ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, October 17, 2009 17:37 - չքննարկված
Հանուն ՀՀ ազգային ժողովում պատանդ դարձած հարազատ երեք եղբայրների՝ փոխվում են առագաստները…
ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ԴԵՌ ԺԱՄԱՆԱԿ ՈՒՆԵՆՔ ՇՏԿԵԼՈՒ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԻՄԱՍՏ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
-
2010-ին կլրանա Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) 10-ամյա հոբելյանը: Այդ կապակցությամբ ՌՀՄ-ի ծրագրերը բազմաթիվ են: Անդրադառնալով տասնամյա գործունեությանը՝ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նկատում է, որ 10 տարին բավական մեծ տարիք է հասարակական կազմակերպության համար` վերլուծելու ձեռքբերումներն ու բացթողումները:Արա Աբրահամյանը կատարված գործերից հատկապես առանձնացրեց ռուսահայերի հայապահպանությանն ուղղված ջանքերը: Ռուսաստանում հայոց լեզվի, սովորույթների, հայի կերպարի պահպանումն էլ ՌՀՄ-ի առաջնային նպատակներից է:
Աբրահամյանը փաստում է, որ հայերը կարողանում են Ռուսաստանում գտնել իրենց ուրույն տեղը, ստեղծել միջավայր, որ հայոց լեզուն պահպանվի եւ Հայաստանի հետ կապը չկտրվի: Նա մատնանշում է Ռուսաստանում գործող ավելի քան 400 կիրակնօրյա դպրոցներն ու նորակառույց եկեղեցիները:
ՌՀՄ-ի ուշադրության կենտրոնում են նաեւ մանկատների, ծերանոցների ու զորամասերի խնդիրները: Շուտով կազմակերպության ջանքերով այլ տեսք կստանա Ղարաբաղի 6-րդ դպրոցը:
Ռուսաստանի հայերի միության 10-ամյակի կապակցությամբ լույս կտեսնի գիրք, որն ամփոփում է ՌՀՄ-ի տասը տարվա անցած ճանապարհը: Տասնամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները կշարունակվեն ողջ տարվա ընթացքում, իսկ եզրափակիչ տոնակատարությունը տեղի կունենա նոյեմբերին Մոսկվայում՝ Կրեմլի մեծ դահլիճում: Ամենայն հավանականությամբ տոնակատարությանը կմասնակցեն նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ պրն Աբրահամյանը նշեց, որ խնդիրը հուզում է ռուսահայերին: Այդ թեմայով կազմակերպվել են բազմաթիվ քննարկումներ, կլոր սեղաններ: Պրն Աբրահամյանը նկատում է, որ խնդիրը հոգեբանական է. ժողովուրդը չի մոռացել ցեղասպանությունը: Մյուս կողմից՝ սահմանի բացումը տնտեսական լրացուցիչ խթան կլինի:
Աբրահամյանի խոսքերով, գործ ունենք հզոր պետության հետ, որի դիվանագիտությունը երկար ժամանակ պարտություն չի կրել: «Թուրքիան Ադրբեջանի բարեկամն է, եւ մենք պետք է միամիտ լինենք կարծելու, որ Ադրբեջանի շահին ի վնաս մեզ հետ որեւէ գործողություն կանի», ասաց Աբրահամյանը՝ ուշադրություն հրավիրելով այդ խնդրին:
«Շրջափակման գինը չափազանց թանկ է, հիշենք` վրաց-օսական հակամարտության ժամանակ ինչ էր կատարվում Հայաստանում: Սահմանի բացումը հնարավորություն կտա, որ փոքր եւ միջին բիզնեսը զարգանա», ասաց Աբրահամյանը: Նրա խոսքերով՝ այս կերպ Հայաստանը մեկ անգամ էլ աշխարհին ապացուցեց, որ պատրաստ է Թուրքիայի հետ երկխոսության: ՌՀՄ նախագահի դիտարկմամբ՝ հայ-թուրքական հարաբերություների կարգավորումը ազգի անվտանգության, շահի հարցն է, հետեւաբար պետք է լինել ուշադիր եւ խոսել միայն խնդիրներից, արտահայտել մտահոգությունները:
Աբրահամյանը դրական գնահատեց Սերժ Սարգսյանի ձեռնարկած համահայկական ուղեւորությունը: «Ռոստովում նախագահն իր ելույթն այսպես սկսեց. որքան հուզող հարցեր ունեք տվեք, պատրաստ եմ ձեզ հետ քննարկել բոլոր հարցերը: Նախագահի այցելության նպատակն էր վերջնական ճիշտ որոշում կայացնել», ասաց նա:
Նա նկատում է, որ արձանագրություններում կան անհանգստություններ, երկիմաստ մտքեր, հասկացություններ, հետեւաբար դրանք պետք է քննարկել երկխոսության միջոցով: «Ժամանակ ունենք, որպեսզի կարողանանք այդ հարցերը քննարկել: Ցանկանում ենք միայն մի բան, որ հերթական անգամ չսխալվենք: Գիտակցում ենք, որ գործ ունենք տարածաշրջանի հզոր պետության հետ, հետեւաբար շատ կարեւոր է մեր պատրաստվածության աստիճանը: Մենք պետք է պատրաստ լիենենք սահմանի բացմանը: Մեր կառավարությունը պետք է իր ծրագրերն ունենա, ժողովուրդը պետք է հոգեպես պատրաստ լինի, պետք է ունենանք պրոֆեսիոնալ փորձագետներ, որ կարողանան քննարկել հարցեր: Եթե սահման ենք բացում` արդյունավետ օգտագործենք, եթե ցեղասպանության հարց ենք քննարկում` արդյունավետ քննարկենք: Եթե անհանգստություններ ունենք` դեռ չի նշանակում, որ դեմ ենք նախագահին, արտաքին գործերի նախարարին, որ մեծ աշխատանք է կատարել: Ամենահեշտը պատասխանատվությունից փախչելն է: Ունենք խորհրդարան, Սահմանադրական դատարան, Անվտանգության խորհուրդ, եկեք այս ժամանակը օգտագործենք, մինչեւ վավերացումը ուսումնասիրենք, ոչ թե իրարից նեղանանք, մեղադրենք: Քննարկենք այդ հարաբերությունների դրական ու բացասական կողմերը: Դեռ ժամանակ ունենք շտկելու արձանագրությունների երկիմաստ հասկացությունները», եզրափակեց Արա Աբրահամյանը:
- ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ