ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, October 22, 2009 21:48 - չքննարկված
ԹՈՒՐՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. ՀԱՅԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՋԱՐԴԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԳՐՔԵՐՈՒՄ ՏԵՂ ՉԵՆ ԳՏԵԼ
Նախօրեին թուրքական խորհրդարանում մեկնարկել է հայ-թուրքական արձանագրությունների քննարկման գործընթացը: Նախ արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն մեջլիսի Գլխավոր խորհրդին է ներկայացրել արձանագրությունների բովանդակությունը: Թուրքական Անկա (Anka) լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Դավութօղլուից հետո ելույթով հանդես է եկել Ժողովրդավարական հասարակություն (DTP) կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշը: Վերջինս ընդգծել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև առկա խնդիրը թուրքական հանրապետության գոյության ողջ ընթացքում եղած հարցերից ամենակարևորն է: Թուրք պատգամավորը հայտնել է, որ իր կուսակցությունն աջակցում է այդ արձանագրություններին և համոզված է, որ հայկական հարցի քննարկումը օգտակար նշանակություն է ունենալու: Հայ ժողովրդի նկատմամբ իրականացված զանգվածային ջարդերը պատմության գրքերում տեղ չեն գտել: Հայի տղա արտահայտությունը այս երկրում դեռևս օգտագործվում է որպես հայհոյանք: Նախևառաջ հարկավոր է Թուրքիայի պատմության գրքերը կազմելիս խուսափել խտրականությունից, -ասել է Դեմիթաշն ու քննադատաբար շեշտել, որ Թուրքիայի կառավարությունը այդ երկրում հայերի նկատմամբ շարունակվող թշնամանքը վերացնելու համար դեռ ոչ մի միջոց չի ձեռնարկել