ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, October 27, 2009 9:49 - 2 քննարկում
Հայաստանը լվալու և վարակազերծելու հրամայականը, երբ բացվում է ԲՀԿ-ի «Առյուծներ և էշեր» թատերաբեմը:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԵՍ՝ ՊՐՈԲԼԵՄ ՉՈՒՆԵ՞Ս
.
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը, նույն ինքը՝ «Յուվեցի Կարոն», Աշտարակի նախկին միլպետը, հոկտեմբերի սկզբներին կրկին մամուլի ուշադրության կիզակետում էր: Այս անգամ քննարկման թեման ոչ թե նրա «ասաբնյակներն» էին, այլ հոկտեմբերի 5-ին Երասխ-Երեւան ավտոճանապարհին, Մարմարաշեն գյուղի հատվածում տեղի ունեցած միջադեպը: ՀՀ ոստիկանության հաղորդագրության համաձայն, այդ օրը, առավոտյան ժ.11-ի սահմաններում, պատգամավոր Կարապետյանն իր անձնական «Մերսեդես G 500» մակնիշի ավտոմեքենայում կենցաղային հարցերի շուրջ վեճի է բռնվել Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում «Ա. Զադոյանը երկաթյա ձողով (ավտոմեքենայի բանալի) հարվածել է Կ. Կարապետյանի գլխին, որն էլ իր հերթին իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով 5 անգամ կրակել է Ա. Զադոյանի ուղղությամբ»: Փամփուշտներից երկուսը դիպել են Զադոյանի աջ ուսին եւ աջ ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Բացի հրազենային վնասվածքներից, Զադոյանը հարված էր ստացել նաեւ գլխին, որը դարձել էր ուղեղի ցնցման պատճառ, վնասվել էին նաեւ նրա կողերը: Թե ինչպե՞ս էր հնարավոր, որ բացառապես կրակոցների արդյունքում Զադոյանն այդքան վնասվածքներ ստանար՝ ոստիկանությունը չէր մանրամասնել: Ակնհայտ էր, որ քննությունը ի սկզբանե միտված էր պատգամավորի գործողությունները ներկայացնել որպես ինքնապաշտպանություն: Այսօր քրգործը գտնվում է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում, բայց առայժմ ո՛չ տուժող կա, ո՛չ էլ, առավել եւս, կասկածյալ ու ձերբակալված: Իհարկե, գործի շրջանակներում հարցաքննություններ եղել են, կան փորձաքննության տվյալներ, որոնք, մեր աղբյուրների ասելով, ուղղակի բացառում են պատգամավորի կողմից «ինքնապաշտպանության» վարկածը: Ցուցմունքներ տվել են ինչպես ինքը՝ Կ. Կարապետյանը, այնպես էլ Ա. Զադոյանն ու էլի շատ մարդիկ, բայց առայժմ, որքան էլ զարմանալի է, վկայի կարգավիճակով: Ի դեպ, կա դատաբժշկական եզրակացություն առ այն, որ Զադոյանի ուղղությամբ պատգամավորի արձակած կրակոցները եղել են թիկունքից, մի քանի մետր հեռավորությունից, որի պայմաններում պատգամավորի «ինքնապաշտպանության» վարկածը անհեթեթության է նմանվում:
Մեր աղբյուրների ասելով, Կ. Կարապետյանը փորձում է նախաքննական մարմնին ապացուցել, թե Ա. Զադոյանն իրեն դարանակալել է Արարատի մարզից Երեւան տանող ճանապարհահատվածում, կանգնեցրել, նստել է պատգամավորի մեքենան ու փորձել է նրա հետ հաշվեհարդար տեսնել, իբր, տարիներ առաջ պատգամավորից վերցրած 57 հազար դոլար պարտքը «ջրելու» նպատակով: Այս վարկածը մի տեսակ համոզիչ չէ, որովհետեւ Կ. Կարապետյանի հնարավորություններին քիչ թե շատ ծանոթ որեւէ մեկին դժվար է համոզել, թե ինչ-որ մեկը կարող էր «Յուվեցի Կարոյին» այդքան կլորիկ գումար «քցել» եւ անպատիժ մնալ: Մյուս կողմից, այս վարկածը համոզիչ չէ նաեւ այն պատճառով, որ պատգամավորն ու Զադոյանը երկար տարիներ ընկերներ են եղել, հաճախակի շփվել են, ընդ որում՝ ե՛ւ միջադեպից շատ առաջ, ե՛ւ միջադեպի նախօրեին ու հե՛նց այդ օրն առավոտյան: Ավելին, միջադեպից օրեր առաջ՝ հոկտեմբերի 1-ին կամ 2-ին, Կ. Կարապետյանի ու Ա. Զադոյանի հերթական հանդիպման ժամանակ Կարապետյանն ասել է, թե ուզում է մեքենա գնել: Զադոյանն ասել է, թե էջմիածինցի իր ծանոթ Վազգենը լավ վիճակում գտնվող «Մերսեդես Տ» դասի ավտոմեքենա է վաճառում: «Յուվեցի Կարոն» տեղում համաձայնել է առաջարկին ու ասել է, թե Ա. Զադոյանի հետ մեքենան նայելու կգնա իր ծանոթը՝ Արմենը, «Գայդ» մականունով, որը շատ լավ հասկանում է ավտոմեքենայից: Պայմանավորվածության համաձայն, Զադոյանն ու «Գայդը» գնացել էին Էջմիածին՝ Վազգենի մոտ (նա եւս հարցաքննվել է), մեքենան տեսել, գնի շուրջ պայմանավորվել ու վերադարձել էին: Հոկտեմբերի 4-ին Զադոյանն ու պատգամավոր Կարոն հեռախոսով պայմանավորվել էին հաջորդ օրը առավոտյան, ժ. 9:15-ին էլի կապվել՝ հանդիպելու համար, որ գնան մեքենան գնելու: Պայմանավորված ժամին հեռախոսով կապվել հնարավոր չէր եղել. պատգամավորն անհասանելի էր եղել: Ժ. 11-ին եւ դրանից 10 րոպե անց եւս (բոլոր հեռախոսազանգերը ֆիքսված են- Ն. Մ.) Կ. Կարապետյանը զանգել էր Ա. Զադոյանին: Նրանք ժամադրվել էին հանդիպել Դիմիտրովի կամրջի մոտ։ Զադոյանը նշված վայր եկել էր մեքենայով, հետո մեքենան ետ էր ուղարկել՝ մտածելով, որ իմաստ չունի երկու մեքենաներով գնալ, կգնա Կարոյի մեքենայով, ու սպասել էր: Կարոն եկել էր: Մեքենայում եղել էին երեքով՝ վարորդը, նրա կողքին ինքը՝ պատգամավորը, ետնամասում՝ Ա. Զադոյանը: Վերջինս, ի դեպ, ավելի վաղ պատգամավորին զգուշացրած է եղել, որ ավտոմեքենան մաքսազերծված չի ու համարների խնդիր կարող է առաջանալ: Կարապետյանն էլ հանգստացրել էր, թե՝ դա խնդիր չէ, ինքը «պատգամավորական» համարներ կվերցնի: Արդեն մեքենայի սրահի ետնամասում Զադոյանը ոտքերի տակ նկատել էր ցելոֆոնի մեջ փաթաթած վրացական համարանիշներ եւ կողքին ընկած՝ մեքենայի բանալու (համարներ ամրացնելու «կլյուչ») նման երկաթյա ձող: Զադոյանը համարանիշները տեսնելով՝ կատակել էր, թե՝ «կարող ա՞ էս են դեպուտատսկի համարները»: Պատգամավորը հանգստացրել էր՝ պրոբլեմ չկա, էդ էլ կանցնի։ Զադոյանի հաջորդ հարցը եղել էր այն, թե պատգամավորը 12 հազար դոլարը, որ պիտի վճարեր մեքենայի համար, գոնե վերցրե՞լ է: Կ. Կարապետյանը ի պատասխան կոպիտ տոնով հայտարարել էր, թե՝ դա քո գործը չի, դու խելոք նստի տեղդ։
Զադոյանը, քաջ ծանոթ լինելով Կարապետյանին եւ հասկանալով, որ եթե նա այդ պահին գումարն ամբողջությամբ չվճարի, հետագայում ընդհանրապես չի տա, ու ինքը մեքենան վաճառող ընկերոջ հոր մոտ խայտառակ կլինի, վարորդից պահանջել էր մեքենան կանգնեցնել՝ հայտարարելով, որ ինքը Կարոյի հետ չի գնում ու նրա հետ գործ չունի: Կարոն ափերից դուրս էր եկել, հայհոյել էր Զադոյանին: Մեքենայի սրահում փոխադարձ հայհոյանքների տարափ էր սկսվել: Կ. Կարապետյանը փորձել էր նախ՝ հարվածել Զադոյանին, բայց տեղը հարմար չէր եղել, ձեռքը գցել էր մեքենայի փոխանցման տուփին, որտեղ նրա ատրճանակն էր, ու Զադոյանին սպառնացել էր սպանել: Կանխելով պատգամավորի գործողությունները, իսկ Զադոյանի ասելով, պատգամավորն այդ պահին մարտական վիճակի էր բերել զենքն ու ուղղել էր դեպի իրեն, նա ոտքերի տակից վերցրել էր երկաթյա բանալին ու փորձել էր հարվածել պատգամավորի ձեռքին այնպես, որ ատրճանակն ընկնի, եւ ինքը կարողանա մեքենայից դուրս գալ ու փախչել: «Սակայն Կարոն շարժվում էր, եւ իմ հասցրած 2 հարվածը դիպավ նրա գլխին: Դրանից հետո ես մեքենայի դուռը բացեցի եւ փորձեցի փախչել». սա արդեն Զադոյանի մատուցած վարկածն է: Նա հասցրել է մեքենայից ընդամենը 9-10 մետր վազել, երբ ետ շրջվելով տեսել է Կ. Կարապետյանին՝ մեքենայի մոտ ատրճանակը ձեռքին ու իր ուղղությամբ կրակելիս: «Այդ պահին նկատեցի նաեւ Կարոյի վարորդին, որի ձեռքում նույնպես կար ատրճանակ, սակայն նա իմ ուղղությամբ կրակոց չի արձակել: Այդ ընթացքում Կարոն հայհոյում էր իր վարորդին, ասելով՝ Օնիկ, կրակի, ինչի՞ չես կրակում, սատկացրու դրան: Սակայն Օնիկը չկրակեց, իսկ Կարոն շարունակեց կրակելը, եւ ես ցավից ուշագնաց ընկա»,- պատմում է Զադոյանը՝ ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՔԾ պետին, ՄԻ պաշտպանին եւ այլոց ուղղված իր դիմումում: Սաստիկ ցավից ուշքի գալով՝ Զադոյանը տեսել էր, որ Կարոն ատրճանակով կանգնած է գլխավերեւում ու շարունակում է հայհոյել, սպառնալ՝ «հենց հիմա սպանում եմ»: Բայց ականատես մի քանի մարդկանց ներկայությամբ պատգամավորը չէր համարձակվել էլի կրակել ու փոխարենը ոտքով սկսել էր հարվածել արդեն վիրավոր Զադոյանին: Ավելի ուշ ուշագնաց Զադոյանին ոտքերով հարվածել էին նաեւ «դեպքի վայր» ժամանած պատգամավորի եղբայրը՝ Սիմոնն ու էլի մի քանի տղամարդ: Զադոյանին փրկել էին միայն տեղ հասած ոստիկանները:
Այս պատմության մեջ մի բան ակնհայտ է. եթե պատգամավորի փոխարեն լիներ որեւէ շարքային քաղաքացի կամ ընդդիմադիր գործիչ, նա վաղուց արդեն ձերբակալված կլիներ՝ հենց միայն այն պատճառաբանությամբ, որ նա կարող է ճնշումներ գործադրել գործով անցնող վկաների եւ ազդել նախաքննության ընթացքի վրա: Իսկ որ այդպես է՝ վկայում է հենց Զադոյանը:
2 քննարկումներ
Xachatur