Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ Admin. Wednesday, November 4, 2009 12:27 - չքննարկված
Նամակ «Ազդակ»-ի խմբագրությանը
3 -նոյեմբերի 2009թ.
Երևան
Հարգելի պարոն Շահան Գանդահարյան`
«Ազդակ»-ի 2009 թ. հոկտեմբերի 27-ի համարում հետաքրքրությամբ կարդացի պրն. Հովիկ Հովհաննեսյանի՝ «Հայ դատի նորագույն հանգրվանի ռազմավարության մշակման հրամայականին դեմ հանդիման. 1.- ԻՆՉՈ՞Ւ «ՈՉ»» խորագրով շահեկան հոդվածը։
Մի կողմ թողնելով հոդվածի բովանդակությունը, որն, ընդհանուր առմամբ, համահունչ է տարիներ շարունակ և բազմիցս արտահայտած իմ տեսակետներին, ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել հեղինակի՝ ինձ վերաբերող անստույգ տեղեկության վրա։
Հոդվածի վերջաբանում պրն. Հովհաննեսյանը գրում է. «Ահաւասիկ այս բոլոր վտանգներուն պատճառով, եւ տակաւին շարք մը այլ երեւելի սպառնալիքներու առկայութեան, որոնց բոլորին ներկայացման համար այս գրութեան սահմանները բաւարար չեն կրնար ըլլալ, եւ սակայն որոնք լաւապէս ներկայացուեցան Արմէն Այվազեանի, Արա Պապեանի եւ Վարդան Օսկանեանի նման հեղինակներու կողմէ (որոնք երեքն ալ չեն կրնար ամբաստանուիլ այս տողերուն հեղինակին հետ գաղափարակից ըլլալու յանցանքով, եւ աւելի՛ն, որոնք տարբեր ժամանակներու նոյնիսկ եղած են ներկայ իշխանութիւններուն գործընկերները), այս գործընթացը պէտք է որ անմիջապէս կասեցուի» (ընդծումն իմն է՝ Ա.Ա.)։
Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ 1994 թվականից ի վեր ես ներգրավված չեմ եղել որևէ պետական կամ կուսակցական կառույցի մեջ և զբաղվել եմ գիտահետազոտական և կրթական աշխատանքով՝ ընդսմին իմ ուսումնասիրություններում մշտապես խստորեն քննադատելով ՀՀ արտաքին և ներքին քաղաքականությունը՝ իր զանազան դրսևորումներով հանդերձ։ Ուստի որևէ առումով և որևէ ժամանակահատվածի կտրվածքով ինձ «ներկա իշխանությունների» «գործընկեր» համարելն իրականությանը չի համապատասխանում։
Իսկ եթե հարգարժան հեղինակը նկատի ունի 2008 թ. մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ իմ քննադատական ելույթները Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ուժերի հասցեին, ապա այդ նյութերը վերընթերցելու կամ նորից ունկնդրելու դեպքում կարող է համոզվել, որ դրանցում ևս ՀՀ «ներկա իշխանությունների» քաղաքականությունը ենթարկված է սուր քննադատության։
Կարծում եմ՝ վաղուց ժամանակն է, որ դաշնակցական մամուլն սկսի լրջորեն քննարկել ՀՀ «ներկա իշխանությունների» հետ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության տասնամյա իրական, պաշտոնական, ամենասերտ ու դեռևս ամբողջությամբ չդադարեցված համագործակցության և այդ ամենից բխող քաղաքական պատասխանատվության հարցը։
Անկեղծորեն՝
Արմեն Այվազյան
«Արարատ» ռազմավարական կենտրոնի տնօրեն,
քաղ. գիտ. դոկտոր