոսով հայտարարեց, որ գտել է մեր հասարակության երջանկության բանալին։ Դա սոցիալական արդարության հաստատումն է։
«Ցանկանում եմ անդրադառնալ նաեւ մի կարեւոր խնդրի, թե որն է մեր քաղաքացիներին մտահոգող ամենակարեւոր հիմնախնդիրը։ Մեր ուսումնասիրությունները եւ սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ մեր քաղաքացիներին առաջին հերթին մտահոգում է ոչ թե թոշակների եւ աշխատավարձերի խնդիրը, ոչ թե գործազրկության եւ նոր աշխատատեղերի ստեղծման խնդիրը, ոչ թե գնաճը եւ փոխարժեքը եւ նույնիսկ ոչ թե Լեռնային Ղարաբաղի կամ ցեղասպանության ճանաչման խնդիրը, այլ սոցիալական արդարության խնդիրը։ Բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առջեւ, անկախ նրանից, թե ինչ պաշտոնական դիրք են նրանք զբաղեցնում, ինչ կուտակած եկամուտներ կամ հարստություն ունեն։ Այս խնդիրը լինելու է մեր ուշադրության կենտրոնում։ Առաջին հերթին այս խնդիրը վերաբերում է խոշոր բիզնեսին։ Հասարակության մեջ իր նկատմամբ վստահությունը վերագտնելու համար խոշոր բիզնեսի ճանապարհը թափանցիկ աշխատելն է։»,- ԱԺ ամբիոնից բացահայտումներ էր անում «միջազգային առողջարանային կենտրոն» Ջերմուկը ճոպանուղու միջոցով Դիլիջանի «միջազգային ֆինանսական կենտրոնին» կապող «ցեղակրոնվածը»։
Ըստ վարչապետի ու իր «սոցիոլոգների»՝ մեր հասարակության միակ դարդ ու ցավը այլոց ունեցվածքը «հարկված» տեսնելն է, և մեր հասարակությունը թքած ունի իր անվտանգության, իր անցյալի ու ապագայի վրա։ Մի խոսքով, Տիգրան Սարգսյանն ուզում է ասել, որ մեր ժողովրդի մեծամասնությունը տականքների և սրիկաների մի հավաքականություն է իրենից ներկայացնում, և իրենք, որպես այդ մեծամասնության քաղաքական թարգմաններ, պետք է իրականացնեն այդ մեծամասնության պատվերը։
Պատկերացնու՞մ եք, մարդկանց հարցրել են իրենց թոշակների, աշխատավարձերի, ընտանիքների բարեկեցության, Արցախի, գների բարձրացման և այլնի մասին, իսկ նրանք պատասխանել են, թե կարևորն այն չէ, որ իրենք վատ են ապրում, կարևորն այն է, որ բոլո՛րը վատ ապրեն, որպեսզի սոցիալական արդարություն լինի։ Համենայնդեպս այդպես է դուրս գալիս դոլար-դրամ փոխարժեքի հետ խաղալ սիրող «արհեստավարժի» ասածից։ Այսինքն՝ մարդիկ ասել են, թե ոչինչ որ ապրանքները թանկանում են ու իրենք ստիպված ավելի քիչ գնումներ են անում։ Կարևորը, որ այդ թանկացման արդյունքում հարստացածի հերն անիծեն, իսկ շարքային քաղաքացիները քչով կբավարարվեն։
Ըստ վարչապետի՝ մարդիկ նաև ասել են, թե ոչինչ որ «ֆուտբոլային» տխրահռչակ դիվանագիտության հետևանքով վտանգի է ենթարկվել Արցախի՝ այսինքն Հայաստանի Հանրապետության անվտանգությունը և դադարեցվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Կարևորը, որ բոլո՛րս հավասարապես ապրենք այս կեղտի մեջ, և չլինեն մարդիկ, ովքեր տարբերվեն իրենց ապրելակերպով։ Այլ խոսքերով՝ վարչապետի «սոցիոլոգները» պարզել են, որ մարդկանց ոչ թե հուզում է այն, որ իրենք չունեն ավտոմեքենա, որն իրենց նախընտրական փուլում խոստացել էր «Այնթապցի Եղիազարը», այլ որ հարևանը նույնպես չունենա ավտոմեքենա։ Այ դա՛ է վարչապետի պատկերացրած «սոցիալական արդարությունը»։ Իսկական բոլշևիզմ։
Իսկ իրականությունն այն է, որ Տ. Սարգսյանն իր ելույթով, ըստ էության, խոստովանում է, թե ո՞ր ոլորտներն ու ուղղություններն են իրենք ձախողել ու դա ներկայացնում որպես մարդկանց չհետաքրքրող հարցեր։
Տեղին է հիշել, որ բոլորի վատ ապրելու հասարակություն էին ստեղծել նաև սովետական բոլշևիկները։ Ճիշտ է, խոսքով նրանք կառուցում էին բարեկեցիկ ու կյանքի որակի աճի հասարակություն, բայց իրական կյանքում մարդկանց քանակի աճ կար միայն գուլագներում, իսկ սովետական արտադրանքը կարելի էր գնահատել որպես մարդկության դեմ կատարված յուրօրինակ հանցագործություն։ Սարսափելի ձայնով աշխատող «Օռսկ» սառնարանները, անորակ հեռուստացույցերն ու «Զապորոժեց» ավտոմեքենան ձեզ օրինակ։
ՍՍՀՄ-ը փլուզվեց, բայց, ցավոք, 20-րդ դարի քաղաքական ժանտախտներից մեկը՝ բոլշևիզմը, դեռ շարունակում է իր գոյությունը։ Հայաստանում այդ բոլշևիզմն արտահայտվում է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ։
Ուշադրությո՛ւն դարձրեք. վարչապետը, ով Սերժ Սարգսյանի գաղափարակիցն ու գործիքն է, ոչ թե խոսում է օլիգարխիկ համակարգը վերափոխելու, այլ կոնկրետ անձանց դեմ պայքարելու մասին։ Այսինքն խնդիր է դրված համակարգը թողնել նույնը, բայց փոխել ֆինանսական հոսքերը տնօրինողներին և կառուցել «Մեկ օլիգարխի տնտեսություն»՝ օգտվելով կլանաօլիգարխիկ համակարգի ընձեռած հնարավորություններից։ Սա՛ է «սոցիալական արդարության» իշխանական պատկերացումը։
Բոլշևիկներն էլ 1917 թ. հեղափոխություն արեցին՝ խոստանալով սոցիալական արդարություն։ Այդ լոզունգի տակ կուլակաթափ արվեցին անգամ երկու կով ունեցողները։ Բոլշևիկներն իշխանության եկան «Հողը՝ գյուղացուն, գործարանը՝ բանվորին» կարգախոսով, բայց ստեղծեցին գերկենտրոնացված մի համակարգ, որտեղ բանվորն ու գյուղացին «վինտիկի» դեր էին կատարում, բայց սովետական քարոզչամեքենան ամեն օր հիշեցնում էր, որ ամեն ինչ արվում է հանուն բանվորագյուղացիության, որ կարևորն այն չէ, թե մարդիկ տարրական պայմաններից զուրկ կացարաններում են ապրում, այլ այն, որ ժողովրդի թշնամիների դեմ անհաշտ պայքար է մղվում։
«Ժողովրդի թշնամի» գտնելը բոլոր տիպի ավտորիտար ու հետադիմական իշխանությունների սիրած գործն է։ Եթե այդ «թշնամիները» չլինեն, ապա նրանց պետք է հորինել։ Սովետական միությունը իռացիոնալ գաղափարի կրող իշխանությունների ձեռքում էր և, բնականաբար, այդ իշխանության թշնամիները պետք է լինեին հակասովետական մտածողություն ունեցողները, որոնց որակում էին «իմպերիալիզմի ծառաներ», «կապիտալիզմի շպիոններ» և նրանց դեմ պայքարը ներկայացնում որպես ժողովրդի պահանջ ու սոցիալական արդարության հաստատում։
Հիմա էլ մեր տնաբույծ բոլշևիկներն են քաղաքական դեմագոգիան օգտագործում, որպեսզի «սոցիալական արդարություն» հաստատեն։ Տարբերությունն այն է, որ «մերոնց» գաղափարը ամբողջ աշխարհի պրոլետարների միացումը չէ, այլ՝ փողը։ Դա է պատճառը, որ մեր օրերի «ժողովրդի թշնամի» է հռչակվում խոշոր բիզնեսը և մասնավոր սեփականատերն ընդհանրապես։
Նկատենք, որ այլոց սեփականության վրա ունեցած աչքով ու խլելու մոլուցքով՝ այսօրվա հայ բոլշևիկները գրեթե ոչնչով չեն տարբերվում իրենց գաղափարական հայրերից։ Միակ տարբերությունն այն է, որ սովետները չէին ընդունում մասնավոր սեփականության գոյությունը և արտահայտվում էին հանրային սեփականության օգտին, իսկ մերօրյա բոլշևիկները դեմ չեն մասնավոր սեփականության ինստիտուտին՝ պայմանով, որ դրա հիմնական մասն ուղղակի կամ անուղղակի ձևով իրենց ձեռքում լինի։
Դատելով մեզ մոտ տեղի ունեցող «բարեփոխումների» փիլիսոփայությունից՝ իշխանության պատկերացրած մոդելն այն է, երբ երկրում գրեթե չկան սեփականատերեր և միակ փաստացի սեփականատերը պետությունն է (այսինքն՝ իշխանության վերին օղակը), որը պետական բյուջեի միջոցով հավաքում է բոլորի փողերը և դրանք իր հայեցողությամբ բաշխում, ինչպես նաև մասնակցում բիզնես հարաբերություններում։
Ինչպես հայտնի է՝ բյուջեի ծախսային մասը մեծամասամբ չի վերահսկվում հանրության կողմից և այդ հանգամանքը դառնում է «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցմանը նպաստող գործոն։ «Եթե մենք ամբողջությամբ կենտրոնացնենք ֆինանսական հոսքերը, ապա կհավերժացնենք նաև մեր իշխանությունը»,- մտածում է իշխանությունը, որը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մի քանի հոգանոց խումբ է իրենից ներկայացնում, որտեղ որոշումներն ընդունվում են փակ, գիլդային սկզբունքով։ Իսկական բոլշևիզմ։
ՀՀ իշխանության բոլշևիզմն ամբողջական չէր լինի, եթե իր դրսևորումը չունենար նաև արտաքին քաղաքական դաշտում։ Ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք. ֆորմալ առումով նժդեհական գաղափարախոսությունը որդեգրած ՀՀԿ-ի վերնախավն այժմ իրականացնում է մի քաղաքականություն, որը 1937 թ.-ին գրած իր աշխատության մեջ Գարեգին Նժդեհը որակել էր որպես թրքաբոլշևիզմ։ Ըստ Նժդեհի՝ հայ բոլշևիկն իր գործունեության մեջ անհաղորդ է ազգային հարցերին և, հանուն պրոլետարիատի մտացածին հաղթանակի, կարող է թուրքի հետ ինքնամոռաց խաղերի գնալ։
Պատահական չէ, որ այսօրվա հայ նեոբոլշևիկների «նախաձեռնողականության» շնորհիվ ամպեր են կուտակվում Արցախի վրա (վարչապետը «հիմնավորում» է, թե մարդկանց այնքան էլ չի հուզում Լեռնային Ղարաբաղի խնդիրը), իսկ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը փաստացի հանվել է պետական քաղաքականության օրակարգից, քանի որ հայ-թուրքական արձանագրություններում հայտնվել է պատմաբանների ենթահանձնաժողովի կետը (մեզ նաև ասում են, թե մարդկանց այնքան էլ չի հուզում ցեղասպանության խնդիրը)։
Այդպիսի «խաղաղասիրություն» եղել է նաև սովետական բոլշևիկների օրոք։ Արդյունքում՝ Արցախը հայտնվել է Ադրբեջանի կազմում, իսկ Հայոց ցեղասպանության հարցը չի եղել օրակարգային։ Բոլշևիկների էությունն է սա՝ անկախ ազգային պատկանելիությունից։ Այսպես. 1918 թ. Բրեստ-Լիտովսկի պայմանագրով բոլշևիկները հանձնեցին ռուսական բոլոր շահերը՝ հանուն իրենց իշխանության։ Ինչպես հայտնի է, ցարական Ռուսաստանն Անտանտայի կազմում էր, որի դեմ էին Գերմանիան և Թուրքիան։ Լենինը համագործակցեց և՛ գերմանացիների, և՛ թուրքերի հետ։ Ասել է թե՝ բոլշևիկները սովորական դասալիքներ են և մշտապես փախչում են ազգային խնդիրներից՝ դա ներկայացնելով որպես նախաձեռնողականություն։ Բոլշևիկները ռուս մուժիկին խոստացան «Խաղաղություն խրճիթներին» և … երկիրը մատնեցին քաոսի ու սովի։
Նորանկախ Հայաստանի հայ բոլշևիկներն էլ նույնանման «նախաձեռնողականություն» են ցուցաբերում ու շուտափույթ լուծումներ որոնելով հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական ուղղություններով՝ փորձում են փախչել ճիգեր պահանջող ազգային հարցերից։
Ի դեպ, հայ թրքաբոլշևիկների համար միևնույն է, թե որ ուղղությամբ իրենք կփախչեն։ Ազգային հարցերից փախուստը նրանց մոտ կարող է դրսևորվել կոսմոպոլիտիզմի, լիբերտարիզմի, «խաղաղասիրության» կամ այլ «իզմերի» տեսքով, բայց այդ ամենի բովանդակությունը նույնն է՝ փախուստ, դասալքություն և կեղծ խաղաղասիրություն, որը միշտ հանգեցնում է պատերազմի։
Ինչպես արդեն նշեցի, բոլշևիկների ոճի մեջ է ներքին թշնամու կերպարի ստեղծումը և դրա դեմ պայքարի «հանրային պահանջի» մասին պնդումները։ Լենինի թիմակիցներն այն ժամանակ հանդես եկան «Превратим войну империалистическую в войну гражданскую» կարգախոսով և կառուցեցին «Չարիքի կայսրություն»։ Այդպես է լինում բոլոր այն դեպքում, երբ մասնավոր սեփականության դեմ հիվանդագին պայքար է սկսվում։ Ամեն ինչ վաճառքի առարկա դարձնողներն ի վերջո վաճառում են նաև հայրենիքը։ Միգուցե նրանք այդպես չեն ուզում, բայց այդպես ստացվում է։ Հարկ է նշել, որ չկա նախադեպ, երբ մասնավոր սեփականության ինստիտուտին պատերազմ հայտարարած պետությունը կամ կայսրությունը փլուզված չլինի։ Հակառակ օրինակները՝ որքան ուզեք։
Հայ թրքաբոլշևիկներն էլ են այսօր առաջնորդվում «Իմպերիալիստական պատերազմը վերածենք քաղաքացիականի» լոզունքով։ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորումն ամեն գնով՝ ասվածի վկայությունն է։
Հայ թրքաբոլշևիկը միշտ փոքրամասնություն է հասարակության մեջ, ինչպես ժամանակին նրա նախորդները Ռուսաստանում, բայց հայ թրքաբոլշևիկը պատրաստ է արյան գնով վերցնել իշխանությունը, ինչպես իր նախորդները։
Հայ թրքաբոլշևիկը դրսում ամեն ինչի պատրաստ է, միայն թե երկրի ներսում փողն ու իշխանությունն իր ձեռքում կենտրոնացած լինի։
Հայ թրքաբոլշևիկը պատրաստ է «խաղաղապահներ» բերել Արցախի շուրջ, ազատագրված շրջանները թղթի դիմաց հանձնել, «կռիվ» տալ Լաչինի միջանցքի համար, Արցախի կարգավիճակը թողնել անորոշ, միայն թե Նոբելյան մրցանակը շնորհողներն արդարացի վարվեն ու իրեն չմոռանան։
Հայ թրքաբոլշևիկը, ինչպես իր նախապապերը, պատրաստ է զնդանները նետել բոլորին, ովքեր կսպառնան իր տոտալիտար իշխանությանը։
Հայ թրքաբոլշևիկին դուր է գալիս, երբ իրեն գովում են օտարները, ու նա զարմանում է, երբ քննադատության է ենթարկվում ներսում։
Հայ թրքաբոլշևիկի քունը չի տանում, երբ երկրում պտտվում են փողեր, իսկ նա դրանց վրա թաթը չի դնում՝ սկսած 10 դրամից մինչև 10 միլիոն դոլարը։
Հայ թրքաբոլշևիկը պետության վախճանի քաղաքականություն է իրականացնում, բայց հայ թրքաբոլշևկը կպարտվի, ինչպես իր գաղափարական հայրերը։
Անդրանիկ Թևանյան
Հ.Գ.։ Այն որ խոշոր բիզնեսը և մնացած բոլոր բիզնես-շերտերը պետք է գործեն թափանցիկ հարկային դաշտում՝ անվիճելի է։ Սակայն նախևառաջ պետք է տեղի ունենան իշխանության և բիզնեսի տարանջատում, հարկային օրենսդրության դրույքաչափային փոփոխություն, ազատ շուկայական հարաբերությունների հաստատման քաղաքական լուծումներ։ Այլապես տնտեսությունը 30-40 ընտանիքի ձեռքից կհայտնվի մեկ «Ընտանիքի» ձեռքում, որն ավելի կեղտոտ համակարգ է, քան գոյություն ունեցողը։ Հետևաբար պետք է այնպես անել, որ 30-40 ընտանիքի տնտեսությունը մեզանում վերածվի 300 կամ 3000 ընտանիքի տնտեսության, որի պայմաններում մենք կգնանք քաղաքակիրթ բիզնես հարաբերությունների հաստատման։
Այն ինչ այժմ կոչում են «բարեշրջում»՝ ընդամենը սեփականության վերաբաշխման է տանելու և ֆինանսների գերկենտրոնացման։ Հետևաբար բոլոր նրանք, ովքեր ասում են, թե վարչապետը լավ բաներ է ասում, բայց չի անի՝ կամա, թե ակամա նպաստում են «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցմանը։ Իրենց այդ խոսքով՝ վարչապետի «ընդդիմախոսները» ջուր են լցնում սերժսարգսյանական «ջրաղացին»։ Եթե պայքարը մղվեր ընդդեմ օլիգարխիկ համակարգի՝ դա ուրիշ։ Բայց այդպիսի բան չի հայտարարվել ու չի արվելու։ Ընդամենը խնդիր է դրված սեփականության վերաբաշխում իրականացնել, որից հասարակությունը բացարձակապես չի շահելու, եթե չասենք հակառակը։
Ուստի՝ այսուհետ պետք է հետևել, թե ով է իբր քննադատում Տիգրան Սարգսյանին՝ «Նա չի կատարի իր խոստումները» նախադասությունն օգտագործելով։ Նման կերպ արտահայտվողները լավագույն դեպքում չեն հասկանում, թե ինչ են ուզում իրականում անել Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը և դառնում են նրանց հենարանը, իսկ վատագույն դեպքում՝ իշխանության հաճախորդներն են, ու կապ չունի, թե նրանք ընդդիմադի՞ր, թե՞ իշխանամետ դաշտում են գործում։
Ի դեպ, հետաքրքիր կլիներ իմանալ, թե ու՞մ և ինչը՞ նկատի ունի պետության վախճանի տեսաբան վարչապետը՝ «խոշոր բիզնես» ասելով։ Եթե մի պահ ենթադրենք, որ կառավարության սոցհարցումները մտացածին չեն ու մարդկանց մեծամասնության ցանկությունն այն է, որ սոցիալական արդարություն լինի ու խոշոր բիզնեսը հարկվի, ապա հարցվողները թերևս, ուրիշ բան են ուզել ասել։
Բանն այն է, որ ՀՀ-ում խոշոր բիզնես ասելով շատերը և անձամբ ես հասկանում ենք բարձրագույն իշխանավորների շերտը։ Նրանք են իրական խոշոր բիզնեսմենները։ Նույն Տիգրան Սարգսյանի բնակարանը տարիներ առաջ կողոպուտի էր ենթարկվել և, ըստ մամուլի հրապարակումների, բնակարանից մեծ չափի գումար էր տարվել։ Այդ մասին նշված էր ոստիկանական լրահոսում։ Հետաքրքիր կլիներ իմանալ, թե որտեղի՞ց Տիգրան Սարգսյանին այդքան մեծ ծավալի գումարներ, երբ նա մշտապես պետական համեստ աշխատավարձ է ստացել։ Մամուլում հրապարակում կար նաև, որ այն ժամանակվա ԿԲ նախագահ Տ. Սարգսյանը բնակարան ունի հեռավոր Իսպանիայում։ Հետաքրքիր կլիներ նաև իմանալ այդ բնակարանի գնման ֆինանսական պատմությունը։ Ինչևէ։
Եթե հիշում եք, 2006-ի դեկտեմբերին լույս տեսավ աշխարհահռչակ «Ֆորբս» ամսագրի (պարբերականը հայտնի է նրանով, որ հրապարակում է ամենահարուստ մարդկանց ցուցակները) հայկական տարբերակը։ Եվ ահա հայաստանյան «Ֆորբսի» անդրանիկ համարում նշված էին Հայաստանի ամենահարուստ մարդկանց անունները, ովքեր հիմնականում պետական պաշտոնյաներ էին։ Այդ հարուստ պաշտոնյաների առաջին տասնյակում էր հայտնվել նաև ՀՀ այն ժամանակվա պաշտպանության նախարար և ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը (Ս. Սարգսյանի արձագանքն այդ հրապարակմանը տե՛ս http://www.panorama.am/am/comments/2006/12/15/havasti/)։
Այնպես որ «խոշոր բիզնես» հասկացությունը մեզանում հստակեցման կարիք ունի։ Օլիգարխները նրանք չեն, ում ընդունված է այդպիսին համարել։ Մենք ականատես ենք եղել դեպքերի, երբ օլիգարխ կոչվածներին իշխանությունները մեկ ակնթարթում դարձրել են միջին կարգի փողատեր։ Օլիգարխիայի դասական (հունական) սահմանումից հայտնի է, որ դա մարդկանց այն նեղ շերտն է, որն ունի երկրի տնտեսական ու քաղաքական կյանքի վրա ազդող որոշումներ կայացնելու հնարավորություններ։ Այս սահմանումից ելնելով՝ անհրաժեշտ է ճշգրտել, թե ովքե՞ր են ՀՀ իրական օլիգարխները և խոշոր բիզնեսմենները։
Իմ պատկերացրած խոշոր բիզնեսի ներկայացուցիչների դեմ, այո՛, պետք է պայքարել։ Պետք է պայքարել նաև անբարեխիղճ մրցակցության և այլ արատների դեմ։ Պետք է այնպես անել, որ կապիտալը չփախչի Հայաստանից, որ փոքր ու միջին բիզնեսը զարգանա, որ հարկերի վճարումն ու հավաքված գումարների ծախսումը հավասարապես թափանցիկ լինեն և այլն։ Բայց այդ պայքարողը պետք է լինի հասարակությունը, քանի որ խոշոր բիզնեսը չի կարող ինքն իր դեմ պայքարել։ Դրանով պետք է զբաղվի իրական սոցիալական արդարության ձգտող մեր քաղաքացին, ով նաև ունի ՀՀ-ում ազգային-դեմոկրատական փոփոխություններ իրականացնելու գերնպատակ։