ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, October 25, 2009 8:19 - 12 քննարկում

Ցեղակրո՞ն, թե ցեխ-կրո՞ղ, ցեխագործ, սվաղչի…

ՑԵՂԱԿՐՈՆՆԵՐԻՑ ՈՒՄ ԻՆՉԸ ԿՔԱՇՎԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ

  • article's photo

    ԿԵՂԾ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ ԵՎ ԼՂ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՍՏԱՆՁՆԱԾ ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ` ՀՀԿ ԼԻԴԵՐՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴԱՐԱՑՆՈՂ ՄԻ ՀԱՂԹԱԹՈՒՂԹ ԵՆ ԱՆԸՆԴՀԱՏ ՄԵՋՏԵՂ ԲԵՐՈՒՄ` «ՑԵՂԱԿՐՈՆ ԵՆՔ», «ՆԺԴԵՀԱԿԱՆ ԵՆՔ»:Այսպիսով ապահովագրում են իրենց, թե նժդեհական գաղափարախոսությամբ առաջնորդվող քաղաքական ուժը չի կարող երկրի ազգային-պետական հարցերում լինել դավաճան, առավել եվս` ուրացող: Ու քիչ է մնում, մի գրություն բերեն անձամբ Նժդեհից առ այն, որ հենց վերջինի «դաբրոյով» է, որ ԼՂ հարցը կարգավորվում է 5 շրջանների հանձնման գնով, հայ-թուրքական հարաբերություններն էլ` այնպիսի որակի արձանագրությունների հիման վրա, որոնց ստորագրումը կարժանար ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի թշերը քաշելուն: Իսկ թե երկրի ղեկավար ցեղակրոններից ում ի՞նչը կքաշվի այդ արձանագրությունների վավերացումից հետո` իմանալու համար, թերեւս, արժե մի քիչ սպասել: Որքանո՞վ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ընթացող զարգացումները ներդաշնակ «Հանրապետականի», նույնն է թե` նժդեհյան գաղափարախոսությանը, արդյո՞ք ցեղակրոնությունը ենթադրում է ցեղի նկատմամբ իրականացված հանցագործության` Ցեղասպանության ուրացում: Մեր զրուցակից` բանասիրական գիտությունների թեկնածու, մատենադարանի ավագ գիտաշխատող Արմեն Տեր-Ստեփանյանը նժդեհականներին առաջարկեց գոնե ամաչել ու Նժդեհի անունը չտալ իրենց չարամիտ գործարքներն արդարացնելու համար: «ՀՀԿ-ն այսօր չի առաջնորդվում այն գաղափարախոսությամբ, որը հռչակել էր վաղամեռիկ Աշոտ Նավասարդյանը` ստեղծելով «Հանրապետականը»: Այն այսօր կեղծ կուսակցություն է, որի մեջ մտնում են մարդիկ` զուտ իրենց անձնական շահերից ելնելով: Այսօր դպրոցի տնօրենը, որը շատ լավ տնօրեն է, եթե չմտնի ՀՀԿ, անմիջապես կազատվի աշխատանքից: Այսինքն` կուսակցությունը դարձել է բարձր դիրքի հասնելու միջոց, եւ այսօր դժվար է այդտեղ գտնել գեթ մի մարդու, որն առաջնորդվում է կուսակցական գաղափարախոսությամբ: Օրինակ` ինձ ամենից շատ դուր է գալիս ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, ով դրական ազդեցություն է ունենում մեր հասարակության վրա` այն իմաստով, որ նրա ելույթներից հետո տասնյակ մարդիկ դառնում են ընդդիմություն: Նույն Գ.Սահակյանը, վկայակոչելով Նժդեհին, «ազգի տականք» է անվանում հայ-թուրքական արձանագրություններին ընդդիմացող Սփյուռքի մեր հայրենակիցներին եւ դեռ այդքանից հետո չի հեռացվում կուսակցությունից, նշանակում է` նրա բերանով ողջ «Հանրապետականն» է խոսում: Իսկ իր գործընկեր Հակոբ Հակոբյանին էլ մեղադրեց դավադիրներին հարելու մեջ` այսպիսով իր հայրենակիցներից առնվազն կես միլիոնին համարելով դավադիր»: Ա.Տեր-Ստեփանյանն այնուհետ հիշեց խորհրդային տարիների մի անեկդոտ, երբ բժիշկը գնում է իր հիվանդին տեսակցելու, եւ պարզվում է, որ նա մահացել է: Բժիշկը հարցնում է հանգուցյալի հարազատներին, թե մեռնելուց առաջ քրտնե՞ց: Եվ երբ ստանում է դրական պատասխան, ասում է` դա լավ նշան է: Նժդեհյան գաղափարախոսությամբ առաջնորդվողներն այսօր Ցեղասպանության մասին արտահայտվում են հենց այս անեկդոտի տրամաբանությամբ: Օրինակ` երիտասարդ ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը եթերում հայտարարում է, թե պատմաբանների հանձնաժողով ստեղծելը կնպաստի Ցեղասպանության ճանաչմանը: Նրա պատկերացրած նպաստումը անեկդոտի քրտնելու նման է: Այսինքն` դու իրականում սպանում ես հիվանդին, սակայն հայտարարում, թե իմ այս քայլը կնպաստի քրտնելուն: Սա անհեթեթություն է: Այն գործողությունները որոնք ընթանում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում անվան տակ` սառեցնում են Ցեղասպանության միջազգային ճանաչումը: Ըստ իս` Ցեղասպանության հարցը չպետք է լինի պետական քաղաքականության հիմք: Դեռեւս Անկախության հռչակագրի մշակման ժամանակ ես շատերի հետ էի վիճում` ասելով, որ այս հարցը չպետք է մտնի Հռչակագրի մեջ, բայց ի վերջո մտավ: Ցեղասպանության հարցը պետք է լինի բոլորի` շարքային քաղաքացուց մինչեւ երկրի նախագահի մտահոգության առարկան, բայց ոչ պետական քաղաքականության հիմքում: Քանի դեռ մենք կայացած պետություն չենք, կարող էինք Ցեղասպանության հարցը չմտցնել արտաքին քաղաքական օրակարգ, այդքան չխոսել այդ հարցի շուրջ, փորձել դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, բայց ոչ մի դեպքում ազգային արժանիքների զիջում չանելով: Շուրջ 30 տարի առաջ հայ թղթակիցներից մեկը հանդիպում էր ունեցել Թուրքիայի նախագահի հետ եւ հարցրել, թե ինչ կարծիքի է, մի օր հայկական հողերը` Արեւմտյան Հայաստանը կվերադարձվի՞ Հայաստանին, նախագահը ժպտացել էր ու պատասխանել` տղաս, հիշիր, հողը չեն վերադարձնում, հողը վերցնում են: Ուստի` քանի դեռ մենք ունենք մեր այս հողը կորցնելու վտանգ, մենք պետք է մտածենք այն ամուր պահելու մասին»: Տեր-Ստեփանյանը նշեց նաեւ, որ իշխանություններն, ի դեմս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գնացող նժդեհականների, պատրաստ են խեղդել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեմ ուղղված հասարակական ցանկացած դիմակայություն, իրականացնել երկրորդ մարտի 1: «Այսօր բավական է ընդդիմությունն ակտիվանա, եւ իշխանությունները կարող են մի 100 հոգու էլ սպանել, մի այդքան էլ բանտերը լցնել, եւ աշխարհը դա կուլ կտա: Քանի որ իշխանությունները աշխարհին կասեն, թե նման բիրտ ուժի դիմեցին, քանի որ ընդդիմությունը դեմ էր հայ-թուրքական հարաբերություններին: Իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն աշխահին ձեռք է տալիս: Այս ամենի հետեւանքը կլինի այն, որ Շարժումը կմարի, քանի որ կրկին 100 քաղբանտարկյալ ունենալը էապես կազդի Շարժման վրա: Դրա համար է, որ իշխանությունները դիմում են պրովոկացիայի` փորձելով ընդդիմությանը ներքաշել հայ-թուրքական խնդրի հետ կապված իրենց անազնիվ խաղերի մեջ, որպեսզի ջարդեն Շարժումը: Ուստի, պիտի մարի հայ-թուրքական այս բումը, մեջտեղ գա Ղարաբաղի պրոբլեմը, որին աշխարհն այլեւս այլ աչքերով կնայի, հետո նոր տեղի ունենա ընդդիմության ակտիվացումը»: Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

  • Լիլիթ Սարգսյան


12 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ԱՐՄԵՆ Ա.
Oct 26, 2009 11:28