ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, October 21, 2009 12:52 - 1 քննարկում
Հայաստանում հայերի ցեղասպանությունն արհամարողները զբաղեցնում են իշխանության բարձրագույն պաշտոններ
Ապագա բանտարկյալը. Երբ հայն է ժխտում ցեղասպանությունը
Աղբյուրը՝ Հայաստանի զրուցակից, 16.10.2009
Լևոն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Նյու Յորք-Մոսկվա-Վանք
Երբ եվրոպական որևէ երկրում Հայոց ցեղասպանության հերքումը պատժվում է որպես քրեորեն հետապնդելի գործողություն, մենք` հայերս, ոգևորվում ու նորմալ ենք ընդունում: Բայց երբ ցեղասպանությունը հերքողը մեր հայրենակիցն է ու հերքում է հենց Հայաստանում, լռում ենք:
Վերջերս տեղեկացա, որ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը դատական հայց է ներկայացրել «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի դեմ, ով Երևանում հրատարակել է «Կովկասյան հարևանություն. Թուրքիան և Հարավային Կովկասը» գիրքը, որտեղ ի թիվս այլ նյութերի, զետեղված է նաև թուրք Այբարս Գյորգյուլուի՝ Հայոց ցեղասպանությունը հերքող հոդվածը:
Մենք երևի մեր երկրում շատ բան ենք աչքաթող արել, որ արդեն երևան են եկել մարդիկ, ովքեր չգիտես որտեղից սնվելով, ում կամ որ երկրի պատվերը կատարելով՝ բացահայտորեն դեմ են դուրս գալիս մեր ազգային շահերին ու կատարում երկրի անվտանգությունը խարխլող գործողություններ:
Եվ դա անում են օրը ցերեկով, բոլորի աչքի առջև, առանց երկյուղելու, որ որևէ մեկն իրենց ձեռքը կբռնի, ի վերջո` առանց պատժից վախենալու: Բանը հասել է այնտեղ, որ վիրավորում են մեր ժողովրդի ամենասուրբ զգացմունքները: Պատկերացնո՞ւմ եք` ինչքան ապահով ու անպատիժ են զգում իրենց, որ մեր իսկ երկրում ժխտում են Հայոց ցեղասպանությունը: Երբ մեր կողքին են ցեղասպանության զոհերի հարազատները, երբ կտտանքները նրանց համար դեռևս շարունակվում են հիշողությունների միջոցով:
Տեսեք. իրեն քաղաքագետ համարող ոմն Ալեքսանդր Իսկանդարյան թքում է մեր ժողովրդի այս` դեռևս բաց վերքի վրա ու արհամարհելով մեզ` բոլորիս, ասում է, որ ցեղասպանություն չի եղել, վիճարկում է հարցը: Եվ ո՞րն է զարհուրելին. հայի ազգանունով անազգ ու անհայրենիք այս մարդը դա ասում է ի լուր ողջ աշխարհի: «Փաստեր» է ստեղծում ու դնում օտարերկրյա մասնագետների առջև: Գիրք է հրատարակում անգլերեն ու ռուսերեն և տարածում աշխարհով մեկ:
Եվ այստեղ բնավ նշանակություն չունի, որ տվյալ հոդվածի հեղինակը թուրք է: Իսկանդարյան անունով անհայրենիք մարդը մինչև գիտաժողովը կազմակերպելը գիտեր, թե ինչ նյութ է ներկայացնելու թուրքը, քանզի ընդունված կարգ է, որ գիտաժողովի կազմակերպիչները նախապես ծանոթանում են ներկայացվող ելույթի կամ ամբողջական բովանդակությանը, կամ բովանդակության համառոտագրությանը: Այսինքն նրա տեսակետներն իմանալով հանդերձ է թուրք գիտնականին հրավիրել մասնակցելու գիտաժողովին: Ավելին, Իսկանդարյանը հո գիտե՞ր, որ այդ գիտաժողովի նյութերը բավականին ծանրակշիռ տպաքանակով հրատարակելու էր օտար լեզուներով, որոնք հետագայում ուսումնասիրության հիմք էին ծառայելու խնդրով հետաքրքրվող տարբեր ազգերի գիտնականների համար:
Իմանալո՛վ է արել, ինչ արել է: Եվ չի էլ թաքցնում, որ ինքը համամիտ է թուրքի հետ: Խնդրեմ՝ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցին նրա պատասխանը. «Գյորգյուլուն ընդամենը ուսումնասիրել է այդ խնդիրներն այնպես, ինչպես դրանք կան և ոչ թե այնպես, ինչպես ինչ-որ մեկը կուզենար դրանք ներկայացնել»:
Այս պատասխանից հետո դեռևս կասկածել, որ նա Թուրքիայի քաղաքականության քարոզչությունն է անում մեր երկրում, պարզապես ինքնախաբեություն կլինի: Իսկ Թուրքիայի ուզածը գիտենք, թե որն է. նրա նպատակն է ոչնչացնել մեր երկիրը, ավելի ճիշտ` ավարտին հասցնել անցյալ դարասկզբի իր ծրագիրը: Չէ՞ որ թուրքերի համար հայերը միաժամանակ և զոհ են, և թշնամի: Ընդ որում` մինչև վերջ չհաղթահարված զոհ ու թշնամի: Իսկ այդպիսիններին ավելի շատ են ատում: Ես սա պատահականորեն չեմ ասում, սա ընդամենը զգացմունքային խոսակցություն չէ: Կարդացեք ՄԱԿի գլխավոր վեհաժողովի հաղորդագրությունը. «…Ցավոք, հերքումը, որը դարձել է ցեղասպանության անբաժանելի մասը, հաճախ սրում է անվտանգության բացակայության, լքվածության և դավաճանված լինելու զգացումը»:
Իսկ ցեղասպանության հիմնախնդիրներն ուսումնասիրող հեղինակավոր «Ջենըսայդ Վոչ» (Geocide Watch) միջազգային կազմակերպությունն ընդգծում է. «Հերքումը ցեղասպանության ութերորդ` վերջին փուլն է, որը միշտ հաջորդում է ցեղասպանությանը: Այն ի թիվս այլ ցուցիչների՝ հաստատապես ազդարարում է, որ ցեղասպանական կոտորածները շարունակվելու են: Հերքմանը հակադարձելու միջոցը այն պատժելն է՝ միջազգային տրիբունալի կամ ազգային դատարանների վճիռներով»:
Թուրք հեղինակը ոչ միայն հերքում է ցեղասպանության փաստը (ցեղասպանություն բառը 34 անգամ օգտագործել է չակերտների մեջ), այլև գիտե՞ք, թե ինչ է ասում: Ասում է, որ Հայոց ցեղասպանության մասին «կան լուրջ կասկածներ և տակավին բուռն բանավեճ է ընթանում»… Ասում է, թե ցեղասպանության միջազգային ճանաչման համար սփյուռքի կազմակերպությունների պայքարը լեգիտիմություն և օրինականություն չունի, իսկ «Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև Եվրոպական Միության առաջատար անդամ երկրները՝ Գերմանիան, Ֆրանսիան, Բելգիան, Հունաստանը, Իտալիան և Նիդեռլանդները, ընդունել են «ցեղասպանության» չհիմնավորված մեղադրանքները»… Եվ այս գրքի խմբագիրն ինքը` Ալեքսանդր Իսկանդարյանն է: Նշանակում է, որ նա էլ է համամիտ այս կարծիքին: Դե, եկ և այս դեպքում մի՛ մտածիր, որ նա թուրքի բերանով ասում է այն, ինչ ուզում է:
Եվ ո՞րն է կարևորը. աշխարհի շատ երկրներ ընդունել են Հայոց ցեղասպանությունը, այսինքն նրանց համար ցեղասպանության փաստն այլևս կածկած չի հարուցում: Իսկ որոշ երկրներում հերքումը պատժվում է որպես քրեորեն հետապնդելի գործողություն: Ավելին՝ այդ երկրներում արդեն դատական պրակտիկա կա. մասնավորապես Շվեյցարիան երկու անգամ դատական գործընթաց է սկսել և օրենքով պատժել Հայոց ցեղասպանությունը ժխտողներին: Իսկ մեր երկրում Աստված տվել` չի խնայել, կատարյալ անտերություն է այս հարցերում. այնքան, որ Ալեքսանդր Իսկանդարյանի նման մեկը օրը ցերեկով մեր քթի տակ իր անելիքն է անում՝ սեփական «քաղաքականությունն» է անցկացնում:
Եվ կարծում եք` սա առաջի՞ն դեպքն է: Նա հետևողականորեն զբաղվում է նաև հայոց պատմության կեղծարարությամբ: Դեռևս 1999ին Երևանի պետական համալսարանի դասախոսներից մեկի հետ համահեղինակությամբ գրված «Հայաստան. ազգային պատմության ղարաբաղացումը» հոդվածն ընդգրկվեց «Ազգային պատմությունները խորհրդային և հետխորհրդային պետություններում» հրատարակված (Մոսկվա) ժողովածուում (հետագայում համահեղինակը հրաժարվեց իր ստորագրությունից): Ի դեպ սույն ժողովածուն հրատարակվեց նաև 2004ին` երկրորդ անգամ: Այդ հոդվածը ռուսաստանցի ընթերցողների շրջանում տպավորություն է ստեղծում, թե հայ ժողովուրդը 20րդ դարի 20ական թվականներին արդեն գրեթե գոյություն չուներ և միայն խորհրդայնացումից հետո սկսվեց «հայոց լեզվի վերածննդի գործընթացը», երևաց «հայալեզու մամուլը», և «փոխադարձորեն անհասկանալի» հայերենի բարբառներն ի վերջո միասնական գրական լեզու դարձան: Իսկ Արևմտյան Հայաստանի տարածքը ներկայացվում է որպես «մինչև ցեղասպանությունը հայերով բնակեցված» հողեր, իսկ իրենք` հայերը, ամբաստանվում են «հայ մշակույթի ձևի ու տեղի գերարժևորմամբ (հիպերբոլիզացիա)»: Այս հրապարակումը փաստական նյութ է այլազգի ուսումնասիրողների համար:
Եվ ո՞րն է էականը. ժամանակին` 2004ին այս հոդվածի դեմ ընդվզեց հայ մտավորականությունը, մամուլի էջերում լուրջ քննադատություններ հայտնվեցին: Թվում էր, թե պետականորեն ևս պարտավոր էին գնահատական տալ դրան, սակայն քար լռություն՝ մեր իշխանավորների կողմից: Հիմա պետք է հարցնենք` ինչո՞ւ: Ինչո՞ւ ենք լռում. գուցե մեր իշխանության վերին էշելոններում և՞ս ծախու մարդիկ կան, ովքեր ապրում են սեփական ժողովրդի արժանապատվությունն արատավորելու և սեփական երկրի ազգային անվտանգությունը մսխելու հաշվին: Չգիտեմ: Առայժմ այս հարցը պատասխան չունի: Հիմա դատական հայց է ներկայացված այս մարդու դեմ. ինչպիսին կլինի արդյունքը՝ համապատասխան էլ կլինի մեր եզրակացությունը:
Հիշեցնեմ, որ ցեղասպանության ժխտումը կամ վիճարկումը հետապնդվում է միջազգային օրենսդրությամբ, դրան միացել է նաև մեր երկիրը: Այն դատապարտվում է նաև մեր երկրի օրենսդրությամբ` Քաղաքացիական օրենսգրքով` պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու, մարդուն նսեմացնելու մեղադրանքով: Այնպես որ իրավական բոլոր հիմքերը կան, որպեսզի մեր ժողովուրդն իրավացիորեն հաշիվ պահանջի անհայրենիք ու անազգ այս մարդուց: Եթե մենք այսօր չփակենք նմանների ճանապարհը՝ կորած ենք. վաղը շարասյուն կստեղծեն, ու այլևս դժվար կլինի դեմներն առնելը:
Վերջում ասեմ՝ ըստ ամենայնի, հիմքեր կան ենթադրելու, որ նա` նույն ինքը Ալեքսանդր Իսկանդարյանը, փոքր, բայց շատ հզոր մի պետության հատուկ ծառայությունների գործակալ է, պետության, որը Մերձավոր Արևելքում Թուրքիայի միակ բարեկամն է: Քանի՞ արծաթով է ծախվել` հայտնի չէ: Բայց որ վաղը, մյուս օրը նա բանտարկյալ է դառնալու` կասկած չկա:
Այլապես ցեղասպանությունը չընդունող ցանկացած մեկը կարող է բնակություն հաստատել Հայաստանում, որպեսզի պատասխանատվություն չկրի: Ու վատ չէր լինի, եթե բոլորս, այդ թվում` Իսկանդարյանը, դասեր քաղեինք Իսրայելի փորձից, թե այդ երկիրն ինչպես է վարվում ցեղասպանությունը (Հոլոքոստը) ժխտող ցանկացած մեկի հետ` անկախ մոլորակի վրա նրա գտնվելու վայրից:
Վերջում ուզում եմ հարց ուղղել Ա. Իսկանդարյանին` Դուք Մոսսադի անդա՞մ եք, թե` ոչ:
1 քննարկում
mozart